Երիքով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիքով
քաղաք, հնավայր Խմբագրել Wikidata
Ստեղծում96. century BC Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՅարիխ Խմբագրել Wikidata
Պաշտոնական լեզուարաբերեն Խմբագրել Wikidata
ԵրկիրՊաղեստին Խմբագրել Wikidata
Մայրաքաղաքն էJericho Governorate Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՀորդանան գետի արևմտյան ափ
 • Jericho Governorate Խմբագրել Wikidata
Ժամային գոտիUTC+2 Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ31°51′22″N 35°27′47″E Խմբագրել Wikidata
Բնակչություն23 220 Խմբագրել Wikidata
Բարձրություն ծովի մակարդակից−275 մետր Խմբագրել Wikidata
Մակերես59 կմ² Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.jericho-city.org Խմբագրել Wikidata
Տեղական հեռախոսային կոդ02 Խմբագրել Wikidata
Քարտեզ

Երիքով[1][2] ( արաբ․՝ أريحا‎‎, եբրայերեն՝ יְרִיחוֹ‎, հուն․՝ Ίεριχώ), քաղաք Պաղեստինի վարչական տարածքում, Հորդանան գետի Արևմտյան ափին։ Երիքով նահանգի մայրաքաղաքն է, բնակչությունը՝ 20416 մարդ (2006)[3]։ Գտնվում է Հուդայի անապատի հյուսիսում, Հորդանան գետից մոտավորապես 7 կմ արևմուտք, Մեռյալ ծովից 12 կմ հյուսիս-արևմուտք և Երուսաղեմից 30 կմ հյուսիս-արևելք։

Ըստ մի շարք հետազոտողների աշխարհի հնագույն անընդմեջ բնակեցված քաղաքներից մեկն է։ Բազմիցս հիշատակված է Աստվածաշնչում, որտեղ այն անվանվում է նաև «արմավենիների քաղաք»:

2023 թվականի սեպտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երիքով քաղաքի ավերակները ներառեցՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4]։

Երիքովի արվարձանները

Երիքովի տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Երիքովի ավերակները գտնվում են ժամանակակից քաղաքի կենտրոնից արևմուտք։ Այստեղ մարդկային կյանքի առաջին հետքերը վերաբերում են մ. թ. ա. VIII հազարամյակին։ Այստեղ պահպանված են նախախեցեգործական նեոլիթյան դարաշրջանի 8 մետրանոց Երիքովի աշտարակը (մ. թ. ա. 8400-7300), Էնեոլիթի ժամանակաշրջանի դամբարանադաշտ, քաղաքի պարիսպները (բրոնզի դար), աստվածաշնչյան պատմության հետ կապված Երիքովյան փողերը, Հասմոնյան տոհմի և Հերովդես Մեծի ձմեռային պալատի ավերակները՝ լոգարաններով, լողավազաններով և շքեղ զարդարված սրահներով (Hasmonean royal winter palaces): Արքունական համալիրի տարածքում է գտնվում Իսրայելի հնագույն սինագոգներից մեկը, որը թվագրվում է մ. թ. ա. 1-ին դարով (Wadi Qelt): Մոտակայքում հայտնաբերվել է բյուզանդական ժամանակաշրջանի սինագոգ՝ լավ պահպանված խճանկարե հատակով։ Թել աս Սուլթան բլրի ստորոտում է գտնվում Եղյա մարգարեի աղբյուրը, որի ջուրը, ըստ Աստվածաշնչի, ոչ պիտանի լինելուց դարձել է խմելու համար առողջարար։ Գիտնականները ենթադրում են, որ շրջակա բլուրներում թաքնված են հնագիտական արժեքներ, որոնք համեմատելի են Եգիպտական Արքաների հովտի հետ։
  • Ժամանակակից քաղաքից 3 կմ հյուսիս են գտնվում բյուզանդական քաղաքի և օմայադական խալիֆա Հիշամա Իբն Աբդ ալ-Մալիկի շքեղ պալատի ավերակները (8-9-րդ դար)։
  • Երիքովից արևմուտք է գտնվում Քառասնօրյա լեռը (գայթակղության լեռ), որտեղ, ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսը քառասուն օր ծոմ պահեց, դիմանալով Սատանայի գայթակղութանը։ Այժմ այս վայրում գտնվում է ուղղափառ Գայթակղության Վանքը։
  • Երիքովում պահպանվել է Աստվածաշնչյան Զաքեոսի ծառը։ Ավետարանում հիշատակված թզենին գտնվում է Կայսերական ուղղափառ Պաղեստինյան միությանը պատկանող հողերում[5][6]։ Այն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, գտնվում էր Զաքեոսի տունը, ներկայումս գտնվում է Ռուսական հոգևոր առաջնորդարանին պատկանող Հովհաննես Մկրտչի համալիրը։
  • Երիքովի ռուսական թանգարանը։
Գայթակղության վանքը

