Jump to content

Իսրայել Էլդադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայել Էլդադ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1910(1910-11-11)[1]
ԾննդավայրՊոդվոլոչիսկ
Մահացել էհունվարի 22, 1996(1996-01-22)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ, Իսրայել
ԳերեզմանՁիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա, պատմաբան, հրապարակախոս, մանկավարժ, համալսարանի դասախոս, լրագրող, թարգմանիչ, դաստիարակ և գրող
ԱշխատավայրՏեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAryeh Eldad?
Կայքisraeleldad.co.il
 Israel Eldad Վիքիպահեստում

Իսրայել Էլդադ (Շայբ) (եբրայերեն՝ ישראל אלדד‎; նոյեմբերի 11, 1910(1910-11-11)[1], Պոդվոլոչիսկ - հունվարի 22, 1996(1996-01-22)[1], Երուսաղեմ, Իսրայել)՝ «Լոհամեյ Հերութ Իսրայել» («Լեհի») հրեական ընդհատակյա կազմակերպության ղեկավարներից մեկը, ով 1940 թվականից մինչև 1948 թվականին Իսրայելի պետության հիմնումը գործում էր Պաղեստինում բրիտանական մանդատի դեմ։ Հրապարակախոս, պատմաբան,փիլիսոփա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վիեննայի համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո Վիլնյուսում գտնվող ուսուցչական ճեմարանում թանախ է դասավանդել, դրան զուգահեռ եղել է Լեհաստանում Բեյթարի ղեկավարներից մեկը։ 1938 թվականին Վարշավայում Բեյթարի երրորդ խորհրդաժողովում Ժաբոտինսկու հետ ունեցած տարաձայնություններում հանդես է եկել Բեգինի (Լեհաստանում Բեյթարի նախկին ղեկավար) կողմից[2][3]։ 1940 թվականին Վիլնյուսում Բեգինի և Էլդադի ընտանիքները հարևաններ էին, իսկ Բեգինի ձերբակալության պահին Խորհրդային իշխանությունները ստիպված էին ընդհատել շախմատային պարտիան[4]։

Իսրայել Էլդադը 1948 թվականին։

Ավելի ուշ Էլդադին հաջողվել է կեղծ փաստաթղթերով փախչել Էրեց Իսրայել։ Աշխատել է որպես ուսուցիչ Թել Ավիվի միջնակարգ դպրոցում։ Անդամակցել է «Իրգուն ցվաի լեումիին» (Էցել), բայց շուտով հեռացվել է կազմակերպությունից՝ խիստ հակաբրիտանական հայացքների համար։

1941-1942 թվականներին Էլդադն օգնել է «Լեհիի» ղեկավար Աբրահամ Շտերնին (Յաիր) խմբագրել «Բամախտերեթ» («Ընդհատակում») թերթը, որը կոչ էր անում պայքարել անգլիացիների դեմ, և աշխատել է Յաիրի գրած «Վերածննդի սկզբունքների» մեկնաբանությունների վրա։ 1942 թվականի փետրվարին Շտերնի մահվանից հետո դարձել է «Լեհիի» անդամ, եղել է կազմակերպության գլխավոր գաղափարախոսը, թռուցիկների հեղինակը։ 1943 թվականի ամռանը-աշնանը Էլդադը Իցհակ Շամիրի և Նաթան Ելին-Մորի հետ կազմավորել է կազմակերպության նոր ղեկավարությունը։ Էլդադը զբաղվել է գաղափարախոսությամբ և քարոզչությամբ, եղել է «Լեհիի» ընդհատակյա պարբերականների՝ «Հա Հազիթ-Իթոն Լոհամեյ Հերութ Իսրայել» («Ճակատ–Իսրայելի ազատության համար պայքարողների թերթ») (1943-1948) ամսագրի, որը մեծ ժողովրդականություն էր վայելում իշուվի բնակիչների շրջանում[5], «Հա–Մա'աս» շաբաթաթերթի (1944-1950) և «Լեհիի» «Հրեական ընդհատակի ձայնը» ռադիոկայանի խմբագիրը։

