Արևմտահայ բժիշկները և դեղագործները Եղեռնի տարիներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքիայի մայրաքաղաք Կոս­տանդ­նու­պոլ­սում ապրում էր հայ մտավորականության մի մեծ ջոկատ, որոնց թվում էին 300 բժիշկներ և ատամնաբույժներ։ Բազմաթիվ բժիշկներ, դեղագործներ էին աշխատում Արևմտյան Հայաստանի նահանգներում, Օս­մա­նյան կայս­րու­թյան մյուս մարզերում։ Հայ բժիշկները և դեղագործները ջանք չէին խնայում օգնելու ոչ միայն հայ բնակչությանը, այլև՝ քրդե­րին, ասո­րի­նե­րին, արաբներին և օսմանյան բռնակալության տակ գտնվող մյուս ժողովուրդներին։ Օսմանյան բանակի հիմնական բժշկական կադրերը հայ բժիշկներն ու դեղագործներն էին։

1915 թվականի ապրիլի 24-25-ի գիշերը Կ. Պոլսում ձերբակալեցին 235 անվանի հայ մտավորականների։ Շուտով ձերբակալվածների թիվը հասավ 800-ի, որոնք խումբ-խումբ ուղարկվեցին Անատոլիայի խորքերը և գազանաբար սպանվեցին աքսորի ճանապարհին։ Նրանց թվում էին բժիշկ և բանաստեղծ Ռուբեն Չիլինկիրյանը (Սև­ակ` 30 տա­րե­կան), բժիշկ, բա­նաս­տեղծ, հրա­պա­րա­կա­խոս Նազարեթ Տաղավարյանը, հան­րա­յին գոր­ծիչ­ներ, բժիշկ­ներ և դե­ղա­գործ­ներ, բժշկա­կան ըն­կե­րու­թյան նա­խա­գահ Խաչատուր Թորգոմյանը, Խաչիկ Պարտիզպանյանը, դե­ղա­գործ Ասատուր Արսենյանը և այ­լք։

Կա­տա­ղած «պան­թուր­քիզ­մի» հետադիմական գաղափարախոսությամբ՝ ոստիկանների հետ ձեռք ձեռքի տված գործում էին նաև թուրք մտավորականները, մասնավորապես բժիշկները, որոնց ոճիրները ոգեշնչում էր Իթթիհաթի ղեկավարներից մեկը՝ դոկտոր Բեհաեդդին Շաքիրը։ Նրա կազմած ցուցակներով 1915 թվականի ապրիլին ձերբակալվեցին 58 ականավոր հայ բժիշկներ, որոնցից Մաքսուդ Աբիկյանն սպանվեց Սեբաստիայում, Նշան Աճեմյանը` Երզնկա­յում, Միքայել Ղարագյոզյանը` Տիգրանակերտի մոտերքում, Սուրեն Նշանյանը կախաղան հանվեց Կեսարիայում, Միսաք Փանոսյանն սպանվեց Եվդոկիայում և այլն։

Կ. Պոլսի «Հայ բժիշկ­նե­րու մի­ու­թյու­նը» 1919 թվականին տեղի ունեցած իր 4-րդ նիստում որոշեց հարգել իր նահատակ անդամների հիշատակը, հավաքել և հրապարակել այն բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում էին տանջամահ եղած հայ բժիշկների և դեղագործների սպանության մանրամասնություններին։ Դրանք հիմնականում ջարդերից փրկված հայ և հույն բժիշկների, սպաների, ինչպես նաև անհայտ այլ մարդկանց տված տեղեկություններն էին։ «Հայ բժիշկ­նե­րու մի­ու­թյան» այս նիստի արձանագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ Թուրքիայում գտնվող եվրոպական երկրների շատ քաղաքացիներ «թի­կունք» չեղան բազմաչարչար հայությանը, դեռ ավելին՝ «Շատ ցա­վա­լի է, որ կարգ մը գեր­ման բժիշկ­ներ ալ, գեր­ման բարձ­րաս­տի­ճան սպա­նե­րու օրի­նա­կին հե­տե­ւե­լով, իրենց մաս­նակ­ցու­թիւ­նը բե­րած են այս ան­պա­տո­ւա­բեր գոր­ծին»։

Խոսրով Քեշիշյան։ Թուրքիայում կազմակերպված հայկական ջարդերին զոհ դարձած բազմաթիվ դեղագործներից մեկն էր Խոսրով Քեշիշյանը, որը ծնվել է 1880 թվականին Մելիտինեում, նախնական կրթությունն ստացել է Խարբերդի ավետարանական ուսումնական հաստատությունում (Եփրատ քոլեջում)։ 1900 թվականին Քեշիշյանը մեկնել է Բեյրութ, ավարտել տեղի Ամերիկյան համալսարանը և ստացել պրովիզորի կոչում։ Վերադառնալով Մելիտինե՝ այնտեղ կազմակերպել է դեղատուն, որի համար նրան նյութական օգնություն էր ցույց տվել եղբայրը՝ բժիշկ Միքայել Քեշիշյանը։

Թուրքական իշխանությունները 1914 թվականին Խ. Քեշիշյանին հարյուրապետի աստիճանով ուղարկում են ռուսական ճակատ, որտեղ և նա կազմակերպում է 200 մահճակալանոց զինվորական հիվանդանոց։ Հայ բժիշկը թուրք վիրավորների հետ մեկտեղ բժշկական օգնություն էր ցույց տալիս նաև հայ վիրավոր զինվորներին։ Նրա ազդու միջամտությամբ մահից ազատվում են մի շարք հայ երիտասարդներ։ Բժշկի ազդու հայափրկիչ գործունեությունը հայտնի է դառնում զինվորական իշխանություններին։ Նրան մի քանի ամսով մեկուսացնում են, բայց նրա կարիքը շատ զգալով, ազատում են և նորից ծառայության նշանակում բանակում։

Կովկասյան ռազմաճակատի թուրքական բժշկական հիվանդանոցից նրան հաջողվում է փախչել և միանալ հայ ժողովրդի ազգային հերոս Անդ­րա­նի­կի զորամասին։ Թուրքերն իմանալով այդ ամենի մասին՝ ձերբակալում են եղբորը՝ Խոսրովին։ Այդ մասին հիշատակում է Արշակ Ալպոյաճյանը։ Նա գրում է. «… 1915 թվականին Մե­լի­տի­նէի մէջ ալ առա­ջին ան­գամ ձեր­բա­կա­լո­ւե­ցան մտա­ւո­րա­կան առաջ­նորդ­ներ, որոնց հետ էր Խոս­րով Քե­շի­շե­ա­նը, որ դժոխ­քա­յին տան­ջանք­նե­րէ յե­տոյ կա­ցի­նա­հար սպան­նո­ւած է թուրք ճի­ւաղ­նե­րու կող­մէ»։ Թուրք ջարդարարները հաշվեհարդար տեսան նաև նրա ընտանիքի բոլոր անդամների հետ՝ կոտորելով նրանց։

Պետրոս Թորոսյան։ Ամբողջ Թուրքիայով մեկ հռչակված էր պոլսաբնակ բժիշկ Թորոս Պեննեի (Պետրոս Թորոսյան) անունը։ Նրան քաջ գիտեր նաև արաբական աշխարհը։ Պեննեն հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի անձնվեր մարտիկներից էր։ Նա երկար ժամանակ փակված էր Կ. Պոլ­սի բանտի խցերից մեկում, նրան խոշտանգում էին, ստիպում, որ մատնի ազատագրական պայքարի ընկերներին, ընդունի մահմեդականությունը։ Բայց հայորդի բժիշկը չկորցրեց իր հոգու արիությունը, նա հայրենասեր մարդ էր և մինչև իր կյանքի վերջն էլ հավատարիմ մնաց բժշկի վեհ կոչմանը։

1915 թվականի հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազիդի հրապարակում 20 (ճիշտը՝ 19, ընդհանուր թիվը՝ 20) այլ մտավորականների հետ միասին թուրք դահիճները կախաղան հանեցին նաև Խարբերդի բժշկապետ դոկտոր Պեննեին՝ Պետրոս Թորոսյանին, որ մյուս հայրենասերների հետ գլուխը բարձր պահած հերոսաբար ընդունեց մահը. «… Այն­տեղ ուր կա­խա­ղան­ներն են ճոճ­վում, ազա­տու­թյունն է ման գա­լիս»։

