Ձյունահովազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրբիս
Ձյունահովազ
Ձյունահովազ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Պանտերա
Տեսակ Ձյունաընձառյուծ Ձյունահովազ
Լատիներեն անվանում
Uncia uncia
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Ներկա տարածվածությունը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183804
NCBI 9691
EOL 1270484

Իրբիս, կամ ձյունահովազ, կամ ձյունաընձառյուծ[1] (լատին․՝ Uncia uncia, ըստ այլ դասակարգման — Panthera uncia), կատվազգիների ընտանիքի խոշոր գիշատիչ կաթնասուն է, որը բնակվում է Կենտրոնական Ասիայի լեռնազանգվածներում։ Իրբիսն աչքի է ընկնում բարակ, երկար, ճկուն մարմնով, համեմատաբար կարճ թաթերով, ոչ մեծ գլխով և շատ երկար պոչով։ Չափահաս արուները պոչի հետ հասնելով 220—280 սմ երկարության, քաշը հասնում է 100 կգ, բարձրությունը 80 սմ։ Մորթին բաց մոխրա-ծխագույն է՝ օղակաձև և համատարած մուգ բծերով։ Բնակության դժվարհասանելիության և տեսակի ցածր խտության պատճառով, նրա շատ անատոմիական հատկանիշներ դեռ լավ չեն ուսումնասիրվել։ Ներկա պահին իրբիսների քանակը շատ քիչ է, 20-րդ դարում այն գրանցվել է IUCN Կարմիր գրքում, ինչպես նաև այլ երկրների պաշտպանական փաստաթղթերում։ 2015 թվականի դրությամբ իրբիսների որսը արգելված է։ Ձյունաընձառյուծներ ապրում են 16–24 տարի։

Ծագումը և անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրբիս» անունը ռուս առևտրական-մորթեգործները թյուրքական որսորդներից փոխառել են դեռևս 17-րդ դարում։ Տուվայում այս կենդանուն անվանում են իրբիշ, Ալմա-Աթայից արևելք՝ Չինաստանի հետ սահմանին՝ իրվիս, մոնղոլերեն՝ իրվես, իսկ թյուրերեն՝ իրբիս[2]։

18-րդ դարում, բայց ակնհայտ է նաև ավելի շուտ, Սիբիրում, հետագայում նաև Կենտրոնական և Միջին Ասիայում «հովազ» անունը, որով անվանում էին ընձառյուծին, ժողովրդական խոսակցությունում սկսեց վերագրվել իրբիսին (Uncia uncia)։ Երկու տեսակի նմանության պատճառով դա շատ բնական էր։ Սակայն, մուշտակների առևտրում 17-րդ դարում հիշատակվում է նաև «իրբիզ»։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ռուսական կենդանաբանական գրականությունում Uncia uncia-ին ամրացել են ձյունահովազ (անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի նմանությամբ) և իրբիս (թյուրերենից և մոնղոլերենից) անվանումները։ «Հովազ» տերմինը մնաց ընձառյուծի վրա (Panthera pardus)[3]։

Ուսումնասիրման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հիշատակումը և պատկերը՝ «Once» վերնագրով, տվել է Ժորժ Բյուֆֆոնը՝ 1761 թվականին։ Նշվում է, որ նա ապրում էր Պարսկաստանում և վարժեցվում էր որսի համար[4]։

Առաջին գիտական նկարագրությունը՝ Felis uncia անունով, տվել է գերմանացի բժիշկ և բնագետ Յոհան Շրեբերը՝ 1775 թվականին։ Ավելի ուշ, 1830 թվականին, տեսակը նկարագրել է Քրիստիան Էրենբերգը՝ Felis irbis անվամբ[5]։ 1855 թվականին Թոմաս Հորսֆիլդը նրան նկարագրում է Felis uncioides անվան տակ[3]։

Իրբիսի կառուցվածքի և տարածվածության մասին որոշակի գիտական ինֆորմացիան կուտակվել է մոտ երկու դարի ընթացքում։ Իրբիսի ուսումնասիրմանը մասնակցել են հայտնի գիտնականներ, ինչպիսին են Նիկոլայ Պրժևալսկին և Պիտեր Պալասը[6]։ 20-րդ դարում տեսակի մասին ինֆորմացիան լրացրել են Ա․ Տուգարինովը, Ս․ Օգնյովը և այլք։ Ավելի ուշ, իրբիսին վերաբերվող կարևոր ինֆորմացիաներ հանդեսացել են Վ․ Հեպտների և Ա․ Սլուդսկիյի տեղեկագրերը՝ 1972 թվականին։ Հետագայում կենսաբանության մասին առանձին տեղեկություններ հայտնվել են Լ․ Սոպինի, Մ․ Սմիրնովի, Ա․ Ֆեդոսենկոյի, Վ․ Նիկիֆորովի, Դ․ Մեդվեդևի, Գ․ Սոբանսկիի, Վ․ Շիլովի, Բ․ Շերբակովի, Ն․ Մալկովի, Ն․ Սոչինի և այլոց աշխատւոթյուններում[6]։

Սիստեմատիկան և ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային քարացուկները, որոնք թվագրվում են ուշ Պլեյստոցենի ժամանակաշրջանին, հայտնաբերվել են միայն Ալթայում և Մոնղոլիայի արևմտյան սահմանին։ Սակայն, ավելի ուշ Պակիստանի հյուսիսում հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս տվյալ տարածքում տեսակի տարածվածությունը, հավանաբար, 1,2-1,4 միլիոն տարի առաջ, այսինքն ցույց տալիս տեսակի ավելի վաղ ծագումը։

Իրբիսը պատկանում է Uncia ցեղատեսակին, որը մորֆոլոգիական և վարքային հատկանիշներով միջին դիրք է զբաղեցնում մեծ (ցեղատեսակ Panthera) և փոքր կատվազգիների միջև։ Այս տեսակը համարվում է ցեղատեսակի միակ պահպանված տեսակը[6]։

Առաջ իրբիսին դասում էին Պանտերաների (Panthera) ցեղատեսակին՝ խոշոր կատուների հետ միասին, սակայն վելի ուշ նրան առանձնացրեցին Ձյունահովազների (Uncia) ցեղի մեջ։ Գանգի կառուցվածքով իրբիսը ավելի շատ է տարբերվում Panthera ցեղի ներկայացուցիչներից, քան այդ ցեղի բոլոր տեսակները միմյանցից՝ ցանկացած համակցությամբ վերցված։ Դրա հետ միասին, ձյունահովազը օժտված է մի շարք մորֆոլոգիական և էթոլոգիական հատկանիշներով, որոնք բնորոշ են ինչպես Պանտերայի ներկայացուցիչներին, այնպես էլ փոքր կատուներին (Felinae)։ Օրինակ, նրա գանգի ուղեղային մասը կառուցվածքով նման է Felis ցեղի խոշոր ներկայացուցիչների գանգին, դրա հետ մեկտեղ ունեն ենթալեզվայի ոսկոր, որը բնորոշ է Panthera ցեղի ներկայացուցիչներին[3]։