Իր հոդվածներում Էլդադը գրել է, որ հրեական ազգային շարժումը ոչնչով չի տարբերվում այլ ժողովուրդների ազգային շարժումներից։ Էրեց-Իսրայելը՝ հրեա ժողովրդի հայրենիքը, գտնվում է «օտար զավթիչների ձեռքում, որոնք իշխում են ուժի օգնությամբ», ուստի գլխավոր խնդիրն այժմ «... հրեական երկրի ազատագրումն է օտար տիրապետությունից»։ Երկրի արաբական բնակչության մասին Էլդադը գրել է՝ «Պաղեստինցի արաբները ազգ չեն, նրանք չունեն քաղաքական ինքնագիտակցություն և չեն ձգտում ազատագրման»[6]։ Էլդադը, ինչպես և «Լեհիի» մյուս ղեկավարները, կտրականապես դեմ էր իշուվի ներկայացուցիչների մասնակցությանը նացիստական Գերմանիայի դեմ պատերազմին։ Իր «Ավնեյ եսոդ» («Հիմք») գրքում նա գրել է[5]՝

  • «Մինչ այժմ սիոնիստական շարժումը ճանաչում էր Անգլիայի՝ Էրեց-Իսրայելում իշխելու իրավունքը։ Նա, ով սահմանափակվում է «Սպիտակ գրքի» դեմ պայքարով, դեռևս չի ժխտում Անգլիայի՝ այստեղ տեր լինելու իրավունքը։ Որովհետև նա, ով պայքարում է ինչ-որ մի օրենքի դեմ, ընդունում է նաև նրանց, ովքեր արձակում են այդ օրենքները և դրանց՝ հետագայում ևս հրատարակելու սկզբունքային իրավունքը։ Նա ձգտում է ընդամենը լավագույն օրենքների։ Իսկ մենք չենք ճանաչում Անգլիայի այդ իրավունքը, և Էրեց-Իսրայեիլ անգլիական վարչակազմին պետք է դիտենք որպես օկուպանտների։ Պետք է նրանց դեմ իրական պատերազմ վարել…»

1944 թվականի ապրիլին Թել Ավիվում գտնվող «Բեն Յեգուդա» վարժարան, որտեղ Էլդադն աշխատում էր որպես ուսուցիչ, ոստիկանության կարգախումբ է ժամանում՝ նրան ձերբակալելու նպատակով։ Փախուստի փորձ կատարելիս նա ընկել է չորրորդ հարկից, ողնաշարի ուժեղ վնասվածք է ստացել և գիպսի մեջ դրված, նրան տեղավորել են Ռուսական հյուրատանը գտնվող բանտում։ Էլդադի մոտ 24 կոտրվածք և ճաքեր են հայտնաբերվել։ Չնայած դրան, արդեն մեկ շաբաթ անց նա հոդվածներ էր թելադրում «Հազիթի» համար։ Իսկ երբ սկսվում են «Լեհիի» անդամների դատավարությունները, նա փայլուն ճառեր էր գրում նրանց համար[7][8]։ Սեպտեմբերին Շայբը տեղափոխվել է Լատրունի ճամբար։ Այստեղ նա փոխել է իր նախկին «Սամբատիոն» ընդհատակյա մականունը, որը հայտնի էր դարձել անգլիացիներին, «Էլդադ»-ով՝ ի պատիվ IX-րդ դարի հրեա ճանապարհորդ Էլդադ հա–Դանիի[9], ով զբաղվում էր կորած տասը ցեղերի որոնումներով։ Հետագայում «էլդադ» ընդհատակյա մականունը դարձել է նրա ազգանունը[10]։

1946 թվականին «Լեհիի» իրականացրած գործողության արդյունքում Էլդադին հաջողվել է Երուսաղեմում բժիշկ Տրոյին առևանգել կլինիկայից, որտեղ նա պահակախմբի հնսկողությամբ բերվել էր ստուգման։ Դրանից հետո նա մինչև բրիտանական մանդատի ավարտը մնացել է անօրինական կարգավիճակում՝ շարունակելով ղեկավարել «Լեհիի» գործունեությունը։

