Լեհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեհի (այլ կիրառումներ)
«Լեհի»
եբրայերեն՝ לח"י
Изображение логотипа
Տեսակռազմական կազմակերպություն և ահաբեկչական կազմակերպություն
Էթնիկ կազմհրեաներ
Գաղափարախոսությունարմատական սիոնիզմ
ՀիմնադիրAvraham Stern?
ՂեկավարԱբրահամ Շտերն (1940—1942), Իցհակ Շամիր (1942—1949), Իսրայել Էլդադ (1942—1949), Նաթան Ելին–Մոր (1942—1949)
Գործունեության տարածքՊաղեստին
Ստեղծման տարեթիվ1940 թվական
Լուծարման տարեթիվ1948 թվականի մայիսի 29
ՆախորդԻրգուն
ՀամախոհներԻրգուն (1945—1948)
Հագանա (1945—1946)
{{{2}}} ԽՍՀՄ
և այլն
ՀակառակորդներՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (1940—1948)
Հագանա (1944—1945)
և այլն
Անդամների քանակմոտ 800 մարդ
ԳործողություններԴեյր Յասինի կոտորած, Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)
 Lehi (group) Վիքիպահեստում

«Լեհի» (եբրայերեն՝ לח"י‎, Լոհամեյ Հերութ Իսրայել–ի կրճատված տառերը։ «Իսրայելի ազատության համար պայքարողներ», לוחמי חרות ישראל)՝ հրեական ընդհատակյա կազմակերպություն[1][2], գործում էր Պաղեստինում բրիտանական մանդատի դեմ 1940 թվականից մինչ Իսրայելի Պետության հիմնումը 1948 թվականին։ Կազմակերպվել էր «Իրգուն» ընդհատակյա կազմակերպությունից հեռացածների կողմից, ովքեր չէին համաձայնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի դեմ պայքարի դադարեցման քաղաքականությանը։

«Լեհիի» առաջին ղեկավարը Աբրահամ Շտերնն էր, ինչի կապակցությամբ անգլիացիները «Լեհին» անվանում էին The Stern Gang («Շտերնի բանդա»)[3]։ Շտերնի սպանությունից հետո 1942 թվականի փետրվարի 12-ին «Լեհիի» ղեկավարները դարձան Իցհակ Շամիրը, Իսրայել Էլդադը և Նաթան Ելին-Մորը[4][5][6][7][8][9]։

«Լեհիի» ամենաաղմկահարույց ահաբեկչությունները 1944 թվականին բրիտանացի նախարար Ուոլթեր Գինեսի, 1948 թվականին ՄԱԿ-ի միջնորդ կոմս Ֆոլքե Բերնադոտի սպանություններն էին և մեղսակցությունը Դեյր–Յասինի կոտորածին։

Քնեսեթի 1-ին գումարման ընտրություններում «Լեհին» ներկայացել է սեփական ցուցակով՝ «Ռեշիմատ հա–լոխամիմ» («Մարտիկների ցուցակ»), որով Քնեսեթ է անցել Ն. Ելին-Մորը[2][10]։

Ելք «Իրգունից»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին «Իրգունի» մասնակիցների մեծ մասը նստած էր անգլիական բանտերում։ Հրեական գործակալությունը ժողովրդին կոչ արեց Գերմանիայի դեմ պայքարում համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ։ Շատ մարդիկ կամավոր անդամակցեցին բրիտանական բանակին։ Նույնիսկ «Իրգունի» առաջնորդ Դավիդ Ռազիելը, որն այդ ժամանակ բանտում էր, հրամայեց «Իրգունին» դադարեցնել պայքարը, որպեսզի չխանգարի Մեծ Բրիտանիային պատերազմել Երրորդ ռեյխի դեմ։

Ռազիելի կոչը ներքին պայքար առաջացրեց «Իրգունում»։ Հրամանի հակառակորդներին ղեկավարում էր Աբրահամ Շտերնը։ 1939 թվականի հոկտեմբերին բանտից Դավիդ Ռազիելի դուրս գալուց հետո նրա և Շտերնի միջև հակամարտությունը հանգեցրեց ոչ մեծ խմբի տապալման, որն էլ դարձավ «Լեհիի» հիմքը։

1940 թվականի օգոստոսին Շտերնի խմբի բաժանումը Էցելից կատարված փաստ դարձավ։ Շտերնի կողմնակիցներն իրենց համարում էին «Էցել»–ի գործի շարունակողներ և ի սկզբանե իրենց անվանում էին «Իրգուն Ցվաի Լեումի բե-Իսրայել» («Իսրայելի ազգային ռազմական կազմակերպություն»)՝ ի տարբերություն «Իրգուն Ցվաի Լեումի բե-Էրեց-Իսրայել» («Էրեց-Իսրայել ազգային ռազմական կազմակերպություն», կրճատ՝ «Էցել») հիմնական կազմակերպության[11]։ 1940 թվականի սեպտեմբերին Աբրահամ Շտերնը իր կազմակերպության անվանումը փոխեց «Լոխամեյ Հերութ Իսրայել» («Իսրայելի ազատության մարտիկները», կրճատ՝ «ԼեՀԻ»)։

