Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ
գերմ.՝ Leopold Ritter von Sacher-Masoch
Ծնվել էհունվարի 27, 1836(1836-01-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼվով, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանվել էմարտի 9, 1895(1895-03-09)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրԼինդհայմ, Altenstadt, Hesse, Վետերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
ԳերեզմանԼինդհայմ դղյակ
Գրական անունCharlotte Arand[5] և Zoë von Rodenbach[5]
Մասնագիտությունլրագրող, գրող, համալսարանի դասախոս և պատմաբան
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունԳրացի համալսարան (1854)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1854)
Ուշագրավ աշխատանքներՄուշտակով Վեներան
ԱնդամակցությունAkademisches Corps Teutonia zu Graz?
ԱշխատավայրԳրացի համալսարան և Լվովի համալսարան
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱմուսինWanda von Sacher-Masoch?
Изображение автографа
Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ Վիքիքաղվածքում
Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ Վիքիդարանում
 Leopold von Sacher-Masoch Վիքիպահեստում

Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխ (գերմ.՝ Leopold Ritter von Sacher-Masoch, հունվարի 27, 1836(1836-01-27)[1][2][3][…], Լվով, Ավստրիական կայսրություն[4] - մարտի 9, 1895(1895-03-09)[1][2][3][…], Լինդհայմ, Altenstadt, Hesse, Վետերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), ավստրիացի գրող։ 1886 թվականին հոգեբան և նյարդաբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը հոգեբանությունում և սեքսոպաթոլոգիայում մտցրեց նոր հասկացություն` մազոխիզմ, որը կապված էր գրողի ստեղծագործությունների հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխը ծնվել է կաթոլիկ ընտանիքում։ Հայրը` Լեոպոլդ ֆոն Զախերը, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության ոստիկանապետն էր։ Հոր նախնիները բոհեմյան գերմանացիներ և իսպանացիներ էին, ովքեր 16-րդ դարում բնակություն էին հաստատել Պրահայում։ Մայրը` Շառլոտա ֆոն Մազոխը, Լվովի համալսարանի ռեկտոր Ֆրանց ֆոն Մազոխի դուստրն էր։ Այն տանը, որտեղ ծնվել էր ապագա գրողը, այժմ Լվովում հայտնի «Գրանդ Հոթել»-ն է։

Ընտանիքում Լեոպոլդը ավագ որդին էր և ծնվել է ծնողների ամուսնության իններորդ տարում։ Նա հիվանդոտ և թուլակազմ երեխա էր։ Առողջությունը վերականգնվել է, երբ կերակրվելու համար նրան ուղարկել են ուկրաինացի գեղջկուհու մոտ։ Երբ Լեոպոլդը 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Պրահա, որտեղ նա սովորել է գերմաներեն լեզուն, որով և հետագայում սկսել է ստեղծագործել։ Մանկության տարիներին նրա մոտ սկսեցին ի հայտ գալ հակումներ, որոնք հետագայում նրան հանրահայտ դարձրին։ Նրան հրապուրում էին դաժան տեսարանները, սիրում էր նայել մահապատիժ պատկերող նկարներ և ընթերցել նահատակների կյանքի մասին պատմող գրքեր։ Նրա կյանքում կարևոր դեր է խաղացել հայրական կողմից ազգականուհի` կոմսուհի Քսենոբիան։ Վերջինս շատ գեղեցիկ, սակայն դաժան կին էր։ Մի անգամ, քույրերի հետ պահմտոցի խաղալիս, Լեոպոլդը թաքնվել է կոմսուհու ննջարանում և ականատես եղել, թե ինչպես է կոմսուհին ննջասենյակ բերել սիրեկանին, որից մի քանի րոպե անց ննջասենյակ է ներխուժել նրա ամուսինը` իր երկու ընկերների հետ։ Կոմսուհին ծեծել և դուրս է հանել անկոչ հյուրերին, իսկ սիրեկանը փախել է։ Լեոպոլդը անզգուշորեն մատնել է իր ներկայությունը, որից հետո կոմսուհին ծեծել է և նրան։ Սակայն նրա հարվածներից Լեոպոլդը իրեն անհասկանալի հաճույքի զգացում է ունեցել։ Շուտով կոմսուհու ամուսինը վերադարձել է, իսկ Լեոպոլդը դռան ետևից լսել է մտրակի հարվածների և կոմսի տնքոցների ձայնը։ Վիրավորանքները, մտրակն ու մորթիները, որոնք սիրում էր կրել կոմսուհին, հետագայում դարձան Լեոպոլդի ստեղծագործությունների մշտական թեմաները, իսկ կանանց, այդ ժամանակից սկսած, նա ընկալում էր որպես արարածների, որոնց կարելի է և սիրել, և ատել։

