Րաֆֆի Հովհաննիսյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Րաֆֆի Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Րաֆֆի Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1933(1933-10-23)
Լճաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 1990(1990-05-07) (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Րաֆֆի Գևորգի Հովհաննիսյան (հոկտեմբերի 23, 1933(1933-10-23), Լճաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 1990(1990-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, գուսանական և ժողովրդական երգերի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ (1978[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սևանի ավազանում գտնվող Լճաշեն գյուղում։ Սևանա լիճը և հայրենի գյուղը միշտ նրա սրտում էին։ Դա է պատճառը, որ մեծ նվիրումով ու սիրով էր կատարում Ալեքսանդր Ծատուրյանի «Հեյ Նավավար» երգը։

Ծնողները ևս լճաշենցիներ էին. հայրը՝ Գևորգ Հովհաննիսյանը, զոհվել էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ ֆիննական հեռուներում։ Հոր կերպարը ամբողջ կյանքում ուղեկցել է Րաֆֆուն, որի արդյունքում այնքան հուզական էր ստացվում Գուսան Աշոտի «Հուշարձաններ» երգի կատարումը, ինչն էլ կարծես նրա այցեքարտն էր դարձել։ Մայրը՝ Չնաշխարհիկ Հովհաննիսյանը, ամուսնուն կորցնելով, միայնակ մեծացրել է 5 զավակներին[2]։

Րաֆֆին սովորել է Լճաշենի միջնակարգ դպրոցում։ Չունենալով երաժշտական կրթություն, սակայն ունենալով անզուգական ձայն, ողջ մանկության ընթացքում լսելով հոր ու հորեղբայրների երաժշտական կատարումները՝ ընտրում է երգչի ուղին։ 1970-ականներին հրավիրվում է Հանրային ռադիոյի՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլ և երկար տարիներ մենակատարում անսամբլում[3]։

1980-ականներին ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը. Հանրապետության Հրապարակում էր՝ ժողովրդի կողքին, ժողովրդի սիրելի մարտական երգերը շուրթերին։ Սիրով էր կատարում «Զարթնիր, լաո» երգը, կոչ անում երգել Անդրանիկի, Գևորգ Չաուշի մասին, երաժշտությամբ բարձրացնել հայրենասիրական ոգին։

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆի Հովհաննիսյանը առանձնակի զգացմունքայնությամբ է կատարել հայ գուսանական, աշուղական և ժողովրդական երգերը։ Նրա երգացանկում առանձնանում են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նաղաշ Հովնաթանի, Ջիվանու, գուսաններ Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի ստեղծագործությունները։

Ձկնորսի երգը «Պեպո» ֆիլմից Խոսք՝ Եղիշե Չարենցի, երաժշտություն՝ Արամ Խաչատրյանի,

Վայ գիդի բլբուլս ժողովրդական երգ, մշակումը՝ Կոմիտասի,

Առանց յարի, առանց սերի Ժողովրդական երգ,

Հեյ նավավար Խոսք և երաժշտություն՝ Ալեքսանդր Ծատուրյանի,

Յիս քու ղիմեթը չի՞մ գիդի Խոսք և երաժշտություն՝ Սայաթ-Նովայի,

Աննման տարազով Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հավասու,

Քանի վուր ջան իմ Խոսք և երաժշտություն՝ Սայաթ-Նովայի,

Վարդերի մեջ, դարդերի մեջ Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հավասու,

Երգիր ինձ համար Խոսք՝ Աշոտ Գրաշու, Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի,

Ղարաբաղ Խոսք՝ Աշոտ Գրաշու, Երաժշտություն՝ Արմեն Մանդակունյանի,

Լանջեր մարջան Խոսք՝ Ավետիք Իսահակյանի, Երաժշտություն՝ Դանիել Ղազարյանի,

Ինչ իմանայի Խոսք՝ Ռոզա Մելիքյանի, Երաժշտությունը՝ Արտեմ Մեջինյանի,

Լավ լսեք ինձ Խոսք՝ Գեղամ Սարյանի, Երաժշտությունը՝ Աշոտ Սաթյանի։

Մահը և հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտովթարի արդյունքում ձեռք է բերում քաղցկեղ հիվանդություն։