Երիքովի գրավումը Հեսուի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսուի աստվածաշնչյան գիրքը պատմում է, որ հրեաների կողմից Քանանի գրավման ժամանակ Երիքովն առաջինն էր, ով ենթարկվեց հարձակման։ Նրա ամրություններն այնքան ամուր էին, որ հրեաները ոչ մի կերպ չէին կարողանում գրավել այն, բայց քաղաքի պարիսպներն իրենց կամքով ընկան սուրբ փողերի ձայներից և այս հրաշքի շնորհիվ, քաղաքը գրավվեց։ Ամբողջ բնակչությունը ոչնչացվեց (բացի Ռախաբից)։ Երիքովն ամբողջովին ավերվեց, և այն ամայի էր մինչևԱքաաբի թագավորությունը[7]։

Սակայն քաղաքի նման ավերածության որևէ հնագիտական շերտ չի հայտնաբերվել[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիքովի գրավումը Ժան Ֆուկեի մանրանկարչությունը
  • Նատուֆյան մշակույթ՝ մոտավորապես մ.թ.ա 10000-9600 թվականներ, Նատուֆյան որսորդների և հավաքողների ժամանակավոր իսկ հետո նաև մշտական վայրերը։
  • Նախախեցեղեն նեոլիթ Ա՝ մոտավորապես 9500-8500 թվականներ մ.թ.ա։ Այս ժամանակաշրջանի շինությունները կլոր էին, կառուցված՝ գորշ աղյուսով։ Օջախները գտնվում էին տների ներսում և դրսում։ Հայտնաբերվել է քարե պարիսպ՝ 3,6 մ բարձրությամբ և 1,8 մ լայնությամբ, որը ենթադրաբար, օգտագործվել է ջրհեղեղից պաշտպանվելու համար, և աշտարակ, որը գտնվել է պարսպից ներս՝ կրոնական նպատակներով[9]։

Միջին բրոնզի դարում Երիքովը եղել է բարգավաճ քաղաք՝ շրջապատված ցեխե աղյուսե պարսպով։ Ըստ հետազոտությունների, քաղաքը ավերվել է կրակի և պայթյունի հետևանքով ուշ միջին բրոնզի դարում՝ մոտվորապես մ.թ.ա. 1650 թվականին:(ըստ այլ աղբյուրների մոտ մ.թ.ա. 1550 թվականին[10] )՝ Երիքովից 22 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թել էլ-Համամ բնակավայրի մոտ հսկա սառցե երկնաքարի պայթյունի հետևանքով։ Աղետը նման է եղել 1908 թվականի Տունգուսյան երկնաքարի պայթյունին, որի հզորությունը եղել է առնվազն 10 մեգատոն տրոտիլ, ինչը հազար անգամ գերազանցում է 1945 թվականի Հիրոսիմայի ատոմային պայթյունի հզորությունը[11]։ Ըստ Աստվածաշնչի՝ Երիքովի կործանումը հին հրեաների կողմից Քանանի գրավման դրվագներից մեկն էր։