Լևոն Ասլանյան։ Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանն էր ավարտել խարբերդցի Լևոն Ասլանյանը, որ Տրապիզոնում աշխատում էր որպես թաղային բժիշկ։ Նա քաղաքի հայ, հույն և թուրք ընտանիքներում հոգատար և հմուտ բժշկողի մեծ համբավ էր ձեռք բերել։ 1915 թվականի մայիսին նա իր ընտանիքի մյուս անդամների, այդ թվում նաև 28 տարեկան եղբոր՝ բժիշկ Արտավազդ Ասլանյանի հետ տեղահան արվեց և այնուհետև թուրք ոստիկան Ալի Սայիբի հրամանով հոշոտվեց։

Սարգիս Ազոյան։ Բժիշկ Սարգիս Ազոյանը ծնվել է Ադանայում, ավարտել Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Լինելով բարձր կարգի մանկաբույժ՝ իր աշխատանքային 35 տարիների ընթացքում բուժել էր հարյուրավոր թուրք երեխաների, բայց, չնայած այդ ամենին, 60-ամյա բժիշկը դաժանորեն սպանվեց Հալեպի մոտերքում։

Միքայել Ղարագյոզյան։ Թուրք ստահակները չէին խղճում ու ափսոսում նաև այն բժիշկներին, որոնք գիշեր ու ցերեկ մաքառում էին թուրք հիվանդ և վիրավոր զինվորների կյանքի փրկության համար։ Այդ զոհերից էր Վան գավառի Սարայի զինվորական հիվանդանոցի բժիշկ Միքայել Ղարագյոզյանը։ Նա ծնվել էր Կ. Պոլ­սում, ավարտել տեղի բժշկական վարժարանը և զորակոչվել բանակ, որպես զինվորական բժիշկ, սակայն պարտականությունները կատարելու պահին, դեռ 25 տարին չբոլորած, դաժանորեն սպանվեց իր իսկ բուժած թուրք զինվորականի ձեռքով։

Արթին Հելվաճյան։ Մեզիրեի զինվորական հիվանդանոցի բժշկական ծառայության գնդապետ, Տիգրանակերտից Արթին Հելվաճյանի ծառայությունը անգնահատելի էր, նրա հմուտ ձեռքերով վիրահատվել են հարյուրավոր թուրք և այլազգի հիվանդներ ու վիրավորներ։ Սակայն թուրք ջարդարարները չափսոսեցին իրենց փրկարար բժշկի կյանքը, և Արթին Հելվաճյանը չարանենգորեն սպանվեց իր աշխատանքի վայրում։

Վահան Ղազարյան։ Թուրքական բանակի 153-րդ զորագնդի 3-րդ գումարտակի բժիշկն էր մարզվանցի 40 տարեկան Վահան Ղազարյանը, որը փայլուն գնահատականներով ավարտել էր Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Իր պարտականությունների կատարման պահին սպանվեց հենց իր թուրք օգնականի ձեռքով։

Ներսես Շահբաղլյան։ Բժիշկ Ներսես Շահբաղլյանը ծնվել է Վանում, ավարտել է Կ. Պոլիս Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը, աշխատում էր Մուշի զինվորական հիվանդանոցում, միաժամանակ 1915 թվականին քաղաքի թաղապետ էր։ Նա ևս սպանվեց իր աշխատանքային ընկեր՝ թուրք բժիշկ Ասաֆի կողմից, 33 տարեկանում։

Նշան Պագալյան։ Խոստումնալից բժիշկ էր տիգրանակերտցի Նշան Պագալյանը, որն աշխատում էր Խնուսի զինվորական հիվանդանոցում։ Նա թուրք վիրավոր զինվորներին օգնություն ցույց տալու հետ միաժամանակ հոգատար վերաբերմունք է ցույց տալիս հայ վիրավորներին և հիվանդներին, որը, սակայն, դուր չի գալիս թուրք բժշկապետին։ Վերջինս առանց խղճի խայթ զգալու հաշվեհարդար տեսավ իր պաշտոնակցի հետ։

Էդուարդ Թաշճյան։ 1915 թվականի կեսերին Խարբերդի բանտը լցրել էին խաղաղ ազգաբնակչությամբ և սպառնում էին նրանց ողջ-ողջ այրել։ Գերվածների մեջ էր տեղի հիվանդանոցի բժիշկ Էդուարդ Թաշճյանը, որը փախուստ էր կազմակերպել, սակայն դառնում է բանտապան զինվորների գնդակի զոհը։

