Էռնստ Լյուդվիգ Կիրխներ
Էռնստ Լյուդվիգ Կիրխներ (գերմ.՝ Ernst Ludwig Kirchner, մայիսի 6, 1880[1][2][3][…], Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - հունիսի 15, 1938[4][1][2][…], Davos Frauenkirch), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռնստ Լյուդվիգ Կիրխները ծնվել է 1880 թվականի մայիսի 6-ին Աշաֆենբուրգում, ինժեներ-քիմիկոս Էռնստ Կիրխների ընտանիքում: 1901 թվականին ավարտել է Խեմնիցի գիմնազիան և ընդունվել Դրեզդենի Բարձրագույն տեխնիկական դպրոցի` ճարտարապետության ֆակուլտետ: Այստեղ նա ծանոթացել է Ֆրից Բլեյլի հետ, ով կիսում էր գեղանկարչության հանդեպ ունեցած իր հետաքրքրությունները: 1903-1904 թվականներին Կիրխները սովորել է Մյունխենի տեխնիկական համալսարանում, ինչպես նաև մասնավոր դասերի է հաճախել Ֆոն Դեբշիցի ու Օբրիստայի` կիրառական ու ազատ արվեստի կենտրոնում, որտեղ ստացել է ճարտարապետի վկայական:
1905 թվականին Դրեզդենի Բարձրագույն տեխնիկական դպրոցի չորս ուսանողներ` Էռնստ Լյուդվիգ Կիրխները, Ֆրից Բլեյլը, Էրիխ Հեկելը և Կառլ Շմիդտ-Ռոտլուֆը, հիմնում են «Կամուրջ» (գերմ.՝ Die Brücke) միությունը, որով էլ սկզբնավորվում է գերմանական էքսպրեսիոնիզմը: Հունիսի 7-ը համարվում է միավորման հիմնադրման օրը: Անվանումն առաջարկել է Հեկելը, իսկ խմբի գաղափարախոսը եղել է Կիրխները: Նա ձևակերպել է ստեղծագործական միության դրույթները, որի գեղագիտության հիմնական սկզբունքը դարձել է մատերիալիզմի, ռեալիզմի, իմպրեսիոնիզմի և մոդեռն ոճի ժխտումը:
1906 թվականին Կիրխները գրել է ընկերության ծրագիրը: 1907 թվականի ամռանը գերմանացի նկարիչ Մաքս Պեխշտայնի հետ մեկնել է Գոպելն, որտեղ շատ նկարել է: 1908 թվականին աշխատել է Ֆեմարն կղզում: 1909-1911 թվականներին նկարելու է մեկնել Մորիցբուրգի ջրավազաններ: 1906 թվականի վերջերին հայտնվում են Կիրխների վրձնին պատկանող առաջին դիմանկարները, որոնցում պատկերված էր նրա կյանքի ընկերուհին` Դոդոն (Դորիս Գրոսե): Այս շրջանում նա իր համար նոր թեմա է բացահայտում` վարիետեն ու կրկեսը, որը մշակում է հետագա տարիներին[9]:
1910-1911 թվականներին մտնում է նկարիչների «Նոր սեցեսիոն» միության մեջ: 1911 թվականին մենել է Բեռլին, որտեղ ծանոթացել է Էռնա Շիլինգի հետ. վերջինս դարձել է Կիրխների քաղաքացիական կինը: Նույն ժամանակ Մաքս Պեխշտայնի հետ հիմնադրել է «Գեղանկարչության ժամանակակից ուսուցման» ինստիտուտը[9]: Նրա գեղանկարչության մեջ ի հայտ են գալիս նոր թեմաներ` մեծ քաղաքի կյանքը, նրա փողոցները և ճարտարապետությունը, մարդկային տեսակները, որոնք բնորոշ են մայրաքաղաքին[10]:
1913 թվականին Կիրխների ներկայացրած «Կամուրջ գեղարվեստական միության քրոնիկան» հանգեցնում է խմբի փլուզմանը. Կիրխների ընկերների կարծիքով նա ոչ տեղին ամեն անգամ շեշտում էր իր դերը Կամուրջի ստեղծման գործում: Արդյունքում նկարիչների մեջ տարաձայնություններ են առաջանում, որոնց հետևանքով Կիրխները լքում է միությունը:
1914 թվականին Կիրխները մասնակցում է Քյոլնի գեղարվեստական ցուցահանդեսին: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա կամավոր մեկնում է ռազմաճակատ, սակայն արդեն երկու ամիս անց նրան ժամանակավորապես հեռացնում են ծառայությունից և բուժման համար տեղավորում հոգեբուժարանում: Պատերազմը նկարչին թվում է «արյունոտ պարահանդես», և նա փորձում է խուճապը հաղթահարել ալկոհոլի ու թմրանյութերի միջոցով[11]: 1915 թվականին նա բանակից զորացրվում է թոքերի հիվանդության պատճառով և ուղևորվում Քյոնինգշտայնի առողջարան: 1917 թվականին ապրելու և բուժման նպատակով հաստատվում է Շվեյցարիայում և ապրում Դավոսի մոտ գտնվող Շտաֆելալպում: Մինչև 1918 թվականի հոկտեմբերը բուժում է ստանում Կրոյցլինգենի առողջարանում: 1918 թվականից հաստատվել է Դավոսի մերձակայքում գտնվող Ֆրանունկիրխե բնակավայրում` էքսպրեսիոնիստական ոճով նկարելով ալպյան բնապատկերներ[11]:

1919-1920 թվականները Կիրխների համար բարենպաստ շրջան էր. նրա առողջությունը բարելավվում է, նա շատ է աշխատում, Գերմանիայում և Շվեյցարիայում կազմակերպվում են նրա աշխատանքների ցուցահանդեսներ: 1922 թվականը դառնում է Լիզա Գույերի հետ համատեղ աշխատելու շրջանի սկիզբը:
1923 թվականին Կիրխները մեծ ցուցահանդես է կազմակերպում Բազելում: Այդ ժամանակ նա աշխատում է բանաստեղծ Գեորգ Հայմի բանաստեղծական ժողովածուի նկարազարդումների շուրջ: 1925-1926 թվականներին մեծ ճանապարհորդություն է կատարել Գերմանիայում: 1929 թվականին Կիրխենը այցելել է Էսսեն, Բեռլին, Մայնի Ֆրանկֆուրտ:
1930 թվականին Կիրխները դարձել է Պրուսական արվեստների ակադեմիայի անդամ: 1933 թվականին Բեռնում կայացել է նրա գործերի հետահայաց ցուցադրություն: Այս ժամանակ Գերմանիայում իշխանության եկած նացիստները խիստ քննադատում են Կիրխներին ու նրա ընկերներին` նրանց գործերը հանելով թանգարաններից: Կիրխները դա հիվանդագին է ընդունում, քանի որ «Կամուրջի» հիմնական նպատակներից մեկը գերմանական արվեստի զարգացումն էր[11]:
1937 թվականին նկարչի գործերը նացիստների կողմից դասվում են դեգեներատիվ արվեստի շարքին: Նրա 639 աշխատանքներ հեռացվում են գերմանական թանգարաններից, մի մասը` ոչնչացվում: Կիրխների 25 նկար ցուցադրվել է դեգեներատիվ արվեստի ցուցադրական հանդեսին, ինչը Հիտլերն անձամբ համարել է «ազգի վիրավորանք»:
1938 թվականին Կիրխները շարունակել է աշխատել, սակայն նրա ֆիզիկական ու հոգևոր առողջությունը զգալիորեն վատացել է: 1938 թվականի հունիսի 15-ին հիվանդությունից տանջված և թմրանյութերի նկատմամբ հակում ունեցող նկարիչը ինքնասպանություն է գործել: Նրա քաղաքացիական կինը` Էռնա Շիլինգը, իրավունք է ստացել մինչև իր մահը կրելու Կիրխների ազգանունը:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռնստ Լյուդվիգ Կիրխները գեղանկարչության