Արտաքին նմանության պատճառով հովազը համարվում էր ընձառյուծի ազգակիցը, սակայն գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ավելի շատ նման են վագրերին, որից հետո նրան կրկին սկսեցին դասել Պանտերաների շարքը[7]։ Սակայն, իրբիսի կարգաբանական դիրքը մնում է մինչև վերջ չուսումնասիրված, շատ գիտական աղբյուրներ մինչև հիմա նրան դասում են առանձին՝ Uncia ցեղի մեջ[7]։

Իրբիսի հավանական ծագումնաբանությունը
по McKenna & Bell, 1997 и Nowak, 1991 (ձախից)[8] и ըստ Stephen O’Brien и Warren Johnson, 2006[9]
Pantherinae

Neofelis (Ծխաինձ)

Panthera

Panthera combaszoe

Panthera schaubi (Viretailurus schaubi)

Uncia uncia (Իրբիս)

 (Panthera)

Panthera crassidens

   Panthera    1 =

 Panthera leo (Առյուծ)

 Panthera pardus (Ընձառյուծ)

 Panthera onca (Յագուար)

 Panthera tigris (Վագր)

 Panthera uncia (Իրբիս)

Չնայած լայն և մասնատված արեալին, մասնագետների մեծամասնությունը իրբիսի ենթատեսակներ չեն առանձնացնում։ Սակայն, որոշ սիստեմատիկներ առաջարկում էին առանձնացնել մի քանի ենթատեսակներ, որոնք բնակեցնում են տարբեր աշխարհագրական շրջաններ։ Օրինակ, U. u. uncia, որը բնակվում է Կենտրոնական Ասիայի, Մոնղոլիայի և Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում, և U. u. uncioides՝ Չինաստանի և Հիմալայների արևմուտքից[10]։ Այս ենթատեսակները չեն ընդունվում, և համարվում են չգործող[5]։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատաբար խոշոր կատու է։ Ընդհանուր տեսքով նման է ընձառյուծի, բայց նրանից փոքր է, ավելի կարճլիկ, երկար պոչով և աչքի է ընկնում երկար մորթիով՝ խոշոր, մուգ բծերի և վարդազարդերի անհասկանալի պատկերներով։ Իրանը ուժեղ ետ քաշված է և գետնահար, սրբոսկրի հատվածում քիչ բարձրացած։ Մարմնի երկարությունը գլխի հետ կազմում է 110—160 սմ, պոչի երկարությունը 90—120 սմ[3][4]։ Ուսի հատվածում հասակը մոտ 60—83 սմ է[4].։ Արուները էգերից մի փոքր խոշոր են[11][12]։ Արուների մարմնի զանգվածը կազմում է 50—110 կգ, էգերինը՝ 30—70 կգ[4]։

Մորթին հաստ է, շատ խիտ և փափուկ, նրա երկարությունը մեջքի վրա կազմում է 55 մմ[4]։ Այն ապահով է պաշտպանությունը՝ բնակության միջավայրի խիստ ցուրտ պայմաններից։ Բրդի խտությամբ իրբիսը տարբերվում է բոլոր խոշոր կատուներից և ավելի նման է փոքր կատուներին[3]։

Մորթու ընդհանուր գույնը գորշ-մոխրագույն է, առանց դեղին և շեկ գույնի խառնուրդի[4] (դեղնավուն գույնը նկատվել է անազատության մեջ սպանված որոշ առանձնյակների մոտ)։ Մեջքի և կողերի վերին մասի գունավորումը բաց-մոխրագույն է, գրեթե սպիտակ, ծխագույն երանգով։ Կողի ստորին մասը, փորը և վերջույթների ներքին մասերը մեջքից բաց գույնի են։ Ընդհանուր բաց-մոխրագույն ֆոնի վրա ցրված են խոշոր բծեր՝ վարդակի տեսքով, որի մեջ կան ավելի փոքր բծեր, և փոքր համատարած բծեր՝ սև և մուգ-մոխրագույն գունավորմամբ։ Բծավոր նախշը համեմատաբար գունաթափ է, կազմված է աղոտ բծերից, որոնցից ավելի խոշորների տրամագիծը հասնում է 5 սմ-ից[4] մինչև 7-8 սմ[3]։ Տարբեր չափերի բծերը տարածված են գլխի (դրանցից ամենափոքրերը), պարանոցի և ոտքերի (ավելի խոշորները դեպի ներքև փոքրանում են) վրա, որտեղ օղակները բացակայում են։ Մեջքի հետին հատվածում բծերը միաձուլվում են, առաջացնելով կարճ լայնական շերտագծեր։ Օղակաձև բծերի միջև գտնվում են ավելի փոքր բծերը։ Խոշոր օղակները պոչի հետին հատվածը ընդգրկում են լայնակի կիսաօղակով։ Պոչի ծայրը սև է։ Մուգ բծերը սև են, բայց մուգ-մոխրագույն են երևում[3]։ Ձմեռային մորթու ընդհանուր ֆոնի գունավորումը շատ բաց է, մոխրավուն, գրեթե սպիտակ, ծխագույն երանգով, որը ավելի լավ է երևում մեջքի և կողերի վերին հատվածում, այդ թվում հնարավոր է զարգանալ նաև դեղնավուն երանգ[3]։ Այսպիսի երանգավորումը գերազանց կերպով քողարկում է կենդանուն իր բնակության միջավայրում՝ մուգ քարերի, ժայռերի, սպիտակ ձյան և սառույցի միջավայրում։ Ամառային մորթու գունավորման ընդհանուր ֆոնը բաց գույնի է, գրեթե սպիտակ և սև բծերի ցայտուն դրսևորմամբ։ Ծխագույն երանգը ամռանը քիչ է արտահայտված, քան ձմռանը[3]։ Կա ինֆորմացիա, որը հետագա հաստատման կարիք ունի[3], ըստ որի տարիքի հետ նրանց մորթին ավելի է աղոտանում, դառնալով ավելի թույլ արտահայտված և պղտոր[4]։ Երիտասարդ առանձնյակների մոտ բծային նախշը ավելի վառ է արտահայտված, իսկ բծերի գույնը ավելի մուգ է, քան մեծ առանձնյակների մոտ։ Գունավորման սեռական դեմորֆիզմը արտահայտված չէ։ Աշխարհագրական փոփոխականությունը բացակայում է, իսկ եթե արտահայտվում է, ապա շատ թույլ։ Այս փոփոխականության թույլ արտահայտվածությունը պայմանավորված է տեսակի նեղ արեալով։ Իրբիսը բավականին պահպանողական տեսակ է և արեալի ամբողջ տարածքում ձգտում է զբաղեցնել միևնույն բնական պայմանները և միջավայրը[3]։

Իրբիսի գանգը

Գլուխը մարմնի համեմատ փոքր է, կլորավուն։ Ականջները կարճ են, կլորացած, ձմեռը գրեթե ամբողջությամբ մազով ծածկված։ Բաշը և այտամորուքը զարգացած չեն։ Իբրիսները սև ու սպիտակ են, մինչև 10,5 սմ[3]։ Աչքերը խոշոր են, կլոր ակնակապիճներով։

Գանգը համեմատաբար հզոր է՝ թմբերով և թիերով, լավ զարգացած այտոսկրի կամարներով, սակայն ավելի քիչ զանգվածային և ծանր, քան կատվազգիների ցեղի այլ ներկայացուցիչներինը[3]։ Արուների գանգի երկարությունը 18-19 սմ է, կոնդիլոբազալային երկարությունը 16,5-17,3 սմ, այտոսկրային լայնությունը 12-13,5 սմ, միջաչքային հեռավորությունը 4,3-4,7 սմ, ժանիքների ծայրերի միջև հեռավորությունը 4,8-5,3 սմ, վերին ատամնաշարի երկարությունը 5,8-6,3 սմ[4]։