Ըստ Աստվածաշնչի՝ Աքաաբի օրոք (մ.թ.ա. 9-րդ դար) ոմն Աքիել անտեսելով անեծքը վերականգնել է քաղաքը՝ կորցնելով իր բոլոր որդիներին։ Որից հետո Երիքովը կրկին աչքի է ընկել և նշանակալի դեր խաղացել պատմության մեջ։ Հռոմեական ժամանակաշրջանում Մարկոս Անտոնիոսը Երիքովը հանձնել է Կլեոպատրային, սակայն Օգոստոսը այն վերադարձրել է Հերովդեսին, որն այստեղ կառուցել է իր ձմեռային պալատը։ 66-73 թվականներին հրեական պատերազմի ժամանակ քաղաքը ավերվել է և վերակառուցվել կայսր Հադրիանոսի կողմից։ Նրա մասին հիշատակում են Հովսեփոսը, Ստրաբոնը, Պտղոմեոսը, Պլինիոսը և ուրիշներ։ Կոստանդին Ա Մեծի օրոք այստեղ քրիստոնեական եկեղեցի է եղել՝ եպիսկոպոսի գլխավորությամբ։ Ժամանակի ընթացքում Երիքովը սկսել է անկում ապրել։ 7-րդ դարում՝ արաբների կողմից երկիրը գրավելուց հետո, այստեղ հաստատվել են Արաբական թերակղզուց մուսուլմանների կողմից վտարված հրեաները։ Խաչակիրների և մուսուլմանների միջև տեղի ունեցած մարտերի ժամանակ Երիքովը կրկին ավերվել է և մինչև 19-րդ դարը մնացել ավերակ։

Հնագույն քաղաքի պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոբլերը և Ռոբինսոնը 19-րդ դարի կեսերին Հորդանանից ոչ հեռու բլրի վրա պեղումներ են կատարել, սակայն ոչինչ չեն գտել։ Ուորենը 1868 թվականին նույնպես բլրի վրա պեղումներ է կատարել, սակայն նույնպես ոչինչ չի գտել։ 1894 թվականին գիտնական Բլայթը նույն բլրի վրա կրկին պեղումներ է կատարել՝ կարծելով, որ Երիքովը դեռ թաքնված է դրա տակ։ Գերմանացի հնագետ Էռնստ Սելինը 1899 թվականին ուսումնասիրելով բլրի մակերեսը հայտնաբերել է քանանական խեցեղենի մի քանի բեկորներ։ Նա եկել է այն եզրակացության, որ իր նախորդները իրավացի են՝ ամենայն հավանականությամբ, շերտերի տակ թաքնված է եղել հնագույն քաղաք։ Ավելին, այստեղ պահպանվել է Երիխա անունով գյուղը։

1904 թվականին գերմանացի հնագետներ Թիրշը և Հելշերը այցելել են այստեղ և հավաքել նոր տվյալներ, որոնք ցույց են տվել նրանց եզրակացությունների ճիշմարտացիությունը, ովքեր փորձել են հայտնաբերել Երիքովը Երիխայի շրջակայքում։ 1907 թվականին գերմանացի աստվածաբան և հնագետ Էռնստ Զելինը պեղումների ժամանակ հայտնաբերել է տներ և աշտարակով քաղաքի պարսպի մի մասը (հինգ շարք քարե շարվածքով ապա 3 մետր բարձրությամբ ցեխե աղյուսով շարված)։ 1908 թվականին գերմանական արևելյան ընկերությունը կազմակերպել է լուրջ պեղումներ՝ Զելինի, Լանգեն-Էգերի և Վատցինգերի գլխավորությամբ, իսկ 1909 թվականին նրանց միացել են Նոլդեկեն և Շուլցը։

Էլիպսաձև բլր վրա գտնվող քաղաքը զբաղեցրել է 235 հազար քառակուսի մետր տարածք։ Հնագետներն ամբողջությամբ պեղել են (հյուսիսում) քաղաքի պարիսպը, որի լայնությունը եղել է 3 մետր, և հայտնաբերել են քաղաքային երկրորդ պարիսպը՝ 1,5 մետր լայնությամբ։

Բլրի հյուսիսային լանջին հայտնաբերվել է նաև մեկ այլ պատ՝ 7 մետր բարձրությամբ։ Ուսումնասիրելով քաղաքի պարիսպների և հյուսիսայի հատվածի պեղվածքի միջև1350 քառակուսի մետր տարածքը, գիտնականները վերին շերտերում հայտնաբերել են ավելի ուշ շրջանի մահմեդական գերեզմանոց, իսկ ստորին շերտերում՝ քաղաքային շինությունների մնացորդներ։

