Գայթակղության քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գայթակղության քար, թևավոր խոսք, որն օգտագործում են աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ։ Կիրառվում է հետևյալ իմաստներով.

  1. Խոչընդոտ, որին բախվելիս մարդը կանգնում է որոշակի դժվարությունների առջև։
  2. Դժվարություն, հանգամանք կամ առանձնահատուկ հանգամանք, որը կարող է կասեցնել մտադրություն, նպատակ, առաջընթաց։
  3. Եղելություն, բարդություն, իրողություն կամ փաստ, որն առաջացնում է որոշակի վերաբերմունք քանի դեռ մնում է անլուծելի՝ որպես անհամաձայնության առարկա։ Օրինակ՝ «Հայաստանը, որպես գայթակղության քար, մնաց այդ երկու նոր հիմնած, անհաշտ պետությունների մեջտեղում» (Րաֆֆի

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայթակղության քար բառակապակցությունն ունի բացառապես աստվածաշնչյան ծագում։ Այն առաջին անգամ հանդիպում է մատյան Աստվածաշնչի Եսայիա գրքում, գլ. 8, խոսք 14։ Հայերեն թարգմանված և այսօր կիրառելի բոլոր կանոնական աստվածաշնչերում օգտագործված է «գայթակղություն» բառը, որը գրաբարում ունի՝ գայթելու, սայթաքելու իմաստ[1]։ Այսպիսով, առաջնային թարգմանության մեջ այն համապատասխանել է իր բո՛ւն իմաստին։ Սակայն ժամանակակից հայոց լեզվում «գայթակղություն» բառը բնավ չի հաղորդում ճշմարի՛տ, սուրբ Գրքում կարևոր իմաստը։

Համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Камень преткновения (ռուսերեն աստվածաշնչեր)։
  2. Stone of stumbling (անգլերեն աստվածաշնչեր)։
  3. Pierre d'achoppement (ֆրանսերեն աստվածաշնչեր)։

Որպես ելակետ վերցնենք Հին կտակարանի (Եբրայերեն գրություններ) Եսայիա 8։14, Սաղմոսներ 119։165 խոսքերը և Նոր կտակարանի (Հունարեն գրություններ) Հռոմեացիներ 9։33 խոսքերը։ Այսպիսով, թե՛ ռուսերենում, թե՛ անգլերենում ու ֆրանսերենում, թե՛ Աստվածաշնչի եբրայերեն և հունարեն բնագրերում տվյալ բառակապակցությունը հնչում է որպես՝ «գայթելու քար» կամ «գայթաքար»։ Սա հենց այն իմաստն է, որն առկա է հայերեն գրաբար թարգմանության մեջ։ Գայթաքար տարբերակն առավել բարեհունչ է, բուն իմաստը կրող և փոխանցող։

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գայթաքարը խոչընդոտ է, որն Աստված ինքը կարող է սահմանել և որն անշեղորեն կապված է Աստծո օրենքի, սկզբունքների և դրանց ընկալման հետ։ Աստվածաշնչում բազմաթիվ են դեպքերը, երբ գայթում է մարդ անհատը կամ հրեա ժողովուրդը՝ չունենալով օրենքն ու դրա սկզբունքները բավարար չափով հասկանալու կարողություն կամ Աստծո պահանջներին ենթարկվելու պատրաստակամություն։
  2. Գայթաքարը հոգևոր հասկացողության կամ հավատի խոչընդոտ է, որի պատճառով կամ որին բախվելիս, մարդը սայթաքում-ընկնում է։ Դա կարող է լինել, օրինակ, կրոնական կեղծ ուսմունք, որի պատճառով քրիստոնյան կարող է թուլանալ հավատի մեջ։ Ուստի՝ կեղծ ուսմունքը դառնում է գայթաքար։

Սխալ թարգմանություն՝

Aquote1.png Նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթակղության քարին», ինչպես որ գրված է. «Ահա ես Սիոնում գայթակղության քար և սայթաքելու վեմ եմ դնում, բայց դրան հավատ ընծայողը չի հիասթափվի:
- Նոր կտակարան, Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին, 9։32, 33
Aquote2.png


Ճիշտ թարգմանություն՝

Aquote1.png Նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթաքարին», ինչպես որ գրված է. «Ահա ես Սիոնում գայթաքար և սայթաքելու վեմ եմ դնում, բայց դրան հավատ ընծայողը չի հիասթափվի»»։ Այս նախադասության մեջ, անշուշտ, «սայթաքելու վեմ» բառակապակցությունն ինքն է հաստատում այն ճշմարտությունը, որ քարը գայթելու՝ սայթաքելու խոչընդոտ է նույնպես։ Aquote2.png


«Գայթակղություն» բառը ժամանակակից հայերենում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գայթակղիչ ցանկություն՝ ձգտում
  2. Մոլորություն, մեղսալի արարք
  3. Գայթակղիչ պատճառ՝ հանգամանք
  4. Հրապուրանք
  5. Խատառակություն (արևմտահայերեն)[2]:

Արդի լեզվամտածողության մեջ «գայթակղություն» բառը երբեք չի կարող նույնացվել «գայթել» բառի հետ։

Եվ քանի որ ներկայում «Գայթակղություն»-ը հասկացվում է վերոհիշյալ իմաստներով, առաջացել է հետևյալ շփոթմունքը։ Հայ-ռուսերեն բառարանը[3] «գայթակղության քար» բառակապակցությունը թարգմանել է՝ губительный соблазн, искушение (կործանարար հրապուրանք, գաղթակղություն)։ Ճիշտ թարգմանություն, որը գալիս է ապացուցելու «գայթակղություն» բառի սխալ կիրառությունը Աստվածաշնչի ներկա թարգմանություններում։ Մյուս կողմից, Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում նույն «գայթակղություն» բառն է օգտագործվում բոլոր այն տեղերում, ուր պետք է լինի «գայթել»-ը։ Օրինակ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Դուք ամենքդ այս գիշեր կգայթակղվեք ինձանից» (Մատթ. 26։31)։ Իսկ եթե այս խոսքերը ասողը կին է, ենթադրենք՝ Մարիամ Մագդաղենացին։ Հիսուսն այստեղ հայտնում է հետևյալ միտքը. կլինեն իրադարձություններ, երբ ինքը, որպես հովիվ, այլևս չի ղեկավարի իր աշակերտների ընթացքը, քանի որ ձերբակալվելու էր։ Նրա ձերբակալությունը դառնալու էր գայթաքար։ Բախվելով այդ ճշմարտությանը, աշակերտները անցնելու էին հավատի փորձություն։ Պետրոսը, բախվելով այդ խոչընդոտին՝ գայթեց, այլ խոսքով՝ սայթաքեց հոգևոր առումով, որովհետև երեք անգամ ուրացավ իր Ուսուցչին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրաբարի բառարան. Ռուբէն Սերոբի Ղազարեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 2000
  2. Արդի հայերենի բացատրական բառարան. Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976։ Հայերեն բացատրական բառարան. Ստեփան Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944-1945։ Հայերեն բացատրական բառարան. Ստեփան Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944-1945։
  3. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա, Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտ, Երևան, 1984թ։