Արաբական դիցաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արաբական դիցաբանություն, Արաբական թերակղզում տարածված հավատալիքների, ծիսակատարությունների, աստվածների և աստվածությունների մասին համակարգ, արաբական նախաիսլամական մշակույթի մի մասը։

Մեր թվարկության 7-րդ դարում արաբական ցեղերը ընդունեցին իսլամը և միավորվեցին որպես մեկ ազգ։ Մինչ այդ արաբները և Արաբական թերակղզում ապրող սեմալեզու մյուս ժողովուրդները կերտել էին շուրջ քաղաքակրթություններ, որոնցից ամենահինը ուներ 3000-ամյա պատմություն։

արաբական ցեղեր

Արաբական թերակղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Օման. վադի Շաբ
ամրոց Եմենում

Արաբական թերակղզին (արաբ․՝ جزيرة العرب‎‎, Ջազիրաթ ալ-Արաբ) աշխարհագրական տարածք է Հարավարևմտյան Ասիայում։ Տարածքը կազմում է 3,273,000 քառ. կմ, բնակչությունը՝ շուրջ 80 միլիոն մարդ։ Կոմունիկացիոն տեսանկյունից գտնվելով 3 աշխարհամասերի՝ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հատման կետում՝ Արաբական թերակղզին իր ուրույն տեղն ունի համաշխարհային պատմության մեջ։ Թերակղզու դերը հատկապես մեծացավ 19-րդ դարի ընթացքում։ Հայտնաբերվում են սև ոսկու՝ նավթի և կապույտ վառելիքի՝ բնական գազի հսկայական պաշարներ։ Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում է տեղակայված նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը, բնական գազի պաշարների գրեթե կեսը։ Կան նաև մետաղների օգտակար հանածոների հանքավայրեր։

Արաբական թերակղզին սեմական ժողովուրդների հայրենիքն է[1]։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է Բարեբեր մահիկի տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում Եթովպիա։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շումերը (արաբ․՝ سومر‎‎, Սումեր), Աքքադը (արաբ․՝ أكد‎‎, Աքքադ), Բաբելոնիան (արաբ․՝ أكبلاد بابلد‎‎, Բիլադ Բաբել), Փյունիկիան (արաբ․՝ فينيقيا‎‎, Ֆինիկիա), Ասորեստանը (արաբ․՝ آشور‎‎, Աշշուր), Ասորիքի (արաբ․՝ سوريا‎‎, Սուրիա) և Միջագետքի (արաբ․՝ بلاد الرافدين‎‎‎, Բիլադ ալ-Ռաֆիդեյն) հռչակավոր քաղաք-պետությունները[2]։ Աքքադը մարդկությանը հայտնի առաջին կայսրությունն էր, որի իշխանությանն էին ենթարկվում Բարեբեր մահիկի և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանների երկրները։ Բաբելոնը մարդկության պատմության խոշորագույն քաղաքն էր, որը որոշ աղբյուրների համաձայն ունեցել է 200,000 բնակիչ։

Սեմական քաղաքակրթությունները, որոնք ստեղծել էին հարուստ մշակույթ, հսկայական ներդրում են կատարել մարդկության պատմության զարգացման համար։ Փյունիկիայի Ուգարիտ քաղաքում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կերտվել է աշխարհի առաջին այբունենը։ Արամեացիների լեզուն և այբուբենը դարեր շարունակ՝ մինչև հելլենիզմի դարաշրջանը, տիրապետող են եղել տարածաշրջանում։ Գտնվելով Չինաստանն ու Հնդկաստանը Միջերկրական ծովին կապող առևտրական ճանապարհների կենտրոնում՝ նրանք զբաղվել են տարանցիկ առևտրով և մշակութային փոխանակությամբ։ Ժամանակակից Սիրիայի ու Հորդանանի տարածքներում են գտնվում Նաբատեայի (արաբ․՝ مملكة الأنباط‎‎, Մամլաքաթ ալ-Անբատ) ու Պալմիրայի (արաբ․՝ تدمر‎‎, Թադմոր)՝ հելլենիստական ոճով կառուցված քաղաքները Այսօր չնչին բեկորներ մնացել են այդ պետություններից, ժողովուրդների մեծ մասը ձուլվել է։ Սակայն արաբ ժողովուրդը մնացել է պատմական նախահայրենիքում ու դարձել աշխարհի ամենահայտնի ժողովուրդներից մեկը[3]։

