Նիկոլայ Պրժևալսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրժևալսկու կյանքն ու ուսումը

Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկին ծնվել է 1839 թվականի ապրիլի 12-ին Սմոլենսկի նահանգի Կիմբորովո գյուղում, զինվորականի ընտանիքում։ Արմատներով զապորոժյան կազակի հետնորդ է։ Վեց տարեկան հասակում զրկվել է հորից, և երեխայի դաստիարակությամբ զբաղվել է հորեղբայրը, ով սեր է սերմանել որսի և ճամփորդությունների նկատմամբ։ 1855 թվականին Պրժևալսկին ավարտել է Սմոլենսկի գիմնազիան և անդամագրվել է զինվորական ծառայության։ Մի տարի անց նա ընդունվել է Գլխավոր Ակադեմիան, որտեղ աչքի էր ընկնում ոչ միայն իր արտակարգ ունակություններով, այլև բարձր հասակով, յուրահատուկ արտաքինով և անկախ մտածելակերպով։ 1860 թվականանի ներկայացրել է զեկուցագիր “ Երկրի վրա կյանքի էության մասին” վերնագրով, որը հրատարակվել է 1967 թվականին։ Այստեղ նա ամբողջությամբ հանդես է եկել որպես էվոլյուցային տեսության կողմնակից։ Հիանալի ավարտելով Ակադեմիան`նա աշխարհագրություն է դասավանդում Վարշավայի յունկերական ուսումնարանում։ Այս տարիներին իր ազատ ժամանակը լրացրել է որսով և թղթախաղով։ Ընդ որում, հիանալի հիշողության շնորհիվ հաճախակի է հաղթող դուրս եկել։ Նա “մեծացել է բնության մեջ”։ Փոքր տարիքից ունեցել է բնության նկատմամբ մեծ սեր, օժված է եղել արտակարգ հիշողությամբ և մեծ ունակություններով։ Ռազմական ակադեմիայում կատարել է իր առաջին աշխարհագրական աշխատությունը` “Մերձամուրյան երկրի ռազմական նկարագրությունը”։ Եվ հենց այդ ժամանակ էլ նրան ընտրում են ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։ Նա բուռն ձգտումներ ուներ հետախուզությամբ և ճանապարհորդությամբ զբաղվելու։ Եվ իր նպատակաը կատարելու համար 1867 թվականին վերադառնում է Պետերբուրգ և ասյտեղ աշխարհագրական ընկերությանը ներկայացնում է Կենտրոնական Ասիան հետազոտելու իր պլանը։

Պրժևալսկու ճամփորդությունները[խմբագրել]

Պրժևալսկու առաջին և երկրորդ ճամփորդությունը[խմբագրել]