1990 թվականի մայիսի 26-ն էր՝ ավագ որդի Սամվելի ծննդյան օրը։ Ծանր հիվանդությունը գամել էր Րաֆֆուն անկողնուն։ Որդին խնդրում է հորը, որ թույլ տա մոտեցնել նրան խնջույքի սեղանին։ Հրաժարվում է՝ ասելով ,- «Հենց հիմա' կգնաս հարազատներիդ մոտ և կշարունակե'ս ծնունդդ»։ Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, 57 տարեկանում մահանում է հայ աշուղների և գուսանների ստեղծագործությունների հուզախոհ մեներգիչ Րաֆֆի Հովհաննիսյանը[4]։

Իր իսկ խնդրանքով նրան թաղում են Լճաշենի գերեզեմնատանը։ Գերեզմանաքարին սիրելի «Լանջեր մարջան» երգի՝ Ավետիք Իսահակյանի տողերն են.

Հեյ ջա՜ն, հեյ ջա՜ն, լանջե՛ր մարջան,

Մատաղ լինի հոգիս ձեզ,

Ինձ էլ տարեք, ձեր գիրկն առեք,

Ծով դարդերս պատմեմ ձեզ:

2018 թվականին Լճաշենի մշակույթի տունն անվանակոչվեց լճաշենցիների շատ սիրելի երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի անվամբ[5]։

Նույն թվականին Երեւանում, Արամ Խաչատրյան համերգասրահում Րաֆֆի Հովհաննիսյանի որդի Արմեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, հարազատների և արվեստի երկրպագուների օժանդակությամբ կազմակերպվեց Րաֆֆի Հովհաննիսյանի 85-ամյակին նվիրված համերգ՝ «Հորս երգերը իմ հուշերում» խորագրով։ Համերգի ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և ունկնդիրների համար հայտնի ու սիրելի բազմաթիվ արվեստագետներ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ կատարեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած երգերը։

Հուշեր Րաֆֆի Հովհաննիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային ռադիոյի՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի երաժիշտները փաստում են Րաֆֆու յուրօրինակ հումորի մասին և պատմում, որ սովորություն ուներ համերգի ժամանակ ձեռքով բարձրախոսը փակելու։ Երբ համերգներից մեկի ժամանակ հարցնում են, թե ինչու է այդպես անում, Րաֆֆին պատասխանում է.

- Որպեսզի դահլիճի պատուհանները չկոտրվեն։

Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը պատմում է.

«Րաֆֆին չուներ կրթություն, չէր անցել երաժշտական «շկոլա» կոչեցյալը, ամեն ինչ սովորեց Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում։ Բայց նրա զրնգուն ձայնը միշտ մեր ականջներում է։ Կան բազմաթիվ երգեր, որոնց կատարման հարցում այդպես էլ ոչ ոք չկարողացավ նրան գերազանցել»:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժամանակին Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի տնօրեն Սերգեյ Առաքելյանը պատմում է.