Նախաիսլամական նստակյաց քաղաքակրթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիբլա. քաղաք Եմենում

Արաբական թերակղզին դարեր շարունակ բանկեցված է եղել տասնյակ ազգերով ու ազգություններով, ցեղերով ու ցեղային միություններով։ Սակայն գերիշխողը եղել և մնում են արաբները, որոնք իրենց են ձուլել շատ էթնիկ խմբեր։ Արաբական ցեղերը հայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որի հիմնադիրն Ադնանն էր[4], և հարավային, որի հիմնադիրն էր Կահտանը։ Հայտնի էին (արաբ․՝ بنو أسد‎‎, բանու ասադ)՝ առյուծի որդիներ, (արաբ․՝ بنو نسر‎‎, բանու նասր)՝ արծվի որդիներ, (արաբ․՝ تغليب‎‎, Թաղլիբ), (արաբ․՝ القريش‎‎, ալ-Կուրեյշ) և այլ ցեղերը։ Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպես նաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապես մեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։

Հյուսիսային ու Կենտրոնական Արաբիայի բնակչությունը ևս զբաղվում էր նստակյաց հողագործությամբ։ Նպաստավոր էին ոչ միայն Յամամայի և Եմենի ոռոգովի տարածքները, այլև Նաջդի սարահարթի, Բահրեյնի դաշտավայրի ու Հիջազի լեռնային օազիսները[4]։ Նստակյաց ցեղերը ստեղծել էին քաղաք-պետություններ՝ շաաբաներ (արաբ․՝ الشعبة‎‎, ալ-շա'բա), որոնք հունական պոլիսներ էին հիշեցնում։ Դրանք իրենց ազդեցությունը տարածում էին նաև շրջակա գյուղերի վրա՝ նպաստելով դրանց զարգացմանը[3][5]։ 6-րդ դարում շաաբաների, ինչպես նաև Եմենում ձևավորված թագավորությունների թուլացումն ու անկումը բացասաբար անդրադարձավ սոցիալական, տնտեսական ու քաղաքական կյանքի վրա։ Պատճառը Մերձավոր Արևելքում և Հռոմեական կայսրությունում տիրող փոփոխություններն էին, որոնք հանգեցրին հին՝ նախնադարյան ու ստրկատիրական կարգերի վերջնական վերացմանն ու նոր հասարակարգի ստեղծմանը։ Արևելքի ժողովուրդները թևակոխեցին ավատատիրության դարաշրջան, որը տևեց 1,2-1,5 հազարամյակ։ Նախաիսլամական շրջանում՝ 6-7-րդ դարերի թերակղզու բնակչության 4-4,5 միլիոնը նստակյացներ էին, իսկ 2,5-3 միլիոն մարդ զբաղվում էր քոչվոր կամ կիսաքոչվոր անասնապահությամբ[1] հողագործությունը պատվազրկություն համարելով[6]։

Նախաիսլամական բեդուինական ցեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները

Նախաիսլամական շրջանի ցեղային համակարգն ունի մոտ 2000-ամյա պատմություն[6]։ Արաբական ցեղերը ունեին հիմնական անդամներ, որոնք իրար հետ կապված էին արյունակցական կապով, և երկրորդական անդամներ, որոնք պատերազմում հաղթված ցեղերի ստրկացված անդամներն էին կամ թույլ տոհմերի հնազանդ անդամները։ Ցեղը գլխավորում էին նրա հիմնական անդամներից հինգը։