Մեծահասակ իրբիսը, ինչպես և կատվազգիների մեծամասնությունը, ունի 30 ատամ։ Վերին և ստորին ծնոտներին 6-ական կտրիչներ, 2-ական ժանիքներ; վերին ծնոտին 3 զույգ փոքր և 1 զույգ մեծ սեղանատամներ, ստորին ծնոտին 2 զույգ փոքր և 1 զույգ մեծ սեղանատամներ։ Ատամների բանաձևն է՝ ։ Երկար և շարժուն լեզուն կողքերից ծածկված է հատուկ թմբիկներով, որոնք պատված են եղջերացած էպիթելով և թույլ են տալիս տարբերել զոհի միսը և ոսկրերը։ Այս թմբիկները օգնում են նաև «լվացմանը»։

Պոչը շատ երկար է, գերազանցում է մարմնի երեք քառորդ մասը, ծածկված է շատ երկար մազերով, այդ պատճառով էլ հաստ է թվում (տեսողապես այդ հաստությունը գրեթե հավասար է իրբիսի ուսային լայնությանը[4])։ Ցատկելու ժամանակ լծակի դեր է կատարում։ Վերջույթները համեմատաբար կարճ են։ Թաթերը լայն են և զանգվածեղ։ Ճանկերը ներքաշվող են։ Ոտնահետքերը մեծ են, կլոր և առանց ճանկերի հետքի։

Ձյունահովազը, ի տարբերություն այլ խոշոր կատվազգիների, չի կարող մռնչալ, չնայած ենթալեզվային ոսկրի առկայությանը, որի շնորհիվ, ինչպես համարվում էր, կատվազգիները կարողանում են մռնչալ։ Նոր հետազոտություններից պարզ է դարձել, որ կատվազգիները կարողանում են մռնչալ կոկորդի այլ անատոմիական առանձնահատկության շնորհիվ, որը բացակայում է իրբիսի մոտ[7]։ Ձայնային ապարատի նմանության հետ մեկտեղ, բառաչ-մռնչոցը բացակայում է։ «Մլավոցը» կատարվում է ինչպես ներշնչման, այնպես էլ արտաշնչման ժամանակ՝ մանր կատուների նման (Felis)։ Զոհի պատառումը կատարում է մեծ կատուների նման, իսկ ուտելու ժամանակ ընդունած դիրքը նման է փոքր կատուների դրրքին[3]։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրբիսը բացառապես ասիական տեսակ է։ Հովազի արեալը կենտրոնական և հարավային Ասիայում զբաղեցնում է լեռնային տարածքները՝ 1 230 000 կմ² տարածքով և ծավալվում է հետևյալ երկրների տարածքներով․ Աֆղանստան, Մյանմա, Բութան, Չինաստան, Ղազախստան, Կիրգիզիա, Մոնղոլիա, Նեպալ, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Աշխարհագրական տարածումը ձգվում է Աֆղանստանի արևելյան Գինդուկուշայից և Սիրդարիից՝ անցնելով Պամիրի, Տյան Շանի, Կարակորումի, Քաշմիրի, Կունլունի և Հիմալայների լեռնաշղթաները, մինչև հարավային Սիբիր, որտեղ արեալը ծածկում է Ալթայի, Սայանի, Տանու-Օլայի լեռները։ Մոնղոլիայում նա հայտնաբերվել է Մոնղոլյան Ալթայում, Գոբինյան Ալթայում և Հանգայ սարում։ Տիբեթում նկատվում է հյուսիսում՝ մինչև Ալտունշան[12][13][14][15]։

Ռուսաստանի տարածքում գտնվում է ներկայիս համաշխարհային արեալի չնչին մասը՝ մոտ 2-3 %[6] և իրենից ներկայացնում է նրա հյուսիսարևմտյան և հյուսիսային ծայրը[3]։ Իրբիսի բնակության միջավայրը Ռուսաստանում կազմում է 60 000 կմ²։ Նա հանդիպում է Կրասնոյարսկի երկրամասում, Հակասիում, Տիվայում, Ալթայում, Արևելյան Սայանի լեռնաշղաթայում[4][6], մասնավորապես Տունկինյան Գոլցիի և Մունկու-Սարդիկ լեռներում[16]։ Սակայն վերջերս Ռուսաստանի տարածքում[6] նկատվում է իրբիսի արեալի կրճատում և մասնատում, սակայն որոշ հատվածներում նկատվում է նաև խտության մեծացում՝ քարայծերի պոպուլյացիաների մեծացման հետ մեկտեղ[16]։

Հյուսիսում և հյուսիս-արևելքում իրբիսը հանդիպում է Տյան Շանի լեռնաշղթայի բոլոր լեռներում, հարավում՝ Կուրամինյան և Ֆերգանյան լեռները, որոնք սահմանափակում են Ֆերգարյան դաշտավայրը, արևմուտքում՝ Չատկալի, Պսկեմսկի, Ուգամսկի և Տալասկի լեռների արևմտյան մասերում։

Ալթայում իրբիսը տարածված է ծայրային հարավում, որտեղ արեալը ընդգրկում է Չուսկայի անապատը, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասամբ հարավի գլխավոր գագաթները, կենտրոնականի մի մասը, արևելյան և հյուսիսարևելյան Ալթայը և նրանց հետ կապված լեռնազանգվածները[3]։

Բնակության տարածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթայի լեռնալանջերը՝ բնակության տիպիկ միջավայր

Իրբիսը համարվում է Կենտրոնական և Միջին Ասիայի բարձր ժայռոտ սարերի ֆաունայի տիպիկ ներկայացուցիչը։ Մեծ կատուների մեջ իրբիսը համարվում է բարձրալեռնային միակ մշտական բնակիչը[6]։ Նա առավելապես բնակեցնում է ալպյան մարգագետինները, անանտառ քարափները, ապառաժները, զառիթափ կիրճերը և հաճախ հանդիպում է ձնային գոտում։ Բայց, դրա հետ մեկտեղ այդ շրջաններից բացի իրբիսը զբաղեցնում է նաև ավելի ցածրադիր վայրերը՝ ծառային և թփային բուսականության գոտիներ։

Բարձր սարերի վերին գոտիները զբաղեցնելով, իրբիսը գերադասում է բաց սարահարթերը, թեք ապառաժները և նեղ հովիտները՝ ծածկված ալպյան բուսականությամբ, որոնք հերթափոխվում են ապառաժոտ կիրճերով, քարաժայռերի և փլվածքների կույտերով։ Լեռնաշղթաները, որտեղ հիմնականում ապրում են ձյունահովազները, որպես օրենք, բնորոշվում են մեծ թեքությամբ, խոր կիրճերով և ապարներով։ Իրբիսները կարող են հանդիպել նաև հարթ տարածքներում, որտեղ թփերը և քարակույտերը ապահովում են նրա հանգիստի ապաստարանը։ Ձյունահովազները հիմնականում բնակվում են անտառներից վերև, բայց ձմռանը հանդիպում են նաև անտառներում։