Պլանը ընդունվում է, և 1867-1869թթ. նա կազմակերպում է իր առաջին ճամփորդությունը` Ուսսուրական արշավախումբը, որի կամզակերպմանը նպաստում է նաև Պ.Պ. Ս. Տյան- Շանսկին։ Այն ուղղված էր Ուսսուրիի վրա ընկած տերիտորիաները ուսումնասիրելուն։ Ձմեռը նա անցկացնում է Ամուրի Նիկոլաևսկում։ Հենց այստեղ էլ նա մեծ գումար է շահում թղթախաղի ժամանակ և ընդմիշտ թողնում է այդ զբաղմունքը։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ճամփորդության ընթացքում նա դեռևս շատ երիտասարդ էր` ընդամենը 28 տարեկան, բայց շնորհիվ իր գիտելիքների, բնությանը քաջատեղյակ լինելուն, ոչ միայն կարողանում է արդարացնել գիտական հետազոտությունը, այլև հաղթահարում է ճանապարհորդության հետ կապված դժվարությունները։ Այս հետազոտական արշավախմբի մասին նա թողել է “Ճանապարհորդություն Ուսսուրյան երկրում” աշխատությունը։ Այդ աշխատության ուսումնասիրությունները արմատապես տարբերվում էին մինչ այդ եղած աշխատություններից. նա ի տարբերություն մինչ այդ հանդիպող հետազոտողների, ոչ միայն տալիս էր երկրի և տարածքի նկարագիրը, այլ առաջին հերթին գիտական բնութագիրը։ Այս ճանապարհորդության արդյունքները բերեցին Պրժևալսկուն հռչակ, պարգևատրվել է Աշխարհագրական ընկերության կողմից ՄեԾ Կոնստանտինյան մեդալով, բավարարվեցին Աշխարհագրական ընկերության պահանջները, և դրան հաջորդեցին մյուս պատվիրները։ Նրան ուղարկեցին դեպի Մոնղոլիա, Տիբեթ և Չինաստան։ Պրժևալսկու երկրորդ ճամփորդությունը կատարվեց 1870- 1873 թթ., և աշխարհագրության պատմության մեջ այն հայտնի է որպես Մոնղոլական արշավախումբ։ Այն պատմության և պրժևալսկու կյանքի պատմության մեջ փաստացի առաջին ճանապարհորդությունն էր դեպի Կենտրոնական Ասիա, որը սկիզբ դրեց ապագա մեծ հետազոտողի Կենտրոնական Ասիայի ճամփորդություններին։ Պրժևալսկու ճամփորդությունը սկսվեց Մոնղոլիայի և Արևելյան Սիբիրի սահմանագլխին գտնվող Կյախտա քաղաքից։ Այս քաղաքը ընդունելով որպես ելման կետ` Պրժևալսկի ուղղություն է վերցնում դեպի ներկայիս Մոնղոլական Ժողովրդադեմոկրատական հանրապետության տարածքով դեպի Ուրգա քաղաքը, որը ներկայումս կրում է Ուլան- Բատոր անվանումը։ Ապա ուղղություն է վերցնում դեպի հարավ- արևելք և հասնում է Բեյջին կամ Պեկին։ Մի քանի ամիս հանգրվանելով Պեկինում` Պրժևալսկու արշավախումբն ուղղություն է վերցնում դեպի հարավ- արևմուտք։ Այս երթուղու ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է Ալմա- Շանը, Գոբի անապատը, Նան- Շանի լեռները։ Ապա ճանապարհը շարունակվում է մինչև Ցայդամ, Յանցզի և Խուանխե գետերի վերնագավառներն ու Հյուսիսային Տիբեթ։ Որոշ ժամանակ այդ տերիտորիայում մնալուց հետո` Պրժևալսին կտրում- անցնում է Գոբին, Կենտրոնական Մոնղոլիան և հաջողությամբ վերադառնում է ելման կետ` Կյախտա։ Այս ճամփորդությունը իրավամբ կարելի է համարել հերոսական , քանի որ Պրժևալսկուն տրված էին խիստ սուղ միջոցներ և ընդամենը չորս հոգուց կազմված արշավախումբ։ Այս ամբողջ տարածքը ուսումնասիրելիս Պրժևալսկին և նրա արշավախմբի անդամները ենթարկվել են բազմաթիվ զրկանքների` սովի, ցրտի, անտանելի ծարավի, տոթի, բազմաթիվ հիվանդությունների։ Այս ամբողջ ճանապարհի երկարությունը կազմել է 12 հազար կմ։ Այս արշավախմբի պատմությունը Պրժևալսկին ամփոփել է երկհատոր “Մոնղոլիա և տանղուտների երկիր” աշխատության մեջ։ Այս աշխատություններից առաջինում նա տվել է տարածքի աշխարհագրական բնութագիրը, իսկ երկրորդում` կենդանաբանության գծով նյութերի շարադրանքը։ Այս աշխատանքի լույս ընծայումը ունեցավ գիտական մեծ նշանակություն, որը Պրժևալսու անունը ամբողջ աշխարհում թնդացրեց։ Այսպիսով, այս ճամփորդության ընթացքում հետազոտում է Մոնղոլիան, Չինակստանը, Տիբեթը, ընդ որում նա հայտնագործեց, որ Գոբին բարձրացած տեղամաս չէ, այլ ցածրավայր է` բլրոտ ռելիեֆով, Նան-Շանը բլուր չէ, այլ լեռնային համակարգ, նա բացահայտեց Բեյշան բարձրավանդակը, երեք բլուրներ Կունլունում, և ևս յոթ մեծ լճեր ավելացրեց քարտեզի վրա։

Պրժևալսկու երրորդ` “Լոբնորյան” գիտարշավը[խմբագրել]

