Հայաստանի բարեգործական կազմակերպություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարեգործությունը ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից մարդկանց կամ հանրությանը և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված նյութ, և հոգևոր օգնության տրամադրումն է («Բարեգործության մասին» Հայաստանի օրենք, 2002)։ Հին շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր կերպ և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն։

Բարեգործությունը հայ իրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեգործությունը հայ իրականության մեջ վաղ ավանդույթներ ունի։ Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ 4-րդ դար-5-րդ դարերում, բարեգործ, ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը։ Իրենց բարեգործություններով աչքի են ընկել նաև Հայոց թագավորներ, թագուհիներ, իշխաններ։ Տարբեր ժամանակներում բարեգործությամբ աչքի են ընկել առանձին հայ մեծահարուստներ, որոնց նյութական օժանդակությամբ հիմնադրվել են դպրոցներ, մատենադարաններ, աղքատանոցներ։ Գաղթավայրերում նրանք մշտապես զբաղվել են հայկական համայնքի տնտեսական, կրթամշակութային հարցերով, սատարել Արևմտյան Հայաստանից, Թուրքիայի տարբեր վայրերից գաղթած հայ տարագիրներին, միջոցներ տրամադրել հայերեն պարբերականներիների և գրքերի հրատարակման համար, հովանավորել հայ մատենագիրների երկերի թարգմանությունները, ուսանողների համար սահմանել կրթաթոշակ և այլն։ Հայ բազմաթիվ մեծահարուստ բարերարների գործունեությունը շարունակվում է նաև այսօր՝ անհատ, ներդրումների, հիմնադրամների, կազմակերպությունների միջոցներով։

Բարեգործ անհատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում և ԼՂՀ-ում բարեգործական տարբեր ծրագրեր են իրականացրել և իրականացնում բազմաթիվ անհատ բարերարներ (Հրայր Հովնանյան, Ալբերտ Բոյաջյան, Էդուարդո Էռնեկյան, Տիգրան Իզմիրլյան, Վաչե Մանուկյան, Ռոբեր Պողոսյան, Վարուժան Պուրմայան, Արմեն Մեծատուրյան և Սիրանույշ Արզումանյան-Մեծատուրյան, Սարգիս Հակոբյան, Ռիչարդ Մանուկյան, Սամվել Կարապետյան, Արա Աբրահամյան, Սերգեյ Համբարձումյան, Լևոն Հայրապետյան, Ռուբեն Վարդանյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Վարդանյան և ուրիշներ) և ընկերություններ, որոնցից վերջին տարիներին առավել աչքի են ընկնում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը (գործադիր տնօրեն՝ Ռալֆ Յիրիկյան) և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գործադիր տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյան)։ Բարեգործ, կազմակերպությունների հիմնական նպատակը եղել է հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծումը՝ աշխարհասփյուռ հայության ուժերը համախմբելը, հայ բարեգործ մեծահարուստների հնարավորությունները ճիշտ օգտագործելը, դրանք հօգուտ հայապահպանության կենտրոնացնելն ու նպատակաուղղելը, հայաշատ գաղութներում դպրոցներ ու գրադարաններ հիմնելը, եկեղեցիներ կառուցելը, պարբերականներ ու գրքեր հրատարակելը, հիվանդանոցներ, աղքատախնամ տներ բացելը և այլն։

Ներսես Մեծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Ա Մեծ (19–րդ դարի երևակայական պատկեր)

Հոգևոր-կրթական և բարեգործ, ընդգրկուն գործունեությամբ հայտնի է Ներսես Մեծ կաթողիկոսը (329-373), որը Եկեղեցիներին կից բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ և բարեխնամ այլ հաստատություններ։

Աշոտ Գ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Գ

Աշոտ Գ արքան (953-977) հիմնել է վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, դրանց հատկացրել որոշ եկամուտներ, հատուկ հոգատարություն է ցուցաբերել աղքատներին, կույրերին, անդամալույծներին, որի համար էլ ստացել է Ողորմած պատվանունը։

Լազարյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դար-19-րդ դարերում ժառանգական ազնվականներ Լազարյանների (Ռուսաստան) նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվել են հայկական եկեղեցիներ Մոսկվայում (Սուրբ խաչ, «Վագանկովո» գերեզմանատան Սուրբ Հարություն), Սանկտ Պետերբուրգում (Սբ Կատարինե) և այլ քաղաքներում, 1815-ին Մոսկվայում բացվել է հայագիտական և արևելագիտական կենտրոն Լազարյան ճեմարանը, Թիֆլիսում, Նոր Նախիջևանում և այլուր հիմնադրվել են դպրոցներ, հրատարակվել հայերեն գրքեր ու գիտական աշխատություններ։

Նիկողայոս Աղաբաբյան[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկգբներին իր բարեգործական ծրագրերով հայտնի էր ռուսահպատակ վաճառական Նիկողայոս Աղաբաբյանը (1754-1811)։ Ի թիվս այլ բարեգործությունների՝ նա Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել Աստրախանում բացելու հայկական դպրոց և 50 հազար ռուբլի է հատկացրել կրթօջախի (1810, Աղաբաբյան դպրոց) շինությանյան համար։

Նուբար փաշա և Պողոս փաշա Նուբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովրդի նվիրյալ բարեգործներից էին եգիպտահայ պետական, քաղաքական գործիչներ Նուբար Փաշան (1825-1899) և նրա որդի Պողոս փաշա Նուբարը (1851-1930)։ Վերջինս, ի թիվս այլ ձեռնարկումների, 1906-ին եգիպտահայ մի խումբ գործիչների հետ հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՆ), ֆինանսավորել հայրենադարձող հայերի համար Երևանի մերձակա ավանի (այժմ՝ Երևանի շրջագծում) կառուցումը, որը, ի պատիվ նրա, կոչվել է Նուբարաշեն։ ՀԲԸՄ-ի գործունեությանը մեծ նպաստ է բերել նաև մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955).միության նախագահ՝ 1930-1935-ին։

Կարապետ և Գրիգոր Մելգոնյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտահայ մեծահարուստ եղբայրներ Կարապետ և Գրիգոր Մելգոնյանները 1925-ին 6 միլիոն անգլիական ոսկի են կտակել ՀԲԸՄ-ին, որով Նիկոզիայում բացվել է Մելգոնյան կրթական հաստատությունը, Երևանում հիմնվել է «Մելգոնյան ֆոնդ» հրատարակչությունը և այլն։ Բարեգործ, նպատակներով հսկայական գումարներ է հատկացրել XIX դ-ի վերջի և XX դ-ի սկզբի խոշոր նավ թարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը (1842-1911)։ Նրա միջոցներով Թիֆլիսում հիմնադրվել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցվել են եկեղեցիներ, Ներսիսյան դպրոցի նոր շենքը և բազմաթիվ այլ շինություններ Թիֆլիսում ու Բաքվում, նորոգվել է Սուրբ Էջմիածևի Մայր տաճարը և այլն։ Նրա հովանավորությամբ են կրթություն ստացել մեծ թվով հայ մտավորականներ, հասարակական-քաղաքական, հոգևոր գործիչներ, գրողներ (Նիկողայոս Ադոնց, Ալեքսանդր և Կոստանդին Խատիսյաններ, Գարեգին Հովսեփյան, Գևորգ Զ Չորեքչյան, Ստեփան Շահումյան, Կոմիտաս, Սիամանթո, Հակոբ Մանանդյան և ուրիշներ)։

Ալեքսանդր Մանթաշյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մանթաշյան

1884-ին Ալեքսանդր Մանթաշյանը մեծ նվիրատվություն է կատարել Կովկասի հայոց բարեգործ, ընկերությանը, իսկ 1896-ին ընտրվել է ընկերության ցմահ պատվո նախագահ։

Շառլ Ազնավուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Ազնավուր

1988Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Շառլ Ազնավուրը (ծնված 1924, Հայաստանի ազգային հերոս՝ 2004) Փարիզում կազմակերպել է երկրաշարժից տուժածների օգնության՝ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, ներկայացուցչությունը Երևանում բացվել է 1993-ին։ 1988-ից բարեգործ, առաքելությամբ բազմիցս եղել է Հայաստանում։