Գործունեությունը մինչև Իսրայելի Պետության հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը նպատակ դրեց «կռվող հրեաների» անունից Պաղեստինում քաղաքական իրավիճակի վրա զենքի ուժով որոշիչ ազդեցություն ունեցող գործոն դառնալ։ «Լեհին« Պաղեստինում միակ հրեական կազմակերպությունն էր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պայքար մղեց բրիտանական իշխանությունների դեմ։ Մինչ այժմ մեղադրանքներ են հնչում «Լեհիի» հասցեին՝ որպես Երրորդ ռեյխին օբյեկտիվորեն օգնող կազմակերպություն։

Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թվականին, իշուվից քչերը կարող էին ենթադրել, թե ինչ է տեղի ունենում եվրոպական հրեաների հետ։ Օրինակ, ահա թե ինչ է գրել ավելի ուշ, 1941-1942 թվականների ձմռանը դոկտոր Շ.Գրոսսը «Հա-Արեց» թերթում՝

... Հիտլերի ենթակայության ներքո գտնվող հսկայական տարածքում տեղի են ունենում հրեաների նյութական և հոգևոր իրավիճակի մեծ փոփոխություններ։ Ամենուր չեղարկված է նրանց քաղաքացիական իրավահավասարությունը։ Ամենուր հրեաները հեռացված են հանրային պաշտոններից։ Հրեական տնտեսական գործունեությունը նվազագույնի է հասցված, ինչպես, օրինակ, Բելգիայում, որտեղ Անտվերպենի հրեաները արտաքսվել են ալմաստի արդյունաբերությունից։ Լեհաստանում և Գերմանիայում հրեաները լիովին բացակա են տնտեսական կյանքից։ Հրեաները զրկվում են մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքներից։ Եվ դա նացիստներին՝ հրեաներին հարկադիր աշխատանքի ուղղորդելու առիթներից մեկն է։ Այդ տաժանակիր աշխատանքը այսօր տասնյակ հազարավոր հրեաների համար գոյության գրեթե միակ աղբյուրն է։ Սովորական, ամենօրյա երևույթ է դարձել հարյուր հազարավոր հրեաների արտաքսումը մի շրջանից մյուսը, երբեմն՝ հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերով։ Եվրոպական քաղաքների հրեական բնակչությունը ապրում է գետտոներում։ Յուրաքանչյուր հրեա պետք է հագուստի վրա հատուկ տարբերակիչ նշան՝ դեղին աստղ, կրի ... երիտասարդ սերնդի բարոյական և կրթական մակարդակը, անկասկած, կտրուկ կնվազի, եթե կյանքի նման պայմանները ևս մի քանի տարի շարունակեն գոյություն ունենալ[11]։

Այս նկարագրության մեջ երևում է հրեաների հետապնդման վերաբերյալ խորը մտահոգությունը, բայց չկա ոչ մի նշան, որ Գրոսսը ենթադրում է նրանց մահը Հոլոքոստում։ Ինքը՝ Շտերնը այդ օրերին գրել է՝

Պատերազմի սկզբին ամբողջ սիոնիստական քաղաքականությունը կառուցում էր Անգլիան․ ինչպես նա ցանկանար՝ այնպես էլ կլիներ։ Եվ Հրեական գործակալությունը («Սոխնուտ») վախով ու ստորությամբ, միանգամայն «անշահախնդիր» կատարում էր անգլիական հրամանները՝ հրեա ժողովրդի համար ոչինչ չպահանջելով... այն վերածվել է օտար բանակի մոբիլիզացիոն կետի՝ հրեական բանակի գլխավոր շտաբ դառնալու փոխարեն։ Նման քաղաքականությունը հիմնվում է միայն թույլ հույսին խառնված խղճուկ մտքի վրա․ արաբները հրաժարվել էին կռվել հօգուտ Անգլիայի, իսկ հրեաները, ընդհակառակը, լցված են մարտական ոգով և ուրախությամբ գնում են ճակատամարտի, այդ իսկ պատճառով Անգլիան, հաղթելով, պարտական չի մնա և հրեա ժողովրդին կհատուցի ըստ արժանվույն։

…Վերամբարձ մեծախոսությունը խաղաղության կոնֆերանսի և այն հույսերի մասին, որոնք կիրականանան այն բանից հետո, երբ ժողովրդավարական Անգլիան կրկին կվերակառուցի աշխարհը, զուրկ էին որևէ հիմքից։ Անցած պատերազմի ավարտից հետո խաղաղության խորհրդաժողովը սիոնիզմին տվել է Բալֆուրի հռչակագիրը։ Այսօր սիոնիզմը Բալֆուրի հռչակագրի փոխարեն «Սպիտակ գիրք» ունի։ Այս պատերազմի ավարտից հետո խաղաղության խորհրդաժողովը կսկսի «Սպիտակ գրքից»։ Այդ դեպքում ինչո՞վ կարող է այն ավարտվել։ Սիոնիզմն այս հարցի պատասխանը չունի։ Վերջին և վճռորոշ պատասխանը կարող է տալ միայն հրեական զենքը, հրեական ուժը[11]։
Աբրահամ Շտերն

Շտերնը փոխեց իր սեփական անունը՝ դառնալով Աբրահամ Բեն Յաիր։ Այն պետք է հիշեցներ Մասադայի գագաթին ամրացած հրեաների խմբի վերջին հրամանատարի՝ Էլիեզեր Բեն Յաիրի անունը։ Շատ շուտով «Յաիր»–ը դարձավ Շտերնի մականունը։