Պերճ Մինասյան։ Կ. Պոլ­սի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանն էր ավարտել Պերճ Մինասյանը, աշխատում էր Բաղեշի 5-րդ բժշկարանում։ Հայերի տեղահանության ժամանակ նրան՝ որպես բժիշկ տեղահանված բնակչության մեջ գտնվող հիվանդներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով ուղարկում են Երզնկա։ Ճանապարհին բուժարանի թուրք բժիշկների թելադրանքով, դեռ 28 տարին չբոլորած բժշկին սպանում են։

Սարգիս Սերթլյան։ Փարիզի բժշկական համալսարանի շրջանավարտ Սարգիս Սերթլյանը ծնվել էր Կարինում և բժշկական կրթություն ստանալուց հետո Երզնկայում ակնաբույժ էր աշխատում։ Տեղի ոստիկանները ձերբակալում են արդեն մեծ համբավ ձեռք բերած նշանավոր ակնաբույժին և սրախողխող անում 1915 թվականի հուլիսի 5-ին։

Ռուբեն Սևակ։ Ռուբեն Սևակը (1885-1915) 1905-1912 թվականներին սովորում և ավարտում է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն այդ տարիներին բժշկագիտության խոշորագույն կենտրոններից մեկն էր Եվրոպայում։ Նա շատ մեծ ջանասիրությամբ նվիրվածություն է ցուցաբերում բժշկական մասնագիտությանը։ Նա մտադիր էր Կոս­տանդ­նա­պոլ­սում բժշկական գործունեությանը զուգահեռ հիմնադրել բժշկագիտական գիտահանրամատչելի մի պարբերական։ Նրա «Բժշկին գիր­քէն փրցո­ւած էջեր»-ի պատմվածքներն ու ակնարկներն այդ ծրագրի որոշակի մարմնացումն են։ Նրա հիմնական նպատակն է եղել գեղարվեստական խոսքի միջոցով ազգաբնակչության մեջ բժշկական անհրաժեշտ գիտելիքներ տարածել։ Անմահ են նրա գեղարվեստական բարձր մակարդակով, հոգեբանական խորն ընդհանրացումներով և պոռթկացող հումորով հագեցած արձակ էջերը։

Ռ. Սևակը մինչև վերջ հավատարիմ մնաց մտավորականի, բժշկի մարդասիրական կոչմանը, նահատակումից առաջ բուժեց թուրք գյուղապետի աղջկան, իմանալով, որ նրա հայրը պիտի դառնար իր կանխամտածված սպանության մասնակիցներից մեկը։

Նշան Տեր-Վահրամյան։ Նշան Տեր-Վահրամյանը ծնվել էր Խարբերդում և ավարտել Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Բժշկապետի իր պարտականությունները կատարելուց բացի նաև աշխույժ կերպով մասնակցում էր հասարակական-քաղաքական կյանքին։ Թուրք ոստիկաններն սկզբում բանտ նետեցին երիտասարդ բժշկին, այնուհետև հայ գործիչների հետ միասին ողջ-ողջ այրեցին։

Պողոս Փալաբըյըքյան։ Պողոս Փալաբըյըքյանը ծնվել և մեծացել է Կ. Պոլիս, ավարտել տեղի բժշկական վարժարանը։ Մի քանի տարի նա աշխատել էր Վանում, այնուհետև կանչվել է բանակ և դարձել օսմանյան հեծելազորի բժիշկներից մեկը։ Գազազած թուրք հրամանատարը, իմանալով, որ թուրք վիրավորների հետ միասին նա բժշկական օգնություն է ցույց տալիս նաև հայ վիրավորներին՝ 1915 թվականին Բաղեշի և Մուշի շրջակայքում գնդակահարում է նրան։

Մինաս Յարմանյան։ Ազիզիեի զինվորական հիվանդանոցի բժիշկն էր եվդոկիացի Մինաս Յարմանյանը։ Լինելով շնորհալի երիտասարդ՝ նա վայելում էր հիվանդների և զինվորների համակրանքը, որը դուր չէր գալիս հիվանդանոցի բժշկապետ թուրք հարյուրապետին։ Բուժվող հիվանդի հետ հիվանդանոցի այգում զրուցելիս, դարանակալած թուրք հիվանդապահներն սպանում են հայ բժշկին։