1876-1877թթ. կազմակերպվեց Պրժևալսկու երրորդ ճամփորդությունը, որը կոչվեց “Լոբնորյան” գիտարշավ։ Այս անգամ ելման կետ ընտրվեց Կուլջա քաղաքը` Իլի գետի աջ ափին։ Կուլջայից այն արշավախումբը ուղևորվեց դեպի հարավ- արևելք, կտրում անցնում է Տյան- Շանը և հասնում Լոբնոր լճի ավազանը և Ալթինդաղի լեռներ։ Ըստ Պրժևալսկու հաղորդած տվյալների` Լոբնոր լիճը մինչ այդ գիտության համար եղել է անհայտ։ Եվ այս գիտարշավը ունեցել է մեծ նշանակություն Լոբնոր լճի ուսումնասիրության գործում։ Պրժևալսկին առաջին եվրոպացին է, ով եղել է Լոբնոր լճի ափին։ Լոբնորյան արշավախմբի ընթացքում տեղական երթուղային հանույթներ կատարվեցին Թարիմ գետի ստորին հոսանքում` Լոբնոր լճի շրջակայքում և Ալթինդաղի լեռներում։ Արշավախումբը ջանասիրաբար հավաքեց կենդանատեսակների և բուսատեսակների հավաքածուներ, կատարեց օդերևութաբանական արժեքավոր դիտումներ, մոտիկից ծանոթացան և նկարագրեցին լոբնորցիներին և Թարիմի ստորին հոսանքում բնակվողներին։ Այս ճամփորդությունից հետո Պրժևալսկին վերադառնում է դեպի ելման կետ և ձեռնարկում իր մյուս արշավը։ Լոբնորյան արշավախմբի կատարած հետազոտությունների հետևանքով Պրժևալսկին ընտրվում է գիտությունների ակադեմիայի և բուսաբանական այգու պատվավոր անդամ։ Առաջինը նա է ստացել Ալեքսանդր Հումբոլդտի անունը կրող ոսկե մեդալը, որը սահմանվել է Բեռլինի աշխարհագրական ընկերության կողմից իր գոյության 50-ամյակի առթիվ։

Պրժևալսկու կենտրոնասիական այցելությունները[խմբագրել]

