Գայթաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գայթաքար Ֆեդեր ընտանիքի համար, Կոլինում
Գայթաքարի տեղադրում Ամստերդամի Բեթհովենի փողոց 55-ում, 2018 թ. հոկտեմբերի 3
Այն երկրները, որոնք միացել են նախագծին

Գայթաքար (գերմ.՝ Stolperstein, բառացի՝ գայթակղության քար, փորձաքար), գերմանացի նկարիչ Գյունտեր Դեմնիգի սոցիալական նախագիծը, որի շրջանակներում հուշաքարեր են տեղադրվում նացիզմի զոհերի հիշատակին, նրանց ապրած հասցեներում՝ մայթերի վրա: Գայթաքարերը մայթերի երեսպատման սալիկների չափերի՝ 10×10 սմ բետոնե խորանարդներ են, արույրե ծածկույթով, որի վրա փորագրված է լինում զոհվածի անունը, ծննդյան, մահվան թվականները և այլ տվյալներ: Նախագիծը սկիզբ է առել 1992 թվականին նկարիչ Գյունտեր Դեմնիգի ջանքերով: Դրա նպատակը այն վայրերում հուշաքարեր տեղադրելն է, որոնք եղել են նացիզմի զոհերի վերջին բնակավայրերը կամ նրանց ազատ կամքով ընտրած աշխատավայրերը: Նախագիծն ընդգրկում է այն բոլոր մարդկանց, որոնք զոհ են գնացել նացիստական ահաբեկչությանը, T4 գործողությանը, եվգենիկներին, համակենտրոնացման և մահվան ճամբարներին, կամ փախել են հալածանքներից ու զոհվել կամ ինքնասպան եղել: 2018 թվականի հոկտեմբերի 23-ի տվյալներով եվրոպական երկրներում տեղադրվել է 70.000 գայթաքար, դարձնելով այն աշխարհի ամենամեծ հիշատակի նախագիծը[1][2]: Գայթաքարերի մեծամասնությունը նվիրված է հոլոքոստին զոհ գնացած հրեաներին: Գայթաքարեր են տեղադրվում նաև գնչուների ցեղասպանության զոհերի, նացիստական Գերմանիայում ապրած համասեռամոլների, հաշմանդամների, Եհովայի վկաների, սևամորթների, մասոնների, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական կուսակցությունների անդամների, դիմադրության շարժման զոհերի, թե՛ բողոքական և թե՛ կաթոլիկ եկեղեցիների անդամների, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհերի, ռազմական դասալիքների, կապիտուլյացիայի զոհերի, ինչպես նաև հակահիտլերյան խմբավորման զոհված անդամների հիշատակին:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմաներեն «Stolpersteine» բառացի նշանակում է «գայթակղության քար»: Նախագծի անվան ընտրությունը ստուգաբանվում է մի քանի ձևով: Նացիստական Գերմանիայում, ըստ հակասեմական ասացվածքի, գայթաքարի հանդիպելը նշանակում էր. «հրեան պետք է թաղվի այստեղ»: Փոխաբերական իմաստով «Stolpersteine» նշանակում է «պոտենցյալ խնդիր»[3]: Անգլերենում և գերմաներենում «գայթել (սայթաքել) ինչ-որ բանից» արտահայտությունը ունի նաև «պատահաբար պարզել» իմաստը[4]: Այսպիսով, բառը արտահայտում է անցյալի հակասեմական տրամադրվածությունը, սակայն, միևնույն ժամանակ, ունի նաև լուրջ ուղերձ ապագա սերունդներին: Գայթաքարերը տեղադրվում են առանց որևէ հատուկ արարողակարգի և երևում են միայն պատահաբար անցնելիս: Ի տարբերություն մեծ հուշահամալիրների, որոնք, ըստ Դեմնիգի, կարող են հեշտությամբ շրջանցվել, գայթաքարերը ամենօրյա կյանք են մտնում ավելի մեծ խորությամբ: Դրանք տեղադրվում են ուղղակի մայթերի վրա՝ հաճախ դառնալով մարդկանց սայթաքելու կամ գայթելու պատճառ և դրանով իրենց վրա են հրավիրում անցորդների ուշադրությունը: Երբ նացիստական Գերմանիայում ոչնչացվում էին