Ինչպես հայտնի է, Թուրքիայում բժիշկ և դեղագործ մասնագետների մեծ մասը հայեր էին։ Հայ երիտասարդները, սովորելով եվրոպական երկրների տարբեր բժշկական ուսումնական հաստատություններում, վերադառնում էին հայրենիք, կազմակերպում բժշկանոցներ և դեղատներ։ 1915 թվականի սկզբներին Թուրքիայում հաշվում էին հարյուրից ավելի բարձրագույն կրթությամբ դեղագործներ, որոնց մեծ մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին։

Հակոբ Թերզյան։ Ամբողջ Թուրքիայում հայտնի էր ճանաչված փաստաբան, որակյալ դեղագործ հաճընցի Հակոբ Թերզյանը, որը բժիշկ Ստեփան Միսքճյանի լավ բարեկամն էր։ Նա ավարտել էր Կ. Պոլ­սի բժշկական վարժարանը, և ունենալով սեփական դեղատուն՝ միաժամանակ կատարում էր փաստաբանի աշխատանք։ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականներից շատերի հետ ձերբակալվեցին նաև 35-ամյա դեղագործ Թերզյանը ու բժիշկ Միսքճյանը։ Գաղթի ճանապարհին Չանղըրըի մոտ հարյուրավոր հայերի հետ միասին սրախողխող արին նաև նրանց։

Տիգրան և Արմենակ Սերայտարյաններ։ Բեյրութի ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետն էին ավարտել եղբայրներ Տիգրան]] և Արմենակ Սերայտարյանները։ Արմենակն ստացել էր բժշկի կոչում, իսկ Տիգրանը՝ դեղագործի։ Նրանք, վերադառնալով Սեբաստիա, աշխատում են իրենց սիրած մասնագիտությամբ։ Երբ թուրքերը կազմակերպում են հայ ընտանիքների գաղթը, բոլորի հետ գաղթեցնում են նաև երկու եղբայրներին և նրանց սպանում Եվդոկիայի ճանապարհին՝ ընտանիքի անդամների հետ միասին։

Վա­հան և Բաղ­դա­սար Վար­դա­նյաններ։ Դեղագործ Վահան և բժիշկ Բաղդասար Վարդանյան եղբայրներն ավարտել էին Բեյրութի ֆրանսիական համալսարանը, աշխատում էին հայրենի Սեբաստիայում։ 1915 թվականին գաղթի ճանապարհին թուրք ոստիկանները նրանց և ընտանիքի մյուս անդամներին սրախողխող արեցին։

Եղիշե Փափանեսյան։ Կ. Պոլ­սի բժշկական վարժարանի դեղագործական բաժինն էր ավարտել կարինցի Եղիշե Փափանեսյանը, որը Մելիտինեում սեփական դեղատուն ուներ։ 38 տարին չլրացած՝ Փափանեսյանը կացնահար եղավ թուրք խաժամուժի կողմից։

Մելիտինեում էին ապրում և գործում հայ դեղագործներ Խոսրով Քեշիշյանը, Խաչիկ Փաստրմաճյանը, Գարեգին Կեիճյանը, Հովհաննես Գույումճյանը, Տեր-Ստեփանյանը, Բրուտյանը, որոնք զոհ դարձան թուրք յաթաղանին։

Կիրասոնցի զույգ եղբայրներ Արա­մա­յիս և Եղիա Պարոն-Վարդյաններն ավարտել էին Բեյրութի ֆրանսիական համալսարանի դեղագործական բաժինը, ունեին սեփական դեղատուն, աշխատում էին միասին։ 1915 թվականին թուրքերը թալանի են ենթարկում դեղատունը, իսկ եղբայրներին սրախողխող անում։

Հայ դեղագործների մի զգալի մասը ծառայում էր թուրքական բանակում, որոնց ևս թուրքերը չարանենգորեն սպանեցին։ Նրանց թվում էին Բարունակ Աճեմյանը, Սիմոն Գոյունյանը, Էդուարդ Թաշճյանը, Հարություն Լութֆյան, Նորայր Խաչատուրյանը, Գևորգ Գյուրճյանը, Եղիազար Մեսիայանը, Վահան Շիտանյանը, Էտուար Պեյազյանը, Խաչիկ Սերայտարյանը, Վրթանես Սյուրմելյանը, Բյուզանդ Տեր-Պապիկյանը, Հակոբ Քենդիրյանը և այլք։