Հերթական չորրորդ, կենտրոնասիական երկրորդ գիտարշավը տեղի է ունեցել 1879- 1880թթ.։ Պրժևալսկին այն կոչում է առաջին տիբեթական արշավ։ Վերադառնալով դեպի Կուլջա քաղաք` Պրժևալսկին մեկնում ` Զայսան: Եվ այստեղից դուրս է գալիս 1879թ. մարտի 21-ին: Նա իր տրամադրության տակ ուներ 35 ուղտ և 5 հեծնելու ձի: Զայսանից դուրս գալով ուղղություն են վերցնում դեպի Ջունգարիա, ապա հասնում մինչև Տյան- Շանի արևելյան հատվածում գտնվող Խամի քաղաքը: Այստեղից կտրում անցնում են Նան- Շանի լեռները և Ցայդամ իջվածքը, թափանցում են Տիբեթի խորքերը և վերադառնում Կյախտա: Սա Պրժևալսկու կատարած ամենաբեղմնավոր և ամենացայտուն ճանապարհորդություններից մեկն էր: Այս ճամփորդությունունը ունի աշխարհագրական- գիտական մեծ նշանակություն: Այն տալիս է. • Մոտ 8000կմ երկարությամբ ճանապարհի հանույթը, քարտեզի վրա այդ անհայտ տարածքի արտահայտումը, • Տարածքի օդերևութաբանական մշտական դիտումները` օրական երեք անգամ։ Այդ դիտումները հիմք հանդիսացան Պրժևալսկու կողմից այս տարածքի բնակլիմայական պայմանների բնութագրման համար։ • Հյուսիսային Տիբեթում հայտնագործվում են մի քանի լեռնաշղթաներ և հայտնագործում Լհասա տանող ամենակարճ ուղիները։ • Բուսաբանության և կենդանաբանության համար շատ մեծ նշանակություն ունեցող բույսերի և կենդանիների տեսակների հավաքումն ու նկարագրությունը, որոնց մեծ մասը մինչ այդ գիտությանը անհայտ էր։ Այդպիսիններից է նաև Կենտրոնական Ասիայի կենդանիներից վայրի ձին, որին տրվեց Պրժևալսկու ձի անվանումը։ Այս արշավախումբը շատ ծանր նստեց Պրժևալսկու և նրա արշավախմբի վրա։ Բնական անհրապույր պայմանները, տեղական իշխանությունների անհյուրընկալ ընդունելությունը, սննդի և կերի պակասը, ուժասպառությունը չխանգարեցին, որպեսզի Պրժևալսկին թափանցի Կենտրոնական Տիբեթ։ տիբեթ ներթափանցելուց հետո Պրժևալսկու մասին երկար ժամանակ տեղեկություններ չկար, քանի որ Պրժևալսկին խուսափում էր ռազմատենչ տուգուտական ցեղերին հանդիպելուց և ճամփորդությունը իրականացնում էր անմարդաբնակ, ամայի վայրերով։ Բնականաբար, մշտապես լրագրերի և ամսագրերի, մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պրժևալսկու այս “տարօրինակ” վարմունքը տեղի տվեց Եվրոպայում, Ռուսաստանում , նաև Չինաստանում նրա մասին զանազան լուրերի տարածմանը։ Ոմանք համարում էին նրան անհայտ կորած, ոմանք գտնում էին, որ արշավախումբը ունեցել է ողբերգական վախճան, չեն կարողացել հաղթահարել բնական պայմանների դժվարությունները և այլն և այլն։ Ռուսական և արտասահմանյան շատ թերթեր, ամսագրեր, ձեռնարկություններ, նաև անհատներ կոչ էին անում նոր արշավախմբեր կազմակերպելու։ Մինչդեռ այդ ժամանակ, երբ իր անվան շուրջ պտտվում էին լեգենդներ, Պրժևալսկին անխոնջ աշխատում էր ձմռան բքի և սառնամանիքի մեջ, անծայրածիր անապատներում։ Դեպի Կենտրոնական Ասիա կատարած երրորդ գիտարշավի արդյունքների ամփոփւմը լույս է տեսնում Պրժևալսկու “Զայսանից Խամի վրայով դեպի Տիբեթ և Դեղին գետի վերնագավառը” աշխատությունը` 1883թվականին։ Այն շատ արագորեն տարածվում և իր ընդունելությունն է գտնում և Ռուսաստանում, և արտասահմանյան երկրներում։ Այս աշխատության մեջ մանրամասն նկարագրված է արշավախմբի ամբողջ ընթացքը` սկսած նրա նախապատրաստական աշխատանքներից մինչև աշխարհագրական և գիտական մեծ նշանակություն ունեցող հայտնագոործությունների մանրամասնությունները և իր` հեղինակի տեսական կռահումները։ Աշխատությունը գրված է պարզ, անկաշկանդ և պատկերավոր կերպով։ Այս տեսակետից կարելի է այն դիտարկել նաև որպես հետաքրքրիր գեղարվեստական և արկածային գրականություն։ 1883 թվականի հոկտեմբերի 21-ին Պրժևալսկին արշավախմբով դուրս է գալիս Կյախտայից` կատարելով իր հինգերորդ, հերթական կենտրոնասիական հետազոտությունները։ Այս ճամփորդությունը տևում է շուրջ երկու տարի` մինչև 1885 թվականի հոկտեմբերի վերջերը։ Այս ամբողջ ժամանակահատվածում Պրժևալսկին անցնում է շուրջ 7815 կմ երկարությամբ ճանապարհ։ Արշավախումբը ունեցել է հետևյալ երթուղին. Կյախտայից դուրս գալով` Պրժևալսկին իրեն քաջ հայտնի ճանապարհով անցնում է Մոնղոլիայով դեպի Կուկունոր լիճը, որտեղից մի շրջանաձր ուղևորություն է կատարում` ընդգրկելով Ցայդամ իջվածքը և Ալթինդաղի լեռներ, ապա Լոբնոր լիճ։ Ապա վերջինիցս ուղղություն է վերցնում դեպի արևմուտք և միջօրեականի ուղղությամբ կտրում- անցնում Տակլա- Մական մեծ անապատը և Տյան- Շանի վրայով դուրս գալիս Կարակոլ։ Այդ բնակավայրը գտնվում է Իսսիկ- Կուլ լճի արևելյան կողմում և հետագայում ստացավ Պրժևալսկ անվանումը։ Այսպիսով, այս արշավախմբի ընթացքում հետազոտվել են Ալթինդաղը, Խուանխե գետի ակունքների շրջանը և Կաշգարիան։ Ահա այս պատճառով էլ Պրժևալսկին այս արշավախմբի վերաբերյալ իր հաշվատվությունների մեջ գրում է.” Կյախտայից դեպի Դեղին գետի ակունքները , Տիբեթի հյուսիսային ծայրամասի հետազոտումը և ճանապարհ Լոբնորի վրայով Թարիմ գետի ավազանում”, որը դառնում է նրա վերջին աշխատությունը։ Այս արշավախմբի ընթացքում Պրժևալսկին Խուանխե գետի ակունքների շրջանում հայտնագործեց Ջարին- նուր և Օրին- նուր լճերը, որոնց նա տվեց համապատասխանաբար “Ռուսական” և “Էքսպեդիցիա” անվանումները։ Մի շարք աշխարհագրական հայտնագործություններ կատարեց հատկապես Տիբեթի հյուսիսային ծայրամասում։ Այստեղ Պրժևալսկին նկատեց լեռնային մի բարդ համակարգ, հայտնագործեց այդ համակարգի մեջ թափանցող մի շարք լեռնաշղթաներ և լեռնագագաթներ, որոնց տրվեցին ռուսական անվանումներ։ Այդպսիսններից են Ռուսական լեռնաշղթան, Մոսկովյան լեռնաշղթան, Չսառչող լիճը և այլն։ Իսկ Պրժևալսկու կողմից Զագադոչնի անունը կրող լեռնաշղթան հետգայում աշխարհագրական ընկերության կողմից ստացավ իր հայտնագործողի անունը` Պրժևալսկու լեռնաշղթա։ 1885 թվականի հոկտեմբերի 29-ին Պրժևալսկու արշավախումբը վերադարձավ Ռուսաստան։ Այստեղ նրան դիմավորում են որպես իսկական հերոսի։