Բլրի արևմտյան կողմի պեղումները վերհանել են քաղաքի պարիսպների ավերումից հետո կառուցված քարե աստիճաններ, իսկ աստիճանների տակ եղել են նաև շատ ավելի վաղ ժամանակահատվածի շինությունների մնացորդներ։ Բլրի հյուսիսային մասում հայտնաբերվել են խեթական ժամանակաշրջանի շինության պատեր (հիլանի շինություններ)։ Ավելի մոտ արևելյան պատին, որը չի պահպանվել, նույնպես պեղվել են շինությունների մնացորդներ։ Քաղաքի ներքին պարսպից ոչ հեռու գտնվել են շինություններով զբաղեցված բաց թաղամասեր, ինչպես նաև պարսպի տակ գտնվող փողոց։ Արևմուտքում 200 քառակուսի մետր տարածքում հայտնաբերվել է քաղաքային պարիսպ և շենքերի մնացորդներ, իսկ պարսպի տակ՝ բյուզանդական նեկրոպոլիս։ Հարավարևմտյան պատի մոտ պեղվել են հրեական ժամանակաշրջանի տան մնացորդներ։

Ի սկզբանե հնագետները հաշվել են ութ շերտ, որոնք հաջորդաբար փոխարինում են մեկը մյուսին.

  1. Մուսուլմանական շերտ, վերջինը, որը ներկայացված է գերեզմաններով,
  2. բյուզանդական շերտ,
  3. ուշ հուդայական՝ դասական դարաշրջանի ատտիկական խեցեղենի բեկորներով,
  4. հին հրեական՝ դասական դարաշրջանի ատտիկական խեցեղենի բեկորներով (տուն հնագույն պարսպի վերևում),
  5. իսրայելական, որը ներառում է «Հիլանի» տունը, շինություններ կենտրոնում (արևելյան բացակայող պարսպին ավելի մոտ), գերեզմաններ, աստիճաններ և քաղաքի արտաքին պարիսպը,
  6. Ուշ քանանական (գտածոներ քաղաքի արտաքին և ներքին պարիսպների միջև և խեցեղեն),
  7. հին քանանական (քաղաքի մնացորդներ տներով և քաղաքի արտաքին և ներքին պարիսպներով),
  8. սկզբնական շերտ (նույնպես բաժանված է մի քանի ժամանակաշրջանների), որը ներառում է տներ քաղաքի ներքին պարսպի տակ, որոշ աղյուսների զանգվածներ հյուսիս-արևմուտքում։

Լուսնի պաշտամունքի պատճառով քաղաքը կոչվել է նաև լուսնային։ Երիքովի սկզբնական և քանանական ժամանակաշրջանները, որոնցից վերջինը նշանավորվում է հյուսիս-արևմուտքում հսկայական աղյուսե պարիսպների ավերմամբ և քաղաքային երկու պարիսպների կառուցմամբ՝ արտաքին և ներքին, որոնք շրջապատում են են քաղաքը երկու օղակների պես։ Քաղաքը հատկապես անառիկ է եղել արևելքից, որտեղից անհանգստացրել են քոչվորները։ Քաղաքի բնակչությունը և՛ սկզբնական, և՛ քանանական ժամանակաշրջանում եղել է նույնն։ Հնագույն շերտում հայտնաբերվել են կայծքարե և այլ քարերից պատրաստված գործիքներ, այսպես կոչված, գավաթաքարեր։

Սկզբնական շրջանի քաղաքի ավերումից հետո Երիքովը որոշ չափով տեղափոխվել է բլրի հարավային մաս։ Քանանական պարիսպները կառուցվել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում։ Զելինը կործանման փաստը կապում է Ծննդոց գրքում նկարագրված «Արևելքի չորս թագավորների» արշավանքի հետ։

Պաղեստինի համար Երիքով քաղաքի կրկնակի պարիսպը բացառություն է, բայց խեթերի մոտ եղել է քաղաքները պաշտպանելու սովորական եղանակ։

