Իցհակ Շամիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իցհակ Շամիր
եբրայերեն՝ יצחק שמיר
Yitzhak Shamir (1980).jpg
Դրոշ
(10-րդ) Իսրայելի վարչապետ
1986 թվականի հոկտեմբերի 20 - 1992 թվականի հուլիսի 13
Նախորդող Շիմոն Պերես
Հաջորդող Իցհակ Ռաբին
Դրոշ
(12-րդ) Իսրայելի պաշտպանության նախարար
1990 թվականի մարտի 15 - 1990 թվականի հունիսի 11
Նախորդող Իցհակ Ռաբին
Հաջորդող Մոշե Արենս
Դրոշ
(6-րդ) Իսրայելի արտաքին գործերի նախարար
1980 թվականի մարտի 10 - 1986 թվականի նոյեմբերի 20
Նախորդող Մոշե Դայան
Հաջորդող Շիմոն Պերես
Դրոշ
(8-րդ) Իսրայելի վարչապետ
1983 թվականի հոկտեմբերի 10 - 1984 թվականի սեպտեմբերի 14
Նախորդող Մենախեմ Բեգին
Հաջորդող Շիմոն Պերես
 
Կուսակցություն՝ Լիկուդ, Հերութ և Fighters' List?
Կրթություն՝ Վարշավայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 22, 1915(1915-10-22)[1][2]
Ծննդավայր Ružany, Slonimskij County, Grodno Governorate, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունիսի 30, 2012(2012-06-30)[3][4][5][…] (96 տարեկան)
Վախճանի վայր Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել
Գերեզման Nation's Great Leaders Graves և Հերցլի լեռ
Թաղված Nation's Great Leaders Graves և Հերցլի լեռ
Քաղաքացիություն Flag of Israel.svg Իսրայել
Ամուսին Shulamit Shamir?
Զավակներ Yair Shamir?
 
Ինքնագիր Yitzhak Shamir signature.svg
 
Պարգևներ

Իսրայելի մրցանակ

Իցհակ Շամիր (եբրայերեն՝ יצחק שמיר‎, ի ծնե ազգանունը՝ Եզերնիցկի, 1915—2012)՝ իսրայելցի քաղաքական գործիչը, Իսրայելի ութերորդ և տասներորդ վարչապետը, եղել է Քնեսեթի նախագահ և արտաքին գործերի նախարար: Մինչև 1948 թվականը եղել է Լեհիի ընդհատակյա ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկը։ Աշխատել է «Մոսադ»-ի բարձր պաշտոններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն և Լեհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իցհակ Շամիրը (Եզերնիցկի) ծնվել է 1915 թվականի հոկտեմբերի 15-ին Գրոդնոյի նահանգի Ռուժանիում։ Սովորել է Բելոստոկի գիմնազիայում։ 1934 թվականին Վարշավայի համալսարանում սկսել է ուսումնասիրել իրավագիտություն, բայց չի ավարտել ուսումը, քանի որ, լինելով «Բեյթար» շարժման անդամ և սիոնիստ, նախընտրել է 1935 թվականին գաղթել Պաղեստին։ Տեղափոխվելուց հետո նա սովորել է Երուսաղեմի հրեական համալսարանում, սակայն 1937 թվականին միացել է «Իրգուն» («Էցել») ընդհատակյա կազմակերպությանը՝ ակտիվորեն մասնակցելով նրա գործունեությանը։ Նրա ընտանիքը մնացել է Լեհաստանում և ոչնչացվել է Հոլոքոստի ժամանակ։

1940 թվականին «Լեհի» կազմակերպությունը «Իրգունից» առանձնացավ այն պատճառով, որ վերջինիս առաջնորդ Դավիդ Ռազիելը հրամայեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դադարեցնել անգլիացիների դեմ պայքարը։ Շամիրն ընտրեց Աբրահամ Շտերնի ուղին և տեղափոխվեց «Լեհի»[6][7]։

Բրիտանական ոստիկանության պաստառ Պաղեստինում, որը պարգև էր առաջարկում «Շտեռնի խմբավորման» (Լեհի) անդամներին բռնելու համար: Իցհակ Եզերնիցկին (Շամիր) պատկերված է պաստառի կենտրոնում։

