Էդուարդ Թաշճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Թաշճյան
Ծնվել է1880
ԾննդավայրՄեզիրե, Խարբերդի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրՄեզիրե, Խարբերդի նահանգ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունդեղագործ

Էդուարդ Խաչատուրի Թաշճյան (1880, Մեզիրե, Խարբերդի նահանգ - 1915, Մեզիրե), հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1880 թվականին Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում։ Դեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։ 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին օսմանյան կառավարությունը Խարբերդում և Մեզիրեում իրականացրել է բազմաթիվ հայ մտավորականների ձերբակալություններ։ Թուրք ոստիկանները նրանց շղթայակապ տարել են փողոցներով ու շուկաներով, և գազազած թուրք ամբոխը նրանց վրա քարեր է նետել, հարվածել, ծեծել։ Բոլորին արգելափակել են Մեզիրեի բանտում և կտտանքների ենթարկելով փորձել տեղեկություններ կորզել զենքեր, ռումբեր և քաղաքական գաղտնիքներ թաքցնելու մասին։ Կեսգիշերին, արաբկիրցի ոստիկան Ալի օնբաշին բանտապահ Հասան Էֆենդիի հետ եկել է բանտ և հրամայել, որ մեկ առ մեկ դուրս գան և Եդեսիա տեղափոխվելու պատրաստվեն։ Բժիշկ Նշան Նահիկյանը, համարձակորեն առաջ գալով, ասել է. «Եթե դուք մեզ իրոք Եդե­սիա պի­տի ու­ղար­կեք, ավե­լի լավ է որ ցե­րե­կով ու­ղար­կեք, որ­պես­զի ժո­ղո­վուր­դը իմա­նա, որ մենք Եդե­սիա ենք գնում, իսկ եթե ձեր հե­տին դի­տա­վո­րու­թյու­նը մեզ սպա­նելն է, կրկին ցե­րե­կով սպա­նեք և կա­խեք, որ­պես­զի հա­մայն Խար­բեր­դի ժո­ղո­վուր­դը ակա­նա­տես լի­նի մեր մա­հին»։ Եվ չնայած ոստիկանը ժխտել է նրանց սպանելու մտադրությունը, բանտարկյալները հասկացել են, որ պատրաստվում են իրենց սպանել, ուստի հրաժարվել են կատարել գիշերով բանտից շղթայակապ դուրս գալու հրամանը։ Լուրը հաղորդել են գնդապետ Ֆերիդ բեյին, որը հրամայել է բոլորին սրախողխող անել։ 1915 թվականին հունիսի 25-ին/հուլիսին/օգոստոսի 4-ին (ըստ տարբեր աղբյուրների) Մեզիրեի բանտի 37 հայ բանտարկյալները վճռել են բանտը հրկիզել և ինքնահրկիզվել։ Իրար վրա են հավաքել բանտի վերմակները, իրենց հագուստները և դրանց վրա լցնելով ճրագների նավթը՝ հրկիզել են բանտը։ Բոլորը զոհվել են։ 35 տարեկան Էդվարդ Թաշճյանը և բժիշկ Նահիկյանը կրակի բոցերի միջից դուրս են եկել կիսամեռ վիճակում։ Ոստիկանները սվիններով պատառոտել են նրանց։ 37 բանտարկյալների կիսամոխրացած դիակները աղբատար կառքով տարել և լցրել են Չոր աղբյուրի մոտ գտնվող մի փոսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Բախտիկեան Սարգիս (խմբագիր), Ոսկեգետակ, տարեգիրք, Գ. տարի, Պէյրութ, 1948։
  • Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թ թվականին), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։

8. ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-231, պ-14։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։