Քանանական Երիքովը գեղեցիկ է եղել։ Այն ունեցել է Էգեյան և Բաբելոնյան ազդեցություններ, թեև հիմնականում յուրատիպ է եղել։ Շինություններից մեկում հայտնաբերվել է Գեզերյան գտածոներին նման քարե արձանիկ։ Քաղաքում Քանանի ժամանակաշրջանի գերեզմանոցներ չեն հայտնաբերվել։ Քաղաքը ավերվել է արևելքից, որտեղ ոչնչացվել է քաղաքի ամբողջ պարիսպը և հրկիզվել (ամենուր կրակի հետքերն եղել), որից հետո որոշ ժամանակ մնացել է գրեթե անմարդաբնակ։ Այնուամենայնիվ, բնակչության մի մասը շարունակել է ապրել Երիքովում, և հնագիտությունը դա կապում է ուշ քանանական շրջանի հետ։ Զելինը կարծում էր, որ այս անգամ Երիքովը կործանվել է իսրայելացիների կողմից։ Իսրայելի օրոք քանանացիները երկար ժամանակ մնացել են քաղաքում, մինչև որ ամբողջովին ձուլվել են նվաճողների հետ։ Սակայն դարասկզբի պեղումները ցույց են տվել, որ ուշ քանանական ժամանակաշրջանում այլ ժողովրդի ներկայության հետքեր չեն եղել։ Երիքովի իսրայելական շերտը Զելինը թվագրել է մ.թ.ա. 11-9-րդ դարերով։ Իսրայելական Երիքովը բնութագրվում է քաղաքի ողջ կյանքի արտասովոր աշխուժացմամբ։ Զգացվել էր արամեական շրջանների հետ կապերի ազդեցությունը։ Քանդված պարիսպների վրա աստիճաններ են կառուցվել, նոր տպավորիչ պատ է կառուցվել։

Հիլանի պալատը կառուցվել է խեթական ոճով։ Քաղաքում հայտնաբերվել է գունագեղ և բազմազան կերամիկաներ, նույնիսկ ոճավորված որպես մետաղ։ Իսրայելի Երիքովի պալատն ու պարիսպը կառուցվել է Աքաաբ թագավորի օրոք։ Այդ շրջանում Երիքովը դարձավ մի մեծ շրջանի կենտրոն, իսկ ամրոցը պաշտպանվեց մովաբացիներից։

Իսրայելի Երիքով քաղաքում պեղվել են գերեզմանատներ։ Հուղարկվորումները տեղի են ունեցել տների բակերում։ Ոսկորների հետ հայտնաբերվել են կավե անոթներ։ Երեխաներին թաղել են շինությունների ներսում։

Մ.թ.ա. 8-րդ դարի վերջին Իսրայելի թագավորությունը կործանվեց։ Իսրայելական Երիքովի պարիսպները քանդվեցին, բայց քաղաքը չդադարեց գոյություն ունենալ։ Վերին շերտերում հրեական Երիքովն ապրել է իր երկու ժամանակաշրջանները՝ վաղ և ուշ։ Քաղաքն այլեւս պաշտպանված չի եղել, սակայն կյանքը բարգավաճել է։ Վաղ հրեական Երիքովը կենտրոնացված է եղել բլրի արևելյան լանջի երկայնքով։ Քաղաքը փյունիկյան նավահանգիստներով առևտուր է իրականացրել Կիպրոսի և Եգիպտոսի հետ։ Գտածոների թվում են կիպրական ծաղկամաններ, հնդկական կերամիկա, ատտիկական և հելլենական անոթներ, ամուլետներ, աստվածների և դևերի արձանիկներ։ Հուդայի քաղաքը ավերվել է Սեդեկիայի օրոք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից, որը հարձակվել է անսպասելի։ Քաղաքն այրվել է, մարդկանց գերի են վերցրել։

Նոր Երիքովը վերակառուցվել է հյուսիսում (նախկինի սահմաններում)։ Արտաքսեքսես III-ի օրոք բոլոր բնակիչներն արդեն գերեվարվել էին։ Կյանքը բլրի վրա կանգ էր առել։

Մինչև մ.թ.ա. 2-րդ դարի կեսերը Մակաբայական քաղաքը գտնվում էր բլուրից 2-3 կմ հյուսիս-արևմուտք։ 2-րդ դարի վերջից Երիքովը նորից կենդանանում է, թեև ոչ թե բլրի վրա, այլ Վադի Քելթի մոտ։ Այստեղ այն ավերվել է մեր թվարկության 1-ին դարի 70-ական թվականներին Վեսպասիանոսի կողմից։