հրեական գերեզմանատները, շիրմաքարերը շատ հաճախ օգտագործվում էին մայթեր երեսպատելու համար: Դա ակնհայտորեն արվում էր ննջեցյալների հիշատակը նսեմացնելու նպատակով, քանի որ մարդիկ քայլում էին նրանց շիրմաքարերի վրայով: Գայթաքարերը ուղղակիորեն խեղաթյուրում են այդ մոտեցումը, քանի որ նրանք չունեն որևէ պաշտպանություն ամոթալի նոր գործողությունների դեմ: Մինչ նախագիծը մտադիր է վառ պահել մարդկանց հիշողությունը, ենթադրելով, որ նման մեղսալի գործողությունները կարող են կրկին տեղի ունենալ, միջազգային նսեմացումից անպաշտպանվածությունը առաջ է բերում նաև բուռն քննադատություն: Որոշ գերմանական քաղաքներ, օրինակ, Մյունխենը, նախագծին դեռ չեն միացել, քանի որ չեն ընդունում գայթաքարերի՝ մայթերին տեղադրվելու պայմանը և փնտրում են հիշատակի այլ ձևեր[5]:

«Այստեղ ապրել է...»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայթաքարերի տեղադրման վայրերի ընտրությունը կատարվում է տեղական դպրոցների աշակերտների ու ուսուցիչների, զոհերի հարազատների և տեղական պատմական կազմակերպությունների օգնությամբ: Նացիզմի զոհերի ապրած հասցեները ճշտվում են նաև Երուսաղեմի Յադ Վաշեմի արխիվների և Գերմանիայի 1939 թվականի մարդահամարի տվյալների հիման վրա[6]: Երբ զոհվածի բնակության վայրը ճշտվում է, Դեմնիգը պատրաստում է անհատական գայթաքարը՝ բետոնե խորանարդ, որը երեսպատված է արույրով, որի վրայի արձանագրությունը սովորաբար սկսվում է գերմ.՝ Hier wohnte... («Այստեղ ապրել է...») բառերով: Ապա պատրաստի գայթաքարը տեղադրվում է այն վայրի մերձակա մայթին, որտեղ ապրել, կամ իր ազատ կամքով աշխատել է զոհվածը[7]: Գայթաքարերը պատրաստվում են անհատական նվիրատվությունների և բարեգործական ֆոնդերի հաշվին: Նախագծի մեկնարկից մինչև 2012 թվականը մեկ գայթաքար պատրաստելու համար ծախսվում էր €95[8][9]: 2012 թվականին ծախսը ավելացավ և դարձավ €120[10]: Գայթաքարը պատրաստվում է բացառապես ձեռքով, այնպես որ մեկ ամսում պատրաստվում է ընդամենը 440 քար: Քարի պատրաստումից մինչև տեղադրվելը կարող է տևել մի քանի ամիս[11]:

Առաջին գայթաքարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գայթաքարը՝ Հիմլերի հրամանագրի տողերով՝ Օսվենցիմի մահվան ճամբարի վերաբերյալ

1992 թվականի դեկտեմբերի 16-ին լրացավ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար ստեղծելու մասին Հիմլերի ստորագրած հրամանագրի 50 տարին: Այդ հրամանի ստորագրմամբ սկիզբ դրվեց Գերմանիայից հրեաների մասսայական արտաքսմանը և տեղափոխմանը մահվան ճամբարներ: Ի հիշատակ այդ տարելիցի, Գյունտեր Դեմնիգը Քյոլնի հին քաղաքապետարանի մոտակա մայթին տեղադրեց առաջին գայթաքարը: Դրա արույրե երեսին փորագրված էին Օսվենցիմի հրամանագրի առաջին տողերը[12]: Նախագիծն աստիճանաբար ընդլայնվեց՝ նացիզմի բոլոր զոհերի հիշատակը հավերժացնելու միտումով գայթաքարերը զոհվածներին կարծես հետ էին բերում այն վայրը, որտեղ նրանք իրենց ազատ կամքով, նախքան ձերբակալվելը, ապրել կամ աշխատել էին: 1993 թվականին Դեմնիգը հրատարակեց իր նախագծի մանրամասները: 1994 թվականին Քյոլնի Ս. Անտոնի եկեղեցում նա ներկայացրեց 250 գայթաքարեր: Քյոլնի կենտրոնում գտնվող այդ եկեղեցին արդեն դարձել էր հիշատակությունների