1941 թվականի դեկտեմբերին Իցհակ Շամիրը ձերբակալվել և բանտարկված է եղել կիբուց Միզրի մոտ գտնվող բանտում, երբ 1942 թվականի փետրվարի 12-ին անգլիացիների կողմից սպանվել է «Լեհիի» ղեկավար Աբրահամ Շտերնը։ 1942 թվականի սեպտեմբերին Շամիրը փախել է բանտից։

Վերադառնալով բանտից՝ նա միացել է «Լեհիի» ղեկավարությանը, որը Շտերնի մահից հետո կոլեգիալ էր, քանի որ չէր գտնվել Աբրահամ Շտերնին փոխարինելու արժանի մարդ։ Իր ծայրահեղական հայացքներով հայտնի Էլիյահու Գիլադի սպանությունից հետո (ենթադրաբար՝ Շամիրի հրամանով[8][9]) «Լեհիի» ղեկավարությունը բաղկացած էր տրիումվիրատից՝ Իցհակ Շամիրից, Իսրայել Էլդադից և Նաթան Ելին–Մորից։

Իցհակ Շամիրը «Լեհիի»՝ 1944 թվականի այնպիսի գործողությունների նախաձեռնողն էր, ինչպիսիք էին Պաղեստինի գերագույն հանձնակատար Հարոլդ Մաքմայքի մահափորձը և լորդ Էդվարդ Գինեսի սպանությունը: Նույնիսկ լինելով Իսրայելի վարչապետ՝ նա շարունակում էր մնալ ահաբեկիչների բրիտանական ցուցակներում։

1946 թվականի ամռանը Շամիրը ձերբակալվել և այս անգամ արտաքսվել է Էրիթրեա, այնտեղից 5 ամիս անց փախել է Փարիզ, որտեղ քաղաքական ապաստան է ստացել[10]։

1948 թվականի մայիսի 20-ին վերադարձել է Իսրայել։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության հիմնադրումից հետո Շամիրը զբաղվել է մասնավոր բիզնեսով (ճանապարհների կառուցում, ռեզինի վերամշակման գործարան)։

1955 թվականին հրավիրվել է իսրայելական «Մոսադ» հետախուզություն՝ այն ժամանակվա տնօրեն Իսսեր Հարելի կողմից, և այնտեղ հասել եվրոպական բաժնի պետի պաշտոնին։ 1965 թվականին Շամիրը թողել է «Մոսադը» և վերադարձել մասնավոր բիզնես։ 1969 թվականին միացել է Հերութ կուսակցությանը՝ ժամանակակից Լիկուդի նախորդին։ 1974 թվականին որպես Լիկուդի ներկայացուցիչ ընտրվել է Քնեսեթ։ 1975 թվականին դարձել է կուսակցության առաջնորդը։

8-րդ Քնեսեթում եղել է արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ։ Այսպես կոչված «Հեղաշրջումից» հետո (երբ Ավոդա կուսակցությունը Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Լիկուդին զիջեց կառավարությունը ձևավորելու իրավունքը) 1977 թվականին դարձավ Քնեսեթի նախագահ։

1979 թվականին, այն բանից հետո, երբ Մոշե Դայանը թողեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը, այն հինգ ամիս զբաղեցրեց Մենախեմ Բեգինը, իսկ 1980 թվականի մարտի 10-ին նա պաշտոնը հանձնեց Իցհակ Շամիրին։

Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իցհակ Շամիր և Կասպար Ուայնբերգեր (1982 թվական)

1983 թվականի օգոստոսի 28-ին Մենախեմ Բեգինը հայտնեց, որ այլևս չի կարող լինել Իսրայելի վարչապետ։ Բեգինի հեռանալուց հետո Շամիրը դարձավ Լիկուդի նախագահ, իսկ 1983 թվականի հոկտեմբերի 11–ին՝ Իսրայելի վարչապետ։

Իցհակ Շամիրը երկիրը ստացավ ծանր վիճակում. Իսրայելի պաշտպանության բանակը օկուպացրել էր Լիբանանի հարավը, ֆինանսական վիճակը անմխիթար էր, հասարակությունը պառակտվել է աջերի ու ձախերի։ Հակապատերազմական ցույցի ժամանակ հասարակության պառակտման պատճառով սպանվեց «Շալոմ Ահշավ» շարժման ակտիվիստ Էմիլ Գրինցվեյգը։