Պառակտումից հետո Էցել Յաիրը հայտնվեց տաղանդավոր և հավատարիմ համախոհներից կազմված լավ համախմբված խմբի գլուխ, որն իր մեջ ներառում էր Էցելի մի քանի առավել ունակ և փորձառու մարտական հրամանատարների։ 1940 թվականի սեպտեմբերի 16-ին «Լեհին» իրականացրեց Թել Ավիվի Բեն-Եհուդա փողոցում գտնվող ԱՊԱԿ (Անգլո-պաղեստինյան բանկ) բանկի հաջող կողոպուտը։ Կողոպուտի արդյունքում «Լեհիի» տրամադրության տակ զգալի գումար հայտնվեց, ինչը թույլ տվեց երիտասարդ ահաբեկչական կազմակերպությանը, որպես ընդհատակյա շարժում, հաջող մեկնարկ ունենալ։

Յաիրի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը գաղափարախոսությունն էր։ Նա կապեր է ունեցել (հնարավոր է՝ 1941 թվականին) Աբա Ախիմեիրի հետ, ով 1931-1933 թվականներին գլխավորել էր «Բրիտ ա-Բիրյոնիմ» կազմակերպությունը։ Նա հանդիպել է նաև Իսրայել Շայբի (Էլդադ) հետ, ով հետագայում դարձել է Լեհիի գլխավոր գաղափարախոսը, և Ուրիել Շելախի՝ այդ ժամանակ եբրայերենով ստեղծագործող ինքնատիպ և բուռն բանաստեղծի հետ։ Առաջին անգամ Յաիրը Շելախին հանդիպել է Հրեական համալսարանում, որտեղ նրանք երկուսն էլ սովորում էին։ Շելախը այն ժամանակ զբաղված էր ինքնատիպ գաղափարախոսության և բարոյական հայեցակարգի մշակմամբ, որոնք պետք է նպաստեին նոր տեսակի հրեայի առաջացմանը։ Շելախի գաղափարախոսությունը և նրա ուղեկիցները հայտնի դարձան «խանաանեության» անվան ներքո։ Շելախն օգնեց Յաիրին գրել մի քանի հրապարակախոսական գործեր, իսկ Յաիրի սպանվելուց հետո նրա հիշատակին նվիրեց պաթետիկ բանաստեղծություն։

1940 թվականի հոկտեմբերին Շտերնը թողարկեց «Բամախտերեթ» («Ընդհատակում») թերթի առաջին համարը, իսկ երկրորդ՝ նոյեմբերյան համարում հրապարակեց ինը կետեր, որոնք կոչվում էին «Վերածննդի սկզբունքներ»։ Հինգերորդ համարում լրացում արվեց մինչև տասնութերորդ կետը, «Վերածննդի սկզբունքներով» սահմանվեցին կազմակերպության գաղափարական հիմքերը, նպատակները և քաղաքական գիծը։ Այս հռչակագիրը ընդհատակյա գոյության բոլոր տարիների ընթացքում ծառայեց որպես գաղափարական հիմք և «Լեհիի» ուղեցույց։ Հղում անելով թանախական աղբյուներին՝ նրանում հաստատվում էր հրեա ժողովրդի աստվածային նպատակը, նրա բացառիկ իրավունքը աստվածաշնչյան սահմաններում գտնվող Իսրայելի երկրի և հրեա ժողովրդի վերածննդի անհրաժեշտությունը Իսրայելի երկրի վրա մինչև Երրորդ տաճարի շինարարությունը[11][12]։ «Վերածննդի սկզբունքների» հիմնական դրույթները բացատրվեցին «Հա–հազիթ» («Ճակատ») և «Հա–մաաս» («Գործողություն») թերթերում, ինչպես նաև «Հրեական ընդհատակի ձայնը» ընդհատակյա ռադիոկայանի հաղորդումներում։ Ռադիոկայանի հաղորդավար Գեուլա Քոենը[13]՝ հետագայում «Հերութ» կուսակցությունից Քնեսեթի անդամը, իսկ հետո՝ «Տհիա» շարժման առաջնորդը, մեծ ժողովրդականություն էր վայելում իշուվում[14]։

1940-1942 թվականներին «Լեհին»՝ Շտերնի ղեկավարությամբ, անգլիացիների դեմ պայքարում էր անհատական ահաբեկչության մեթոդներով։ Կազմակերպությունը բացեիբաց կոչ էր անում անգլիացիներին հեռացնել Պաղեստինից և վերստեղծել հրեական պետությունը, որքան շուտ, այնքան լավ։ Շտերնը նույնիսկ կապեր էր փնտրում նացիստների հետ[15], ինչպես դաշնակիցների հետ՝ Մեծ Բրիտանիայի դեմ պայքարում, բայց շփումները կարգավորելու փորձերը հաջողություն չեն ունեցել։

«Լեհին» մի խումբ էր, որի հանդեպ համակրանք չունեին ո՛չ «Հագանան», ո՛չ «Էցելը», էլ չենք խոսում անգլիացիների մասին։ Իշուվում այն համարում էին ահաբեկչական, կազմակերպության անդամները ենթարկվում էին հետապնդումների։ 1942 թվականի փետրվարի 12-ին ոստիկանությունը հայտնաբերեց այն բնակարանը, որտեղ թաքնվում էր Շտերնը․ նա գնդակահարվեց բրիտանական ոստիկանության սպա Մորտոնի ձերբակալության ժամանակ (Մորտոնի խոսքով՝ փախուստի փորձի ժամանակ, բայց կան նաև վկաների ցուցմունքներ, որոնց համաձայն Մորտոնը կրակել է Շտերնին՝ առանց նրա կողմից որևէ պատճառի[11][16])։ Կա չհաստատված տեսություն, ըստ որի Շտերնի գտնվելու վայրը ոստիկանությանը հայտնել են «Հագանայի>» ներկայացուցիչները[17]։ Հետագայում «Լեհին» փորձել է վրեժխնդիր լինել Մորտոնից Շտերնի մահվան համար, բայց՝ ապարդյուն։

