Կունլուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կունլուն, Կուեն-Լուն, լեռնային համակարգ Ասիայում (Չինաստանում)։ Երկարությունը 2700 Կմ է, լայնությունը՝ 150-600 Կմ, միջին բարձրությունը՝ 6000-6500 մ, առավելագույնը՝ 7723 մ (Ուլուգմուզդաղ լեռ)։ Կազմված է պալեոզոյի մետամորֆային ապարներից և գրանիտներից։ Բաժանվում է Արևմտյան Կունլունի (Պամիրից մինչև Կերիա գետի հովիտը) և Արևելյան Կունլունի։ Արևմտյան Կունլունը կազմված է միջլեռնային նեղ հովիտներով իրարից բաժանված Կարանգուդաղ, Մուզդաղ և այլ զուգահեռ լեռնաշղթաներից։ Արմուտքից արևելյան տեղումները նվազում են (1000-400 մմ), սառցադաշտերը պակասում, եղևնու և գիհու անտառներն ու լեռնատափաստանները փոխվում լեռնային կիսաանապատների։ Արևելյան Կունլունն ընդգրկում է Արկադաղ, Կուկուշիլի, Բոկալիկդաղ լեռնաշղթաները։ Սառցադաշտեր կան առավել բարձր գագաթներին։ Գետերը կարճ են, սակավաջուր։ Բնորոշ են ոչ մեծ, անհոսք լճերը։ Գերակշռում են բարձրալեռնային անապատները։ Հարավ-Արևելյան Կունլունը հաճախ առանձնացվում է որպես առանձին լեռնային համակարգ (Սինո-Տիբեթական լեռներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png