Զախեր-Մազոխը հաջողակ աշակերտ և ուսանող էր։ Պրահայի և Գրացի համալսարաններում, ուր տեղափոխվել էր 1854 թվականին, նա ուսանել է իրավաբանություն, մաթեմատիկա և պատմություն, իսկ 19 տարեկանում դարձել է իրավունքի դոկտոր։ Աշխատել է Գրացի համալսարանում պրիվատ-դոցենտ։ 1858 թվականին անանուն հրապարակել է «Գալիցիական մի պատմություն. 1846 թիվ» վեպը։ Այդ ժամանակվանից սկսած, ամեն տարի ստեղծում էր մեկ կամ մի քանի գիրք` իր ուժերը փորձելով տարբեր գրական ժանրերում։ Նա գրել է նաև պատմական հետազոտություն, պիես, ֆելիետոններ, գրական-քննադատական աշխատություններ։ Եղել է մի քանի ամսագրերի հիմնադիր և խմբագիր, որոնք սակայն լույս են տեսել կարճ ժամանակով։ Համագործակցել է «Միջազգային ռևյու» ամսագրի հետ։ Ինչպես հաստատում են Գերմանիայի և Ավստրիայի գրական հանրագիտարանները, 1860 թվականին Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխին հրավիրել են Լվովի համալսարան, պատմության վերաբերյալ դասախոսություններ կարդալու։ Սակայն ընդունել է արդյոք նա այդ առաջարկը, թե ոչ, հավաստի փաստեր չկան։

1872 թվականին ֆրանսերեն լեզվով գրված և Փարիզում տպագրված «Դոն Ժուանը Կոլոմիից» վեպի հաջողությունից հետո, նա որոշեց իրեն ամբողջովին նվիրել գրականությանը, չնայած որոշ ժամանակ համատեղում էր ակադեմիական կարիերան` գրական ստեղծագործական կյանքի հետ, քանի որ գրական և հրատարակչական գործունեությունը նրան բավարար եկամուտ չէր բերում։ Այդ տարիներին Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխը ամուսնացել է իր բռնկուն երկրպագուհու` Ավրորա ֆոն Ռյումսլինի հետ։ Լինելով ինքնահավան, եսասեր, դրամի և հագուստի նկատմամբ ագահ, ինչպես նաև բարձրաշխարհիկ կյանքին ձգտող, Ավրորան նույնպես սկսեց գրել` վերցնելով Վանդա ֆոն Դունաևա գրական կեղծանունը («Վեներան մորթիներով» վեպի հերոսուհու անունն է)։ Արդյունքում նրանք միասին Զախեր-Մազոխ ազգանունով ստորագրում էին ցածրորակ նովելների տակ` չնշելով որևէ անուն։

Կնոջ չափից դուրս պահանջները Լեոպոլդին հասցրին աղքատության դուռը և ստիպեցին վաստակել հասարակ աշխատանքով։ Նա սկսեց գրել պահանջարկ չունեցող նովելներ և իր մակարդակն իջեցրեց` հասցնելով այն պոռնոգրաֆիայի մակարդակին։ Հասցնելով գրողին այդ վիճակի, Ավրորան լքեց նրան` արդյունքում գրելով ընթերցողների շրջանում հայտնի նոթերը` «Իմ կյանքի պատմվածքը»։ Հետագայում Լեոպոլդն ամուսնացավ իր երեխաների դաստիարակչուհու հետ, ով 20 տարով փոքր էր իրենից, սակայն այդ ամուսնությունը նույնպես հաջողակ չէր։ 1881 թվականին Զախեր-Մազոխը բնակություն հաստատեց Լայպցիգում և իր հետագա կյանքն անցկացրեց Գերմանիայում։