Շամիրի՝ որպես վարչապետի առաջին գործողությունը շեկելի արժեքի 23 տոկոսով նվազեցումն էր։ Բորսայում առևտուրը կասեցվեց 10 օրով, բաժնետոմսերի արժեքն ընկավ, կառավարությունը ստիպված եղավ գնել բանկերի բաժնետոմսերը, փողի արժեզրկումը 1983 թվականի հոկտեմբերին հասավ 21,1 տոկոսի:

Լիբանանում 1984 թվականի նոյեմբերի 4-ին մահապարտը պայթեցրեց իրեն՝ տանելով 60 մարդու կյանք, որոնցից 28–ը՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվոր: Լիբանանում իսրայելական զորքերին դիմադրությունն աճում էր, Իսրայելը գրեթե ամեն օր զինվոր էր կորցնում։ Իսրայելը համաձայնեց 6 զինվորին փոխանակել 4700 արաբ ապստամբների հետ։

1983 թվականի դեկտեմբերի 6-ին պայթյուն տեղի ունեցավ Երուսաղեմում։ 1984 թվականի ապրիլին խոշոր սկանդալ տեղի ունեցավ՝ կապված «Շաբակի» աշխատակիցների կողմից ձերբակալված պաղեստինցի ահաբեկիչների սպանության հետ։ Այն բանից հետո, երբ այդ փաստը դարձավ մամուլի սեփականությունը, «Շաբակը» ապարդյուն փորձեց խանգարել Շամիրի կողմից սկսված հետաքննությանը։

1984 թվականի ապրիլի 27-ին «Շաբակ»-ը հայտնաբերեց հրեական «Խամահտերեթ Հաեհուդիտ» («Հրեական ընդհատակ») ահաբեկչական խմբավորումը, որը պատասխանատու էր իսրայելցի արաբների վրա հարձակվելու համար։

Երկրում տեղի ունեցող ամեն ինչի ֆոնին քիչ հավանական էր, որ Շամիրը մնար վարչապետ։ Չնայած դրան, նա Լիկուդի ներքին ընտրություններում վաստակեց ձայների 59%-ը՝ լավ հայտնի, բայց ոչ այնքան հռչակ վայելող Արիել Շարոնի 41%-ի դիմաց:

Ազգային միասնության առաջին կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiki Joseph Lewin with the Pri-minister Itzchak Shamir.jpg

Չնայած նրան, որ թվում էր, թե Մաարահը կգա իշխանության, Իցհակ Շամիրին հաջողվեց կանխել դա։ Քնեսեթում Լիկուդի տեղերի քանակը 48-ից կրճատվել էր 41-ի։ Շամիրին չհաջողվեց կառավարություն ստեղծել, երկրի նախագահ Խայիմ Հերցոգն առաջարկեց կառավարություն ստեղծել Մաարահի առաջնորդ Շիմոն Պերեսին։ Պերեսի անհաջողությունից հետո նախագահն անձամբ հավաքեց կառավարություն (Ազգային միասնության կառավարություն), որը առաջին երկու տարիներին գլխավորեց Շիմոն Պերեսը, իսկ երկրորդ երկու տարիներին՝ Իցհակ Շամիրը․ նման ծրագիրը ստացել է «Ռոտացիա» անվանումը:

Նոր կառավարության առջև առկա էր երկու հիմնական խնդիր՝ գնաճի նվազեցում և Լիբանանի պաշտպանության բանակի դուրսբերում։ Տնտեսության կայունացման ծրագիրը 1985 թվականին զգալիորեն նվազեցրեց գնաճը: Պաշտպանության նախարար Իցհակ Ռաբինի՝ Ցախալը Լիբանանից դուրս բերելու ծրագիրը Շամիրին դուր չեկավ, բայց այնուամենայնիվ այն հավանության արժանացավ մեծամասնության կողմից։ Ի կատար ածվեց 1985 թվականին։