«Րաֆֆին անսամբլ հրավիրվեց 1970-ականների սկզբներին, երբ բարձրակետին էին անկրկնելի երգիչներ, և կար ումից սովորելու բացառիկ հնարավորություն։ Իսկապես, չեմ երկմտում ասել, որ Րաֆֆին բնատուր տաղանդով օժտված երգիչ էր, որի մոտ բացակայում էր առնական, հնչեղ ու զուլալ ձայնով զարմացնելու, պատրանք ստեղծելու տենչը։ Դժվար կյանքով ապրած և բնատուր շնորհից երբեք երես չառած արվեստագետը ապավինեց իր ներքին ձայնին, իր մեջ կուտակված ժողովրդական իմաստնությանը՝ անվերջ լսելու եւ սովորելու կարողությանը, մեծին աշակերտ լինելու քչերին տրված շնորհին։ Բնությունից կրթվածություն ժառանգած Րաֆֆին ավագների կատարողական արվեստի պաշտամունք ուներ, ներկա էր լինում նրանց բոլոր փորձերին, լսում ձայնագրությունները։ Բնական է, որ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Մանվել Բեգլարյանը սկզբնական շրջանում Րաֆֆիին պիտի առաջարկեր հանդես գալ կամ ձայնագրվել անվանի երգիչների արդեն կատարած և մեծ ժողովրդականություն վայելող երգերով։ Մեծ էր զարմանքը, երբ նրբանկատ, նոր-նոր կարիերա սկսող երգիչը հրաժարվեց այդ գայթակղությունից ու համեստորեն արդարացավ՝ ես սնվել ու մեծացել եմ մեր մեծանուն երգիչների երգերով, եւ պարկեշտ չէ նրանց կողքին ու նրանց ներկայությամբ կատարել երգեր, որոնց պարզապես կյանք են տվել նրանք, դա առնվազն ազնիվ չէ։ Այդպիսին էր սկսնակ երգիչ Րաֆֆին։ Ու Րաֆֆին երգեց ի՛ր երգը, հատուկ իր ձայնի ու կատարողականության համար գրված ստեղծագործություններ, որից շահեց ե՛ւ ինքը, ե՛ւ ստեղծագործության հեղինակը։ Երգչի կատարմամբ մեծ ճանաչում ունեցան Արտեմ Մեջինյանի, Խաչատուր Ներսիսյանի, Հրանտ Թորոսյանի երգերը»:


Երգչի ավագ որդի Սամվել Հովհաննիսյանը հիշում է.

«Ճանապարհ էինք գնում։ Հասանք Արմավիրի մարզ, լավ երևում էր Արարատը։ Կանգնեցրեց ավտոմեքենան, իջավ ու երկար նայում էր Արարատին։ Հանկարծ խիստ ոգեշնչված սկսեց երգել։ Երբեք հորս այդքան հուզված չէի տեսել։ Երգեց ինքնամոռաց, այնքան ոգեղեն, որ կարծես վերջին անգամ էր երգում։ Վերջացրեց և ասաց.

-Այ հիմա հանգստացա. ես երգեցի, Մասիսը լսեց»։     

Որդիներից Արմեն Հովհաննիսյանն էլ հավելում է.

«Հայրս բավականին խստապահանջ մարդ էր, իր երգերն էլ եղել են սրտից եկող երգեր, ամեն երգ չէր երգում։ Եղել է լավ հայր, լավ պապիկ, լավ ընկեր, ճշտապահ էր, ճշտախոս, սուտն ու կեղծիքը չէր ներում։ Փոքր ժամանակից երազում էի հորս նման լինել։ Նրանից ներշնչվեցի ու ես էլ սկսեցի երգել։ Կարծես թե գնում եմ հենց նրա ճանապարհով»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննիսյան, Արմեն (22 Հոկտեմբեր, 2018). ««Հորս երգերը իմ հուշերում». համերգ՝ նվիրված ժողովրդական երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի 85-ամյակին». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  2. Մարտիրոսյան, Գրիգոր (2015). Լճաշենցիները Լճաշենի մասին. Երևան: «Զանգակ» հրատ.
  3. Դանիելյան, Սամվել (25.10.2018). ««Անքեն էր Րաֆֆին, բարի, ազնիվ, օժտված՝ իրեն հատուկ հումորով»». Առավոտ.
  4. «Երգ երգոց». Հանրային հեռուստաընկերություն. 01.11.2015.
  5. Գեղարքունիքի, մարզպետարան (2018 թ․ հոկտեմբերի 22). «Առավոտ». www.aravot.am. Առավոտ. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.