Բնակատեղին գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից 1500-4000 մետր բարձրությամբ բիոտոպում։ Երբեմն հանդիպում է հավիտենական ձյան սահմաններում, իսկ Ալիչուրայի վերին հոսանքում՝ Պամիրեայում, նրա հետքերը, նույնիսկ ձմռանը, մի քանի անգամ տեսել են համաշխարհային օվկիանոսի մակարդակից 4500-5000 մետր բարձրության վրա։ Հիմալայներում իրբիսը նկատվել է համաշխարհային օվկիանոսի մակարդակից 5400-6000 մետր բարձրություններում և համաշխարհային օվկիանոսի մակարդակից 2000-2500 մետրից ցածր տարածքներում։ Ամռանը մեծ մասամբ գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից 4000-4500 մետր բարձրության վրա[3]։

Թուրքմենստանի լեռնաշղթայի լանջերում ամռանը նրան հանդիպել են, բացառապես, համաշխարհային օվկիանոսի մակարդակից 2600 մետր և ավելի բարձր տարածքներում։ Այստեղ իրբիսը գտնվում է ապառաժներում[3]։ Իսկ Տալասյան Ալա-Տոոյում նա բնակվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից 1200[4]-1800 և 3500 մետր կլիմայագոտիներում[3]։ Ջունգարյան Ալատայում այն հանդիպում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից 600-700 մետր բարձրություններում[4]։

Կյունգեյ-Ալա-Տոոյի լեռնաշղթայում ամռանը հազվադեպ հանդիպում է փշատերև անտառներում ( 2100—2600 մետր) և հատկապես ալպյան մասերում ( 3300 մ)։ Ձյունահովազը Զաիլյան Ալտայում և Կենտրոնական Տյան Շանում ամռանը բարձրանում է մինչև 4000 մետր և ավելի, իսկ ձմռանը իջնում է մինչև 1200 մ[3]։ Սակայն իրբիս ոչ բոլոր տեղերում է համարվում բարձրալեռնային կենդանի, մի շարք տարածքներում նա կլոր տարի բնակվում է ոչ բարձր լեռներում և բարձրադիր տափաստաններում՝ 600-1500 մետր բարձրություններում, մնալով, ինչպես բարձրալեռներում, ապառաժոտ կիրճերում, զառիթափ լանջերում, այնտեղ, որտեղ բնակվում են այծերը և արխարները։ 600-1000 մետր բարձրություններում իրբիսը կլոր տարի բնակվում է Ջունգարյան Ալատայի, Ալտինեմելի, Չուլակի և Մատայի լեռնաճյուղերում[3]։

Ամռանը, իր հիմնական զոհի հետ միասին, իրբիսը բարձրանում է մերձալպյան և ալպյան գոտիներ։ Ձմռանը, երբ նստում է ձյան մեծ շերտ, իրբիսը իջնում է լեռների միջին հատվածներ՝ հաճախ փշատերևային անտառներ։ Սեզոնային գաղթը բնորոշվում է շատ հաճախ և պայմանավորված է նրա հիմնական զոհի՝ սմբակավորների միգրացիաների հետ[3][4]։

Կենսաբանություն և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրեն առավել ակտիվ է զգում մթնշաղին, հաճախ նաև ցերեկը։ Մեծ մասամբ որս է անում մայրամուտից առաջ և առավոտյան՝ արևածագին։ Արեալի հարավում, օրինակ, Հիմալայներում, իրբիսը որսի է դուրս գալիս միայն մայրամուտից առաջ։ Ցերեկը իրբիսները գերազանցապես հանգստանում են, քնում, պառկում են քարերի վրա։ Որջը սարքում են քարանձավներում և ապառաժների ծերպանցքներում՝ քարակույտերի մեջ, հաճախ կախված սալաքարերի տակ և այլ նմանատիպ վայրերում, որտեղ առավոտյան թաքնվում են։ Հաճախ իրբիսը միևնույն որջը զբաղեցնում է մի քանի տարի։ Կիրգիզյան Ալթայում հայտնի են դեպքեր, երբ իրբիսը առավոտյան հանգստանում է սև անգղերի մեծ բներում, որոն տեղակայված են ցածր գիհիների վրա[3]։

Տարածքային և սոցիալական վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն իրբիսները տերիտորիալ կենդանիներ են, որոնք վարում են առավելապես միայնակ կենսակերպ (սակայն հանդիպում են նաև ընտանիքային ձևեր), թեև էգերը ձագերին կերակրում են երկար ժամանակի ընթացքում։ Յուրաքանչյուր ձյունահովազ ապրում է խիստ որոշակի անհատական տարածքում։ Սակայն տարածքը, տեսակի մյուս առանձնյակներից ագրեսիվորեն չի պաշտպանում։ Արուների անհատական տարածքը կարող է վերածածկել մինչև երեք էգերի անհատական տարածքներ[17]։ Իրենց տարածքները իրբիսները նշում են տարբեր կերպերով։

Ինդիվիդուալ տարածքները կարող են զգալի կերպով տարբերվել։ Նեպալում, որտեղ որսը շատ է, այդ տարածքը կարող է համեմատաբար փոքր լինել՝ 12 կմ² - 39 կմ² տարածքով, իսկ 100 կմ² վրա կարող են ապրել 5-10 կենդանիներ։ Քիչ քանակությամբ որսի պարագայում 1000 կմ² վրա ապրում են ընդամենը 5 առանձնյակ[17][18]։

Իրբիսը պարբերաբար կատարում է իր որսորդական շրջանի շրջայց, այցելելով վայրի սմբակավորների ձմեռային արոտավայրեր և բնակատեղեր։ Դրա հետ մեկտեղ նա տեղաշարժվում է, միշտ հետևելով միևնույն երթուղուն։ Արոտավայրերը շրջանցելու կամ վերին գոտիներից իջնելու ժամանակ ձյունահովազը հետևում է այն ուղուն, որը սովորաբար ձգվում է լեռնաշղթայի կամ գետի երկայնքով։ Այդպիսի ճանապարհների երկարությունը շատ մեծ է, այդ պատճառով օրվա ընթացքում իրբիսը մի քանի անգամ հայտնվում է նույն տեղում[3]։

Կենդանին թույլ է հարմարված խոր, փխրուն ձյան ծածկույթի վրա տեղաշարժվելուն։ Այն վայրերում, որտեղ փուխր ձյուն է նստած, իրբիսները մեծ մասամբ գնալ-գալով կածաններ են բացում, որոնցով բավական երկար ժամանակ տեղաշարժվում են[3]։

Սնունդը և որսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշատիչ է, հիմնականում որսում է խոշոր կենդանիներ, որորնք համապատասխանում են իր չափերին և ավելի մեծերին[3]։ Ձյունաինձը կարող է իր զանգվածից երեք անգամ մեծ զոհին որսալ[17]։ Իրբիսի հիմնական զոհը՝ համատարած և գրեթե ամբողջ տարին սմբակավորներն են։

