Սարգիս Սերթլյան
Ծնվել է | 1880/1883 |
---|---|
Ծննդավայր | Կարին / Մուշ |
Մահացել է | 5 հուլիսի, 1915 |
Մահվան վայր | Երզնկա |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Սարգիս Սերթլյան (1880/1883, Կարին / Մուշ- 5 հուլիսի, 1915, Երզնկա), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1880/1883 թվականին Կարինում՝ Մուշում։ Նախնական կրթությունն ստացել է Կարինի թաղային վարժարանում։ 1902 թվականին ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը։ 1902-1910 թվականներին սովորել և հուլիսի 21-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1905-1910 թվականներին, ուսմանը զուգահեռ, օգնական բժիշկ է աշխատել Փարիզի հիվանդանոցներում։ 1910-1912 թվականներին, որպես օգնական բժիշկ աշակերտելով ակնաբուժության պրոֆեսորներ Մոռաքսին և Քալթին, մասնագիտացել է ակնաբուժության գծով։
1912 թվականին ֆրանսերենով գրել է «Բնական և ախտաբանական աչքի դերը դիմագծության մեջ» ավարտաճառը, որի մասին փիլիսոփայության նշանավոր պրոֆեսոր Դյուման դրվատանքով է խոսել Սորբոնի համալսարանում կարդացած իր դասախոսության ընթացքում։ Փարիզում անդամակցել է Հայ բժշկական միությանը։
1912 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։ 1912-1914 թվականներին Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության հրավերով ակնաբույժ է աշխատել այդ հիվանդանոցում։ 1912 թվականի օգոստոսին մասնագիտական հոդված է տպագրել Կ. Պոլսի «Gazette Medicale d’Orient» ֆրանսերեն բժշկական հանդեսում։ Կ. Պոլսում սեփական ակնաբուժարան է բացել։ Եղել է ՀՅԴ անդամ։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Երզնկա և զինվորական բժիշկ-ակնաբույժ ծառայել։ Երզնկայում եղել է անվանի ակնաբույժ։ 1915 թվականի հուլիսի 4-ին Երզնկայում դիմել է Գերմանական Կարկիր խաչի 3-4 գերմանացի բժիշկներից բաղկացած պատվիրակությանը և խնդրել նրանց միջամտությունն ու պաշտպանությունը թուրքերից՝ եթե նրանք ձեռնարկեն հայ բժիշկների սպանությունը։ Նրա խնդրանքին գերմանացի բժիշկները պատասխանել են լռությամբ. ավելին, նրան, իբրև դավաճանի, ներկայացրել են թուրքական իշխանություններին։ 1915 թվականի հուլիսի 5-ին Երզնկայի քաղաքային իշխանության ոստիկանները «դավաճան» բժշկին ձերբակալել են և նույն օրը սբ. Ստեփանոս եկեղեցու մեջ քարկոծելով սպանել, այլ տեղեկությամբ՝ սրախողխող արել։
Աշխատությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աչքի բուժման ատրոպինի երկու նոր կիրառումը, «Gazette Medicale d’Orient», 1912, օգոստոս։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առողջապահություն», Երևան, 1965, թ. 4։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, Զ. տարի, Կ. Պոլիս, 1912, Բ. հրատարակութիւն, Հալէպ, 2008։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։