Շտերնի մահվան պահին «Լեհիի» անդամների մեծ մասը գտնվում էր բանտերում։ Կազմակերպությունը անկում էր ապրում։ 1942 թվականի սեպտեմբերին «Լեհիի» երկու անդամները՝ Իցհակ Շամիր-Եզերնիցկին և Էլյահու Գիլադին փախուստ կատարեցին անգլիական Մազրա ճամբարից և Եղոշուա Քոենի, Անշել Շպիլմանի և այլոց հետ համատեղ ձեռնամուխ եղան կազմակերպության վերաստեղծմամբ։ 1943 թվականին Գիլադին (Գրին), ով կոնֆլիտի մեջ էր Շամիրի և «Լեհիի» այլ անդամների հետ[8], սպանվեց, հավանաբար՝ Շամիրի հրամանով[18]։

1943 թվականի ամռանը սկսեց ձևավորվել «Լեհիի» կոլեգիալ ղեկավարությունը։ Նրան էին պատկանում Շամիրը, Էլդադը (Շայբ) և Նաթան Ելին-Մորը (1943 թվականի նոյեմբերի 1-ին անգլիական Լատրունի ճամբարից փախչելուց հետո)։ Էլդադին անգլիացիները ձերբակալեցին 1944 թվականի ապրիլին, Շամիրը նույնպես ձերբակալվել է, սակայն ավելի ուշ՝ 1946 թվականին։ Այսպիսով, այն ժամանակաշրջանը, որի ընթացքում երեքն էլ փաստացի գլխավորում էին «Լեհին», կարճ ժամանակահատված էր, և պատասխանատվությունը հիմնականում ընկած էր Շամիրի և Ելին–Մորի ուսերին։

Ե՛վ Շամիրը, և՛ Ելին-Մորը հասկանում էին, որ «Լեհին» այլևս չի կարող գործել այնպես, ինչպես Շտերնի օրոք։ Նրանք հասկանում էին, որ կազմակերպությունը հասարակական լայն աջակցության կարիք ունի, և քայլեր ձեռնարկեցին այդ նպատակին հասնելու համար։ 1942 թվականի աշնանից մինչև 1944 թվականը «Լեհին» բազմաթիվ գործողություններ իրականացրեց՝ հիմնականում օգտագործելով, ինչպես նախկինում, անհատական տեռորը։ Շրջադարձային կետ դարձավ 1944 թվականի նոյեմբերի 6-ը, երբ մահափորձ կատարվեց բրիտանական կառավարության անդամ լորդ Մոյնի դեմ։ Այդ ակցիայի արդյունքում «Լեհիի» հանդեպ կրկին հալածանքներ սկսվեցին բրիտանական իշխանությունների և «Հագանայի» կողմից, և կազմակերպությունը նվազեցրեց իր ակտիվությունը։

Պատերազմի ավարտից հետո, 1945 թվականի հուլիսին «Իրգունը» և «Լեհին» համաձայնագիր կնքեցին անգլիացիների դեմ գործողությունների համակարգման մասին, նույն տարվա նոյեմբերին այդ համաձայնագրին միացավ «Հագանան», սակայն 9 ամիս անց դուրս եկավ դրանից։ 1946 թվականի սեպտեմբերից «Լեհին» կրկին ինքնուրույն է գործել[19]։

Կազմակերպության գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեհին» համեմատաբար փոքր կազմակերպություն էր․ 800-ից 1000 մասնակից ուներ։ Չնայած փոքրաթիվ լինելուն՝ այն բազմաթիվ ահաբեկչություններ է իրականացրել ինչպես արաբների, այնպես էլ Մեծ Բրիտանիայի դեմ։ «Լեհին» հարձակվել է անգլիական ռազմական կետերի վրա և ականապատել ոստիկանական մեքենաները։ Խումբը կազմակերպել է հարձակումներ բանկերի վրա՝ ֆինանսավորման միջոցներ ստանալու համար (էքսպրոպրիացիա1944 թվականի հոկտեմբերի 19-ին բրիտանական իշխանությունները գործողություն են իրականացրել «Լեհիի» դեմ։ Կազմակերպության ձերբակալված մասնակիցները արտաքսվել են Աֆրիկա, Իսրայելի պետության հիմնադրումից հետո նրանք վերադարձել են Պաղեստին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1944 թվականից) «Հագանա» կազմակերպությունը գործել է «Լեհիի» դեմ և իշխանություններին օգնել վերջինիս զինյալներին ձերբակալելու գործում։ Իսրայելի անկախության համար պատերազմի ժամանակ «Լեհին» ինքնուրույն է գործել։ Իսրայելի հիմնադրումից հետո կազմակերպությունը լուծարվել է, և նրա որոշ զինյալներ զբաղվել են քաղաքական գործունեությամբ։