Ցեղապետը կամ առաջնորդը՝ սեյյիդը (արաբ․՝ سيد‎‎, սեյյիդ), ընտրվում էր տոհմի հարգանք վայելող, բանիմաց ու տարեց մարդկանցից։ Նա էր որոշում ցեղի տեղաշարժի, հարկերի հավաքման, այս կամ այն ցեղի դեմ պատերազմ սկսելու կամ հաշտվելու խնդիրները։ Ռազմական ղեկավարը՝ կաիդը (արաբ․՝ قائد‎‎, կաիդ), ընտրվում էր պատերազմում առավել քաջություն, ճարպկություն և ուժ ցույց տված զինվորներից։ Ցեղային զորաջոկատներում նա ցեղապետից հետո երկրորդն էր։ Ցեղում կարևոր դեր էին խաղում կրոնական առաջնորդը՝ քահին (արաբ․՝ كاهن‎‎, քահին), և դատավորը՝ կադի (արաբ․՝ قاض‎‎, կադի)[3]։ Շաիրը (արաբ․՝ شاعر‎‎, շա'իր) գովերգում էր ցեղը, փառաբանում հերոսներին։ Նա մասնակցում էր Մեքքայի Քաաբա տաճարից ոչ հեռու գտնվող Ուկազի ամենամյա ժողով-բանավեճերին[3]։ Կային ցեղեր, որի գլխավոր անդամներից ոմանք զբաղեցնում էին մեկից ավելի պաշտոններ։ Բայց եթե նույնիսկ հանդիպեր ցեղ, որի առաջին չորս պաշտոնները կատարեր ցեղապետը, շաիրի պաշտոնն մնում էր անձեռնմխելի և յուրահատուկ։ Արաբների պատմության մեջ մեզ հայտնի միակ մարդը, ով փորձել էր հինգ պաշտոնները կատարել միաժամանակ, Մուհամմադ մարգարեն էր[2]։

Օազիս Արաբական թերակղզում

Բեդուինները զբաղվում էին քոչվոր անասնապահությամբ ու մասամբ հարձակումներով։ Արաբական թերակղզու հիմնական փոխադրամիջոցը, կենդանական սնունդի, հագուստի ապահովողն ու հարստության չափանիշը հարյուրավոր տարիներ եղել և մնում է ուղտը։ Այն կարող է առանց ջրի ու կերակրի ճամփորդել 4-5 օր, օրական 120-130 կմ[5]։ Ուղտի միսն ու կաթը դարեր շարունակ քոչվոր բեդուինների հիմնական սնունդն էր։ Ուղտի կաշվից ու բրդից մարդիկ պատրաստել են հագուստներ։ Բեդուինի առօրյա սնունդը լրացնում էր արմավենու պտուղը։ Ընդ որում, օգտագործվում էր ոչ միայն արմավենու պտուղը, այլև արմավի կորիզը, որը աղում էին և հաց պատրաստում[3]։ Առօրյա սննդի հայթայթումը անապատային պայմաններում կարող էր վերածվել գոյության կռվի, այն հաճախ լրացվում էր այլ ցեղերի վրա հարձակումներով և քարավանային առևտրի թալանով[6]։ Ծանր պայմանները ստիպում էր գոյությունը պահպանելու համար դիմել ծայրահեղ միջոցների։ Անապատաբնակ արաբները կարիք ունեին հիմնականում զինվորների՝ արական սեռի ներկայացուցիչների, իսկ անհրաժեշտ քանակից ավելի ծնված աղջիկներին ողջ-ողջ թաղում էին։

Նախաիսլամական շրջանի հավատալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուբալի արձանը. պահվում է Դամասկոսի թանգարանում
Ալ-Լաթ աստվածուհին

Արաբերեն լեզուն ցեղերին միավորում էր միայն ժամանակավորապես՝ պատերազմելու կամ պաշտպանվելու, առևտրական կամ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Պատճառը կրոնական մասնատվածությունն էր։ Արաբական թերակղզում տարածված էին և՛ հեթանոսական, և՛ միաստվածական կրոններ։ Միաստվածական կրոններից քրիստոնեությունը հյուսիսային շրջաններ է մուտք գործել Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության հետևանքով։ Քրիստոնեություն էին ընդունել Ղասանիները, իսկ Լախմիները մնացել էին հեթանոս։ Այս 2 հյուսիսարաբական պետությունները հաճախ էին պատերազմում միմյանց դեմ՝ համապատասխանաբար Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի կողմից։ Ավելի վաղ քրիստոնեություն էր ընդունել Եմենի Հիմյար (արաբ․՝ حمير‎‎) թագավորությունը[7]։