1917 թվականի թուրքական բանակը դեպի Կովկաս շարժվելու ժամանակ բանակի գլխավոր բժիշկ Քե­մալն ու դեղագործ Մեհմեդ Ալին չարանենգորեն սպանեցին 11-րդ զորագնդի ատամնաբույժ սամսոնցի Բե­նի­ա­մի­նին։ Թուրքական զորքերի մեջ շատ տարածված էին վարակիչ հիվանդությունները՝ տիֆը, խոլերան, վեներական հիվանդությունները և այլն։ Այդ հիվանդությունների դեմ պայքարելու համար թուրքական կառավարությունն ուղարկում էր հայ բուժաշխատողներին՝ բժիշկներին, դեղագործներին, ատամնաբույժներին, բուժքույրերին և մինչև անգամ բժշկական հաստատություններում սովորող հայ ուսանողներին։

Հայ բժիշկների միությունն իր նիստերից մեկում նշում է. «Այս առի­թով պէտք է ըսել, թէ թուրք առող­ջա­պա­հա­կան վար­չու­թիւ­նը մաս­նա­ւոր դի­տու­մով ջա­նա­ցած է վտան­գա­ւոր կա­ցու­թե­ան մէջ դնել հայ բժիշկ­նե­րը, որոնք պա­տե­րազ­մա­կան գե­րի­նե­րէն շատ աւե­լի վատ­թար դիրք ու­նե­ցած են թրքա­կան բա­նա­կին մէջ։ Հի­ւան­դու­թիւն­նե­րէն ազա­տո­ւող­նե­րը դեռ լրիւ չա­պա­քի­նո­ւած, շատ ան­գամ նոյ­նիսկ առանց հան­գիս­տի կամ օդա­փո­խու­թե­ան, կը ստի­պէ­ին աշ­խա­տիլ, այն­պէս, որ վի­ճա­կագ­րու­թե­ամբ հաս­տա­տո­ւած է, թէ հայ բժշկու­թիւ­նը իր թո­ւին հա­մե­մա­տու­թե­ամբ աւե­լի շատ զոհ տո­ւած է տա­րա­փո­խիկ հի­ւան­դու­թիւն­նե­րէն»։ Միայն բծավոր տիֆից թուրքական բանակում գործող հայ բժիշկներից մահացան 41-ը, իսկ դեղագործներից՝ 15-ը։

1915-1918 թվականների ընթացքում երիտթուրքական կառավարության ձեռնարկած հայաջինջ գործողությունների հետևանքով մոտ երկու միլիոն հայեր աքսորվեցին, որոնցից մեկուկես միլիոնից ավելի սպանվեց կամ զոհ գնաց սովին և համաճարակին Միջագետքի անապատներում, բռնի թուրքացման ենթարկվեցին ավելի քան երկու հարյուր հազար հայեր, առավելապես կանայք և երեխաներ։ Երիտթուրքերը գազանային եղանակով «լու­ծե­ցին» Հայկական հարցը։ Մեծ եղեռնից հետո Թալեաթ փաշան հայտարարեց՝ «Չկա այ­լևս Հայ­կա­կան հարց, քա­նի որ չկան նաև հա­յեր»։

Առաջին համաշխարհային պատերազմում երկրագնդի տարբեր մասերում իրագործված ոճիրներից որևէ մեկը չի կարող համեմատվել այս ողբերգության հետ, ինչպես զոհերի քանակությամբ, այնպես էլ նրանց հանդեպ գործադրված միջոցներով։ Հայերի այս սպանդ-ցեղասպանությունը պատմության մեջ հիշատակված բոլոր ջարդերից ամենասոսկալին էր։ Այդ ծրագրի իրագործմանը լծվեցին նաև թուրքական բժշկական ծառայությունը և թուրք բժիշկները. «Այս վեր­ջին­ներս շատ վայ­րե­րու մէջ եղած են առա­ջին ղե­կա­վար­նե­րը եւ կազ­մա­կեր­պիչ­նե­րը ջար­դե­րու, տե­ղա­հա­նու­թե­ան եւ ան­ձամբ նա­խագ­ծած ան­թիւ ու ան­լուր վայ­րա­գու­թիւն­ներ։ Շա­տե­րը ան­ձամբ իսկ գոր­ծած են ոճիր­ներ` իրենց հայ պաշտօնակիցներու վրայ, անոնց գոյքերը իւրացնելու եւ նոյնիսկ ընտանեկան պատիւը բռնաբարելով»։ Թուրք բժիշկները հալածեցին և սպանեցին իրենց պաշտոնակիցներից շատ շատերին, որոնցից այնքան բան էին սովորել։ Նրանք «բժշկու­թիւ­նը իրենց ձեռ­քին մէջ բար­բա­րո­սու­թե­ան եւ սպան­դի գոր­ծիք մը ըրին մարդ­կա­յին մար­մի­նը աւե­լի դա­ժա­նու­թե­ամբ չար­չա­րե­լու եւ գոր­ծա­ծե­ցին զայն իբ­րեւ փչա­ցած մի­ջոց մը մարդ­կա­յին ցե­ղին»։