Կապեր նացիստական Գերմանիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտերնը չէր հավատում հակահիտլերյան կոալիցիայի երկրների հաղթանակի հնարավորությանը և կարծում էր, որ հրեաներին ելք չի մնում, բացի գերմանացիների և իտալացիների հետ կապ հաստատելուց, որպեսզի նրանք աջակցեն անգլիացիների դեմ «Լեհիի» պայքարին։ Նա գրել է, որ Իտալիան և Գերմանիան հետաքրքրություն ունեն Եվրոպան հրեաներից «մաքրելու» և, մյուս կողմից, Անգլիային խանգարելու Մերձավոր Արևելքում իշխելուն։

Իր «Արյան մեջ արշալույս կբացվի» գրքում Շտերնի համախոհներից մեկը՝ Արյե Կոցերը, մեջբերում է Շտերնի խոսքը, որով բացահայտում է այն դրդապատճառները, որոնցով նա առաջնորդվում էր՝ որոշում ընդունելով հրեա ժողովրդին փրկելու համար նացիստների հետ շփումներ հաստատելու մասին՝

Ինձ համար պարզ է, որ եվրոպական հրեությունը կոչնչացվի, եթե մենք համաձայնության չգանք Գերմանիայի հետ։ Եվ պետք է մեկընդմիշտ հասկանալ, թե ո՞վ է մեր թշնամին։ Կամ՝ ովքե՞ր են մեր թշնամիները. ի՞նչ օգուտ կարող ենք քաղել պատերազմից, և մեր թշնամիներից ու՞մ դեմ կարող ենք կռվել, որպեսզի անկախություն ձեռք բերենք մեր երկրի համար և փրկենք մեր ժողովրդին, բոլոր այն միլիոնավոր հրեաներին, որոնք այժմ գտնվում են Եվրոպայում։ Ինձ համար ակնհայտ է, որ մեր թշնամին Բրիտանիան է։ Մեծ Բրիտանիան կարող է փրկել մեր միլիոնավոր եղբայրներին։ Բայց նույնքան ակնհայտ է, որ նա չի փրկի նրանց։ Ընդհակառակը, նա շահագրգռված է նրանց ոչնչացմամբ։ Սա պետք է նրան, որպեսզի իր իշխանությունը հաստատի արաբների երկրում, որոնք հնազանդ գործիք կլինեն իր ձեռքում։ Դաշնակից տերություններին մեր օգնությունից օգուտը մեծ չէ։ Իսկ մեզ համար դա պարզապես զրոյական է։ Ուստի մնում է միայն մեկ բան՝ գերմանացիների հետ համաձայնության գալ եվրոպական հրեության փրկության մասին։ Գերմանացիները կարող են Եվրոպան «մաքրել» հրեաներից՝ նրանց այստեղից տեղափոխելով Էրեց–Իսրայել։ Եվ Գերմանիան կարող է համաձայնել այս տարբերակին, եթե մենք պատերազմենք անգլիացիների դեմ[11]։
«Նամակ Անկարայից»–ի ուղեկցող թերթը

1940 թվականի վերջին «Լեհիի» ներկայացուցիչ Նաֆտալի Լյուբինչիկը մեկնել է Լիբանան և Բեյրութում գերմանացի դիվանագետներին է փոխանցել մի նամակ, որով Գերմանիային առաջարկվում էր «Լեհիի» համագործակցությունը՝ Իսրայելում եվրոպայի հրեաներին վերաբնակեցնելու և Մեծ Բրիտանիայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Նամակն ուղարկվել է Անկարայում Գերմանիայի դեսպանատուն, իսկ այնտեղից 1941 թվականի հունվարի 1–ին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Նամակը, որը հայտնի է դարձել որպես «Նամակ Անկարայից», անպատասխան է մնացել, և գերմանական ԱԳՆ արխիվների կազմում դաշնակիցների կողմից առգրավվել է 1945 թվականին։

1941 թվականի դեկտեմբերին Ելին-Մորը մեկնում է Սիրիա, որտեղից ծրագրել էր մտնել Թուրքիա՝ ավելի բարձրաստիճան գերմանացի դիվանագետների հետ անձնական հանդիպման համար, սակայն անգլիացիների կողմից ձերբակալվել է 1942 թվականի հունվարին։

Կենտրոնում՝ Նաթան Ելին–Մորը, 1949 թվական։

Ըստ է. Կացուի՝ առաջինը, ով կապեր է հաստատել նացիստական Գերմանիայի հետ դեռևս 1935 թվականին, եղել է հրեական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար դոկտոր Հաիմ Արլոզորովը, որը դարձել Է հանգուցային ֆիգուր նացիստական Գերմանիայի հետ բանակցություններում՝ Հաավարի համաձայնագրի պայմանները մշակելիս[20][21], ըստ որի՝ Գերմանիան պարտավորվում էր չխոչընդոտել ներգաղթյալ հրեաների՝ իրենց ունեցվածքի արտահանմանը այն պայմաններով, որոնք սակայնխախտում էին արևմտյան տերությունների կողմից գերմանական ապրանքների բոյկոտը։ Այդ պայմանագրի շնորհիվ տասնյակ հազարավոր գերմանական հրեաներ ներգաղթեցին Էրեց–Իսրայել, և նրանց կյանքը դրանով իսկ փրկեց։