արարողությունների կարևոր վայր: 2016 թվականին եկեղեցին դարձավ Քովենթրի համայնքի անդամ[13]: 1995 թվականի հունվարին Քյոլնի զանազան թաղամասերի մայթերին սկսեցին տեղադրել գայթաքարեր[14]: 1996 թվականին Բեռլինի Քրոյցբերգ թաղամասում տեղադրվեց 55 գայթաքար[7]: 1997 թվականին առաջին երկու քարերը տեղադրվեցին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում: Ֆրիդրիխ Ամերհաուզերը դարձավ առաջին քաղաքապետը, որը պաշտոնապես թույլատրեց գայթաքարեր տեղադրել քաղաքում[15]: 4 տարի անց Դեմնիգը թույլտվություն ստացավ Քյոլնում տեղադրելու ևս 600 գայթաքար:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերի տվյալներով Դեմնիգը ավելի քան 280 քաղաքներում տեղադրել էր 13.000 գայթաքար: Նրա նախագիծն ընդլայնվելով դուրս եկավ Գերմանիայի սահմաններից և տարածվեց Ավստրիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Հունգարիայում: 2006 թվականին նախատեսված էր գայթաքարի տեղադրում Լեհաստանում, սակայն թույլտվություն չստացվելու պատճառով հետաձգվեց: 2009 թվականի հուլիսի 24-ին Համբուրգում տեղադրվեց 20.000-րդ քարը[16]: Արարողությանը ներկա էին Դեմնիգը, Համբուրգի քաղաքային իշխանության, հրեական համայնքի անդամներ, զոհվածների ժառանգներ և այլոք: 2010 թվականի մայիսի տվյալներով Եվրոպական ութ երկրների 530 քաղաքներում և ավաններում տեղադրվել էին շուրջ 22.000 քարեր[17][18]: 2011 թվականի հունիսի 24-ի տվյալներով Դեմնիգը տեղադրել էր 30.000 քար[19]: 2015 թվականի հունվարի 11-ին Իտալիայի Տորինո քաղաքում Էլեոնորա Լևիի հիշատակին տեղադրվեց 50.000-րդ գայթաքարը[20]: 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆրանկֆուրտ քաղաքում Վիլլի Ցիմերերի հիշատակին տեղադրվեց 70.000-րդ քարը: Վերջինս զոհվել էր Հադամարի էֆթանազիայի կենտրոնում 1944 թվականին, 43 տարեկան հասակում: Մինչև 2016 թվականը Եվրոպայի 1200 մեծ և փոքր քաղաքներում տեղադրվել էին 60.000 գայթաքարեր[21][22]:

Ստորև բերված են այն երկրները, որտեղ տվյալ տարեթվից ի վեր տեղադրվում են գայթաքարեր.

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունխենի հրեական մշակութային համայնքը նախագիծը համարել է անհարգալից, քանի որ մարդիկ բառացիորեն քայլում են զոհված մարդկանց անունների վրայով: Դեմնիգը պատասխանել է, որ նրանք, ովքեր տեսնում են քարերը, խոնարհվում են, որպեսզի կարդան դրանց վրայի մակագրությունը, կան նաև այնպիսի մարդիկ, որոնք խոնարհվում և անձեռոցիկով փայլեցնում են սալիկները, այդպիսով հարգանքի տուրք մատուցելով զոհվածներին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Theatrical release of award-winning doc Stumbling Stone»։ Documentary Campus։ 5 November 2008։ Վերցված է 26 February 2016 
  2. Swann Nowak։ «Stolpersteine vs Memorial»։ FH Potsdam։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2015-ին։ Վերցված է 26 February 2016 
  3. Duden dictionary of German language, online edition, retrieved 11 May 2016
  4. Merriam-Webster online dictionary of English, retrieved 2 June 2016
  5. "Der Ton wird schärfer" Westdeutsche Zeitung (24 December 2005) Retrieved 12 June 2010 (գերմ.)