Թուրք բժիշկների և դեղագործների՝ հայ բնակչության զանգվածային ջարդերին եռանդով մասնակցությունը թուրք մտավորականության ճնշող մեծամասնության հայաջինջ դիրքորոշման լավագույն ապացույցն է. «Հայ բժիշ­կը յա­ճախ զոհ գա­ցած է, իր պաշ­տօ­նի կի­րառ­ման ատեն, ոչ թէ թշնա­մի­էն եկած գնդա­կէն, այլ` իրեն հետ աշխատակից գտնուող թուրք դաւաճան արհեստակցին, կամ թուրք կառավարութեան կողմէն այս նպատակի համար մասնաւորաբար կազմակերպուած հերոսներու եաթաղանին։ Կարելի է նոյն բանը թուրք բժիշկներու մասին ալ ըսել»։

Կ. Պոլ­սի Օսմանյան Կայսերական բժշկական համալսարանի դոկտոր, Իթթիհադի ղեկավարներից սադիստ Բեհաեդդին Շաքիրը ավազակի կեցվածքով քարոզում էր Անատոլիայի և Հայաստանի հայերի կոտորածը։ Ինչպես հայտնի է, աշխարհի որևէ մեկ բժշկական կազմակերպություն և որևէ մեկ բժիշկ իրավունք չունի գիտական փորձեր կատարելու մարդկանց վրա, մինչև անգամ մահվան դատապարտվածների վրա։ Սակայն թուրք բժիշկները հաշվի չէին առնում միջազգային այդ մարդասիրական օրենքը։ Այդ մասին շատ լավ գիտեր ինքը՝ դոկտոր Շաքիրը։ 1915 թվականին թուրքական բանակում տիֆ հիվանդությունը մեծ չափերի հասավ, որի պատճառով չափազանց մեծացավ շիճուկի նկատմամբ եղած պահանջարկը։ Շաքիրը այն առաջին բժիշկն էր, որ շիճուկի առաջին նմուշները փորձարկեց հայերի վրա։ Դեռ ավելին, Թուրքական բժշկական խորհրդում ինքը առաջարկեց փորձերը կատարել հայ զինվորների և տարագիրների վրա։

Առաջին փորձերը կատարվեցին 1915 թվականի ձմռանը, 3-րդ զորաբանակի բժշկապետ Թևֆիք Սելիմի ենթակայության տակ գտնվող Երզնկայի քաղաքային հիվանդանոցի բժիշկ Համիդ բեյի և մյուս թուրք բուժաշխատողների կողմից։ Այդ «գի­տա­կան» փորձի հետևանքով շատ հայ երեխաներ և զինվորներ զոհվեցին։ Նման չարագործությունների էին դիմում թուրք բժշկապետներ Թևֆիք Սելիմը, Մեհմեդ Ռեֆին, թուրքական զինվորական առողջապահության կազմակերպիչ Սուլեյման Նուուման փաշան։

Տրապիզոնի առողջապահական տեսուչ Ալի Սաիբի հանձնարարությամբ որբացած և հիվանդ երեխաներին ներարկել են ինչ-որ թունավոր դեղորայք և ոչնչացրել։ 1915 թվականին Երզնկայի Ազիզիեի հիվանդանոցում պաշտոնավարող հազարապետ Շևքեթը մտադրվել էր իրագործել նույն հիվանդանոցում աշխատող ութ հայ բժիշկների սպանությունը, սակայն զինվորական հիվանդանոցի ղեկավարները նրանց աշխատանքի տեղավորեցին զինվորական այն հիվանդանոցներում, որտեղ տիֆով վարակված բազմաթիվ թուրք զինվորներ կային։ Բոլոր ութ հայ բժիշկները շուտով վարակվեցին տիֆով և մահացան։