Զախեր-Մազոխի ստեղծագործությունը պատկանում է այն ժամանակաշրջանին, երբ արդյունաբերության ծաղկման ֆոնի վրա, նոր բուրժուազիայի կյանքի ճոխության և գյուղի անկման պայմաններում մտավորականությունը ապրում էր խաղաղ կյանքով, որտեղ համատեղվում էին գյուղական կյանքի իդեալականացումը` նյութական և էպիկուրյան գաղափարամտության հետ, իսկ զգացմունքայնությունն ու սերը դարձել էին մարդկության կյանքի նպատակ։ Զախեր-Մազոխի անձնական կյանքի ապրումները, ով ստանում էր աննորմալ սեքսուալ հաճույք` կնոջ կողմից ֆիզիկական ենթարկվածությունից և զգացմունքային բռնությունից, իրենց արտացոլումն էին գտել նրա ստեղծագործություններում։ Համարյա կենսագրական բնույթ ունեին «Ամուսնալուծված կինը» և «Վեներան մորթիներով» վեպերը։ «Ամուսնալուծված կինը» վեպի հիմքում ընկած էին Աննա ֆոն Կոտվիցի հետ սիրավեպում ունեցած ապրումներն ու տառապանքները, իսկ «Վեներան մորթիներով» վեպում` գրողը ներշնչվել էր Ֆաննի ֆոն Պիստորի հետ ունեցած խարդավանքներից։

Բռնակալ կնոջ կողմից թուլակամ տղամարդուն ծաղրելու թեման մշտապես առաջ է քաշվում նաև Զախեր-Մազոխի պատմական ստեղծագործություններում, որը ժամանակի ընթացքում այնքան արտահայտիչ բնույթ է ընդունել, որ 1886 թվականին վիեննացի հոգեբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը, այն սեքսուալ շեղումը, որը բնութագրվում է ցավից և ենթարկվածությունից սեռական հաճույք ստանալով, անվանեց մազոխիզմ։

Զախեր-Մազոխի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով և լույս են տեսել մեծ տպաքանակներով։ Նրա աշխատանքները բարձր են գնահատել Էմիլ Զոլան, Գյուստավ Ֆլոբերը, Ալֆոնս Դոդեն, Ալեքսանդր Դյումա-Հայրը և Ալեքսանդր Դյումա-Որդին։ 1886 թվականին, Ֆրանսիայի նախագահի ձեռքից Զախեր-Մազոխը ընդունել է Պատվավոր լեգեոնի շքանշանը։

Իր կյանքի վերջին տարիները Զախեր-Մազոխը անց է կացրել Հեսսենի մոտ գտնվող Լինդհեյմ գյուղում, որտեղ և մահացել է 1895 թվականի մարտի 9-ին։ Նրա աճյունասափորը ոչնչացվել է 1929 թվականին՝ հրդեհից։ Գրողի որդին` Ռոմանը, զորակոչվել է 1914 թվականին և նույն թվականի նոյեմբերին գերևարվել է ռուսների կողմից, իսկ 1915 թվականին, Կիևի զինվորական հոսպիտալում մահացել է տիֆից։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գալիցիական մի պատմություն. 1846 թիվ» (1858)
  • «Մաջարների վերջին թագավորը» (1867)
  • «Կայենի ժառանգությունը» (1870-1877)
  • «Մուշտակով Վեներան» (1870)
  • «Ամուսնալուծված կինը» (1870)
  • «Դոն Ժուանը Կոլոմիից» (1872)
  • «Մեսալուհիները» (1874)
  • «Գալիցիական պատմվածքներ» (1876)
  • «Մեր ժամանակի իդեալները» (1876)
  • «Հրեական պատմություններ» (1878)
  • «Հայդամակ» (1882)
  • «Դրախտ Դնեստրի վրա» (1882)
  • «Նոր հրեական պատմություններ» (1882)
  • «Վիեննական պալատական պատմություններ» (1885)
  • «Արյունոտ հարսանիք Կիևում» (1886)
  • «Ռուսական պալատական նովելներ» (1886)
  • «Լեհական հրեական պատմվածքներ» (1886)
  • «Հոգիներ կործանողը» (1886)
  • «Հավերժ երիտասարդություն» (1886)
  • «Օձը դրախտում» (1890)
  • «Բեմի կախարդանքները» (1893)
  • «Սատանայական կանայք» (1907)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118604570 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ» հոդվածին։