Վլադիմիր Ժաբոտինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Ժաբոտինսկի
Zeev Jabotinsky.jpg
Ծնվել է հոկտեմբերի 5 (17), 1880[1]
Ծննդավայր Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել է օգոստոսի 4, 1940(1940-08-04)[1][3] (59 տարեկանում)
Մահվան վայր Hunter, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգություն հրեա
Կրոն աթեիզմ
Կրթություն Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն բանաստեղծ, Հռետոր, ակտիվիստ, հայրենագետ, սցենարիստ, լրագրող, գրող, սպա և թարգմանիչ
Ամուսին Hanna Jabotinsky
Քաղաքական կուսակցություն Hatzohar
Պարգևներ և
մրցանակներ
MBE և Բրիտանական կայսրության շքանշան
Երեխաներ Eri Jabotinsky
Zeev Jabotinsky Վիքիպահեստում
Սանկտ-Պետերբուրգ, «Լուսաբաց» թերթի խմբագրություն, 1912 թվական, (ձախից աջ նստած են ) Վ. Ե. Ժաբոտինսկին, Աբրահամ Իդելսոնը, Մաքս Սոլովեյչիկը, կանգնած՝ Սողոմոն Գապշտեյնը, Ալեքսանդր Գոլդշտեյնը, Առնոլդ Զեյդմանը

Վլադիմիր Եվգենևիչ ժաբոտինսկի (ծննդյան անունը՝ Վոլֆ Եվնովիչ Ժաբոտինսկի, եբր.՝ זאב ז'בוטינסקי‎ — Зеэв Жаботински, հոկտեմբերի 5 (17), 1880[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 4, 1940(1940-08-04)[1][3], Hunter, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), սիոնիզմի աջ թևի առաջնորդ, ռևիզիոնիստական սիոնականության հիմնադիր, Հրեական ճամբարի (Իոսիֆ Տրումպելդորի հետ միասին) և «Իրգուն», «Բեյթար» կազմակերպությունների հիմանդիր, գրող, բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ։ Գրել է եբրայերեն և իդիշ լեզուներով (հրապարակախոսություն), ռուսերենով (գեղարվեստական արձակ, ֆելիետոններ, բանաստեղծություններ, բանաստեղծությունների թարգմանություններ) և ֆրանսերենով[4]։

Մանկություն, երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ժաբոտինսկին ծնվել է Օդեսայում՝ 1880 թվականի հոկտեմբերի 5(17)-ին, ձուլված հրեաների ընտանիքում: Հայրը` Եվնոն (Զեև-Վոլֆ, Վոլֆ Եվնովիչ) Ժաբոտինսկին[5][6], որը ծառայում էր Ծովագնացության և առևտրի ռուսական միությունում, գաղթել էր Նիկոպոլ քաղաքից, մայրը՝ Հավա (Էվա Մարկովնան) Զակ, (1835—1926) ծնունդով Բերդիչև քաղաքից էր, Մագիդի ծոռը՝ Դուբնո քաղաքից: Ավագ եղբայր Միրոնը մահացել էր փոքր ժամանակ, քույրը՝ Թերեզան (Թամարա, Տանյա) Եվգենևնա Ժաբոտինսկի-Կոպը, եղել է Օդեսայի կանացի մասնավոր դպրողի հիմնադիրը:

Երբ լրացել է Վլադիմիրի 5 տարեկանը, հոր հիվանդության հետ կապված, ընտանիքը մեկնել է Գերմանիա: Հաջորդ տարի հայրը մահացել է: Մայրը, չնայած վրա հասած աղքատությանը, գրենական պիտույքների խանութ է բացել և տղային ուղարկել Օդեսայի գիմնազիա: Գիմնազիայում Ժաբոտինսկին սովորել է որպես միջակ ընդունակությունների տեր աշակերտ և չի ավարտել կուրսը: Նրան ավելի շատ հետաքրքրում էր լրագրությունր: 16 տարեկանում նրա հոդվածները հրապարակվում էին «Օդեսայի թերթիկ» ռուսական գավառական հայտնի թերթում: Այդ թերթի խմբագրությունից նրան՝ որպես թղթակից, ուղարկել են Շվեյցարիա և Իտալիա: Ժաբոտինսկին թղթակցել է նաև «Օդեսայի նորություններ» թերթին: Բարձրագույն կրթություն է ստացել Հռոմի համալսարանում ՝ իրավունքի ամբիոնում[7]:

Լինելով Կոռնեյ Չուկովսկու մանկության և պատանեկության ընկերը (առաջին հոդվածի հրապարակմանը ակտիվորեն աջակցել է Չուկովսկին, «Նա ինձ բերեց գրականություն»,- ասում էր Ժաբոտիսկին Չուկովսկու մասին)[8]՝ Վլադիմիր Ժաբոտինսկին եղել է Կոռնեյ Չուկովսկիի և Մարիա Արոն-Բեռովնայի հարսանիքի վկան (1903, մայիսի 26):

Գրող և լրագրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաբոտինսկին կնոջ և որդու հետ

Լրագրության մեջ Ժաբոտինսկու դեբյուտը տեղի է ունեցել 1897 թվականին « Հայացք դեպի հարավ» թերթում՝ Վլադիմիր Իլիրիչ կեղծանունով: Նրան ուշադրություն դարձրին Altalena կեղծանունով Հռոմից գրված ֆելիետոնի թղթակցության ժամանակ: 20-րդ դարի սկզբին ակտիվորեն հանդես է եկել որպես պոետ և թարգմանիչ: Նրա թարգմանություններով ռուսական հանրությունը ծանոթացել է ժամանակի եվրոպական այնպիսի խոշորագույն պոետների բանաստեղծություններին, ինչպիսիք են ՝ Հայիմ Նախման Բյալիկը : Ժաբոտինսկին Էդգար Ալլան Պոյի «Ագռավի» ռուսական թարգմանություններից մեկի հեղինակն է:

1904 թվականին գնացել է Սանկտ-Պետերբուրգում ապրելու (ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի համար նրան սպառնում էր վարչական տույժ), համագործակցել է «Ռուսի» («Ուրվագծեր՝ առանց վերնագրի», «Վլադիմիր Ժաբոտիսնկի» ստորագրությամբ): Ակտիվորեն է արձագանքել ռուսական հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր երևույթներին և կրքոտ պաշտպանել անձի ազատության սկզբունքները: 1907 թվականին ամուսնացել է գիմնազիայի իր համադասարանցու քրոջ՝ Աննա Մարկովնա Գալպերինայի հետ հետ:

Ժաբոտինսկու բանաստեղծական ստեղծագործությունների, ֆելիետոնների և հոդվածների մի մասը առանձին հրապարակվել է հեղափոխությունից առաջ՝ «Ուսանողական բոհեմ» (իտալական ուսանողական կյանքից), «10 գիրք», «Խեղճ Շառլոտա» պոեմը՝ Շառլոտա Կոռդեի մասին, հրատարակված տպաքանակը բռնագրավվել է իշխանությունների կողմից. նրանք պոեմի մեջ ահաբեկչության կոչեր էին տեսել: Այդ ստեղծագործությունը արժանացել է Գորկիի հիացական արձագանքին, Կուպրինը ևս նշել է Ժաբոտինսկու «բնատուր տաղանդի» մասին և նշել, որ, եթե Ժաբոտինսկին չտարվեր սիոնիստական գործունեությամբ, կդառնար «ռուսական գրականության արծիվը» [9]:

1909 թվականին՝ Գոգոլի 100-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, «Ուրվագծեր՝ առանց վերնագրի» շարքի հոդվածներից մեկում, № 13-14, որը հրապարակվել էր «Լուսաբաց» ամսագրում (1913 թվականին վերահրատարակության ժամանակ վերանվանված «Ռուսական քնքշանք»), առաջին անգամ Ժաբոտինսկին ռուսական գրականությունը անվանեց հակասեմական: Նրա կարծիքով՝ ռուսական մտավորականությանը հատուկ է ծածուկ, բայց գնալով ավելի արտահատվող մեծառուսական ազգայնականություն՝ ուղղված հրեաների դեմ: Այդ ազգայնականության դրսևորման ձևերից է համարել ոչ միայն ռուսական ատելությունը հրեաների նկատմամբ,այլև՝ հրեաների նկատմամբ կանխամտածված մերժողականությունը՝ ասեմիտիզմը: Իսկ Գոգոլի հոբելյանը նա անվանել է հրեաների համար օտար՝ «ուրիշի հարսանիք» [10]:

Սիոնիստական շարժման մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին՝ Զատիկից առաջ, Ռուսաստանում առաջիններից մեկն է եղել, որ կազմակերպել է հրեական ինքնապաշտպանության ջոկատ (կանխատեսելի կոտորածը, սակայն, տեղի ունեցավ ոչ թե Օդեսայում, այլ Քիշնևում, տես՝ Քիշնևյան ջարդ): Նույն տարվա օգոստոսին ուղարկվել է Բազել՝ 6-րդ սիոնիստական կոնգրեսին, այդ պահից սկսած՝ սկսել է ակտիվորեն մասնակցել սիոնիստական շարժմանը: 1904 թվականի սկզբին տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ և ընդգրկվել է ռուսալեզու, նոր սիոնիստական «Հրեական կյանք» (հետագայում՝ «Լուսաբաց») ամսագրի խմբագրական կազմի մեջ: Այն 1907 թվականից դարձել է սիոնիստական շարժման պաշտոնական մարմինը Ռուսաստանում: Այդ թերթի էջերում կրքոտ բանավիճել է ընդդեմ ձուլման քաղաքականության և Բունդի (հրեաների համեվրոպական միություն Լիտվայում ) կողմնակիցների: Եղել է «Ռուսաստանում հրեա ժողովրդի լիակատար իրավահավասարության հասնելու միության» հիմնադիրներից մեկը (1905): 1906 թվականին Հելսինկֆորսում մասնակցել է սիոնիստների 3-րդ համառուսական համագումարին, մասնակցել է այնտեղ ընդունված «Հելսինկֆորսյան ծրագիրը» կազմելուն, ինչը երիտասարդության տարիներին համարել է իր սիոնիստական գործունեության գագաթնակետը: 1908—1909 թվականներին՝ Երիտթուրքերի հեղաշրջումից հետո, Կոստանդնուպոլիսում (Ստամբուլ) աշխատել է որպես թղթակից: Այդ շրջանում առաջին անգամ այցելել է Պաղեստին: Վերադառնալով Ռուսաստան՝ ակտիվ պայքար է սկսել հրեական կյանքի բոլոր ոլորտներում եբրայերենի հաստատման համար: 1911 թվականին հիմադրել է «Թուրգման» հրատարակչությունը («Թարգմանիչ»), որը զբաղվում էր համաշխարհային դասականների ստեղծագործությունները եբրայերեն թարգմանելով: Հրատարակել է սիոնիզմի հարցերին վերաբերող գրքույկների շարք՝ «Սիոնիզմը և Պաղեստինը», «Սիոնի ոչ ընկերներին», «Հրեական դաստիարակություն» և այլն:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեև Ժաբոտիսկին Հրեական լեգեոնի համազգեստով

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «արևմտյան ճակատում» եղել է «Ռուսական տեղեկագրեր» թերթի շրջիկ թղթակիցը: Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելուն պես առաջ է քաշել հրեական ռազմական ուժի ստեղծման և հրեաների՝ որպես առանձին կողմ պատերազմին մասնակցելու գաղափարը: Մինչ այդ սիոնիստները այս հարցում չեզոքություն էին պահպանում: Ժաբոտինսկին առաջ է քաշել այն գաղափարը, որ սիոնիստները միանշանակ պետք է անցնեն Անտանտի կողմը և նրա կազմում ձևավորեն հրեական բանակ, որն իր մասնակցությունը կունենա Պաղեստինի ազատագրման գործին և կդառնա հրեական պետություն ստեղծելու հիմք (կմախք): Գտնվելով Եգիպտոսում, Իոսիֆ Տրումպելդորի հետ միասին Բրիտանական բանակի կազմում հիմադրել է Հրեկան ճամբարը: Ժաբոտինսկին այդ ամենը ներկայացրել է «Խոսք գնդի մասին» գրքում[11] (1928 թվական ): Բացասական վերաբերմունք է ունեցել Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին հրեաների ակտիվ մասնակցությանը:

Ռևիզիոնիզմի գաղափարախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ժաբոտինսկին բնակություն է հաստատել Պաղեստինում: 1920 թվականին անգլիական իշխանությունները նրան ձերբակալել են արաբա-հրեական ընդհարումների ժամանակ իմքնապաշտպանություն կազմակերպելու համար, ձերբակալված է եղել Աքքայի ամրոցում և դատապարտվել է 15 տարվա տաժանակիր աշխատանքի, բայց շուտով համաներում է ստացել: Ազատվելուն պես ընտրվել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ղեկավար, (1921 թվական), բայց շատ արագ մեծամասնության (այդ թվում՝ կազմակերպության առաջնորդ Խայիմ Վեյցմանի հետ) ունեցել է գաղափարական տարաձայնություններ: Վեյցմանի կողմնակիցները կարծում էին, որ Բալֆուրի հռչակագիրը (1917) տվել է բոլոր քաղաքական երաշխիքները և որ սիոնիստների գործը այդուհետ պետք է լինի Պաղեստինի գյուղատնտեսական գաղութացումն իրականացնելը և «ազգային օջախ» ստեղծելու համար հիմք նախապատրաստելը: Ժաբոտինսկին պահանջում էր սիոնիստների քաղաքական տարրի գործունեության ուժեղացում և «Հորդանանի երկու ափի երկայնքով» հրեական պետականություն ունենալու երաշխիքներ: Վեյցմարի կողմնակիցները ներքին քաղաքականության մեջ հույսները դնում էին բացառապես դիվանագիտական մեթոդների վրա: Ժաբոտինսկին շեշտը դնում էր ուժային ճնշման վրա: Հետագայում Ժաբոտինսկին կտրուկ է արտահայտվել սիոնիստական շարժման մեջ գերիշխող սոցիալիստական գաղափարների դեմ՝ ցույց տալով, որ դասակարգային պայքարը քայքայում է հրեաներին անհրաժեշտ ազգային միասնականությունը: Նա կարգախոս էր ընտրել՝ «միայն մեկ դրոշ», և սոցիալիզմի և սիոնիզմի միատեղումը համեմատել էր միաժամանակ երկու աստծո երկրպագելու հետ: Ժաբոտինսկին անհրաժեշտ էր համարել ավանդական սիոնիզմի վերանայումն ու վերստուգումը, որտեղից էլ ծագել է նրա գլխավորած ուղղության անվանումը՝ ռևիզիոնիզմ:

Ի տարբերություն Վեյցմանի, որը հենվում էր դիվանագիտական մեթոդների վրա, Ժաբոտինսկին և ռևիզիոնիստները արաբական հարցի շուրջ ունեին այն կարծիքը, որ պետք է ամրապնդել հրեական զինված ուժերը և բիրտ ուժային ճնշմամբ ազդել արաբների վրա և հարկադրել հաշտվել, ստեղծել հրեական պետություն Պաղեստինում: Ըստ Ժաբոտինսկու՝ արաբները իրենց հայրենասիրության պատճառով պատրաստ չեն սիոնիստական գաղափարներ ընդունելու և ոչ մի ձևով: Ժաբոտինսկու կարծիքով՝ արաբների հետ պայքարը չի հակասում բարոյականության պահանջներին, քանի որ արաբներն ունեն շատ երկրներ և պետություններ, իսկ հրեաները չունեն սեփական երկիր և պետականություն, հետևաբար, Պաղեստինում հրեական պետության ստեղծումը արդարացի է ՝անկախ նրանից`այդ արդարադատությունը ձեռնտու է արաբներին, թե ոչ: Միևնույն ժամանակ Ժաբոտինսկին հանդես էր գալիս արաբներին լիակատար իրավահավասարություն տալու նախաձեռնությամբ, բայց արաբները պետք է մնային որպես հրեական պետության ազգային փոքրամասնություն և ճանաչեին հրեական պետության գոյության փաստը: Այս ծրագիրը Ժաբոտինսկին շարադրել է իր հայտնի հոդվածներում՝ «Երկաթե պատի մասին»[12] և «Երկաթե պատի էթիկան »[13] (1924 ): Արմատական ազգայնականության, հակասոցիալիստականության և ուժ կիրառելու որոշման պատճառով ընդդիմախոսները Ժաբոտինսկուն մեղադրում էին ֆաշիզմի մեջ (հետաքրքիր է, որ Ժաբոտինսկուն որպես հաճոյախոսություն «հրեական ֆաշիստ» է անվանել հենց ինքը՝ Բենիտո Մուսոլինին [14] , և նույնիսկ ֆաշիզմի գաղափարախոսության տարածման հարցում հույս է դրել նրա օգնությանը [15]): Ձախ սիոնիստները Ժաբոտինսկուն անվանել են «Դուչե» и «Վլադիմիր Հիտլեր» (Դավիդ բեն Գուրիոնի արտահայտությունը[16]): Ռևիզիոնիստական շարժման մեջ պրոֆաշիստական միտումներ երբեմն իրապես արտահայտվել են, սակայն Ժաբոտինսկին անձամբ դրանց հակառակորդն է եղել: Ֆաշիզմի ջատագովների համար նա գրել է «Այդպիսի մոտեցումը դուրս է գալիս թույլատրելի ռոմանտիկայի սահմաններից: Ձեր սուրբ մոլեգնությունը ես սխալ եմ համարում , որովհետև դա քայքայում է այն, ինչն ինձ համար թանկ է…Ռևիզիոնիստական շարժումը կառուցված է 19-րդ դարի ժողովրդավարական արժեքների հիման վրա, և յուրային կարող են համարվել միայն այդ արժեքներով և բարոյական նորմերով առաջնորդվողները[17]:

Հին 100-անոց դրամ (շեկել)՝ ժաբոտինսկու պատկերով
Հին 100-անոց արծաթադրամ (շեկել)՝ ժաբոտինսկու պատկերով

1923 թվականին, ի նշան բողոքի, Ժաբոտինսկին թողել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության կառավարումը, քանի որ վերջինս ընդունել էր Ուինսթոն Չերչիլի «Սպիտակ գրքի» դրույթները, որով սահմանվում էր Պաղեստինի՝ հրեական մոնոազգային երկրի վերածվելու անհնարինությունը: Այդ նույն թվականին ձևավորվել է Ժաբոտինսկու համախոհների խմբակը: Նրանք միավորվել են ժաբոտինսկու գլխավորած «Լուսաբաց» շաբաթաթերթի շուրջ: 1925 թվականին նրա համախոհները Փարիզում միավորվել են Սիոնիստ-ռևիզոնիստների միության մեջ (շտաբ-կայան): Համաշխարհային սիոնիստական կազմակերպության 15-րդ համագումարում ռևիզիոնիստների ֆրակցիան շարունակել է շարժման պաշտոնական նպատակը հրեական պետության ստեղծումը համարելը, բայց օժանդակություն չի ստացել: 1928 թվականին Լոնդոնում Ժաբոտինսկու ակտիվ մասնակցությամբ ստեղծվել է «7-րդ դոմինիոնի պայքարի լիգան» (բաղկացած հրեաներից և սիոնիզմին հարող անգլիացիներից), որը առաջ էր քաշել Պաղեստինը բրիտանական դոմինիոնի վերածելու ծրագիրը: 1931 թվականին 17-րդ սիոնիստական համագումարում ռևիզիոնիստները, որոնք օբստրուկցիայի են ենթարկվել, լքել են համագումարը և հայտարարել, որ իրենց իրավունք են վերապահում չկատարել սիոնիստական միության ղեկավարության որոշումները: 1933 թվականին Ժաբոտինսկին, ռևիզիոնիզմի ղեկավարների կամքին հակառակ, հասել է այն բանին, որ Սիոնիստ-ռևիզիոնիստների միությունը առանձնացել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունից: Ժաբոտինսկու և Բեն Գուրիոնի հաշտեցումը՝ որպես ձախ թևի սիոնիստներ, տեղի չի ունեցել: Սիոնիստական շարժման վերջնական ճեղքումը տեղի է ունեցել 1935 թվականին՝ «Նոր սիոնիստական կազմակերպության» կազմավորմամբ, որի պարագլուխն է եղել Ժաբոտինսկին: Նա ունեցել է հետևյալ ծրագիրը:

«1.Հորդանանի եկու ափի երկայնքով հրեական մեծամասնության ձևավորում 2. Պաղեստինում հրեական պետության հիմնադրում ՝ բանականության և արդարադատության հիման վրա Թորաjի ոգով 3. Բոլոր այն հրեաների հայրենադարձություն կազմակերպելը Պաղեստին, ովքեր դա ցանկանում են 4. Սփյուռքի լիկվիդացիա »: Ընդգծվում էր, որ «այդ նպատակներն վեր են կանգնած անձնական, դասային խմբերի հետաքրքրություններից ու շահերից».: Նոր կազմակերպության շտաբ-կայանը գտնվում էր Լոնդոնում[16][18]:

Ժաբոտինսկու հիմնադրած ռևիզիոնիստական ուղղությունից են սկիզբ առել ժամանակակից իսրայելական «աջերը», որոնք, ի դեմս «Լիկուդի» 1970-ական թվականներից սկսած՝ զգալի դեր են կատարում Իսրայելի քաղաքական կյանքում:

Գրական գործունեության շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաբոտինսկու գեղարվեստական ստեղծագործության գագաթնակետը կարելի է համարել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանը: Հրապարակվել են «Սամսոն Նազարեյ» (1926) և «Հինգը» (1936), հուշեր «Իմ օրերի պատմվածքը »[19] (եբրայերեն, ռուսական թարգմ. 1985) և «Խոսք գնդի մասին» (1928), «Ճշմարտությունը Տրիստան դա Ռունյայի մասին» ՝ հոդվածների և էսսեների ժողովածու՝ գրված հեղափոխությունից առաջ (Փարիզ, 1930), և բանաստեղծական ժողովածու «Բանաստեղծություններ, թարգմանություններ,պլագիատներ» (Փարիզ, 1931)…[20]

1923 թվականից եղել է նորացված «Լուսաբաց» շաբաթաթերթի խմբագիրը, որը լույս էր տեսնում Բեռլինում, հետո՝ Փարիզում: Հրապարակախոսական հոդվածների հետ մեկտեղ հրապարակել է վեպեր (նախկին կեղծանունով՝ Altalena): «Սամսոն Նազարեյ» պատմավեպը (առանձին հրատարակված Բեռլինում, 1927), որտեղ տեղի են ունենում աստվածաշնչյան ժամանակներին վերաբերող գործողություններ, Ժաբոտինսկու տեսանկյունից ներկայացվում է ուժեղ, պայքարող, կենսասեր հրեայի իդեալակն կերպարը:

Ռուսերենով գրված «Հինգը» ինքնակենսագրական վեպը, որը (1936) ներկայացնում է Օդեսայում ապրող հրեական ընտանիքի ողբերգական ճակատագիրը 1905 թվականին, գրեթե չի արժանացել քննադատների ուշադրությանը (վերահրատարակված Ռուսաստանում և Բելառուսում 2000-ականներին):

Ժաբոտինսկու գրական ժառանգությունը, անձնական արխիվը, 7000-ի հասնող նամականին, մեծաթիվ փաստաթղթերը՝ միլիոնի հասնող, ինչպես նաև՝ նրան վերաբերվող հրատարակությունները, պահպանվում են Թել-Ավիվում՝ Ժաբոտինսկու անվան ինստիտում, որի մի մասն էլ կազմում է Ժաբոտինսկու թանգարանը[21]:

Մասոնական շարժման մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Բերբերովայի հավաստիացմամբ [22]՝ 1932 թվականին Փարիզում Ժաբոտինսկին մտել է ռուսական մասոնական ժողովարան՝ «Ազատ Ռուսաստան», բայց այնտեղ մնացել է ընդամենը մի քանի ամիս: Ըստ ժամանակակից հետազոտող Սերկովի՝ նա մտել է արևելյան Ֆրանսիայում գտնվող «Հյուսիսային աստղ» խմբավորման մեջ:[23] Այնտեղ նա հասել է վարպետի աստիճանի և այն լքել է 1935 թվականին՝ իր «բազմազբաղ» լինելու պատճառով: Ժաբոտինսկու մասոնական անձնական գործերը հրապարակվել են 2006 թվականին:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաբոտինսկու կինը՝ Իոհաննա (Աննա) Մարկովնա (ծննդյան անունը՝ Գալպերինա), ( 1884 թվականի մայիսի 17, Օդեսա՝ 22-ը դեկտեմբերի 1949, Նյու-Յորք, վերաթաղված Իսրայելում), ամուսնությունը գրանցվել է Օդեսայում 1907 թվականին:

Որդին՝ Արի Ժաբոտինսկին (1910 թվականի դեկտեմբերի 26՝ Օդեսա, 1969 թվականի հունիսի 6, Իսրայել), Իսրայելի հասարակական-քաղաքական գործիչ, ընտրվել է Քնեսեթի առաջին գումարմանը՝ Խերուտի ցուցակով:

Թոռը՝ Զեև Ժաբոտինսկին, մաթեմատիկայի դոկտոր է, բիզնեսմեն, նախկինում եղել է ռազմական օդաչու:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի օգոստոսի 4–ին Ժաբոտինսկին ընկերների հետ ավտոմեքենայով գնալիս է եղել Բեյթարի ամառային ճամբար, որտեղից մինչև Նյու–Յորք 3 ժամվա ճանապարհ է։ Սրտի նոպան սկսվել է ճանապարհին։ Դեղահաբերը չեն օգնել։ Երբ նրանք հասել են ճամբար, մթնելիս է եղել։ Ժաբոտինսկին շատ դժվարությամբ է դուրս եկել մեքենայից, հարգանքի տուրք մատուցել իրեն դիմավորող բեյթարցիներին, ողջունել նրանց ավանդական «Թել–հայով» (բեյթարցիների կարգախոսը՝ ի հիշատակ Իոսիֆ Տրումպելդորի վերջին ճակատամարտի), դանդաղ անցել է մարտիկների շարքով, կարճ ելույթ է ունեցել, լուսանկարվել է … Նա, ճիգ գործադրելով, բարձացել է իր սենյակ, նոպան ուժեցացել է, նրան փրկելն այլևս անհնարին է եղել։ Ժաբոտինսկու վերջին խոսքերը հետևյալն են եղել՝ «հանգսիստ, միայն հանգիստ, հանգիստ եմ ուզում »։ 22անց 45–ին նրա սիրտը կանգնել է։ Նրան հուղարկավորել են Լոնգ–Այլենդում՝ Նյու–Յորքի արվարձանում գտնվող «Նյու-Մոտեֆիորի» գերեզմանատանը[24]։

1964 թվականին Լևի Էշկոլը, որը Առաջին համաշխարհայինի ժամանակ կռվել էր հրեական ճամբարում, Իսրայելի վարչապետ դառնալով, կատարում է 1935 թվականին գրված Ժաբոտինսկու կտակի ցանկությունը՝ «իմ աճյունը…տեղափոխել միայն ստեղծվելիք հրեական կառավարության ղեկավարության ցուցումով»։ Ժաբոտինսկու և նրա կնոջ՝ Աննայի աճյունները (1884—1949) տեղափոխում են Իսրայել և 1964 թվականի օգոստոսի 4–ին վերահուղարկավորում են Երուսաղեմի Գերցլ լեռան գագաթին [25]։

Ի հիշատակ Ժաբոտինսկու[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մարտի 23-ին Քնեսեթը Ժաբոտիսկու հիշատակը հավերժացնելու մասին օրենք է ընդունել: Դրա նապատակը իսրայելցիների հաջորդող սերունդներին Ժաբոտինսկու հոգևոր ժառանգությունը փոխանցելն է։ Իսրայելում հրեական թամուզ ամսվա 29-րդ օրը, որը Ժաբոտինսկու մահվան օրն է, հռչակվել է Ժաբոտինսկու օր ։ Այդ օրը Գերցլ լեռան գագաթին անց է կացվում Ժաբոտինսկու հիշատակին նվիրված արարողություն։ Այդ օրը պետությունը դպրոցներում անց են կացվում կրթական միջոցառումներ՝ նվիրված Ժաբոտինսկու հիշատակին։ [25] Թել–Ավիվում կա Ժաբոտինսկու անվան ինստիտուտ։ Այդ նույն շինությունում է «Լիկուդ» խմբավորման շտաբ–կայանը(Ժաբոտինսկու տունը)։