1947 թվականին, ՄԱԿհատուկ նստաշրջանում Ա. Գրոմիկոյի ելույթից մի քանի ամիս առաջ, որտեղ բարձրաձայն ասվել էր, որ «Խորհրդային Միությունը ըմբռնումով է մոտենում սեփական անկախ պետություն ունենալու հրեա ժողովրդի ձգտմանը», «Լեհին» հրապարակել է Էլդադի «Հրեական արտաքին քաղաքականության հիմքերը» գրքույկը, որում, մասնավորապես, ասվում էր[11]՝

  • «Մենք պայքարում ենք բրիտանական լծի դեմ։ Մենք կռվում ենք մեր սեփական շահերի համար։ Բայց հասկանալի է, որ Էրեց-Իսրայելից Բրիտանիայի հեռանալուց հետո Խորհրդային Ռուսաստանը, անկասկած, իր համար դրանից ռազմավարական օգուտ քաղելու է։ Այդ պատճառով այս առումով հնարավոր է փոխըմբռնում և փոխադարձ օգուտ»։

Իսրայելի պետության ստեղծման նախօրեին «Լեհի» կազմակերպության Կենտրոնը որոշում է ընդունել իր կազմակերպության մարտիկների՝ ՑԱՀԱԼ–ին միանալու մասին։ 1948 թվականի մայիսի 29-ին, Ելին-Մորի և Էլդադի՝ Իսրայել Գալիլիի և Լևի Էշկոլի հետ բանակցություններից հետո «Լեհիի» բոլոր մարտիկները խորը ընդհատակից դուրս գալուց հետո առաջին անգամ հավաքվեցին միասին։ Էլդադի վկայությամբ՝ հարյուրավոր մարտիկներին՝ գուցե հիսուն կամ վաթսուն մարդու, նա անձամբ գիտեր[12]։

1948 թվականի հունիսին, երբ Բեն Գուրիոնի հրամանով գնդակահարվեց և խորտակվեց Ալտալենա նավը[13], որով էցելը բանակի համար մեծ քանակությամբ զենք էր բերում, Էլդադը էցելի հրամանատար Մենախեմ Բեգինին առաջարկեց, որ Էցելի և «Լեհիի» զինվորները լքեն իրենց բազաները և Երուսաղեմի ազատագրման համար միավորվեն։ Բեգինը հրաժարվեց, քանի որ վախենում էր, որ այդ քայլը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Էլդադն ինքը ժամանեց Երուսաղեմ, որտեղ «Լեհիի» մարտիկները կատաղի մարտեր էին մղում արաբների դեմ[10]։

Պետության կազմավորումից հետո Էլդադն, աջ գաղափարախոսությանը հավատարիմ,« Լեհիի» նախկին անդամներից ստեղծեղ «Հազիթ հա–մոլեդետ» շարժումը։ 1948 թվականի սեպտեմբերի 17-ին արաբա-իսրայելական հակամարտությունում ՄԱԿ-ի կողմից նշանակված միջնորդ կոմս Ֆ. Բերնադոտի սպանությունից հետո «Հազիթ հա–մոլեդետ» շարժումը հայտարարվեց օրենքից դուրս, նրա շատ անդամներ ձերբակալվեցին, Էլդադին հաջողվեց թաքնվել։

Հիսուն տարեկանին մոտ Էլդադին, որպես կանոն, բոյկոտել են իր հայացքների պատճառով։ 1950 ականների սկզբին Բեն Գուրիոնն անձամբ միջամտեց, որպեսզի թույլ չտար նրան ուսուցչի աշխատանք ստանալ դպրոցում։ Էլդադը բողոք ներկայացրեց Արդարադատության Բարձրագույն դատարան (ԲԱԳԱՑ), և չնայած նա շահեց գործը, բայց մյուս դպրոցները չէին համարձակվում նրան աշխատանքի ընդունել[10][14]։ Ավելի ուշ նա կարողացավ աշխատանք գտնել Հայֆայան Տեխնիոնում, որտեղ 15 տարվա ընթացքում ուսանողների կողմից ընտրվում էր որպես «Լավագույն դասախոս»։