Հիտլերյան Գերմանիայի ողջ հրեա բնակչության տարհանման ավելի լայն ծրագիրը, որը ներառում էր մոտ կես միլիոն մարդ, մշակել էր Գեորգ Կարսկին՝ Գերմանիայում վերստուգիչ շարժման առաջնորդներից մեկը և Բեռլինի համայնքի ղեկավարը։ Սակայն Կարսկու առաջարկը սվիններով է ընդունվել գերմանական հրեության առաջնորդների կողմից[11]։

Կապեր ԽՍՀՄ-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՀՎ-ի տվյալներով՝ «Լեհին» կապ է ունեցել Խորհրդային Միության հետ և նրանից ֆինանսական աջակցություն է ստացել[22]։ ԿՀՎ-ն նաև կարծում էր, որ խորհրդային հատուկ ծառայությունները «Լեհիում» ունեցել են իրենց գործակալները[23][24]։

Իսրայելի Պետության հիմնադրումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1948 թվականին ստեղծվեց Իսրայել պետությունը, «Լեհի» կազմակերպության Կենտրոնը, որի մեջ մտնում էին Նաթան Ելին-Մորը (Ֆրիդման), Իցհակ Շամիրը (Եզերնիցկի) և Իսրայել Էլդադը (Շայբ), որոշում կայացրեց իրենց կազմակերպության մարտիկների բանակին միանալու մասին այն բանակցություններից հետո, որոնք Ելին-Մորն ու Էլդադը վարել էին Իսրայել Գալիլիի և Լևի Էշկոլի հետ։ 1948 թվականի մայիսի 29-ին «Լեհիի» բոլոր մարտիկները խորը ընդհատակից դուրս գալուց հետո առաջին անգամ միասին հավաքվեցին։ Դոկտոր Իսրայել Էլդադի վկայությամբ, հարյուրավոր մարտիկներին՝ գուցե հիսուն կամ վաթսուն մարդու, նա անձամբ գիտեր։ Էլդադը դիմեց շարքերում կանգնած մարտիկներին, որոնք նվիրված էին կազմակերպության հիմնադիր Աբրահամ Շտերնի (Յաիր) հիշատակին, ով 1942 թվականին սպանվել է անգլիացիների կողմից, և մյուս զոհված մարտիկներին՝

Հիշի՛ր Յաիրին, ով ստեղծեց մեզ իր պարզ հասկացողությամբ, ով մեզ կերտեց իր Հոգուց, ով ծնեց մեզ իր սուրբ արյունով։ Հիշի՛ր Յաիրին։ Եվ հիշիր նրա բոլոր մարտիկ–աշակերտներին, ովքեր իրենց արյունը տվեցին հայրենիքի ազատության համար, ովքեր սրբագործեցին իրենց մարմինները սովով, խոշտանգումներով, փամփուշտներով, կառափնարանով ... նրանց արյունը հոսում է մեր արյան մեջ։ Նրանց կյանքը, հերոսությունն ու մահը կրակ է, որը վառվում է մեր մեջ։ Այս կրակը այրելու է թշնամիներին։ Այս կրակը վառվելու է Երրորդ Տաճարի սրտում, ազատ Երուսաղեմի սրտում, Իսրայելի թագավորության սրտում։ Սա Յաիրի կրակն է։ Այն կրակ է Իսրայելի ազատության համար մարտնչող բոլոր ազատամարտիկների համար, ովքեր թափել են և ովքեր թափելու են իրենց արյունը սուրբ պատերազմում[25]։

Դրանից հետո «Լեհիի» մարտիկները մոբիլիզացվեցին Իսրայելի Պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ)։ Նրանց մեծ մասը մոբիլիզացվեցին միասին, բայց եղել են նաև նրանք, ովքեր անհատապես են մոբիլիզացվել, ընդհանուր առմամբ բանակ են մտել «Լեհիի» շուրջ հազար մարտիկներ[25][26][27]։

Երուսաղեմում «Լեհիի» մարտիկները շարունակեցին ինքնուրույն գործել Յեհոշուա Զեթլերի հրամանատարության ներքո (ընդհատակյա մականունը՝ Մեիր)։ Նրա մարտիկներն արաբներից ազատագրեցին Երուսաղեմի Ռոմեմի, Լիֆտի և Շեյխ Բադերի թաղամասերը։ Մայիսի 14-ին «Լեհիի» ջոկատը փորձեց ներխուժել հին քաղաք, սակայն, օգնություն չստանալով Հագանայից, ստիպված եղավ նահանջել[25]։

Սեպտեմբերի 17-ին Երուսաղեմում իրենց «Հայրենական ճակատ» անվանած և նախկին «Լեհիի» մարտիկներից բաղկացած խմբի անդամների կողմից[28] սպանվեց ՄԱԿ-ի խաղաղ երկխոսության և հակամարտության կարգավորման գծով հատուկ դեսպանորդ Ֆոլքե Բերնադոտը, ով մասնակից էր համակենտրոնացման ճամբարներից հազարավոր հրեաների փրկմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին նրանց Շվեդիա տարհանմանը։ Բերնադոտի ակտիվ գործունեության արդյունքները, ըստ Իսրայելի ղեկավարության, կարող էին ի չիք դարձնել պատերազմում Իսրայելի նվաճումը (Դավիդ Բեն Գուրիոն[29], Մոշե Դայան[30]

Ֆոլքե Բերնադոտ, ՄԱԿ-ի էմիսար, սպանվել է «Լեհիի» կողմից Երուսաղեմում 1948 թվականին։