Սակայն Ադրիանոսի օրոք քաղաքը նորից վերականգնվեց։ Այդ ժամանակ Հիլանիի ավերակները դեռ «կենդանի էին», որոնք հարգվում էին որպես «Ռախաբի տուն»։ Եվ չնայած այս տունը ավելի նոր է, այն ներկայացվում է որպես քաղաքի դավաճանի տուն, ով օգնել է իսրայելցիներին։

Նոր Կտակարանը Երիքով քաղաքը կապում է Հիսուս Քրիստոսի արարքներից մեկի՝ «Երիքովի կույրի» ապաքինման պատմության հետ։ Կույրը, ով խնդրում է կողքով անցնող Քրիստոսին ապաքինման համար, ստանում է իր խնդրանքը։ Նրա տեսողությունը վերականգնվում է։

Քաղաքը գոյություն է ունեցել 7-9-րդ դարերում։ 13-րդ դարից այնտեղ եղել է մահմեդական գյուղ, որը 19-րդ դարի կեսերին ավերվել է Իբրահիմ փաշանի կողմից։

Զելինի հետազոտությունները ցույց տվեցին, որ Երիքովի պարիսպներն իսկապես ավերվել են՝ արտաքինները դեպի դուրս, ներքինները դեպի ներս, հավանաբար մ.թ.ա. XIV-XIII դարերում։ Այս տարբերակը ընդունվում է որոշ փորձագետների կողմից։

Հետագա իրադարձությունները կապված էին նոր բացահայտումների հետ։ 1918 թվականին բլրի վրա պատահաբար պայթած նռնակը հնարավորություն տվեց գտնել և պեղել հնագույն սինագոգը։

1929 թվականից Երիքովում պեղումները ղեկավարել է անգլիացի Ջոն Գարստանգը։ 1935-1936 թվականներին հայտնաբերել է քարեդարյան բնակավայրի ստորին շերտերը։ Մարդիկ, ովքեր չգիտեին կերամիկայի գոյության մասին, արդեն վարում էին նստակյաց կենսակերպ։ Նրանք ապրում էին սկզբում կլոր կիսահյուղակներում, իսկ հետո՝ ուղղանկյուն տներում։ Այս պեղված տներից մեկում վեց փայտե սյուներով հանդիսությունների սրահ է հայտնաբերվել՝ հավանաբար տաճարի մնացորդներ։ Գիտնականներն այստեղ կենցաղային իրեր չեն գտել, սակայն գտել են կավից պատրաստված բազմաթիվ կենդանիների արձանիկներ՝ ձիեր, կովեր, այծեր, ոչխարներ, խոզեր, ինչպես նաև պտղաբերության խորհրդանիշների արձանիկներ։ Նախապատմական Երիքովի շերտերից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց, կանանց և երեխաների իրական չափերի խմբակային դիմանկարներ (քանդակներ, որոնք պատրաստված են եղել կավից, եղեգի հիմքի վրա)։

Հետագա հայտնագործությունները Երիքովում կատարվել են Քեթլին Քենյոնի կողմից 1953 թվականին։ Հենց այդ ժամանակ մարդիկ սկսեցին խոսել Երիքովի մասին՝ որպես աշխարհի ամենահին քաղաքի։

8-րդ հազարամյակի ամրոցը շրջապատված է եղել քարե պարսպով, հզոր աշտարակներով։ Այս վայրի այլ քաղաքներից ոչ մեկը չի կառուցել նման հզոր աշտարակներ։ Պարիսպը շրջափակել է 2,5 հեկտար տարածք, որի վրա ապրել է մոտավորապես 3 հազար մարդ։ Ամենայն հավանականությամբ, նրանք զբաղվել են Մեռյալ ծովի աղի առևտրով։

Հին Երիքովը հավանաբար եղել է մահացածների գանգերը գողանալու ավանդույթի «նախահայրն» (անգլուխ թաղումներ)։ Գլուխները պահվում էին (կամ թաղվում) մարմնից առանձին։ Այս սովորույթը գոյություն է ունեցել աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ մինչև վերջին ժամանակները։

