Jump to content

Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կայքfolkmusicdance.am

Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլ, ստեղծվել է 1987 թվականին բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավել է իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով՝ ի նշան խորհրդային երկրների բարեկամության։ Հայկական ազգային պարը անսամբլի միջոցով ներկայացվել է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծել են նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում։

Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռուբեն Ալթունյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Գրիգոր Հախինյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումների հիման վրա։ Բացի ժողովրդական, հայ դասական կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների վրա բեմադրված պարերից, բեմադրվել են նաև պարային համարներ Մոցարտի, Ալեքսանդր Բորոդինի, Էլթոն Ջոնի, Կարլ Օրֆի և այլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա։

Անսամբլում բեմադրվել են հետևյալ պարերը՝ «Հոյ Նազան», «Ալ-Այլուղս», «Ազգագրական պարերի շարք», «Գյումրվա շորոր», «Սիրեցի, յարս տարան», «Թամզարա», «Մեր Դարը», Արամ Խաչատրյանի «Լեռնեցիներ», «Վարդագույն աղջիկներ», «Լեզգինկա», «Գարուն Երևան», «Ուզունդարա», Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Չինարես», Խաչատուր Ավետիսյանի «Զարթոնք», Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն», Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր», Խաչատուր Ներսիսյանի «Խաղ-պար», Տիգրան Մանսուրյանի «Մեղեդի», «Գարուն», Ավետ Տերտերյանի «Եռաբլուր», Գաբրիել Երանյանի «Կիլիկիա», Սայաթ-Նովայի «Էշխեմեդ», «Աշխարհումս», Գրիգոր Եղիազարյանի «Վաղարշապատ» և այլն։ Բեմադրվել են նաև այլ ազգերի պարեր՝ ուկրաինական, լիտվական, վրացական, մոլդավական, գնչուական, ռուսական, ուզբեկական, հունական, արաբական, հրեական, իսպանկան, հնդկական, բելոռուսական, իտալական, բուլղարական, Գրիգոր Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ալեքսանդր Բորոդինի «Պոլովեցյան պարեր», Ռոմեն Դավթյանի, Գրիգոր Եղիազարյանի, Էդուարդ Բաղդասարյանի «Մարո», Արամ Խաչատրյանի «Շամիրամի տեսիլքը», Կոմիտասի, Ալան Հովհաննեսի, Յոհան Սեբաստիան Բախի «Արշիլ Գորկի» մեկակտանի խորեոգրաֆիկ նեկայացումները, Էլթոն Ջոնի «Ճանապարհ», Լորիս Ճգնավորյանի «Վերջին Կենտավրոսի մահը», Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա», Ավետիս Բերբերյանի «Մենություն» բեմադրությունները։

Հյուրախաղերով անսամբլը հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Իրան, Չինաստան, Լիբանան, Ֆրանսիա, Իսրայել, ԱՄԷ, Ռուսաստան, Անգլիա, Սիրիա, Հնդկաստան, Գերմանիա, Ուկրաինա, ԱՄՆ, Եգիպտոս։

2009 թվականին անսամբլը ներգրավվել է «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքներում /բեմադրիչ` Յուրի Գրիգորովիչ/:

2008թ. անսամբլն արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման։

2013թ. անսամբլը մասնակցել է «Super Dance from folk to modern» պարի միջազգային փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի։ 2015թ. իրականացրել է «Երգենք և պարենք հանուն խաղաղության» փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է «Բարեկամութան կամուրջներ» խաղաղասիրական համերգը` Եվրոպայից և Արևելյան գործընկերության 8 երկրներից ժամանած 40 երիտասարդ արտիստների մասնակցությամբ։ Նույն թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում շվեդական արքայական բալետի և Բավարիայի պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ «Հզոր զգացմունքներ» պարային շոուի հետ ներկայացել է «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերայով։

2019թ. անսամբլ պետական այցով մեկնելլ է Պեկին` մասնակցելու «Ասիական քաղաքակրթական ֆորում» գալա-համերգին։ Նույն թվականին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ներկայացրել է պրեմիերա՝ «Մարո» պոեմի հիման վրա ստեղծված համանուն մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։

2021թ. անսամբլի պարացանկը համալրվել է «Լույս ի լուսո» խորեոգրաֆիկ ներկայացումով՝ նվիրված ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին, իսկ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված պետական միջոցառման շրջանակներում ներկայացրել է պրեմիերա՝ «Անկախության կերտում» բեմադրությունը։ 2022թ. «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում անսամբլը ներկայացրել է պրեմիրերա` առասպելաբանական հնագույն վեպի հիման վրա ստեղծված «Լեգենդ Հայկի մասին» մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումը։

Անսամբլում խորեոգրաֆիկ բեմադրություններ է իրականացրել նաև բալետի արտիստ, բալետմայստեր Արսեն Մեհրաբյանը։

2022 թվականին անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։

2024 թվականին անսամբլի գեղարվեստական մասով խորհրդական է նշանակվել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանն, իսկ գլխավոր բալետմայստեր՝ Զոհրաբ Բակալյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Zarkfoundation - Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլ». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]