Վայրի բնությունան մեջ իրբիսը հիմնականում սնվում է սմբակավորներով՝ նախուրներով, սիբիրյան լեռնային այծերով, պարուրաեղջուր այծերով, արխարներով, թարամներով, թակիններով, սերաուններով, գորալներով, կոսուլներով, մարալներով, կաբարգներով, եղնիկներով, վարազներով։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ նրանք սնվում են իրենց սննդակարգին ոչ բնորոշ մանր կենդանիներով, ինչպիսիք են՝ գետնասկյուռները, առնետները և որոշ թռչուններով՝ ուրալներով, փասիաններով և կեկլիկներով[4][12][19]։

Պամիրում նա գերազանցապես սնվում է սիբիրյան քարայծով, հազվադեպ արխարներով։ Հիմալայներում իրբիսը որսում է լեռնային այծեր, գորալներ, վայրի ոչխարներ, մանր եղնիկներ, տիբեթյան ճագարներ։

Ռուսաստանում հիմնական կերը համարվում են քարայծերը, որոշ տեղերում մարալները, կոսուլները, արգալները, հյուսիսային եղնիկները[6]։

Վայրի սմբակավորների թվաքանակի կտրուկ անկման ժամանակ իրբիսը հեռանում է այդ տարածքներից և հարձակվում է ընտանի անասունների վրա[4][11]։ Կաշմիրում նա հաճախ հարձակվում է ընտանի այծերի, ոչխարների,ինչպես նաև ձիերի վրա[3]։ Հայտնի է մի դեպք, երբ երկու իրբիսներ հաջող կերպով հարձակվել են երկամյա տյան-շանյան գորշ արջի վրա (Ursus arctos isabellinus)[3]։

Բուսական սնունդը՝ բույսերի կանաչ մասերը, խոտերը և այլն, իրբիսները մսային օրակարգի հետ օգտագործում են միայն ամռանը[11]։

Ձյունահովազները որսի են գնում միայնակ, աննկատ (թաքստոցից աննկատ կերպով մոտենում են զոհին)[Ն 1] կամ էլ դարանավայրից (զահին հետևում է շավիղներում, կածաններում, քարերի ետևից)[4]։

Երբ մինչև զոհը մնում է մի քանի տասնյակ մետր, իրբիսը դուրս է թռչում իր թաքստոցից և 6-7 մետրանոց ցատկերով հասնում է զոհին[20]։ Վրիպելու դեպքում իրբիսը կամ չի հետապնդում, կամ էլ հետապնդում է առավելագույնը 300 մետր[11]։ Խոշոր սմբակավորներին իրբիսը ձգտում է բռնել կոկորդից, իսկ հետո խեղդել կամ էլ կոտրել պարանոցը։ Սպանելով զոհին իրբիսը քաշ է տալիս նրան ժայռի տակ, կամ էլ այլ թաքստոց և նոր սկսում է ուտել։ Զոհի մնացորդները հիմնականում թողնում է, հազվադեպ մնում է նրա կողքին՝ անգղերին և այլ լեշակերներին քշելու համար։ Ամռան վերջում, աշնանը և ձմռան սկզբին որսում են ընտանիքով, որը կազմված է 2-3 առանձնյակից՝ էգից և իր ձագերից։

Սովի տարիներին կարող են բնակվել մարդկային բնակավայրերի մոտ և հարձակվել ընտանի կենդանիների վրա[4]։ Թռչուններ որսում են գաղթի ժամանակ[3]։

Որսում են այծերի բոլոր տարիքային խմբերին, մեծ մասամբ էգերին և մատղաշներին (որոնց որսում են մեծ մասամբ ամռան սկզբին)[3]։

Իր արեալի ողջ տարածքում ձյունաինձը համարվում է սննդային բուրգի վերջին անդամը և գրեթե մրցակից չունի։ Հասուն իրբիսները մեկ անգամից կարող են ուտել 2-3 կգ միս[3]։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրբիսի ձագուկները

Տեսակի բազմացման մասին տվյալները քիչ են։ Սեռահասուն դառնում են 3-4 տարեկան հասակում։ Դաշտանը և բազմացման շրջանը տեղի է ունենում ամռան վերջին կամ գարնան սկզբին։ Էգը, որպես կանոն, ծնում է 2 տարին մեկ։ Հղիությունը տևում է 90-110 օր։ Որջը սարքում են ավելի դժվարհասանելի վայրերում։ Ձագերը, կախված աշխարհագրական շրջանից, ծնվում են ապրիլ-մայիսին կամ մայիս-հունսին։ Արգանդում կարող են գտնվել սովորաբար երկուսից երեք, հազվադեպ չորսից հինգ ձագ[3][4]։ Ըստ այլ տվյալների, մեկ ծնի ընթացքում 3-5 ձագերի առկայությունը համարվում է սովորական երևույթ[21]։ Հավանաբար, հնարավոր են ավելի շատ ձագեր, քանի որ հայտնի են 7 առանձնյականոց ընտանիքի առկայության դեպքեր[3]։ Արուն սերնդի դաստիարակությամբ չի զբաղվում։ Ձագերը ծնվում են կույր և անօգնական, բայց, մոտավորապես, 6-8 օր հետո արդեն կարողանում են տեսնել։ Նորածին իրբիսի զանգվածը մոտ 500 գրամ է՝ 30 սմ երկարության պայմաններում։ Նորածին իրբիսների մոտ տարբերվում է բծերի արտահայտված սև պիգմենտացիա, որոնք քիչ են, հատկապես քիչ են օղակավորները, բայց մեջքի վրա կան խոշոր մուգ և սև բծեր, ինչպես նաև կարճ երկայնական շերտեր՝ հետին մասում[3]։ Առաջին 6 շաբաթը սնվում են մայրական կաթով։ Ամռան ընթացքում մայրը կատուներին տանում է որսի։ Վերջնական ինքնուրույն կյանք իրբիսները վարում են երկրորդ ձմռանից սկսած[6][13]։

Բնության մեջ հայտնի կյանքի ամենաերկար տևողությունը 21 տարի է[6]։ Անազատության մեջ հանդիպում են առավելագույնը 26 տարեկան կենդանիներ[17], սակայն հայտնի է մի դեպք, երբ էգը ապրել է 29 տարի[6]։

Պոպուլյացիայի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակության միջավայրի դժվարհասանելիության և թաքնված ապրելակերպի հետ կապված, ներկա պահին իրբիսների թվաքանակի մասին տեղեկությունները հիմնվում են միայն մասնագետների հետազոտությունների վրա և մոտավորապես են։ Դրա հետ միասին, մարդու կողմից մշտական հետապնդության հետևանքով ձյունահովազների քանակը անընդհատ նվազում է։ Անօրինական, սակայն գրավիչ որսագողությունը՝ իրբիսի մորթու համար, նշանակալի կերպով նվազեցրել է պոպուլյացիայի քանակը։ Մի կողմից, ընտանի անասունների և արոտավայրերի նվազման շնորհիվ ավելացել է իրբիսի հիմնական զոհի՝ քարայծերի քանակը, իսկ մյուս կողմից տեղանքի և կենսամակարդակի վատթարացաումը բնակիչներին ստիպում է զբաղվել որսագողությամբ, այդ թվում նաև իրբիսի որսով։ Միառժամանակ 21-րդ դարում իրբիսի մորթու թանկացման հետ մեկտեղ շատացել է նրա պահանջակը[6]։