Պրժևալսկու վերջին այցելությունը Կենտրոնական Ասիա[խմբագրել]

1888 թվականին, երբ Պրժևալսկին արդեն հիսունին մոտ էր և ուներ գեներալ- մայորի աստիճան, ձեռնարկում է իր վերջին` վեցերորդ ճամփորդությունը դեպի Կենտրոնական Ասիա։ Նա այս անգամ նպատակադրվել էր ամեն գնով հասնել Տիբեթի մայրաքաղաք Լհասա։ Պրժևալսկու արշավախմբի կազմի մեջ էին նաև այնպիսի հետազոտողներ, որոնք հետագայում մեծ ճանաչում ձեռք բերեցին` Վ. Ի. Ռոբորովսկին և Պ. Կ. Կոզլովը։ Արշավախումբը 1888 թվականի օգոստոսի 5-ին դուրս է գալիս Պետերբուրգից և գնացքով հասնում Մոսկվա։ Այստեղից ուղևորվում է դեպի Նիժնի, ապա “Ֆելդմարշալ Սուվորով” նավով Վոլգայով նավարկում մինչև Աստրախան։ Այնտեղից Բաքու, իսկ Բաքվից Թուրքեստան։ Միջին Ասիայում առաջին հանգրվանը լինում է Սամարղանդը, ապա Տաշքենդը, այնուհետև Պիշպեկը։ Սակայն մեծ ճանապարհորդին, ում աշխարհը պարտական է Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությամբ, մի շարք նոր լեռնային համակարգերի բացահայտմամբ, վիճակված չէր իր նպատակը իրականացնել։ Պիշպեկի շրջանում որս կատարելիս Կարակոլի` ներկայիս Պրժևալսկի մոտ, Պրժևալսկին, որն ընդհանրապես իր ուղեկիցներին չստուգված ջրավազաններից առանց եռացնելու ջուր խմել, ինքը տոթից նեղված ջուր է խմում մի գետից, որի հովտի բնակչության շրջանում տարածված էր որովայնային տիֆը։ Չնայած Պրժևալսկին աչքի էր ընկնում ամուր օրգանիզմով` սակայն այս անգամ վարակվում է տիֆով, մի քանի օր հիվանդ պառկում և իր մահկանացուն կնքում Կարակոլում, որն հետագայում ստացավ իր անունը։ Պրժևալսկու կտակի համաձայն` նրան թաղում են Իսսիկ- Կուլ լճի ափին։ Հաջորդ տարում` 1889 թվականին, նրա գերեզմանին կառուցում են մի հրաշալի հուշարձան, որը նայում է Իսսիլ- Կուլի կապուտալ ջրերին։

