Նաբատեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաբատեայի թագավորություն.png

Նաբատեայի թագավորություն (արաբ․՝ المملكة النبطية‎‎), հելլենիստական դարաշրջանի արաբական պետություն Հորդանանի թագավորության տարածքում (մ.թ.ա. 3-րդ դարի վերջ-մ.թ. 106): Գտնվում էր Հյուսիսային Արաբիայում՝ Եգիպտոսի և Պաղեստինի հարևանությամբ։ Այն ստեղծվել էր մ.թ.ա. 2-րդ դարում։ Այն ընկած էր Սինայի և Արաբական թերակղզիների հատման տարածքում, ներառում էր Հիջազը: Հյուսիսում սահմանակցում էր Հուդայի, իսկ արևմուտքում՝ Եգիպտոսի Պտղոմեոսյան թագավորություններին։

Մայրաքաղաքը Պետրան էր (այժմ՝ Հորդանան)՝ հելլենիստական ոճի ժայռափոր տաճարներով և բնակելի շենքերով, խոշոր քաղաքներ էին Բոսրան (այժմ՝ Սիրիա), Մադաին Սալեհը (այժմ՝ Սաուդյան Արաբիա), Նիցանան (այժմ՝ Իսրայել

Մինչև մ.թ.ա. 3-րդ դարը նաբատեացիները հիմականում զբաղվել են քոչվոր անասնապահությամբ, 2—1-ին դարերում նաև՝ երկրագործությամբ։ Մ.թ.ա. 2–րդ դարի կեսին Նաբատեան իր տիրապետությունն է հաստատել Հյուսիսային Հիջազում՝ Եգիպտոսից զավթելով Ամպելոնա նավահանգիստը (Կարմիր ծովի ափին), որտեղ խաչվում էին Հնդկաստանից և Արաբական թերակղզու հարավից Միջերկրականի ավազանը տանող առևտրական ուղիները, ինչի շնորհիվ Պետրան դարձել է առևտրական կենտրոն։

Նաբատեայի հայտնի առաջին թագավորը Հարիթաթ I-ն է (թագավորել է մ.թ.ա. 169 թվականից)։ Նաբատեան հզորության է հասել Հարիթաթ III-ի (մ.թ.ա. 87—62) օրոք, ով պարտության է մատնել Սելևկյաններին, մ.թ.ա. 85 թվականին գրավել է Դամասկոսը՝ Ասորիքի հարավային շրջանների հետ, մ.թ.ա. մոտ 84 թվականին հաղթել հրեական զորքին։ Մ.թ.ա. 73—72 թվականներին դաշնակցել է Փյունիկիայի հարավում հաստատված Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեին՝ ընդդեմ Տիգրան Բ Մեծի։ Դամասկոսի մոտ հայկական բանակից պարտվելուց հետո Հարիթաթ III-ը զիջել է Դամասկոսը Տիգրան Բ Մեծին և ընդունել նրա գերիշխանությունը (մ.թ.ա. 72—69)։

Մ.թ.ա. 64 թվականին Ասորիքում հռոմեական տիրապետության հաստատումից հետո Նաբատեան դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Մ․ թ․ 106 թվականին կայսր Տրայանոսը վերացրել է Նաբատեայի թագավորությունը և դարձրել հռոմեական «Արաբիա» պրովինցիա։

Պատկերասրահ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Шифман И․ Ш․, Набатейское государство и его культура, М, 1976․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png