Իրբիսի թվաքանակի վրա նշանակալի վնաս է հասցրել նաև Տիբերյան բարձրավանդակում մարդկանց պայքարը կրծողների դեմ, որի ժամանակ օգտագործում էին թունաքիմիկատներ։ Դա տարավ նրան, որ իրբիսը գրեթե զրկվեց շատ հեշտ զոհից՝ կրծողներից։

Տեսակի ներկայացուցիչների ընդհանուր քանակը վայրի բնության մեջ, 2003 թվականի դրությամբ, գնահատվում է 4080-6590 սահմաններում[22]։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով տեսակի ընդհանուր քանակը արեալի սահմաններում կազմում է 3500-7500 առանձնյակ[6]։ Ամբողջ աշխարհում իրբիսի մոտ 2000 առանձնյակ գտնվում են գազանանոցներում և հաջողությամբ բազմանում են վայրի բնության մեջ[6]։

Պոպուլյացիայի խտությունը արեալի տարբեր մասերում խիստ տատանվում են․ 100 կմ² վրա 10-ից մինչև 0,5 առանձնյակ[17]։ Օրինակ, Ռուսաստանում ընդհանուր առմամբ այն կազմում է 0,7 առանձնյակ 100 կմ², Ալթայում տատանվում է 0,2-2,4 առանձնյակ, Նեպալում՝ 5-7 առանձնյակ, Մոնղոլիայում հասնում է 3-4 առանձնյակ 100 կմ² վրա[6]։

Երկրներ Արեալ,
մակերես (կմ²)[23]
Պոպուլյացիայի գնահատականը
(մոտավորապես)[22][23]
Գնահատման թվականը
Աֆղանստան 50 000 100—200 2003
Բութան 15 000 100—200 1994
Չինաստան 1 100 000 2000—5000 1998
Հնդկաստան 75 000 200—600 1994
Ղազախստան 50 000 180—200 2001
Կիրգիզիա 105 000 150—500 2001
Մոնղոլոիա 101 000 500—1000 2000
Նեպալ 30 000 300—500[24] 2009
Պակիստան 80 000 200—420 2003
Ռուսաստան 60 000[6] 150—200[6] 2003
Տաջիկստան 100 000 180—220 2003
Ուզբեկստան 10 000 20—50 2003

Պոպուլյացիայի վիճակի վրա բացասաբար ազդող գործոններից, որսագողության հետ միասին, ձյունաինձի պաշտպանական հատկանիշների առանձնահատկություններն են։ Օգտագործելով մորթու հովանավորող գունավորումը և գրեթե չունենալով բնական թշնամիներ, վտանգի ժամանակ իրբիսները ուղակի թաքնվում են, ինչը լեռնային բաց տարածքի և հրազենի առկայության դեպքում նրան վեր են ածում հեշտ որսի։ Դրա հետ միասին ձյունահովազները չեն նողկում ուտել այլ կենդանիների մնացորդները, որի հետևանքով հաճախ սատկում են՝ ուտելով թունավոր խայծերը, որոնք անօրինականորեն օգտագործվում են գայլերի որսի ժամանակ[6]։

Պահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին իրբիների քանակը կատաստրոֆիկ փոքր է։ Անօրինական, սակայն շահավետ որսը թանկարժեք մորթու համար, զգալիորեն նվազեցրել են նրա պոպուլյացիան։ Բոլոր երկրներում, որոնց տարածքում գտնվում է արեալ, ձյունաինձը գտնվում է պետության պահպանության տակ, սակայն որսագողությունը նրանց կրկին սպառնում է։ Ձյունահովազը իրենից ներկայացնում է հազվագյուտ, սակավաթիվ, անհետացման վտանգի տակ գտնվող տեսակ։ Նշված է ԲՊՄՄ Կարմիր գրքում (2000), որպես «անհետացման վտանգի տակ գտնվող տեսակ» (պաշտպանության վերին կատեգորիա EN C2A)։ Մոնղոլիայի Կարմիր գրքում (1997) տրված է «շատ հազվագյուտ» տեսակ կարգավիճակը, ՌԴ Կարմիր գրքում «անհետացման եզրին գտնվող տեսակ՝ արեալի սահմանում» (1 կատեգորիա)[6][25]։ Միաժամանակ իրբիսը նշված է Ֆաունայի և ֆլորայի անհետացման եզրին գտնվող վայրի տեսակների պահպանման միջազգային կոնվենցիայի (CITES) I Հավելվածում։ Դրա հետ միասին, կարելի է նշել, որ այս բոլոր բնապահպանական ակտերը թույլ են գործում, քանի որ որսագողությունը և մաքսանենգությունը ավելանում են։ Դրա հետ միասին բացակայում են իրբիսների երկարաժամկետ պահպանմանը նպաստող ծրագրեր[6]։

Իրբիսը և մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրբիսաորս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունահովազը քիչ քանակությամբ էր ձեռք բերվում․ մինչ որսի արգելումը, համաշխարհային արդյունահանումը տարեկան կազմում էր 1000-ից ոչ ավելի մորթի[4]։ 1907-1910 թվականներին հովազի մորթու տարեկան համաշխարհային արտադրությունը կազմում էր 750-800 հատ։ 1950-1960-ականներին, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում նրա մորթին կարվում էր մի քանի տասնյակ օրինակով։ Դրա հետ մեկտեղ նախապատրաստման գինը շատ ցածր էր՝ միջինում մոտ 3 ռուբլի[3]։ Արդյունահանման կենտրոնները Տաջիկստանն ու Կիրգիզիան էին։ Մորթուց կարում էին գլխավորապես գորգեր, կանացի մուշտակներ, դոխաներ և օձիքներ։

Համաշխարհային շուկայում իրբիսները միշտ ունեցել են բարձր պահանջարկ և շատ թանկ արժեին։ Երկար ժամանակ իրբիսը համարվում էր վտանգավոր և վնասակար գիշատիչ, այդ պատճառով որսը թույլատրվում էր ողջ տարին, բոլոր միջոցներով։ Իրբիսի որսի համար պրեմիա էր տրվում։ Համաշխարհային շուկայում կենդանի իրբիսները մեծ պահանջարկ էին վայելում, իսկ նրան վաճառքը զոոէկսպորտի շահավետ ճյուղ։

Մասնագետների տվյալներով, 1998 թվականին Ռուսաստանի տարածքում անօրինականորեն ձեռք է բերվել 15-20 իրբիս[6]։ Հովազի սակավության և սակավամարդ տարածքներում բնակվելու պատճառով, նրա պատճառած վնասները՝ որսորդական տնտեսությանը և անասնապահությանը՝ չնչին են[4]։

Հարձակումը մարդկանց վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու հանդեպ իրբիսը շատ երկչոտ է, նույնիսկ վիրավորված լինելու պարագայում, շատ հազվադեպ է հարձակվում մարդկանց վրա[3]։ Մարդու համար վտանգավոր է միայն վիրավոր կենդանին։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում նկատվել է մարդու վրա հարձակման երկու դեպք․ 1940 թվականի հուլիսի 12 Մալոալմա-աթինյան կիրճում՝ Ալմա Աթային մոտ, իրբիսը ցերեկը հարձակվել է 2 մարդկանց վրա և լուրջ վնասվածքներ է հասցրել։ Նրան սպանել են և ուսումնասիրել․ պարզվել է, որ նա հիվանդ էր կատաղությամբ։ Երկրորդ դեպքում՝ ձմռանը, նույնպես Ալմա Աթայից ոչ հեռու, ծեր և հյուծված անատամ իրբիսը ժայռի վրայից ցատկել էր անցնող մարդու վրա[3][26]։