1950-1990 թվականներին Էլդադը հայտնի գաղափարախոս, հրապարակախոս, աջ ճամբարի փիլիսոփա էր։ 1949-1964 թվականներին նա եղել է «Սուլամ» ամսագրի խմբագիրն ու հրատարակիչը[15], որտեղ խիստ քննադատության է ենթարկել «Մապայ» սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչների ղեկավարությամբ կառավարության քաղաքական կուրսը, իսրայելական քաղաքականության և մշակույթի տարբեր կողմերն ու ասպեկտները։

Նա կողմնակից էր «իրական իսրայելական թագավորության» ստեղծմանը, որի կազմի մեջ պետք է մտներ Էրեց-Իսրայելի բիբլիական ողջ տարածքը, և Վեցօրյա պատերազմից հետո Էլդադը դարձավ «Հանուն անբաժանելի Իսրայելի» («Էրեց-Իսրայել հա-շլեմա»[16]) շարժման հիմնադիրներից մեկը։ Նրա նախընտրական պլատֆորմը ներառում էր թեմաներ, որոնց մասին այլ կուսակցություններ նախընտրում էին չհիշատակել։ Այսպես, այնտեղ խոսվում էր երկու արտագաղթի՝ Խորհրդային Միությունից հրեաների արտագաղթի և արաբների, որոնք համաձայն չէին ընդունել հրեական իշխանությունը, Իսրայելից արտագաղթի անհրաժեշտության մասին[10]։ 1969 թվականի ընտրություններում «Էրեց-Իսրայել ա–շլեմի» գաղափարը «մաքուր տեսքով» ներկայացնում էր միայն «Էրեց-Իսրայել»–ի փոքր ցուցակը՝ «Քեն» («Այո»), որի գլխին կանգնած էր Էլդադը։ Ընտրական արգելքը ցուցակը չհաղթահարեց[16]։

Նույն թվականին ռավ Մեիր Կահանեն պայքար սկսեց խորհրդային հրեաների ազատության համար, իսկ ևս երկու տարի անց առաջ քաշեց արաբների՝ արաբական երկրներ արտագաղթելու ծրագիրը։ 1971 թվականին Էլդադը մեծ հոդված հրապարակեց «Յեդիոթ ահրոնոտ» թերթում[17], որով աջակցում էր ռավ Կահանեի պայքարը և պաշտպանում էր նրան հարձակումներից, իսկ 1973 թվականին, երբ Կահանեն առաջին անգամ առաջադրվեց Քնեսեթում, Էլդադն օգնեց նրան նախընտրական ծրագիր կազմել։

1978 թվականին Իսրայել Էլդադն իր որդու՝ Արյե Էլդադի հետ հրատարակեց «Նպատակ․ Իսրայել» գիրքը[18]։

1979 թվականին, երբ Բեգինը ստորագրեց Քեմփ Դեյվիդյան համաձայնագրերը Սինայի թերակղզին Եգիպտոսին հանձնելու մասին, դրանով իսկ ստեղծելով հրեական բնակավայրերի ոչնչացման և իրենց տներից հրեաների արտաքսման նախադեպ, Էլդադը կտրուկ քննադատեց Բեգինի այդ գործողությունները և դարձավ «Տհիա» կուսակցության հիմնադիրներից մեկը[19], որի մեջ մտան Քեմփ Դեյվիդյան համաձայնագրերի հակառակորդները, որոնց թվում էին իսրայելցի խոշորագույն ֆիզիկոս, պրոֆեսոր Յակով Նեեմանը, «Լեհիի» ընդհատակյա ռադիոկայանի նախկին հաղորդավար Գեուլա Քոենը[20] և այլք[16]։ Չնայած նրան, որ Էլդադը դրա նախաձեռնողներից մեկն էր, Քնեսեթի թեկնածուների ցուցակում չհայտնվեց։ Արդյունքում նա դադարեցրեց իր գործունեությունը նոր կուսակցությունում, սակայն հոդված հրապարակեց, որում կոչ արեց աջակցել նրան[10]։