Ալեք Մանուկյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մեծահարուստ և ազգային բարերար Ալեք Մանուկյանը (1901-1996, Հայաստանի ազգային հերոս՝ 1994) 1968-ին 1միլիոն դոլար դրամագլխով ստեղծել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը։ 1953-1989-ին եղել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության նախագահը, սատարել է Սփյուռքում հայապահպանությանը։ Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցուն, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել մի շարք համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը և հայկական ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի անկախացումից հետո նրա գործունեությունն ուղղված էր Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ։ Հիմնադրամին նվիրաբերել է 500 հազար դոլար։ Դուստրը՝ Լուիզ Սիմոն Մանուկյանը, հասարակական և բարեգործ, գործունեությունն սկսել է 1960-ական թթ-ից։ 1988Սպիտակի երկրաշարժից հետո մարդասիրական օգնություն է հասցրել աղետից տուժած մարդկանց։ Հայաստանում և ԼՂՀ-ում ֆինանսավորել է մի շարք ուսումնական և բարեգործական ծրագրեր։ Նրա նախաձեռնությամբ 1992-ին հիմնվել է «ՀԲԸՄ լուրեր» անգլիական պարբերականը (90 հազար տպաքանակով),որը տարածվում է ողջ աշխարհում։

Քըրք Քըրքորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին Հայաստանին և Արցախին ֆինանսական, մեծ աջակցություն է ցուցաբերել ամերիկահայ մեծահարուստ գործարար Քըրք Քըրքորյանը (ծնվ. 1917, Հայաստանի ազգային հերոս՝ 2004)։ Նրա ստեղծած Լինսի հիմնադրամը (1989-2010) ավելի քան 1,1 միլիարդ դոլարի նվիրատվություններ է կատարել դպրոցներին, հիվանդանոցներին, ԳՀ ծրագրերին և այլ բարեգործ, նախաձեռնությունների։ 2001-ից մոտ 220 միլիոն դոլար է տրամադրել ՀՀ-ին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինության, 20 միլիոն դոլար՝ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար։

Ջերարդ Գաֆեսճյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկաբնակ մեծահարուստ Ջերարդ Գաֆեսճյանը (ծնվ. 1925) բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով 1996-ին ստեղծել է «Գաֆեսճյան ընտանիք» (դրամագլուխը՝ 50 միլիոն դոլար), 2002-ին Երևանում՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամները։ Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ է։

Մկրտիչ Պեշիկթաշլյան[խմբագրել | խմբագրել կոդը]

1846-ին Կոստանդնուպոլսում բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը հիմնադրել է Համազգյաց մշակութային կազմակերպությունը (գործել է մինչև 1852-ը)։ Նպատակը համազգային միաբանության հասնելն էր, երկսեռ դպրոցներ ու տպարաններ հիմնելը, օգտակար գրքեր գրելը, թարգմանելն ու հրատարակելը, հայերեն ձեռագիր մատյաններ հավաքելն ու ուսումնասիրելը և այլն։ 1860-1974-ին Կոստանդնուպոլսում ստեղծված Հայոց բարեգործ, ընկերությունն ըստ էության շարունակել է Համազգյաց ընկերության գործը, իրականացրել նաև բարեսիրական ծրագրեր, կրթել ու լուսավորել գավառի հայերին, կազմակերպել չքավոր հայ պատանիների երկրագործ, և արհեստագործական անվճար կրթությունը և այլն։