Չնայած նրա, որ պեղումները իրականացվել են զգալի թերություններով, և որ գիտնականները, անշուշտ, փորձել են շատ հայտնագործություններ «հարմարեցնել» Աստվածաշնչին, Էռնստ Զելինի և նրա գործընկերների հիմնական ներդրումը գիտության մեջ եղավ այն, որ Երիքովի պատմությունը դադարեց հաշվվել Հեսուից սկսված, և գիտական աշխարհը ունեցավ ևս մեկ հնագույն քաղաք։ Այժմ Երիքովը համարվում է Քանանի ամենահին քաղաքներից մեկը, որը թվագրվում է մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակներով։

Քաղաքի պեղումները, որոնք առավել նշանակալի են եղել իրականացվել են բրիտանական արշավախմբերի կողմից։ Այն ղեկավարել է Ջոն Գարստանգիը 1930-1936 թվականներին և Քեթլին Քենյոնը 1952-1958 թվականներին։

Ռուսաստանը ևս մտադիր է հնագիտական հետազոտություններ անցկացնել Երիքովում և աշխատել Երիքովյան թզենու ( Զաքեոսի ծառ) պահպանության ուղղությամբ, որը գտնվում է Կայսերական Ուղղափառ Պաղեստինյան միության տարածքում և օրինական կերպով 2008 թվականին Պաղեստինի կողմից փոխանցվել է Ռուսաստանի կառավարությանը[12]։ Երիքովում ռուսական թանգարանի և զբոսայգու համալիրի բացումը, որի շինարարությունն ավարտվեց 2011 թվականին, նոր էջ բացեց Ռուսաստանի և Պաղեստինի միջև հոգևոր և մշակութային կապերի զարգացման մեջ[13]։ Համալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի 18-ին երկու երկրների ղեկավարների՝ Դ.Ա.Մեդվեդևի և Մ.Աբբասի կողմից։ Այնուհետև Երիքովի գլխավոր փողոցներից մեկն անվանակոչվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունով[14]։

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին՝ 1947-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ, Երիքովը գրավվեց Անդրհորդանանի կողմից, իսկ 1967 թվականին՝ Վեցօրյա պատերազմից հետո, այն գրավվեց իսրայելական զորքերի կողմից։ 1993 թվականին Օսլոյի համաձայնագրի արդյունքում ստեղծվեց Պաղեստինի ազգային վարչակազմը, և Երիքովը մտավ նրա կազմի մեջ։

2000 թվականին Ալ-Ակսայի ինթիֆադայի բռնկումից հետո իսրայելցիներին արգելվել է մուտք գործել Երիքով, բացառությամբ այն հազվադեպ դեպքերի, երբ իսրայելական բանակը թույլ է տալիս զբոսաշրջային խմբերին մուտք գործել[15]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ливан, Израиль, Палестинские территории // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2000 г.; гл. ред. Г. В. Поздняк. — Испр. в 2003 и 2007 гг. — М.: ПКО «Картография»: Издательство Оникс, 2010. — С. 196. — ISBN 978-5-85120-295-7 (Картография), ISBN 978-5-488-02507-3 (1-е оформления, Оникс), ISBN 978-5-488-02508-0 (2-е оформления, Оникс)
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 25.
  3. «Projected Mid -Year Population for Jericho Governorate by Locality 2004—2006» (անգլերեն). Palestinian Central Bureau of Statistics (PCBS). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «Руины города Иерихон в Палестине включены в список объектов ЮНЕСКО». AiF (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «Спасение дерева Закхея в Иерихоне». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Материалы о деятельности рабочей группы ИППО по спасению библейской смоковницы». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «Иерихон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Иерихон // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 714-716. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
  9. Mithen, Steven (2006). After the ice : a global human history, 20,000-5000 BC (1st Harvard University Press pbk. ed. ed.). Cambridge, Mass.: Harvard University Press.
  10. Eric H. Cline Biblical Archaeology: A Very Short Introduction. — Oxford University Press, 2009. — С. 6.
  11. «Учёные выяснили причину гибели библейских городов». РИА Новости. 2021 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  12. «Под смоковницей, видавшей Христа. Ю. А. Грачёв, Л. Н. Блинова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  13. «Архиепископ Егорьевский Марк принял участие в торжественных мероприятиях по случаю десятитысячелетия Иерихона». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.. Русская православная церковь.
  14. «Улица имени Дмитрия Медведева в Иерихоне. Обзор российских СМИ, 20 января 2012 г.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 79 (օգնություն)
  15. «Иерихон впустил в себя евреев». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.