Jump to content

Խաչատուր Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Ռուբենի Ներսիսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 24, 1923
Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մահացել էնոյեմբերի 12, 2001
(77 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունքամանչահար
երգահան
ԿրթությունՆար-Դոսի անվան թիվ 14 դպրոց և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ

Խաչատուր Ռուբենի Ներսիսյան (դեկտեմբերի 24, 1923(1923-12-24)[1], Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 12, 2001(2001-11-12)[1], Երևան, Հայաստան), հայ քամանչահար, երգահան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1977)։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Խաչատուր Ներսիսյանը ծնվել է 1923 թվականին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ 1930 թվականին ընտանիքով տեղափոխվել է ծնողների ծննդավայր՝ Եղեգնաձորի շրջանի Մարտիրոս գյուղ, 1933 թվականին՝ Երևան։ Երևանում սովորել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցում, հաճախել պիոներ-դպրոցականների պալատի (Շինարարների ակումբ) ժողգործիքների անսամբլի պարապմունքներին (ղեկավար՝ Միքայել Չաղալյան)։ 1937-1941 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, աշակերտել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լևոն Կարախանին, միաժամանակ ուսանել կոնսերվատորիային կից Արևելյան ստուդիայում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուրգեն Միրզոյանի դասարանում։

1939 թվականին Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Ռադիոյի ժողգործիքների անսամբլ։

1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին հայկական 409 հրաձգային դիվիզիայի կազմում, եղել տոպոհետախույզ, միաժամանակ ղեկավարել է գնդի ժողգործիքների անսամբլը։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի մեդալներով և շքանշաններով։

1945-1952 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլի մենակատար (ղեկավար` ժողովրդական արտիստ Գուրգեն Միրզոյան), 1952-2001 թվականներին՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մենակատար։

1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։

2004 թվականին թողարկվել են նրա 156 ստեղծագործություններն ընդգրկող 9 ձայնասկավառակներ («Կռունկները շարան-շարան», «Վայոց Ձորի Նվագներ», «Նախշուն աչեր», «Մայրս է վանքում աղոթել», «Սիրուս ճամփան», «Երգեր՝ Ավ. Իսահակյանի, Հովհ. Շիրազի, Համո Սահյանի խոսքերով», «Երգեր՝ Մնացական Թարյանի, Սասուն Գրիգորյանի, Վահրամ Հաճյանի խոսքերով», «Գարնանային Ղողանջներ», «Սիրո անուրջներ»)։

2005 թվականին լույս է տեսել Վարուժան Պլուզյանի «Խաչատուր Ներսիսյան» մենագրությունը[2] (խմբագիր՝ Հովհաննես Այվազյան

Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում[3]։

Ստեղծագործություններ

1952 թվականից կատարել է ստեղծագործական առաջին քայլերը։ Հեղինակ է 200-ից ավելի երգերի՝ գրված Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Մնացական Թարյանի, Սասուն Գրիգորյանի, Վահրամ Հաճյանի, Շերամի (Գրիգոր Տալյան) բանաստեղծությունների վրա, գործիքային ստեղծագործությունների՝ գրված թառի, քանոնի, դուդուկի, շվիի, քամանչայի և ժողգործիքների անսամբլի համար, պարային մեղեդիների, որոնց վրա բեմադրություններ են կատարել հայտնի բալետմայստերներ Էդվարդ Մանուկյանը, Ազատ Ղարիբյանը, Նորայր Մեհրաբյանը, Սուրեն Գյանջումյանը, Վարդգես Ռաշիդյանը, Գագիկ Կարապետյանը, Գեորգի Այվազյանը, Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն» պարի պետական, Վրաստանի Սուխիշվիլու և Ռամիշվիլու անվան պետական ակադեմիական անսամբլներում, «Կանազ», «Եղեգն», «Հայաստան», «Սևան», «Գարուն» ժողովրդական պարերի, ինչպես նաև սփյուռքի պարախմբերում[4]։

Ներսիսյանի երգերը կատարել են ՀՀ ժողովրդական արտիստներ Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հովհաննես Բադալյանը, Վարդուհի Խաչատրյանը, Հենրիկ Ալավերդյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Նորայր Մնացականյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ֆլորա Խորենյանը, Արուս Գուլանյանը, Արամ Ասատրյանը, Գևորգ Հակոբյանը, երգիչներ Վալյա Սամվելյանը, Պապին Պողոսյանը, Մանիկ Գրիգորյանը, Մարգարիտ Շահինյանը, Ռիմա Սարիբեկյանը, Ելենա Վարդանյանը, սփյուռքահայ երգիչներ Լևոն Գաթրջյանը,Հարութ Փամբուկչյանը, Նշան Ջաղացպանյանը և ուրիշներ, գործիքային ստեղծագործությունները կատարել են ՀՀ ժողովրդական արտիստներ Սողոմոն Սեյրանյանը, Վաչե Հովսեփյանը, Անժելա Աթաբեկյանը, Գևորգ Դաբաղյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ, թառահարներ Աշոտ Գասպարյանը, Արամ Նիկողոսյանը, Հովհաննես Դարբինյանը, դուդուկահարներ Խաչիկ Խաչատրյանը, Սերգեյ Կարապետյանը, հանրահայտ երաժիշտներ դուդուկահար Բենիկ Իգնաթյանը, շվիահար Արարատ Պետրոսյանը, դուդուկահար Արսեն Գրիգորյանը, քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանը, քամանչահար Հակոբ Խալաթյանը և ուրիշներ։

