Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ
Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ գերմ.՝ Leopold Ritter von Sacher-Masoch | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Լվով, Ավստրիական կայսրություն[4] |
Վախճանվել է | մարտի 9, 1895[1][2][3][…] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Լինդհայմ, Altenstadt, Վետերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Գերեզման | Լինդհայմ դղյակ |
Գրական անուն | Charlotte Arand[5] և Zoë von Rodenbach[5] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, համալսարանի դասախոս և պատմաբան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Գրացի համալսարան (1854) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1854) |
Ուշագրավ աշխատանքներ | Մուշտակով Վեներան |
Անդամակցություն | Akademisches Corps Teutonia zu Graz? |
Աշխատավայր | Գրացի համալսարան և Լվովի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Wanda von Sacher-Masoch? |
Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ Վիքիքաղվածքում | |
Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ Վիքիդարանում | |
Leopold von Sacher-Masoch Վիքիպահեստում |
Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխ (գերմ.՝ Leopold Ritter von Sacher-Masoch, հունվարի 27, 1836[1][2][3][…], Լվով, Ավստրիական կայսրություն[4] - մարտի 9, 1895[1][2][3][…], Լինդհայմ, Altenstadt, Վետերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), ավստրիացի գրող։ 1886 թվականին հոգեբան և նյարդաբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը հոգեբանությունում և սեքսոպաթոլոգիայում մտցրեց նոր հասկացություն` մազոխիզմ, որը կապված էր գրողի ստեղծագործությունների հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխը ծնվել է կաթոլիկ ընտանիքում։ Հայրը` Լեոպոլդ ֆոն Զախերը, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության ոստիկանապետն էր։ Հոր նախնիները բոհեմյան գերմանացիներ և իսպանացիներ էին, ովքեր 16-րդ դարում բնակություն էին հաստատել Պրահայում։ Մայրը` Շառլոտա ֆոն Մազոխը, Լվովի համալսարանի ռեկտոր Ֆրանց ֆոն Մազոխի դուստրն էր։ Այն տանը, որտեղ ծնվել էր ապագա գրողը, այժմ Լվովում հայտնի «Գրանդ Հոթել»-ն է։
Ընտանիքում Լեոպոլդը ավագ որդին էր և ծնվել է ծնողների ամուսնության իններորդ տարում։ Նա հիվանդոտ և թուլակազմ երեխա էր։ Առողջությունը վերականգնվել է, երբ կերակրվելու համար նրան ուղարկել են ուկրաինացի գեղջկուհու մոտ։ Երբ Լեոպոլդը 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Պրահա, որտեղ նա սովորել է գերմաներեն լեզուն, որով և հետագայում սկսել է ստեղծագործել։ Մանկության տարիներին նրա մոտ սկսեցին ի հայտ գալ հակումներ, որոնք հետագայում նրան հանրահայտ դարձրին։ Նրան հրապուրում էին դաժան տեսարանները, սիրում էր նայել մահապատիժ պատկերող նկարներ և ընթերցել նահատակների կյանքի մասին պատմող գրքեր։ Նրա կյանքում կարևոր դեր է խաղացել հայրական կողմից ազգականուհի` կոմսուհի Քսենոբիան։ Վերջինս շատ գեղեցիկ, սակայն դաժան կին էր։ Մի անգամ, քույրերի հետ պահմտոցի խաղալիս, Լեոպոլդը թաքնվել է կոմսուհու ննջարանում և ականատես եղել, թե ինչպես է կոմսուհին ննջասենյակ բերել սիրեկանին, որից մի քանի րոպե անց ննջասենյակ է ներխուժել նրա ամուսինը` իր երկու ընկերների հետ։ Կոմսուհին ծեծել և դուրս է հանել անկոչ հյուրերին, իսկ սիրեկանը փախել է։ Լեոպոլդը անզգուշորեն մատնել է իր ներկայությունը, որից հետո կոմսուհին ծեծել է և նրան։ Սակայն նրա հարվածներից Լեոպոլդը իրեն անհասկանալի հաճույքի զգացում է ունեցել։ Շուտով կոմսուհու ամուսինը վերադարձել է, իսկ Լեոպոլդը դռան ետևից լսել է մտրակի հարվածների և կոմսի տնքոցների ձայնը։ Վիրավորանքները, մտրակն ու մորթիները, որոնք սիրում էր կրել կոմսուհին, հետագայում դարձան Լեոպոլդի ստեղծագործությունների մշտական թեմաները, իսկ կանանց, այդ ժամանակից սկսած, նա ընկալում էր որպես արարածների, որոնց կարելի է և սիրել, և ատել։
Զախեր-Մազոխը հաջողակ աշակերտ և ուսանող էր։ Պրահայի և Գրացի համալսարաններում, ուր տեղափոխվել էր 1854 թվականին, նա ուսանել է իրավաբանություն, մաթեմատիկա և պատմություն, իսկ 19 տարեկանում դարձել է իրավունքի դոկտոր։ Աշխատել է Գրացի համալսարանում պրիվատ-դոցենտ։ 1858 թվականին անանուն հրապարակել է «Գալիցիական մի պատմություն. 1846 թիվ» վեպը։ Այդ ժամանակվանից սկսած, ամեն տարի ստեղծում էր մեկ կամ մի քանի գիրք` իր ուժերը փորձելով տարբեր գրական ժանրերում։ Նա գրել է նաև պատմական հետազոտություն, պիես, ֆելիետոններ, գրական-քննադատական աշխատություններ։ Եղել է մի քանի ամսագրերի հիմնադիր և խմբագիր, որոնք սակայն լույս են տեսել կարճ ժամանակով։ Համագործակցել է «Միջազգային ռևյու» ամսագրի հետ։ Ինչպես հաստատում են Գերմանիայի և Ավստրիայի գրական հանրագիտարանները, 1860 թվականին Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխին հրավիրել են Լվովի համալսարան, պատմության վերաբերյալ դասախոսություններ կարդալու։ Սակայն ընդունել է արդյոք նա այդ առաջարկը, թե ոչ, հավաստի փաստեր չկան։
1872 թվականին ֆրանսերեն լեզվով գրված և Փարիզում տպագրված «Դոն Ժուանը Կոլոմիից» վեպի հաջողությունից հետո, նա որոշեց իրեն ամբողջովին նվիրել գրականությանը, չնայած որոշ ժամանակ համատեղում էր ակադեմիական կարիերան` գրական ստեղծագործական կյանքի հետ, քանի որ գրական և հրատարակչական գործունեությունը նրան բավարար եկամուտ չէր բերում։ Այդ տարիներին Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխը ամուսնացել է իր բռնկուն երկրպագուհու` Ավրորա ֆոն Ռյումսլինի հետ։ Լինելով ինքնահավան, եսասեր, դրամի և հագուստի նկատմամբ ագահ, ինչպես նաև բարձրաշխարհիկ կյանքին ձգտող, Ավրորան նույնպես սկսեց գրել` վերցնելով Վանդա ֆոն Դունաևա գրական կեղծանունը («Վեներան մորթիներով» վեպի հերոսուհու անունն է)։ Արդյունքում նրանք միասին Զախեր-Մազոխ ազգանունով ստորագրում էին ցածրորակ նովելների տակ` չնշելով որևէ անուն։
Կնոջ չափից դուրս պահանջները Լեոպոլդին հասցրին աղքատության դուռը և ստիպեցին վաստակել հասարակ աշխատանքով։ Նա սկսեց գրել պահանջարկ չունեցող նովելներ և իր մակարդակն իջեցրեց` հասցնելով այն պոռնոգրաֆիայի մակարդակին։ Հասցնելով գրողին այդ վիճակի, Ավրորան լքեց նրան` արդյունքում գրելով ընթերցողների շրջանում հայտնի նոթերը` «Իմ կյանքի պատմվածքը»։ Հետագայում Լեոպոլդն ամուսնացավ իր երեխաների դաստիարակչուհու հետ, ով 20 տարով փոքր էր իրենից, սակայն այդ ամուսնությունը նույնպես հաջողակ չէր։ 1881 թվականին Զախեր-Մազոխը բնակություն հաստատեց Լայպցիգում և իր հետագա կյանքն անցկացրեց Գերմանիայում։