Լրացուցիչ[խմբագրել]

Նա իր ճանապարհորդությունների ընթացքում ընդգրկել է հսկայական մի տարածք, որի արևելյան սահմանը պետք է համարել Պեկինը, արևմտյանը` Իսսիկ- Կուլ – Խոտան գիծը, հարավայինը` Տիբեթի կենտրոնական շրջանները, իսկ հյուսիային` Կյախտան և Զայսան։ Նրա հետաքրքրությունների շրջանակները լայն են և բազմազան։ Պրժևալսկուն հետաքրքրել են իր այցելած երկրների և բնական պայմանները, և կենդանական, և բուսական , և հողային պայմանները, նաև տվել է տեղաբնիկների համալիր նկարագիրը, ցույց տվել նրանց սովորույթներն ու բարքերը։ Նա իր հետ փոքրիկ օրագրեր է ունեցել, որտեղ կատարել է հիմնական նշումները, որոնցից օգտվել է հետագայում` աշխատությունները կազմելիս։ Օրագրի մասին գրելիս, նա նշել է, որ “Ճանապարհորդը չունի հիշողություն”, ուստի պետք է ամեն ինչ վերարտադրի օրագրում։ Նույնիսկ հասուն տարիքում նա անտարբեր է եղել պարգևների, մեդալների նկատմամբ և ավելի ուշադիր` հետազոտությունների նկատմամբ։ Նա հանդես է եկել նաև որպես յուրահատուկ գրող, ով շատ պատկերավոր կերպով է նկարագրել իր անցած ճանապարհը։ Նրա պատվին գերեզմանի վրա կանգնեցվել է հսկայական արձան` Պրժևալսկ քաղաքում, այդտեղ գործում է նաև Պրժևալսկու անվան թանգարան, իսկ Սանկտ- Պետերբուրգում Աշխարհագրական ընկերության կողմից կանգնեցված է Ալեքսանդրյան այգում Պրժևալսկու հուշարձանը։ 1891 թվականին նրա անվամբ մեդալներ և պատվո նշաններ, մասնավորապես Պրժևալսկու անվան ոսկե մեդալ ձուլվեցին։ Աշխարհագրական տեղանուններից կան Պրժևալսկու անվան լեռներ, ձիու տեսակ, կենդանատեսակ, քաղաք Կիրգիզիայում, փողոց Մոսկվայում, գիմնազիա Սմոլենսկում։ Նա դեռևս կենդանության օրոք ստացել է հետևյալ պարգևները` • Սմոլենսկի արժանի քաղաքացի, • Պետերբուրգի արժանի քաղաքացի, • Սբ. Վլադիմիրի օրդեն 3-րդ կարգի, • Կոնստանտինովայն ոսկե մեդալ, • Աշխարհագրական ընկերության կողմից արժաթե մեդալ, • Բեռլինի աշխարահագրական ընկերության անդամ • Փարիզի միջազգային աշխարահագրական կոնգրեսի պատվո հյուր, • Փարիզի աշխարհագրական ընկերության ոսկե մեդալ, • Բեռլինի աշխարհագրական ընկերության կողմից Ալեքսանդր Հումբոլդտի անվան մեծ ոսկե մեդալ, • Լոնդոնի աշխարհագրական հասարակության կողմից Թագավորական մեդալ, • Հարգելի հյուր Ռուսաստանի ԳԱ • Հարգելի հյուր Սանկտ- Պետերբուրգի ԳԱ • Իտալիայի աշխարհագարական ընկերության ոսկե մեդալ, • Ոսկե մեդալ, որի վրա գրված է . “ Կենտրոնական Ասիայի բնությունը առաջինը ուսումնասիրողին”` Ռուսաստանի ԳԱ Եվ այլ մեդալներ: Պրժևալսկին մեծագույն ճանապարհորդ է և մեծագույն գիտնական: Նա աշխարհագրության պատմության մեջ այն եզակի դեմքերից է, որը հավասարապես սիրված է ամբողջ աշխարհում:

Գրականություն[խմբագրել]

Թ. Խ. Հակոբյան “ Աշխարհագրության համառոտ պատմություն” , Երևան, 1976, “Լույս” հրատարակություն,