պատմության մեջ մտել է որպես 20-րդ դարի սկզբի գեղարվեստական կյանքի` էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը: Նրա նկարներն աչքի են ընկնում վառ գունապնակով, անկյունային ուրվագծերով, դրամատիկական ուժեղ լարվածությամբ[12]: Գերմանացի արվեստագետ Նորբերտ Վոլֆի կարծիքով «հուզական լարվածությամբ Կիրխների աշխխատանքները գերազանցում են 20-րդ դարի մնացած նկարիչների գործերին»[13]:
Կիրխներն իր ստեղծագործական ճանապարհը սկսել է Վան Գոգի ու Անրի Մատիսի ազդեցությամբ[13]: Նա շատ փորձարկումներ է արել և' վանգոգյան վրձնահարվածներով, և' մատիսյան գույներով` դրանով հանդերձ սովորելով պահպանել էքսպրեսիայի ու գիտակցության հսկողության հավասարակշռությունը[13]: Բացի այդ` Կիրխները հետաքրքրություն է դրսևորել Աֆրիկայի ու Օվկիանիայի ժողովուրդների արվեստի նկատմամբ` նրանցից փոխառելով պրիմիտիվ արվեստի որոշ տարրեր:
1905 թվականի ամռանը Կիրխների արվեստում բեկումնային պահ է ի հայտ գալիս. հենց այդ ժամանակ նա և իր ընկերները դառնում են նոր շարժման հիմնադիրները: Նրանց կողմից հիմնադրված «Կամուրջ» միության ծրագիրը կոչ էր անում արվեստի առաջադեմ մարդկանց միավորվելու ու գեղարվեստական հեղափոխական սկզբունքները կյանքի կոչելու[14]: Սակայն երիտասարդ էքսպրեսիոնիստները, որոնք պայքարում էին դարն ապրած արվեստի դեմ, ամբողջովին չէին ժխտում անցյալի ժառանգությունը: Նրանք բարձր էին գնահատում Դյուրերի, Լուկաս Կրանախ Ավագի, Մաթիաս Գրունեվալդի, պոստիմպրեսիոնիզմի, ֆովիզմի գործերը:
Աստիճանաբար ձևավորվում է Կիրխների սեփական ոճը: Նա հրաժարվում է պատրանքային տարածությունից և ձգտում առարկաների հարթության, նրանց ոչ սովորական ձևափոխումների[15]: Նրա կոմպոզիցիաները լցվում են կտրուկ գունային հակասություններով. նա ձգտում է ոճավորման և տեսողական միջոցների նվազեցման: Նկարը նրա կարծիքով ոչ թե որոշակի առարկաների պատկերումն է, այլ ինքնուրույն էակ` գծերից ու գույներից կերտված, որը նման է իր բնորդներին այնքան, ինչքան անհրաժեշտ է պատկերի բանալին պահելու համար:
Կիրխների արվեստի հիմնական ժանրերից մեկը քաղաքային բնապատկերն է: Դրանք տագնապալի են և հագեցած են պատուհասվող աղետի կանխազգացմամբ: Լայն տարածում ունի «Պոտսդամի հրապարակը Բեռլինում» նկարը (1914), որը նկարված է սառը սև-կանաչ տոներով և պատկերում է բեռլինյան թեթևաբարո վարքի տեր կանանց: Կանացի ուրվագծերի երկարացված համաչափությունները հատվում են մայթերի սուր եռանկյուններին ու պատերին. հետին պլանում կարմիր գծերով առանձնանում են Պոտսդամի կայարանի պատերը: Խիստ, գորտեսկային ոճն արտացոլում է մեգապոլիսի ներքին էությունը: Բնապատկերները Կիրխների ստեղծագործությունում հեռու են իդեալիստական պատկերացումներից. դրանցում զգացվում է որոշակի անորոշություն, տագնապ, ժամանակների ընդհատվող կապի զգացողություն[12]: Տարիների հետ Կիրխներն ավելի քիչ է անդրադարձել կերպարների. նրա ոճը ձգտում էր աբստրակցինիզմի:
Հայտնի նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կանաչ տուն» 1907, Վիեննա, Ժամանակակից արվեստի թանգարան
- «Մարսելա» 1909/10, Ստոկհոլմ, Ժամանակակից արվեստի թանգարան
- «Քնած Միլի» 1911 Բրեմեն, Գեղարվեստի թանգարան
- «Կնոջ նյու գլխարկով» 1911 Քյոլն, Լյուդվիգի թանգարան
- «Կրկեսի հեծյալ» 1912 Մյունխեն, Նոր պինակոտեկ
- «Երկու կանայք լվացքով» 1913 Մայնի Ֆրանկֆուրտ, Արվեստի ինստիտուտի քաղաքային պատկերասրահ
- «Փողոց» 1913 Նյու Յորք, Ժամանակակից արվեստի թանգարան
- «Ֆեմարնի ափեր» 1913 Դարմշտադտ, Հեսսենի թանգարան
- «Ինքնադիմանկար» 1914 Բեռլին, Բրյուկե թանգարան
- «Կանայք փողոցում» 1915 Վուպերտալ, Ֆոն դեր Հոյդտ թանգարան
- «Վերելք Ալպերում» 1918/19 Սանկտ Գալեն, Արվեստի թանգարան
- «Ինքնադիմանկար կատվով» 1920 Քեմբրիջ, Հարվարդի համալսարանի`արվեստի թանգարան
- «Ալպյան կիրակի: Ջրհորի մոտ» 1923/24 Բեռն, Արվեստի թանգարան
- «Սրճարան Դավոսում» 1928 Կասել, Նոր պատկերասրահ
- «Հեծյալ կին» 1931/32 Դավոս, Կիրխների թանգարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ernst Ludwig Kirchner
- ↑ 3,0 3,1 Ernst Ludwig [Marsalle, Louis de Kirchner] — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кирхнер Эрнст Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 https://www.britannica.com/biography/Ernst-Ludwig-Kirchner
- ↑ https://www.smk.dk/article/oplev-nyt-tysk-hovedvaerk-med-en-omtumlet-historie/
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
- ↑ Ernst Ludwig Kirchner(1880-1938) — Brücke Museum.
- ↑ 9,0 9,1 100 художников, 1999, էջ 64
- ↑ 100 художников, 1999, էջ 65
- ↑ 11,0 11,1 11,2 Норберт Вольф, 2006, էջ 56
- ↑ 12,0 12,1 Энциклопедия модернизма, 2002, էջ 103
- ↑ 13,0 13,1 13,2 Норберт Вольф, 2006, էջ 54
- ↑ Норберт Вольф, 2006, էջ 16
- ↑ Энциклопедия модернизма, 2002, էջ 102
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- A. Boelke-Heinrichs, A. Czock, J. Dilling, B. Esser, A. Feise 100 художников XX века / Редактор Е.В. Белиоглов. — Челябинск: Урал LTD, 1999. — 210 с. — ISBN 5-8029-0037-7
- Вольф Н. Экспрессионизм. — Москва: Арт-Родник, 2006. — С. 54-56. — 95 с.
- Рычкова Ю.В. Энциклопедия модернизма. — Москва: ЭКСМО-Пресс, 2002. — С. 102-103. — 224 с. — ISBN 5-04-009359-4
- A.Henze: Ernst Ludvig Kirchner.Leben und Werk, Stuttgart 1980
- N.Wolf: Kirchner, Bonn 2003
- D.Elger: Expressionismus, Köln 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ernst Ludwig Kirchner Foundation(անգլ.)
- Դավոսում Կիրխների թանգարանի կայք(գերմ.),(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էռնստ Լյուդվիգ Կիրխներ կատեգորիայում։ |
|