Բոգուշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բոգուշներ (Բոգուշովիչներ, Դոնոշովիչներ), հայազգի նկարիչների ընտանիք Լվովում։

Պավել Բոգուշ (ծն․ թ․ անհտ․– 1605 կամ 1613), աշխատել է Ժոլկեում (Ժոլկվա, այժմ՝ Նեստերով, Լվովի մարզ, ՈւՍՍՀ) Ստանիսլավ Ժոլկեսկու կալվածքում։ Ունեցել է հայ և ուկրաինացի աշակերտներ (նրա մասին տեղեկությունները 1573-ից են)։ Պայքարել է Բրեստի Ունիայի (1596) սահմանափակումների դեմ, հասել այն բանին, որ Սիգիզմունդ III թագավորի՝ 1600-ի ապրիլի 17-ի հրովարտակով ոսկերիչների, քարգործների և ներկարարների ցեխի անդամ լինելու իրավունք են ստացել նաև ոչ կաթոլիկները՝ հայերը և ուկրաինացիները։ Գործերից են՝ Սիգիզմունդ III-ի (1588), Աննա Ավստրիացու (երկուսն էլ՝ Յագելոնյան համալսարանի թանգարան, Կրակով), հետման Ստանիսլավ Ժոլկեսկու (1596, պատմության թանգարան, Լվով) դիմանկարները, մի շարք գերբեր։

Պավել Բոգուշի որդին՝ Շիմոն (Սիմոն) Բոգուշ (ծն․ թ․ անհտ․– 1644-ից հետո), լեհ մագնատներ Վիշնևեցկիների և Մնիշեկների պալատական նկարիչն էր։ 1606-ին Մարինա Մնիշեկին ուղեկցել է Մոսկվա։ Գործերից են՝ Մարինա Մնիշեկի դիմանկարը (1606, Վավել, Կրակով), Յան Մնիշեկի դիմանկարը (պատմության թանգարան, Լվով), «Մարինա Մնիշեկի նշանադրությունը Կրակովում» (1605), «Մարինա Մնիշեկի թագադրությունը» (1606), «Մարինա Մնիշեկի և Դմիտրի Ինքնակոչի թագադրությունն ու շքերթը» (1606, բոլորն էլ՝ Պատմության պետական թանգարան, Մոսկվա), «Ճակատամարտ Կլուշինոյի մոտ» (1610, Լվովի պետական պատկերասրահ, վերագրվում է Շիմոն Բոգուշին)։

Յան (Յակով, Հակոբ) Բոգուշ, Պավելի որդին և աշակերտը։ Աշխատել է Լվովում։ Անունը վերջին անգամ հիշատակվում է 1605-ին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII–XVIII դդ․ Գեղանկարչություն, Ե․, 1974։
  • Օвсейчук В․ А․, Деятельность армянских живописцев во Львове (XV–XVII вв․), «ՊԲՀ», 1966, Mb 2;
  • Казарян М․ М․, Из истории деятельности Львовских художников-армян XVI–XVIII вв․, в сб․։ Исторические связи и дружба украинского и армянского народов, в․ 3, Е․, 1971, с․ 294–300․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 501 CC-BY-SA-icon-80x15.png