1963 թվականից Էլդադը Տեխնիոնում (Հայֆա) հումանիտար առարկաների դասախոս է եղել։ Զբաղվել է աստվածաշնչագիտության ոլորտում հետազոտական աշխատանքով, գրել է «Հեգյոնոտ Միկրա» գիրքը («Աստվածաշնչի գաղափարներ», 1958)։ Էլդադը «Քրոնիկա. Նորություններ անցյալից»-ի՝ ժամանակակից օրաթերթի օրիգինալ հրատարակության խմբագիրն էր, որը նվիրված էր աստվածաշնչյան պատմություններին։ Էլդադը գրել է հուշեր ընդհատակյա տարիներից՝ «Մա'ասեր ռիշոն» («Առաջին տասանորդ», 1950) և «Հրեական հեղափոխություն» գիրքը (անգլերեն, 1978)։ Ֆ. Նիցշեի (1-4 հատորներ, 1968-69 թթ․) եբրայերեն շարադրությունների թարգմանության համար Էլդադին շնորհվել է Շ. Չերնիխովսկու անվան մրցանակ (1977)։

1980-1990-ական թվականներին Էլդադին հրավիրեցին մասնակցելու սեմինարների, հեռուստա– և ռադիոծրագրերի, քննարկումների, նա շարունակեց հոդվածներ գրել թերթերում և ամսագրերում, լույս տեսան նրա հոդվածների ժողովածուները, նա արժանացավ մի քանի մրցանակների։

1991 թվականի ամռանը Էլդադը մեկնեց Խորհրդային Միություն, որտեղ դասախոսություններ կարդաց հրեական հանրության համար։ Նա այցելեց Վիլնյուս, մի քաղաք, որը նա լքել էր պատերազմի տարիներին՝ ներկա այցից հիսուն տարի առաջ։ Օգոստոսյան իրադարձությունների ժամանակ նա եղել է Լենինգրադում և Մոսկվայում։ Կոմունիզմի անկման մասին Էլդադն այսպես է ասել «Ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ Վատիկանն է փլուզվում»[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Israel Eldad, Maaser Rishon, pp. 21-25 (Hebrew)
  3. Эльдад и Жаботинский, Ицхак Стрешинский
  4. Марк Зайчик, «Жизнь Бегина», «Арест. Следствие. Лагерь»(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Эмануэль Кац. ЛЕХИ. Борцы за свободу Израиля ГЛАВА 3. «БЕЗУМЬЕМ ОДНИМ ОДЕРЖИМЫ…»
  6. Элдад Исраэль՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  7. Эмануэль Кац. ЛЕХИ. Борцы за свободу Израиля, ГЛАВА 4. ЛЕХИ ПЕРЕХОДИТ В НАСТУПЛЕНИЕ
  8. Moshe and Tova Svorai, Me’Etzel Le’Lechi, 1989, pp. 419—422 (Hebrew) and Israel Eldad, Maaser Rishon, pp. 133—145 (Hebrew)
  9. Элдад ха-Дани՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Исраэль Эльдад, Ицхак Стрешинский, 31 Мая 2004». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. Эмануэль Кац. ЛЕХИ. Борцы за свободу Израиля, ГЛАВА 8. ВОЙНА БЕЗ ПЕРЕДЫШКИ
  12. «ЭЦЕЛЬ и ЛЕХИ в первые месяцы после создания ЦАХАЛ, Ицхак Стрешинский 03.06.08». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. д-р Исраэль Эльдад, Альталена. Отрывок из книги воспоминаний «Первое десятилетие»
  14. д-р Исраэль Эльдад, День Независимости, Отрывок из книги воспоминаний «Первое десятилетие», 1950 г. Опубликовано в «Вести» — «Окна», 11.06.2009
  15. Журнал «Сулам», Ицхак Стрешинский «Вести», 21.04.2005
  16. 16,0 16,1 16,2 Зеэв Гейзель, ПОЛИТИЧЕСКИЕ СТРУКТУРЫ ГОСУДАРСТВА ИЗРАИЛЬ, III. Координаты политической дисперсии в Израиле Արխիվացված 2012-03-20 Wayback Machine
  17. «Открытое письмо раввину Меиру Кахане, Д-р Исраэль Эльдад (28-04-2004) Исраэль Эльдад (Шайб), «Йедиот Ахронот» 22 января 1971». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. Исраэль и Арье Эльдад, Задача — Иерусалим, Фрагменты из книги
  19. Ха-Тхия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  20. Кохен Геулла՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]