1985 թվականին, 1150 ահաբեկիչներին երեք իսրայելցի զինվորների հետ փոխանակելուց հետո, Շամիրը հայտարարեց, որ «անթույլատրելի է, որ մարդասպան–ահաբեկիչները ազատ արձակվեն, իսկ նրանց դեմ պայքարող հրեաները նստեն բանտում» և առաջարկեց Համահթերեթ Հաեհուդիտ խմբավորման անդամների համար համաներման հատուկ հրամաններ արձակել: Առաջարկը մերժվեց Քնեսեթի կողմից 1987 թվականին, սակայն հրեաների բանտարկության ժամկետները զգալիորեն նվազեցվեցին:

Շամիրի կառավարման օրոք նա շարունակեց Էհուդ Յատոմի դեմ հետաքննությունը․ պարզվեց, որ Շաբակը փորձել է թաքցնել նրա դեմ եղած ապացույցները։ Ի վերջո, նախագահ Խայիմ Հերցոգը ներում շնորհեց այդ գործում ներգրավված Շաբակի անդամներին, որպեսզի չհանձնի նրանց ներքին գաղտնիքները, որոնք կարևոր էին երկրի անվտանգության համար։

1987 թվականի նոյեմբերի 25-ին արաբ ահաբեկիչը Կիրյաթ Շմոնից ոչ հեռու մտավ Իսրայելի Պաշտպանության բանակի բազա և սպանեց 6 զինվորի։ Մի քանի օրից սկսվեց այսպես կոչված «Առաջին Ինթիֆադան»։ Իցհակ Շամիրը և Իցհակ Ռաբինը որոշեցին արաբական ահաբեկիչների դեմ գործել «կոշտ ձեռքով»։ Համաշխարհային հեռուստատեսությունը ցույց էր տալիս կադրեր, որտեղ իսրայելցի զինվորները զանգվածային ձերբակալություններ են կատարում, կրակում են քարեր նետող երեխաների ուղղությամբ, քանդում տները։ Դա հակաիսրայելական հանրահավաքների ալիք առաջացրեց ամբողջ աշխարհում։ Աբու Ջիհադի, ով համարվում էր 1988 թվականի ապրիլի 16-ին Թունիսում Ինթիֆադայի հրահրողը, սպանությունը չհանգեցրեց անկարգությունների նվազմանը: Ցախալին չհաջողվեց ճնշել Ինթիֆադան։

Ազգային միասնության երկրորդ կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի նոյեմբերի 1–ին տեղի ունեցան տասներկուերորդ Քնեսեթի ընտրությունները։ Ընտրություններից հետո Լիկուդը, կրոնական կուսակցություններն ու մյուս աջերը 65 մանդատ ստացան։ Չնայած դրան, Շամիրը դժվարություններ ունեցավ կրոնական կուսակցությունների պահանջների պատճառով։ Արդյունքում կրկին ստեղծվեց Ազգային միասնության կառավարություն, Շիմոն Պերեսը ստացավ ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ Ռաբինը պահպանեց պաշտպանության նախարարի պաշտոնը։ Շամիրը արմատական պառակտված կառավարության ղեկավարն էր։ Էզեր Վայցմանի անօրինական կապերը ՊԱԿ–ի (Պաղեստինի ազատության կազմակերպություն) հետ հանգեցրեցին կառավարության վերջնական փլուզմանը: Դրանից հետո Շամիրը հավաքեց նոր աջ-կրոնական կառավարություն, Ավոդան դարձավ ընդդիմություն։

1991 թվականի հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը ԱՄՆ-ն արաբական երկրների (Սաուդյան Արաբիա, Եգիպտոս և Սիրիա) հետ կոալիցիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսեց Իրաքի դեմ: Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը փորձ արեց Իսրայելին ներքաշել պատերազմի մեջ և դրանով իսկ զրկել ԱՄՆ-ին արաբական պետությունների աջակցությունից, որոնց մի մասը նախապես հայտարարել էր, որ Իսրայելի հետ մի կողմում չեն մասնակցի ռազմական արշավին: 39 իրաքյան հրթիռներ ընկան Իսրայելի տարածք, սակայն Շամիրը սադրանքի չենթարկվեց։

