Վրոցլավ (Wroclaw), քաղաքԼեհաստանիհարավ-արևմուտքում, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդության վարչական կենտրոնը։ 622 հազար բնակչությամբ (1981 թվական)։ Տրանսպորտային հանգույց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետալուրգիան, քիմիական, թեթև, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի մի քանի ԲՈւՀ (այդ թվում՝ համալսարան)։ Պատմական աղբյուրներում առաջին անգամ (Բրեսլավլ անունով) հիշատակվում է 980 թվականին։ 1000 թվականից եղել է եպիսկոպոսության կենտրոն։ 1335 թվականից մտել է Չեխական թագավորության կազմի մեջ և Սիլեզիայի գլխավոր քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թվականներ) ժամանակ օկուպացրել են գերմանացիները։ Կա քաղաքա-պետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII—XVIII դարեր), վերամիավորման ցուցահանդես համալիր։
Վրոցլավը համալսարանական քաղաք է, որի բնակիչներից ավելի քան 130 հազարը ուսանողներ են և Վրոցլավը դարձնում են Լեհաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկը[1]; Քսաներորդ դարասկզբից ի վեր Վրոցլավի համալսարանը տվել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի ինը դափնեկիր[2] և ուսման բարձր որակ ապահովող բուհի համբավ է վայելում [3]:
Globalization and World Cities Research Network (GaWC) կազմակերպության կողմից Վրոցլավը դասվել է գամմա գլոբալ քաղաքների շարքին[4], Մերսեր (Mercer) խորհրդատվական ֆիրմայի կողմից ընդգրկվել է կյանքի ամենաբարձր որակ ունեցող 100 քաղաքների ցանկում[5], իսկ IESE Cities in Motion Index-ի 2019 թվականի զեկույցում էլ տեղ է զբաղեցրել 100 ամենախելացի քաղաքների ցանկում[6]:
Վրոցլավը համբավվել է նաև որպես պատմության և մշակույթի հուշարձաններով հարուստ քաղաք, որոնցից հիշատակման են արժանի հատկապես շուկայի հրապարակը, Տաճարի կղզին, Հարյուրամյակի սրահը (ի դեպ, վերջինս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 532)։