Բեն Գուրիոնն օգտվեց Բերնադոտի սպանությունից, որպեսզի դադարեցնի «Էցելի» և «Լեհիի» ինքնուրույն գործունեությունը Երուսաղեմում։ Քաղաքի «Լեհիի» բազաները գրավվեցին, և մոտ հարյուր մարտիկ ձերբակալվեց։ Իսկ «Էցելն» ընդունեց կառավարության վերջնագիրը և արձակեց Երուսաղեմի իր գումարտակը[25]։

1949 թվականի հունվարին կայացան առաջին գումարման Քնեսեթի ընտրությունները։ «Լեհիի» նախկին անդամները ստեղծել էին «Մարտիկների կուսակցությունը», որը ստացավ 5370 ձայն։ Նաթան Ելին-Մորը[7] ընտրվեց Քնեսեթում[2][10], դարձավ Քնեսեթի պատգամավոր և ազատ արձակվեց, իսկ փետրվարին համաներվեցին բոլոր ձերբակալվածները։ 1949 թվականի մարտին տեղի ունեցավ «Մարտիկների կուսակցության» համաժողովը, որտեղ բացահայտվեցին կտրուկ տարաձայնություններ մեծամասնության, որն աջակցում էր Քնեսեթում ընտրված Ելին-Մորին, և Իսրայել Էլդադի շուրջ խմբավորված փոքրամասնության միջև։ Ելին-Մորն ուզում էր, որ կուսակցությունը դառնա աշխատանքային և սոցիալիստական, իսկ Էլդադը մտադրություն էր հայտնել ստեղծել մի շարժում, որը շատ ժամանակ կտար կրթությանն ու դաստիարակությանը և կձգտեր ավելի խորը իմաստավորել «Իսրայելի ազատություն» հասկացությունը։ Իցհակ Շամիրը[4], «Լեհիի» կենտրոնի երրորդ անդամն աջակցում էր Ելին-Մորին։ Կոնֆերանսից կարճ ժամանակ անց Էլդադը կորցրեց կուսակցության գործունեության նկատմամբ հետաքրքրությունը[5]։

Ավելի ուշ Ելին-Մորը կտրուկ փոխեց դիրքորոշումը և հակվեց դեպի պաղեստինցի արաբները և կոմունիստները։ Երբ 1967 թվականին սկսվեց Վեցօրյա պատերազմը, նա դեմ արտահայտվեց «իսրայելական ագրեսիային»։

Իցհակ Շամիրը շատ հաջող, թեև ուշ քաղաքական կարիերա ունեցավ։ 1970 թվականին նա անդամակցեց «Հերութ» կուսակցությանը, իսկ 1973 թվականին դարձավ Քնեսեթի անդամ, որը գլխավորում էր Բեգինը՝ Գահալի ցուցակից։ 1977 թվականին նա ընտրվեց Իսրայելի խորհրդարանի նախագահ։ 1980 թվականին նրան նշանակեցին արտաքին գործերի նախարար։ Շամիրը Իսրայելի վարչապետն էր 1983 թվականի հոկտեմբերից մինչև 1984 թվականի սեպտեմբերը, ապա՝ 1986 թվականի հոկտեմբերից մինչև 1988 թվականի սեպտեմբերը։ 1988 թվականի ընտրություններից հետո նա կրկին ստացավ վարչապետի պաշտոնը։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեհիում» հավաքվել էր ծայրահեղ ձախերի, աջերի, ազգայնականների, կնաանիտների հետաքրքիր կոնգլոմերատ։ Հասարակական-քաղաքական առումով «Լեհին» հակված էր սոցիալիստական կողմնորոշմանը։

«Լեհին» հավատարիմ էր հակաիմպերիալիստական գաղափարախոսությանը և Բրիտանական մանդատը համարում էր անօրինական օկուպացիա։ Դրանից ելնելով՝ նա գերադասում էր հարձակումներ կատարել բրիտանական, այլ ոչ թե արաբական նպատակակետների վրա։ Քանի որ «Լեհին» չի ճանաչել բրիտանական դատական իշխանությունը, կազմակերպության անդամները հրաժարվել են պաշտպանվել դատարանում։

«Լեհին» հայտարարել էր, որ հրեա ժողովուրդն Իսրայելի Հողի վրա լիակատար իրավունքներ ունի։ Կազմակերպությունը գերադասում էր արաբներով բնակեցված տարածքների, քաղաքական կամ ֆինանսական գրավման ռազմական մեթոդը։ «Լեհին» արաբներին օտար էր համարում, որոնց պետք էր վտարել։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեհիին» անդամակցելու նշան

Դավիդ բեն Գուրիոնը Գեուլա Քոենին՝ վերջինիս «Գիշերվա և ցերեկվա միջև» գրքի հրատարակումից հետո ուղղված նամակում այսպես է գրել Շտերնի ու «Լեհիի« մասին՝

Միայն առանձին հատվածներով նա ինձ վերադարձրեց մեր միջև եղած մեծ և խորը վեճին ... Ես մեծ հուզմունքով կարդացի այն։ Սիրտս լի էր հպարտությամբ և նախանձով. որոշ գլուխներում թվում էր, թե ես ինքս եմ մասնակցում ձեր ակցիաներին։ Նրանց հոգու փոթորիկը, ովքեր բարձրացել են զոհասեղանի վրա, գրավել է ինձ, և ես ակնածանքով գլուխ եմ խոնարհում հերոսների՝ Կահիրեում զոհված երկու Էլիյահիների (Հակիմ և Բեյթ–Ցուրի), Մոշե Բարզանի, Մեիր Ֆանշթեյնին և ուրիշների մահվան առաջ…