Թուրք բժիշկների կատարած ոճրագործությունների մասին մամուլում երբեմն հանդես էին գալիս թուրք առաջադեմ բժիշկների առանձին ներկայացուցիչներ։ Այսպես, «Թյուրք­ջե Ստամ­բուլ» օրաթերթի 1918 թվականի դեկտեմբերի 24-ի համարում բժիշկ Սելահէդդինը գրում էր. «1915 թո­ւա­կա­նին, հա­զար ու մէկ դժո­ւա­րու­թիւն­նե­րով Երզն­կա ապաս­տա­նող հա­յե­րէն մաս մը ախո­ռէն ոչ­խար զա­տո­ւե­լու պէս սեւ­քի­ե­ա­թէն (գաղ­թա­կան­նե­րի կա­րա­վան – Հ.Մ.) առ­նե­լով Երզն­կա­յի կեդ­րո­նա­կան հի­ւան­դա­նոց կըղրկո­ւին եւ հոն ման­րէ­ա­բա­նու­թյան մէջ մի­այն հնդկա­խո­զի եւ ճա­գա­րի պէս կեն­դա­նի­նե­րուն վրայ փոր­ձե­լիք գոր­ծո­ղու­թե­անց են­թա­կայ կ’ըլ­լան։ Այս­պի­սով շատ մը հա­յեր մեռ­նե­լով հան­դերձ, խնդիրն ալ բո­լո­րո­վին ան­լու­ծե­լի մնա­ցած է… Որե­ւէ օգուտ չու­նե­ցող մէ­թո­տի մը` միայն հայերու հանդէպ կիրարկուիլը ի՞նչ կը նշանակէ»։

Նույն թվի դեկտեմբերի 23-ին վիրաբույժ Հայդար Ջեմալը գրում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային. «1915-ի դեկ­տեմ­բե­րին Երզնկա­յի մէջ 2-րդ բա­նա­կի բժշկա­պե­տի` Թևֆիք Սելիմի հրամանով, տիֆով վարակուած հիւանդներէն առնուած արիւնը առանց inactive (սրսկում) ընելու եւ բժշկականօրէն միայն փորձի կենդանիներուն վրայ ներելի եղող գիտական փորձերը՝ գաղթեցնելու սահմանուած անմեղ հայերուն կը ներարկուին եւ այս պատճառով շատ մը խեղճ հայեր հիւանդանալով կը մեռնին»։

Ներարկումները կատարելիս զոհերին խաբում էին՝ հավատացնելով, որ հիվանդությունից զերծ մնալու համար էին արվում դրանք։ Այս փորձը կատարել է Օսմանյան կայսերական բժշկական վարժարանի ուսուցիչ Համիդ Սուադը, որ «Զին­վո­րա­կան բժշկա­կան թեր­թին» հայտարարել է, թե «իր փոր­ձե­րը կա­տա­րած է «սպա­նո­ւե­լու դա­տա­պար­տո­ւած­նե­րու վրայ, իսկ իրա­կա­նու­թան մէջ, փոր­ձե­րուն են­թա­կա­նե­րը հայ ըլ­լա­լէն զատ ու­րիշ յան­ցանք չեն ու­նե­ցած…»։

Ոչ լրիվ տվյալներով՝ 1915-1918 թվականներին Թուրքիայում սպանվել են 60 հայ բժիշկ, 30 դեղագործ, 8 ատամնաբույժ։ Բացի ուղղակի սպանվածներից, թուրքերը տիֆի շիճուկով սրսկել և սպանել են 43 բժշկի, 14 դեղագործի և բժշկական հաստատությունների 13 ուսանողների։ Թուրքական յաթաղանի զոհ դարձան ավելի քան 168 բուժաշխատողներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանիկ Հայրապետյան, «Էջեր Հա­յաս­տա­նի դե­ղա­գոր­ծու­թյան պատ­մու­թյու­նից» գրքից, Երևան, 1990։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։