Որպես քամանչահար՝ Խաչատուր Ներսիսյանը հայ կատարողական արվեստը ներկայացրել է Տաշքենդում (1975) և Սամարղանդում (1978) կայացած արևելյան երաժշտությանը (Մուղամ) նվիրված միջազգային գիտաժողովներում, ելույթներ է ունեցել Խորհրդային Միության 11 հանրապետություններում, ինչպես նաև ՝ Հունգարիայում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, Հունաստանում, Կիպրոսում, Իրանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում։

Նկարահանվել է «Սայաթ-Նովա» ֆիլմում (1960), հնչյունավորել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը (1968)։

Ներսիսյանը ժողգործիքների անսամբլներ է ստեղծել և ղեկավարել Երևանի պետական համալսարանում, Ավտոդողերի գործարանում, «Կանազ»-ի մշակույթի պալատում, Կույրերի միավորման մշակույթի պալատում, Քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումում, «Երարդշին» տրեստի ակումբում, ինչպես նաև Սևանում, Հրազդանում, Աշտարակում, Արտաշատում, Եղվարդում։

Երգեր

  • «Կարոտի երգ»
  • «Սեր չտվիր»
  • «Ելեք հայեր, ելեք քաջեր»
  • «Կռունկները շարան-շարան»
  • «Նախշուն աչեր»
  • «Մայրս է վանքում աղոթել»
  • «Երկիր Հայաստան»
  • «Հովերն առան սար ու դարեր...»
  • «Աշնան պղտոր, պղտոր ամպեն...»
  • «Անուշ յարս եղնիկ է...»
  • «Երանի նրան» և այլն ...

Պարեր

  • «Զանգեզուր»
  • «Եղեգնաձորցիներ»
  • «Արցախի աղջիկներ»
  • «Սպասում»
  • «Վերնաշենի»
  • «Արևիկ»
  • «Վերադարձի»
  • «Ծովինար»
  • «Խնջույքի» և այլն...

Նվագախմբային ստեղծագործություններ

  • «Էքսպրոմտ», «Կոնցերտային սկերցո» , «Գարնանային ղողանջներ» , «Ֆանտազիա Վայք» - քանոնի և ժող. գործիքների նվագախմբի համար
  • «Պոեմ նահատակների հիշատակին», «Սիրո անուրջներ», «Երգիր դուդուկ», «Հովվերգական և պար»- դուդուկի և ժող. գործիքների նվագախմբի համար
  • «Ռապսոդիա Սյունիք», « Վայոց ձորի նվագներ» - շվիի և ժող. գործիքների նվագախմբի համար
  • «Կոնցերտինո», «Լիրիկական մեղեդի», «Խոհեր» - թառի և ժող. գործիքների նվագախմբի համար
  • «Գլաձորի մեղեդի» , «Մտորումներ» ,«Հովվերգական»- քամանչայի համար և այլն...

Պարգևներ, մրցանակներ

  • «Սայաթ-Նովա -250» հանրապետական մրցույթի դափնեկիր, 1962 թվական («Գովք Սայաթ-Նովային» երգի համար )
  • «Ավետիք Իսահակյան -100» հանրապետական մրցույթի դափնեկիր, 1975 թվական («Կռունկները շարան-շարան» երգի համար )
  • Տարվա լավագույն երգի մրցանակ,1974 թ. («Ցնծության երգ»-ի համար)
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, 1978 թվական
  • Սայաթ-Նովայի անվան համահայկական մրցույթի դափնեկիր, 2000 թվական («Նախշուն աչեր» երգի համար )

Հիշատակ

2005 թվականին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Արվեստի դպրոցը անվանակոչվել է Խաչատուր Ներսիսյանի անունով։

Գրականություն

  • Վարուժան Պլուզյան, «Խաչատուր Ներսիսյան» մենագրություն, 2005 (խմբագիր՝ Հովհաննես Այվազյան)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13426
  2. «Խաչատուր Ներսիսյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին. Վերցված է 2019-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
  4. Խաչատուր Ներսիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