Իրաքի թուլացումից հետո քաղաքական քարտեզը փոխվեց։ Այդ ժամանակ Իսրայելը Խորհրդային Միությունից հայրենադարձների մեծ ալիք էր ընդունել և ֆինանսական վարկի կարիք ուներ։ 1991 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, որ վարկը (ավելի ճիշտ, ամերիկյան երաշխիքները, որոնք հնարավոր են դարձնում վարկառությունը) Իսրայելը կստանա միայն այն պայմանով, որ մասնակցի խաղաղության միջազգային համաժողովին և դադարեցնի շինարարությունը հրեական բնակավայրերում:

1991 թվականին ահաբեկչությունների զոհերի թիվը ռեկորդային դարձավ անկախության պատերազմից ի վեր՝ 101 մարդ։ Դրա արդյունքում, ինչպես նաև Մադրիդյան կոնֆերանսին մասնակցելու համաձայնության արդյունքում, որին դեմ էին հանդես գալիս նրա «աջ» կողմնակիցները, Շամիրը կորցրեց ընտրողների աջակցությունը, և Ավոդա կուսակցությունը՝ Իցհակ Ռաբինի գլխավորությամբ, եկավ իշխանության։ Ընտրություններից մեկ օր անց Իցհակ Շամիրը հայտարարեց Լիկուդի առաջնորդի պաշտոնից իր հրաժարականի մասին և վերադարձավ Թել Ավիվ: 1996 թվականին լքեց Քնեսեթը և թոշակի անցավ, սակայն շարունակեց հաճախ հարցազրույցներ տալ և քաղաքական ակտիվություն ցուցաբերել։

Պաշտոնաթողությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Իցհակ Շամիր։ 2006 թվական

Հեռանալով քաղաքականությունից՝ Շամիրը հանգիստ ապրեց Թել Ավիվում, երբեմն վարչապետների քննադատությամբ հայտնվում էր էկրաններին, իսկ հետո բնակություն հաստատեց Հերցլիահ քաղաքի համանուն միկրոշրջանի ծերանոցում: 1994 թվականին գրել և հրատարակել է իր ինքնակենսագրությունը: Մոլորակի վրա ապրող 20-րդ դարի հնագույն քաղաքական գործիչներից մեկն էր։ Մահացել է 2012 թվականի հունիսի 30-ին՝ կյանքի 97-րդ տարում[11][12]։

Իցհակ Շամիրը միշտ համեստ է ապրել, նախընտրում էր «Լեհիի» հին ընկերների ընկերակցությունը։

Իցհակն ամուսնացած է եղել Շուլամիտ Շամիրի հետ, որի հետ ապրել է 67 տարի։ Վերջինս մահացել է 2011 թվականի հուլիսի 29-ին, 88 տարեկան հասակում։ Երկու երեխաների՝ Յաիրի (Աբրահամ Շտերն անունով) և Գիլյադայի հայրն է[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. חה"כ יצחק שמירKnesset.
  2. Munzinger Archiv (нем.) — 1913.
  3. "Yitzhak Shamir, former prime minister, dies at 96"
  4. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Encyclopædia Britannica
  6. Joseph Heller The Stern Gang: ideology, politics, and terror, 1940-1949. — 1995. — ISBN 9780714645582
  7. J. Bowyer Bell, Moshe Arens Terror out of Zion. — 1996. — С. 62—93,259—260,336. — ISBN 9781560008705
  8. При этом, позже Шамир назвал свою дочь Гиладой
  9. Одержимые избранностью. Михаил Гольд
  10. Альберт Плакс (№215, 11 - 25 июня 2004)։ «ОНИ СРАЖАЛИСЬ ЗА РОДИНУ»։ kackad.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-25-ին։ Վերցված է 2013-05-23 
  11. «Умер бывший премьер-министр Израиля Ицхак Шамир»։ lifenews.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-20-ին։ Վերցված է 2012-06-30 
  12. «Бывший глава правительства Израиля Ицхак Шамир скончался в возрасте 96 лет»։ NEWSru.co.il։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին։ Վերցված է 2012-06-30 
  13. «Умерла жена бывшего премьер-министра Ицхака Шамира»։ NEWSru.co.il։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին։ Վերցված է 2012-06-30 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ռաֆայել Էդրի
Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության 3-րդ նախարար
հունիսի 11 1990հուլիսի 13 1992
Հաջորդող՝
Օրա Նամիր