Անազատության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրբիսները Ցյուրիխի կենդանաբանական այգում

Թեև ձյունաինձը Եվրոպայում հայտնի էր դեռևս 18-րդ դարավերջին, սակայն եվրոպացիները կենդանի իրբիսի տեսել են 1872 թվականին, երբ գեներալ-նահանգապետ Կոնստատին Կաուֆմանը Թուրքմենստանից ուղարկեց մի քանի երիտասարդ կենդանիների։

Մոսկովյան կենդանաբանական այգում առաջին իրբիսը հայտնվել է 1901 թվականի և նվիրաբերվել էր «Կենդանաբանական այգու պատվարժան հոգաբարձու» Կ․ Ուշակովի կողմից[27]։

Այսօր անազատության մեջ հաշվվում է մոտ 2000 առանձնյակ, որոնց մեծ մասը գտնվում են Չինաստանում։ Անազատության մեջ պահվող իրբիսների մոտավորապես 16 % բռնվել են վայրի բնությունում, իսկ մնացածը ծնվել են գազանանոցներում։ Գազանանոցներում պահվող իրբիսների քանակը, Չինաստանը չհաշված, կազմում է 600-700 առանձնյակ։ Անազատության մեջ պահվող կենդանիները մեծ հաջողությամբ բազմանում են․ օրինակ, 1996 թվականի բազմացող 105 արուներից և 126 էգերից 87 ծինի ընթացքում ծնվել են 179 ձագ[6]։

2002 թվականի դրությամբ ՌԴ տարածքում իրբիսը պահվում էր 8 գազանանոցում (27 առանձնյակ) և հաջողությամբ բազմանում են Նովոսիբիրսկի և Մոսկվայի կենդանաբանական այգիներում[6]։ Ուկրաինայի տարածքում ձյունահովազները պահվում են 1950 թվականից սկսած՝ Նիկոլաևյան կենդանաբանական այգում[28]։ 2000-ականներին այստեղ իրբիսներ չէին պահվում, այդ տեսակի համար անհրաժեշտ օպտիմալ պայմանների բացակայության պատճառով[Ն 2]։ 2015 թվականին այս գազանանոցը կրկին համալրվեց 2 իրբիսներով[29]։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունաինձի մասին պատմվում է «Գոյության կռիվ․ Ձյունահովազի լեռները / Mountains of the Snow Leopard» (ռեժ. Joel Nennett) (1994) փաստագրական ֆիլմում։ Նրան են նվիրված նաև հետևյալ հեռուստաալիքների փաստագրական ֆիլմերը՝ BBC «Ձյունահովազ․ առեղծվածները և իրականությունը / Snow Leopard — Beyond the Myth» (2007) և National Geographic Channel «Ձյունահովազի որոնումները / Searching for the Snow Leopard» (2007

Իրբիսի հետ դրվագներ առկա են BBC հեռուստաալիքի մի շարք փաստագրական ֆիլմերում՝ «Երկիր մոլորակ», «Բնության մեծագույն երևույթները»[30]։

Իրբիսը դարձել է «Ձյան վագրը» գեղարվեստական ֆիլմի (ռեժիսորներ Լարիսա Մուհամեդգալիևա, Վյաչիսլավ Բելյալով․ արտադրված է Ղազախֆիլմում) (1987) գլխավոր հերոսը, իսկ Իեն Մակշեյնի ձայնավորած իրբիս Տայ Լունգը համարվում է «Կունգ-ֆու Պանդա»(2008) մուլտֆիլմի գլխավոր հակահերոսը։ «Կունգ-ֆու պանդա։ Զարմանալի առասպելները» մուլտսերիալում հայտնվում է Պենգը՝ Տայ Լունգի զարմիկը։

Դրամագիտությունը և նամականիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին «Ղազախստանի արծաթե հուշադրամները» սերիայի շրջանակներում թողարկվել է «Ղազախստանի Կարմիր գիրքը․ ձյունահովազ» մետաղադրամը՝ 3000 օրինակով, յուրաքանչյուրը 500 տենգե արժողությամբ։ Նրա դարձերեսի ֆոնի վրա պատկերված է ժայռի գագաթին կանգնած իրբիս[31]։ Այդ թվականին Ռուսաստանում թողարկվել է 50 ռուբլի արժողությամբ մետաղադրամ՝ «Պահպանիր մեր աշխարհը» սերիայից։ Մետղադրամի դարձերեսի վրա դրոշմված է ձյունաինձի գլուխ[32]։ Այս սերիայի մեջ թողարկվել է ևս մեկ մետաղադրամ՝ 100 ռուբլի արժողությամբ, որի դարձերեսի վրա ծառի ֆոնի վրա պատկերված է թռիչքի պատրաստվող իրբիս։

Ձյունահովազը պատկերված Ղազախստանի 2003 թվականի թղթադրամի վրա՝ 10000 տենգե արժողությամբ։

Զինանիշագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրբիսի պատկերը ավանդական հերալդիկաների վրա չի հանդիպում։ Որպես հերալդիկայի կերպար պատկերվում է միայն ընձառյուծը։ Այն կարող էր լինել նաև սպիտակ (արծաթագույն) գույնի։ Դա բացատրվում է նրանով, որ կենդանիները թույլ են տարբերվում։ Ձյունաինձը համարվում է Ալմա Աթա քաղաքի խորհրդանիշը և պատկերված է գերբի վրա։ Ոճավորված թևավոր իրբիսը պատկերված է Հակսիայի և Թաթարստանի գերբերի վրա։ Իրբիսին կարելի է տեսնել նաև Կիրգիզիայի Հանրապետության մայրաքաղաք՝ Բիշքեկի գերբի վրա։

Կրասնոյարսկի երկրամասի Շուշենսկի և Երմակովյան շրջանների համապատասխանաբար գերբի և դրոշի վրա պատկերված է ձյունահովազը։ Սամարկանդայի (Ուզբեկստան) գերբի վրա պատկերված է իրբիս։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպինիստները, ովքեր հաղթահարում էին Սովետական Միության հինգ սար-յոթհազարաները, ստանում էին ոչ պաշտոնական «Ձյունաինձ» տիտղոսը[33]։ Այն ժետոնի, որով պարգևատրվում էին այն ալպինիստներին, ովքեր հաղթահարում էին ԽՍՀՄ-ի ամենաբարձր գագաթները, կոչվում է «ԽՍՀՄ-ի բարձրագույն գագաթների գրավողը»։ Անվանումը և ժետոնը հաստատվել են 1967 թվականին։ Էսքիզի հեղինակը հանդիսանում է սպորտի վաստակվոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ի․ Անտովիչը։ Ժետոնի համարակալումը կատարվում էր լեռների նվաճման ինֆորմացիայի ստացման հաջորդականությամբ[33]։