Իսրայելի քաղաքներից շատերում կան Ժաբոտինսկու անունով փողոցներ, այդ թվում՝ № 481–ը Պետախ Տիկվայում և Թել–Ավիվում և իր հայրենի Օդեսայում։

2016 թվականի սեպտեմբերի 28–ին, Օդեսայում Իսրայելական մշակութային կենտրոնի անցկացրած «Ժաբոտինսկու օրերը Օդեսայում» միջոցառման շրջանակներում Ինֆորմատիկայի և եբրայերենի խորացված ուսուցմամբ № 94 դպրոցին տրվեց Վլադիմիր Ժաբոտինսկու անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Russian writers 1800-1917Great Russian Entsiklopedia, JSC. — Vol. 2. — P. 250. — ISBN 978-5-85270-011-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11855624X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. «Владимир Жаботинский»։ www.peoples.ru։ 2009-07-08։ Վերցված է 2018-05-22 
  5. В Деле Одесского нотариального Архива от 15 июня 1911 года читаем, что одесский мещанин Шлёма Лейбов Татур продал никопольскому мещанину Владимиру Евнову (Евгениеву) Жаботинскому «собственное своё недвижимое имущество, состоящее в г. Одессе, Дальницкого полицейского участка, на Большом Фонтане… заключающееся в участке пустопорожней земли, показанном на плане»… см. Марк Соколянский «Только в Одессе» Արխիվացված է Սեպտեմբեր 29, 2011 Wayback Machine-ի միջոցով:(չաշխատող հղում)
  6. Евно — диалектный вариант имени Йона.
  7. Абрам Коральник (1890–1907)։ «Жаботинский, Владимир Евгеньевич»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg 
  8. Канунникова, Ольга Чуковский и Жаботинский // «Мария» : Альманах. —Одесса, 2004. — № 1.
  9. Канунникова, Ольга Жаботинский — корреспондент «Одесских новостей» // Всемирные одесские новости. — Всемирный клуб одесситов, 2002. — № 3 (47). — С. 6.
  10. Жаботинский, Зеев։ «Русская ласка»։ jhist.org։ Վերցված է 2018-05-24 
  11. Жаботинский, Владимир (Зеев) Слово о полку. — Издательство «Библиотека-Алия», 1985.
  12. Жаботинский, Владимир О железной стене // Рассвет. — 1924. — № 42/43 (79/80). Архивировано из первоисточника 31 Օգոստոսի 2002.
  13. Жаботинский, Владимир Этика железной стены // Рассвет. — 1924. — № 44/45 (81/82). Архивировано из первоисточника 14 Մայիսի 2003.
  14. Mitchell, Thomas G. Native vs. settler. — Greenwood Publishing Group, 2000. — P. 22. — 243 p. — ISBN 9780313313578
  15. Kaplan, Eran The Jewish radical right. — University of Wisconsin Press, 2005. — P. 157. — 234 p. — ISBN 9780299203801
  16. 16,0 16,1 Стрешинский, Ицхак (2005-08-11)։ «Зеев Жаботинский и еврейская традиция»։ gazeta.rjews.net։ Վերցված է 2018-05-23 
  17. Гольд, Михаил Одержимые избранностью // Еврейский Обозреватель. — Еврейская Конфедерация Украины, 2003.
  18. Կաղապար:Из
  19. Жаботинский, Владимир (Зеев) Повесть моих дней. — Издательство «Библиотека-Алия», 1985.
  20. Гругман, 2014, էջ 385—392
  21. Гругман, 2014, էջ 393
  22. Берберова, Нина Николаевна Биографический словарь // Люди и ложи : Русские масоны XX столетия / Послесл. О. Коростелева. — М.; Харьков: Прогресс-традиция; Калейдоскоп, 1997. — 397 с. — ISBN 5-89493-008-1
  23. «Париж. Ложа Северная звезда»։ Сервер Дмитрия Галковского։ Վերցված է 2018-05-24 
  24. Гругман, 2014, էջ 166—167
  25. 25,0 25,1 Гругман, 2014, էջ 168—169

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]