Զախեր-Մազոխի ստեղծագործությունը պատկանում է այն ժամանակաշրջանին, երբ արդյունաբերության ծաղկման ֆոնի վրա, նոր բուրժուազիայի կյանքի ճոխության և գյուղի անկման պայմաններում մտավորականությունը ապրում էր խաղաղ կյանքով, որտեղ համատեղվում էին գյուղական կյանքի իդեալականացումը` նյութական և էպիկուրյան գաղափարամտության հետ, իսկ զգացմունքայնությունն ու սերը դարձել էին մարդկության կյանքի նպատակ։ Զախեր-Մազոխի անձնական կյանքի ապրումները, ով ստանում էր աննորմալ սեքսուալ հաճույք` կնոջ կողմից ֆիզիկական ենթարկվածությունից և զգացմունքային բռնությունից, իրենց արտացոլումն էին գտել նրա ստեղծագործություններում։ Համարյա կենսագրական բնույթ ունեին «Ամուսնալուծված կինը» և «Վեներան մորթիներով» վեպերը։ «Ամուսնալուծված կինը» վեպի հիմքում ընկած էին Աննա ֆոն Կոտվիցի հետ սիրավեպում ունեցած ապրումներն ու տառապանքները, իսկ «Վեներան մորթիներով» վեպում` գրողը ներշնչվել էր Ֆաննի ֆոն Պիստորի հետ ունեցած խարդավանքներից։
Բռնակալ կնոջ կողմից թուլակամ տղամարդուն ծաղրելու թեման մշտապես առաջ է քաշվում նաև Զախեր-Մազոխի պատմական ստեղծագործություններում, որը ժամանակի ընթացքում այնքան արտահայտիչ բնույթ է ընդունել, որ 1886 թվականին վիեննացի հոգեբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը, այն սեքսուալ շեղումը, որը բնութագրվում է ցավից և ենթարկվածությունից սեռական հաճույք ստանալով, անվանեց մազոխիզմ։
Զախեր-Մազոխի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով և լույս են տեսել մեծ տպաքանակներով։ Նրա աշխատանքները բարձր են գնահատել Էմիլ Զոլան, Գյուստավ Ֆլոբերը, Ալֆոնս Դոդեն, Ալեքսանդր Դյումա-Հայրը և Ալեքսանդր Դյումա-Որդին։ 1886 թվականին, Ֆրանսիայի նախագահի ձեռքից Զախեր-Մազոխը ընդունել է Պատվավոր լեգեոնի շքանշանը։
Իր կյանքի վերջին տարիները Զախեր-Մազոխը անց է կացրել Հեսսենի մոտ գտնվող Լինդհեյմ գյուղում, որտեղ և մահացել է 1895 թվականի մարտի 9-ին։ Նրա աճյունասափորը ոչնչացվել է 1929 թվականին՝ հրդեհից։ Գրողի որդին` Ռոմանը, զորակոչվել է 1914 թվականին և նույն թվականի նոյեմբերին գերևարվել է ռուսների կողմից, իսկ 1915 թվականին, Կիևի զինվորական հոսպիտալում մահացել է տիֆից։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գալիցիական մի պատմություն. 1846 թիվ» (1858)
- «Մաջարների վերջին թագավորը» (1867)
- «Կայենի ժառանգությունը» (1870-1877)
- «Մուշտակով Վեներան» (1870)
- «Ամուսնալուծված կինը» (1870)
- «Դոն Ժուանը Կոլոմիից» (1872)
- «Մեսալուհիները» (1874)
- «Գալիցիական պատմվածքներ» (1876)
- «Մեր ժամանակի իդեալները» (1876)
- «Հրեական պատմություններ» (1878)
- «Հայդամակ» (1882)
- «Դրախտ Դնեստրի վրա» (1882)
- «Նոր հրեական պատմություններ» (1882)
- «Վիեննական պալատական պատմություններ» (1885)
- «Արյունոտ հարսանիք Կիևում» (1886)
- «Ռուսական պալատական նովելներ» (1886)
- «Լեհական հրեական պատմվածքներ» (1886)
- «Հոգիներ կործանողը» (1886)
- «Հավերժ երիտասարդություն» (1886)
- «Օձը դրախտում» (1890)
- «Բեմի կախարդանքները» (1893)
- «Սատանայական կանայք» (1907)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118604570 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ» հոդվածին։ |
|
- Հունվարի 27 ծնունդներ
- 1836 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 1895 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Գրացի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ավստրիացի գրողներ
- Գերմանալեզու գրողներ
- Ավստրիացի լրագրողներ
- Ավստրիացի պատմաբաններ
- Ուկրաինացի գրողներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- Ավստրիացի վիպասաններ