Բագրատ Նավասարդյան և Գաբրիել Սունդուկյան[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իր գործունեությամբ աչքի է ընկել Կովկասի հայոց բարեգործ, ընկերությունը (հիմն.՝ 1881, Թիֆլիս)՝ բժիշկ, հասարակական գործիչ Բագրատ Նավասարդյանի նախաձեռնությամբ և գրող Գաբրիել Սունդուկյանի մասնակցությամբ։ Ընկերությունը նյութապես օգնել է 1877-1978-ի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Հարավային Կովկաս, հատկապես Թիֆլիս գաղթած հայերին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայությանը։ 1911-ին ուներ 45 տեղական բաժանմունքներ՝ 236.800 ռուբլի նյութական կարողությամբ, հովանավորել է 140 դպրոց, հրատարակել հայերեն գրքեր, այդ թվում՝ անվճար դասագրքեր։ Ընկերությունը նյութապես օգնել է հայ գրողներին, արվեստագետներին, ուսուցիչներին, որբերին, բնական աղետից տուժածներին, գաղթականներին, թոշակավորել Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի համալսարանների, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի կարիքավոր ուսանողներին, կազմակերպել հանդիսավոր երեկոներ, հրապարակային բժշկական դասախոսություններ, խմբեր՝ համաճարակի դեմ պայքարելու համար և այլն։ Ընկերությունը Գորիսում բացել է (1885) աշակերտ, հանրակացարան, Ալեքսանդրապոլում (1898) և Կաղզվանում (1899)՝ կարուձևի արհեստանոցներ և այլն։ 1898-ին Սմբատ Շահազիզի օժանդակությամբ հիմնադրվել է «Աբովյան-Նազարյան» գրական ֆոնդը։ Ընկերությունն օգնել է նաև բարեգործ, այլ միությունների, Թիֆլիսի բարեկարգմանը, 1915-17-ին հրատարակել է «Համբավաբեր» շաբաթաթերթը։

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց գործունեության ծավալներով և իրականացրած ծրագրերի համազգային բնույթով առավել հայտնի են հայկական բարեգործական հետևյալ կազմակերպությունները։ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ). հիմնադրվել է 1906-ին Կահիրեում՝ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի մի խումբ ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ 1940-ից ՀԲԸՄ-ի վարչական կենտրոնը Նյու Յորքում է։ ՀԲԸՄ-ն 1940-1950-ական թվականներին արդեն ուներ համահայկական նշանակություն։ Ներկայումս ՀԲԸՄ-ի մասնաճյուղեր են գործում 22 երկրի մոտ 80 քաղաքում։ 2002-ից ՀԲԸՄ-ի նախագահը Պերճ Սեդրակյանն է։ Մինչև 1930-ական թվականների սկիզբը ՀԲԸՄ-ի գործունեությունը կազմակերպվել է «հարուստ թե աղքատ, անուս թե գիտուն՝ երթանք կանգնելու օջախը կործան, երթանք հիմնելու դպրոց գործատուն, երթանք մշակին տանք ցանք ու լծկան» նշանաբանով, որն ամրագրված էր նրա կանոնադրության մեջ։ Մեծ եղեռնի ու հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է հայ որբերին ու գաղթականներին տեղավորելու և առաջնահերթ օգնության հարցերով։ 1915-ին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի «Սիսուան» վարժարանը՝ 25 դասարանով ու 1222 աշակերտով, ապա՝ որբանոցը և այրիանոցը։ 1920-ին՝ Երուսաղեմում, 1921-ի վերջին Բեյրութում ՀԲԸՄ-ն ստեղծել է իր հաստատությունները, տղաների ու աղջիկների որբանոցներ։ Այդ տարիներին ֆինանսավորել է գաղթականներին, Ալեքսանդրետի սանջակի 6 հգ. հայերի տեղափոխել Լիբանան և Սիրիա, նրանց համար կառուցել բնակելի տներ, գյուղեր և այլն։ 1930-ական թվականներից ՀԲԸՄ-ի գործունեության հիմն, նպատակը կրթական, մշակութային և մարդասիր. ծրագրերի միջոցով հայոց ագգ. ինքնությունն ու ժառանգությունը պահպանելն է։ 1924-ին Նիկոզիայում (Կիպրոս) հիմնադրել է Մելգոնյան կրթական հաստատությունը, Փարիզում՝ ուսանող, հիմնադրամ, 1939-ին Բեյրութում՝ Դարուհի Հակոբյան վարժարանը։ Մասնակցել է սփյուռքահայերի 1921-1926-ի հայրենադարձության կազմակերպմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։