«Էրդիկ»(«Արիության մեդալ») պարգևի վրա (Կիրգիզիայի Հանրապետություն) պատկերված է իրբիս[34]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրբիսի պատվին անվանվում է հոկեյի «Ակ Բարս» ակումբը (թաթարերենից թարգմանաբար «Ձյունաինձ»)՝ Կազան քաղաքի տափօղակով հոկեյի թիմը, որը կազմավորվել է 1956 թվականին և հանդես է գալիս Մայրցամաքային հոկեյի լիգայում։ Ինչպես նաև հոկեյի ակումբ «Բարիս»-ը, Աստանա (Ղազախստան) քաղաքի տափօղակով հոկեյի թիմը, որը հանդես է գալիս Մայրցամաքային հոկեյի լիգայում։

Ձյունահովազի ձագը ընտրվել է 2011 թվականի հունվար-փետրվարին Աստանայում և Ալմա Աթայում անցկացվող 7-րդ Ասիական ձմեռային խաղերի խորհրդանիշը[35]։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Ռուսաստանի Ներկայացուցչությունում կարծում են, 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսմաններից մեկը, որին կազմակերպիչները տվել են «ընձառյուծ» անվանումը, ավելի շատ նման է իրբիսի[36]։

Ծրագրային Ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Mac OS X 10.6՝ Apple ընկերության օպերացիոն համակարգ է, որը թողարկվել է 2009 թվականի օգոստոսի 28-ին[37][38], կրում է Snow Leopard՝ ձյունաինձ, իրբիս ծածկագրային անվանումը։ Իրբիսը պատկերված է ОС տվյալների արկղի շապիկին։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По мнению Покока (1939), в результате приспособления ирбиса к охоте в скалах путём скрадывания, глаза у него посажены настолько высоко, что, подползая к добыче, он может следить за ней, не поднимая высоко голову.
  2. Согласно официальному письму-ответу за подписью зам. директора Николаевского зоопарка Кириченко Ю. Е. от 29.07.2010 на письмо-запрос о содержании снежных барсов в данном зоопарке.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В. Е., Пятиязычный словарь названий животных։ Млекопитающие էջ 109։
  2. Сосновский И. П., Редкие и исчезающие животные: По страницам Красной книги СССР, «Лесная промышленность», 1987, էջ 107։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 В. Г. Гептнер, Н. П. Наумов., Млекопитающие Советского Союза. Хищные (гиены и кошки), «Высшая школа», 1972 — 206-241, էջեր 206-241 — 206-241 էջ։
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 Строганов С. У., Звери Сибири. Хищные, «издательство=издательство Академии наук СССР», 1962 — 421-426, էջ 460, էջեր 421-426 — 421-426 էջ։
  5. 5,0 5,1 MSW3 Carnivora
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 «Стратегия сохранения снежного барса (ирбиса) в России» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  7. 7,0 7,1 7,2 Johnson, W. E.; Eizirik, E., Pecon-Slattery, J., Murphy, W. J., Antunes, A., Teeling, E. & O'Brien, S. J. (2006 թ․ հունվարի 6). «The Late Miocene radiation of modern Felidae: A genetic assessment». Science. 311 (5757): pp. 73—77. doi:10.1126/science.1122277 (inactive 2010 թ․ մարտի 19). PMID 16400146. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. {{cite journal}}: |pages= has extra text (օգնություն)CS1 սպաս․ DOI inactive as of 2010 (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «After McKenna & Bell, 1997, with recent species from Nowak, 1991» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Stephen O’Brien et Warren Johnson, «L'évolution des chats», dans Pour la science, no 366, Avril 2008 (ISSN 0 153-4092) basée sur (en) W. Johnson et al., «The late Miocene radiation of modern felidae: a genetic assessment», dans Science, no 311, 2006 et (en) C. Driscoll et al.
  10. Wilson DE, Mittermeier RA (eds) (2009) Handbook of the Mammals of the World. Vol. 1. Carnivores. Lynx Edicions, Barcelona
  11. 11,0 11,1 11,2 11,3 Sunquist, Mel; Sunquist, Fiona., Wild cats of the World, Chicago, «University of Chicago Press», 2002 — 377-394, էջեր 377-394 — 377-394 էջ։
  12. 12,0 12,1 12,2 «Snow Leopard Fact Sheet» (PDF). Snow Leopard Trust. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
  13. 13,0 13,1 Красная книга России: Снежный барс.
  14. «Out of the Shadows By Douglas H. Chadwick». National Geographic. 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  15. Mammals of the Soviet Union. Vol III: Carnivores (Feloidea)
  16. 16,0 16,1 Медведев Д.Г. (26 апреля 2006). «Снежный барс или ирбис в Байкальской Сибири». Природа Байкала. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Д. Макдональд, Млекопитающие — Полная иллюстрированная энциклопедия, 2007, էջ 464. — 3000 հատ, ISBN 978-5-465-01346-8։
  18. Nowak, Ronald M., Walker's Mammals of the World, «Johns Hopkins University Press», 1999, ISBN 0-8018-5789-9։
  19. Jackson, Rodney; Hunter, Don O. (1996). «Snow Leopard Survey and Conservation Handbook Part III» (pdf). Snow Leopard Survey and Conservation Handbook. Seattle, Washington, & Fort Collins Science Center, Colorado, US: International Snow Leopard Trust & U.S. Geological Survey. էջ 66. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  20. «Animal Bytes: snow leopard». San Diego Zoo. 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
  21. С. П. Наумова и А. П. Кузякина, Жизнь животных, հ. 6, «Просвещение», 1971 — 369—370, էջեր 369—370 — 369—370 էջ։
  22. 22,0 22,1 Jackson, R., Mallon, D., McCarthy, T., Chundaway, R. A. & Habib, B., Panthera uncia, 2008
  23. 23,0 23,1 Animal Info — Snow Leopard
  24. «WWF International, 300—400 snow leopards estimated to be found in Nepal, 27. Juli 2009». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  25. Тихонов А., Красная книга России. Животные и растения, «РОСМЭН», 2002 — 414, էջեր 414. — 10000 հատ, ISBN 5-353-00500-7։
  26. «Снежный барс или ирбис в Байкальской Сибири». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  27. «Ирбис, снежный барс (Uncia uncia) на сайте Московского зоопарка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  28. «История Николаевского зоологического сада». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  29. «В Николаевский зоопарк приехала пара снежных барсов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  30. «Planet Earth Press Release». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  31. «Серия монет: «Красная книга Казахстана: снежный барс»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  32. «Снежный барс │ Памятные монеты России │ Банк России». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  33. 33,0 33,1 Стариков Г. А. «История появления жетона «Покоритель высочайших гор СССР» («Снежный барс»)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  34. «МЕДАЛЬ ЭРДИК — Награды стран СНГ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  35. «Барс готовится к прыжку». Вечерний Алматы. 2009 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  36. WWF предлагает оргкомитету «Сочи-2014» перерисовать изображение леопарда
  37. «Apple пообещала выпустить Snow Leopard 28 августа 2008 года». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  38. «Apple to Ship Mac OS X Snow Leopard on August 28 2008». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Логинов Олег, Логинова Ирина, Снежный Барс. Символ Небесных Гор, Усть-Каменогорск, «Satura», 2009 — 168 էջ, ISBN 5-00-001241-0։
  • В. Г. Гептнер, Н. П. Наумов, Млекопитающие Советского Союза. Хищные (гиены и кошки), հ. 2 (Высшая школа), 1972։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունահովազ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունահովազ» հոդվածին։