Հուդայականությունը ավելի խոր արմատներ է ձգել՝ կրոնական համայնքներ ստեղծելով Նաջդի ու Հիջազի օազիսներում։ Հուդայական էին Մադինայի 5 ցեղերից 2-ը, որոնք պայքարում էին հեթանոս մյուս 3-ի դեմ՝ Հիջազի այդ ամենահարուստ օազիսի հողերի համար։ Հետագայում այս պայքարը հմտորեն օգտագործեց Մուհամմադ մարգարեն՝ Մադինայում իր դիրքերն ամրապնդելու համար։ Տարածված էր հանաֆիական միաստվածական կրոնը։ Արաբական թերակղզու հյուսիսային շրջաններում թափանցել էր բաբելոնյան և ասորական աստվածների պաշտամունքը։ Տարածված էր հատկապես սեմական Բաալ (արաբ․՝ بعل ‎‎, Բել) աստծու և Իշթար (արաբ․՝ عشتار ‎‎, Էսթեր) աստվածուհու պաշտամունքը։

Սակայն գերիշխող կրոնը հեթանոսությունն էր։ Արաբական պանթեոնի գլխավոր աստվածն էր Հուբալը (արաբ․՝ هبل‎‎‎),որի արձան-կուռքը գտնվում էր Մեքքայի Քաաբա (արաբ․՝ الكعبة‎‎) տաճարում[8]։

Հուբալն ուներ երեք դուստր՝ հանդերձյալ կյանքի աստվածուհի ալ-Լաթը (اللات‎), հաղթանակի և զորության աստվածուհի ալ-Ուզզան (العزى‎) և ճակատագրի աստվածուհի Մանաթը (արաբ․՝ مناة‎‎‎)։ Նրանց արձաններն ու տաճարները տարածված էին թերակղզու տարածքով մեկ։

Հայտնի են նաև սիրո աստված Ուադդը (արաբ․՝ ود‎‎‎), լուսնի աստված Ամմը (արաբ․՝ أم‎‎‎) և ուրիշներ, ովքեր բոլորը ավանդաբար համարվում էի Հուբալի զավակները։

Աստվածների գլխավոր տաճարը Մեքքայի Քաաբան էր՝ հայտնի իր կենդանակերպ արձաններով։ Արաբական թերակղզում լայն տարածում ուներ նաև բեյթիլների պաշտամունքը։ Յուրաքանչյուր ցեղ ուներ սեփական պաշտամունք-կուռքը։ Կուռքը դրվում էր պատգարակի վրա։ Երբ ցեղը տեղափոխվում էր օազիսից օազիս, պատգարակը՝ կուռքի տնակը, տեղափոխվում էր ցեղի հետ միասին։ Պատգարակը համարվում էր այդ աստծո տունը՝ բառացի բեյթ-իլ (արաբ․՝ بيت-ال‎‎)։

Հավատալիքները աստվածներից բացի ներառում էին ջիներ (արաբ․՝ جن‎‎‎), հրեշներ (արաբ․՝ غول‎‎‎) և շեյթաններ (արաբ․՝ شيطان‎‎)։ Դրանք չար կամ բարի հոգևոր արարածներ էին, որոնք կանգնած էին աստվածների ու մարդկանց միջև։ Զարմանալի է, բայց փաստ, որ նրանց պես շաիրները նույնպես հայտարարված էին միջանկյալ մարդիկ։ Պաշտամունքի առարկա կարող էին հանդիսանալ նաև կենդանիները, ժայռերը, ծառերը, հոգիները։ Տաճարների ու սրբավայրերի շուրջ ընկած տարածքը սուրբ էր հայտարարված, որտեղ բոլոր կենդանի էակներն անձեռնմխելի էին[8]։

Այլ աստվածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

գրիֆֆոնի քանդակ (Հադրամաութ)
  1. Մանաֆ (արաբ․՝ مناف‎‎) կանանց աստված[9]
  2. Ուադդ (արաբ․՝ ود‎‎) սիրո և ընկերության աստված, որին օձերը ենթարկվում էին[9]
  3. Ամմ (արաբ․՝ أم‎‎) լուսնի աստվածը Կատաբանում.
  4. Տալաբ (արաբ․՝ طالب‎‎) լուսնի աստված հարավային Արաբիայում
  5. Զու ալ-Հալաս (արաբ․՝ ذو الحلاس‎‎) սպիտակ քարի տեսքով՝ տղամարդկանց աստվածություն
  6. ալ-Կաում (արաբ․՝ القوم‎‎) պատերազմի աստվածը Նաբատեայում, ինչպես նաև քարավանների պահապան
  7. Զու ալ-Շարա (արաբ․՝ ذو الشرى‎‎) լեռան աստվածը Նաբատեայում
  8. Տաղութ (արաբ․՝ طاغوت‎‎) սատանա

Հոգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջին (արաբ․՝ جن‎‎ ջինն) գերբնական բարի և չար, հիմնականում՝ չար էակներ[10]
  • Մարիդ (արաբ․՝ مارد‎‎ մաարիդ) ջիների ավելի հզոր տեսակը
  • Իֆրիտ (արաբ․՝ عفريت‎‎ 'իֆրիտ) հրեշտակների ու սատանաների միջև կանգնած էակներ

Հրեշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նասնաս (արաբ․՝ نسناس‎‎ նասնաաս) կիսամարդ-կիսահոգի արարածներ[11]
  • Ղուլ (արաբ․՝ غول‎‎ ղուլ) անապատաբնակ մարդանման հոդեղեն գազաններ[12]
  • Բահամութ (արաբ․՝ بهموت‎‎ բահամութ) փղի գլուխ և ձկան մարմին ունեցող առասպելական կենդանի։

Իսլամի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքքայի Քաաբան. Հաջի վերջին օրը

Անցումը բազմաստվածությունից միաստվածություն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդկության միտքը սկսել է գիտակցել հեթանոս առաջնորդների կրոնա-փիլիսոփայական գաղափարների կեղծ լինելը։ Անտիկ հասարակության անկումը զուգադիպեց քրիստոնեության հայտնությանը։ Նրա տարածմանն ու ամրապնդմանը հաջորդում է ավատատիրական կարգերի ձևավորումը։ Հին Աշխարհը՝ Եվրոպայի հարավը, Աֆրիկայի հյուսիսն ու հարավարևմտյան Ասիան, մշակութային, տնտեսական ու քաղաքական շփման գոտի էր։ Արաբական թերակղզին, լինելով Մերձավոր Արևելքի անբաժան մասը, նույնպես կրել է այդ փոփոխությունները։ 5-7-րդ դարերի ընթացքում պատմության թատերաբեմից հեռացան Քինդաների (արաբ․՝ الكندة‎‎), Ղասանիների (արաբ․՝ الغسانيون‎‎) ու Լախմիների (արաբ․՝ اللخميون‎‎) իշխանությունները[4], Եմենի քաղաք-պետությունները[6]։ 7-րդ դարի սկզբից ասպարեզ է իջնում իսլամը, որը ոչ միայն միավորեց արաբ ժողովրդին, այլև դարձավ Մերձավոր արևելքի տիրապետող կրոնը, դուրս եկավ նրա սահմաններից ու թափանցեց Աֆրիկա, Եվրոպա, Ասիայի հեռավոր շրջաններ։ Հատկանշական է, որ իսլամը ծագել է արաբական միջավայրում, բայց արաբները կազմում են մուսուլմանների միայն 1/4-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Беляев Е. А , Арабы, ислам и арабский халифат в ранее средневековье, Москва 1966
  2. 2,0 2,1 Robert G.Hoyland, Arabia and the Arabs, New York, 2001
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hitti Ph., History of the Arabs, 10th editionPalgrave McMillan 2002
  4. 4,0 4,1 4,2 Негря Л. В. Общественный строй Северной и Центральной Аравии в 5-7 вв
  5. 5,0 5,1 Նիկոլայ Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն, Երևան 2003
  6. 6,0 6,1 6,2 6,3 Большаков О.Г. История Халифата 570-633 гг.. , Москва 2000
  7. Пиотровский М.Б., Южная Аравия в раннее средневековье, Москва 1985
  8. 8,0 8,1 The Book of Idols (Kitāb al-Asnām) by Hishām Ibn al-Kalbī
  9. 9,0 9,1 Book of Idols
  10. Կաղապար:Quran-usc
  11. Robert Irwin The Arabian Nights: a Companion (Penguin, 1994)
  12. «ghoul». Merriam-Webster Online Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ հունվարի 22-ին.