… ես ոչ մի կասկած չունեմ, որ նա (Յաիրը) եղել է Բրիտանական մանդատի տարիներին առաջ քաշված ամենանշանավոր անձերից մեկը, և ես սրտանց հարգանքի տուրք եմ մատուցում նրա ստեղծագործությանը, նրա ուժեղ հոգու զորությանը, Իսրայելի ազատությանն անձնուրաց հավատարմությանը, չնայած այն բանին, որ ժխտում եմ առանց որևէ փոխզիջման նրա քաղաքական ուղին։

— Կառավարության ղեկավար Դ. Բեն-Գուրիոն, 1962 թվականի հունվարի 20[31]

1980 թվականին Իսրայելի կառավարությունը «Լեհիի» անդամների համար տարբերանշան սահմանեց՝ որպես պետության ստեղծման համար պայքարի մասնակիցների[32][33]։

Աբրահամ Շտերնի անունով կոչվել են 1981 թվականին հիմնադրված Կոհավ-Յաիր բնակավայրը (եբրայերեն՝ כוכב יאיר‎ — Յաիրի աստղ), փողոցներ Թել Ավիվում (որի վրա նա սպանվել է[34]) և Իսրայելի այլ քաղաքաներում։ Շատ քաղաքների փողոցներն անվանվել են նաև «Լեհիի», Էլիյահ Բեյթ-Ցուրիի, Էլիյահ Հակիմի և նրա մյուս անդամների պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. МИД Израиля : Lohamei Herut Yisrael (Lehi)
  2. 2,0 2,1 2,2 Лохамей херут Исраэль՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. «Stern Gang» A Dictionary of World History. Oxford University Press, 2000. Oxford Reference Online. Oxford University Press [1].
  4. 4,0 4,1 Шамир Ицхак՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. 5,0 5,1 «Исраэль Эльдад, Ицхак Стрешинский, 31 Мая 2004». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. Элдад Исраэль՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  7. 7,0 7,1 Елин-Мор Натан՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. 8,0 8,1 Joseph Heller The Stern Gang: ideology, politics, and terror, 1940-1949. — 1995. — ISBN 9780714645582
  9. J. Bowyer Bell, Moshe Arens Terror out of Zion. — 1996. — С. 62—93,259—260,336. — ISBN 9781560008705
  10. 10,0 10,1 Parliamentary Groups in the Knesset, 1949, «Fighters List»
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Эмануэль Кац. ЛЕХИ. Борцы за свободу Израиля ГЛАВА 2. АВРАГАМ ШТЕРН — ЯИР
  12. Ицхак Стрешинский «ЯИР. Жизнь и идеология Авраама Штерна»
  13. Кохен Геулла՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  14. Лохамей Херут Исраэль
  15. Общие черты предложения Национальной Военной Организации в Палестине (Irgun Zvai Leumi) по решению еврейского вопроса в Европе, а также активному участию «Лехи» в войне на стороне Германии (1941)
  16. J. Bowyer Bell. Terror out of Zion: The fight for Israeli independence. — New Brunswick, NJ: Transaction Publishers, 1996. — P. 71. — 374 p. — ISBN 1-56000-870-9
  17. Shlomo Aronson. Hitler, the Allies, and the Jews. — Cambridge, UK: Cambridge University Press, 2004. — P. 185—186. — 382 p. — ISBN 0-521-83877-0
  18. Одержимые избранностью. Михаил Гольд
  19. «ОНИ СРАЖАЛИСЬ ЗА РОДИНУ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  20. «Hayim Arlosoroff» (անգլերեն). American-Israeli Cooperative Enterprise. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  21. «The Assassination of Hayim Arlosoroff» (անգլերեն). American-Israeli Cooperative Enterprise. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  22. «THE CONSEQUENCES OF THE PARTITION OF PALESTINE (ORE 55) — 11/28/1947». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  23. «Preface — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  24. Assessing the Soviet Threat: The … — Google Книги
  25. 25,0 25,1 25,2 25,3 Эцель и «Лехи» в первые месяцы после создания ЦАХАЛа, Ицхак Стрешинский, 04.06.2008(չաշխատող հղում)
  26. Давид Гендельман Численность личного состава еврейских вооруженных формирований в Войне за Независимость = [2] // Waronline. — 27.09.2009 — 12.02.2010.
  27. «Создание ЦАХАЛ (1948)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  28. ОЧЕРКИ ПО ИСТОРИИ ЕВРЕЙСКОГО НАРОДА, Ш. ЭТТИНГЕР: НОВЕЙШЕЕ ВРЕМЯ
  29. Микаэль Бар-Зохар, «Бен Гурион», Глава 10. Борьба за выживание(չաշխատող հղում)
  30. Моше Даян, Жить с Библией
  31. Геула Коэн. Между ночью и днём (записки подпольщицы). — «Яир», Израиль, 1985, 1991. — С. 391—392. — 393 с.
  32. МинОбороны Израиля אותות שירות
  33. Знаки участия в Войнах Израиля и подпольных организациях Արխիվացված 2008-05-09 Wayback Machine
  34. «Чтобы помнили…». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհի» հոդվածին։