  6. See the website of Tracing the Past, a non-profit organization based in Berlin, Germany (retrieved November 11, 2014).
  7. 7,0 7,1 Ingrid Scheffer (2008)։ «Do Tread on Me!»։ Goethe-Institute։ Արխիվացված է օրիգինալից 30 October 2008-ին։ Վերցված է 24 December 2015 
  8. Kirsten Grieshaber, "Plaques for Nazi Victims Offer a Personal Impact" The New York Times (Nov. 29, 2003) Retrieved June 14, 2010
  9. Kirsten Grieshaber, "German Artist Gunter Demnig Revives Names of Holocaust Victims" Associated Press article. Retrieved July 15, 2010
  10. Stolpersteine Salzburg FAQ Stolpersteine Salzburg. Retrieved October 11, 2011
  11. News page on www.stolpersteine.eu, November 2015: "New Stolpersteine can only be laid from August 2016 on." stolpersteine.eu, November 2015, accessed 11 May 2016
  12. The text reproduces the original Nazi wording: "Auf Befehl des Reichsführers SS vom 16.12.42 – Tgb. Nr. I 2652/42 Ad./RF/V. – sind Zigeunermischlinge, Rom-Zigeuner und nicht deutschblütige Angehörige zigeunerischer Sippen balkanischer Herkunft nach bestimmten Richtlinien auszuwählen und in einer Aktion von wenigen Wochen in ein Konzentrationslager einzuweisen. Dieser Personenkreis wird im nachstehenden kurz als 'zigeunerische Personen' bezeichnet. Die Einweisung erfolgt ohne Rücksicht auf den Mischlingsgrad familienweise in das Konzentrationslager (Zigeunerlager) Auschwitz. – By decree of the Reichsführer SS as of 16.12.42 – Tgb. Nr. I 2652/42 Ad./RF/V. – Gypsie bastards, Rom-Gypsies and people belonging to clans of Balkan origin with non-German blood are to be selected according to certain guidelines and to be admitted to a concentration camp by an action of a few weeks' duration. This group of persons will henceforth be called 'gypsie persons'. The admission will occur by family, regardless of their degree of bastardism, to the concentration camp (gypsie camp) of Auschwitz."
  13. St. Anthony's church receives the Coventry Cross of Nails (domradio.de, 21 February 2016, in German, accessed 11 May 2016)
  14. http://www.stolpersteine-berlin.de/en/projekt Koordinierungsstelle Stolpersteine Berlin Retrieved July 23, 2013
  15. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-04-22 
  16. "Europaweit 20.000ster Stolperstein wird verlegt" German-Jewish website, haGalil. Retrieved June 11, 2010 (գերմ.)
  17. Livia Rüger, Stolpern über Stolpersteine Main Post (15 May 2010) Retrieved 15 June 2010 (գերմ.)
  18. Wolfgang Mrziglod, "Stadt Pulheim will keine Stolpersteine" Kölnische Rundschau official website. (May 29, 2010) Retrieved June 21, 2010 (գերմ.)
  19. Zu erfolgreich" Retrieved October 11, 2011 (գերմ.)
  20. Stolpersteine։ «In #Turin (Italien) wurde heute der europaweit 50.000ste #Stolperstein verlegt! Er erinnert an Eleonora Levi. #Demnigpic.twitter.com/896ukXnaNL» 
  21. Holocaust-Gedenken / Münchner kämpfen für Stolpersteine. In: Die Welt, 29. April 2015, retrieved 4 May 2015.
  22. Monika Klein: 60.000 Stolpersteine sind das Mahnmal. In: Rheinische Post (online-version), 31 January 2017, retrieved 20 February 2017.
  23. «Navàs, first municipality in the Spanish state to commemorate Nazi victims with Stolperstein plaques»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]