Յաշ Չոպրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաշ Չոպրա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 27, 1932(1932-09-27)[1]
Ծննդավայր՝Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 21, 2012(2012-10-21)[1] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Մումբայ, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0007181

Յաշ Չոպրա (հինդի` यश चोपड़ा, սեպտեմբերի 27, 1932(1932-09-27)[1], Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 21, 2012(2012-10-21)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Համարվում է հնդկական կինոյի առաջատար ռեժիսորներից մեկը և հայտնի է որպես «ռոմանտիկայի արքա»։ Արժանացել է Հնդկաստանի կինեմատոգրաֆիական ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան (2001 թ.) և մեծությամբ երրորդ քաղաքացիական Պադմա Բհուշան (2005 թ.) պարգևներին։ Արժանացել է նաև բրիտանական կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակին, վեց անգամ Ազգային կինոմրցանակների և 12 անգամ Filmfare Awards-ի մրցանակներին՝ ներառյալ չորս անգամ որպես լավագույն ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաշ Չոպրան ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Ջալանդհար քաղաքում ` փենջաբցի հինդուիստների ընտանիքում։ Հայրը հասարակական աշխատանքների կազմակերպությունում հաշվապահ էր և մահացել է 1946 թվականին, իսկ մայրը մահացել է 1979 թվականին։ Յաշ Չոպրան ութ երեխաներից կրտսերն էր, ի դեպ ամենաավագը նրանից մեծ էր 30 տարով։ Նրա հինգ եղբայրներից չորսը հետագայում կինոյի ասպարեզում հայտնի գործիչներ են դարձել։ Սկզբնապես Յաշ Չոպրան սովորել է Լահորում, իսկ հետո ուսումը շարունակել է Ջալանդհարում։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Բոմբեյ` գրպանում ունենալով ընդամենը 200 ռուփի։ Սկզբում աշխատել է ռեժիսորի օգնական, որից հետո իր եղբոր՝ Բալդև Ռաջ Չոպրայի ֆիլմերում։

Յաշ Չոպրայի ռեժիսորական դեբյուտը կայացել է 1959 թվականին, երբ նա նկարահանեց «Ծաղիկը փոշու մեջ» կինոնկարը։ Այդ ֆիլմում գլխավոր դերակատարներ էին Մալա Սինհան և Ռաջենդրա Կումարը։ Կինոնկարը հաջողված էր և ընդունվեց ջերմությամբ։ Հաջողությունից ոգևորված, նա 1961 թվականին նկարահանեց «Ճակատագրի որդին» կինոնկարը՝ Շաշի Կապուրի մասնակցությամբ։ Ֆիլմը քաղաքական մոտիվներով էր, որտեղ ներկայացվում էր Հնդկաստանի բաժանումը։ Այն բարձրացրեց բողոքի ալիք, քանի որ ֆիլմում ցուցադրվում էին զանգվածային անկարգություններ։ Հետագայում Յաշ Չոպրան հրաժարվեց քաղաքական թեմաներով ֆիլմեր նկարելուց։

1965 թվականին նա նկարահանեց «Փորձություն ժամանակի միջոցով» ֆիլմը և ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ լավագույն ռեժիսուրայի համար։ 1969 թվականին նա նկարահանեց «Ընկերության փորձություն» կինոնկարը՝ Դհարմենդրայի մասնակցությամբ և «Պատահականություն» ֆիլմը՝ Ռաջեշ Կհաննայի մասնակցությամբ։ Այս վերջին ֆիլմի համար Յաշ Չոպրան ստացավ իր երկրորդ մրցանակը։ Սա առաջին ֆիլմերից էր, որտեղ բացակայում էին երաժշտական համարներն ու ինտերվալը (ընդմիջում)։

1970 թվականին Յաշ Չոպրան հիմնել է իր սեփական Yash Raj Films կինոընկերությունը, որը 2006 թվականից խոշորագույնն է Հնդկաստանում։ Որպես պրոդյուսեր, նրա առաջին ֆիլմը «Քարը սրտին» (1973 թ.) կինոնկարն է, որն ունեցավ հսկայական հաջողություն։ Այնուհետև նա նկարահանել է «Պատ» (1975 թ.) և «Շիվա աստծո եռաժանին» («Պատվի օրենքով» 1978 թ.) կինոնկարները՝ Ամիթաբհ Բաչչանի մասնակցությամբ։ Ամիթաբհ Բաչչանի գլխավոր դերակատարմամբ նա նկարահանել է նաև «Սերը կյանք է» (1976 թ.) և «Սիրային կապ» (1981 թ.) ռոմանտիկ դրամաները։ 1980-ական թվականները բավականին անհաջող էին Յաշ Չոպրայի համար։ Նրա «Ջահ» (1984 թ.)` Դիլիպ Կումարի մասնակցությամբ, «Անդունդ» (1985 թ.)` Սունիլ Դատի և Ռեքհայի մասնակցությամբ և «Ճանապարհ դեպի հաղթանակ» (1988 թ.) ֆիլմերը ձախողվեցին։ Անհաջողությունները վերջացան 1989 թվականին, երբ նա թողարկեց «Չանդնի» կինոնկարը՝ Շրիդևիի մասնակցությամբ։ Շրիդևիի և Անիլ Կապուրի մասնակցությամբ 1991 թվականին նա նկարահանել է «Սիրո ակնթարթ» կինոնկարը, որը հիմնականում հաջողություն ունեցավ արտասահմանում։

1993 թվականին Յաշ Չոպրան թողարկեց «Կյանքը վախի ներքո» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներ էին Սաննի Դեոլը, Ջուհի Չավլան և դեռևս քիչ հայտնի Շահրուխ Խանը։ Ֆիլմը Շահրուխ Խանին հասցրեց բոլիվուդյան «սուպերաստղի» կարգավիճակի։ Հետագայում նա կրկին նկարահանվեց Յաշ Չոպրայի «Խելագար սիրտը» (1997 թ.) կինոնկարում, որտեղ նրա խաղընկերուհիներն էին Մադհուրի Դիքսիտը և Կարիսմա Կապուրը։ 2004 թվականին Յաշ Չոպրան նկարահանել է «Վիրն ու Զառան» ռոմանտիկ ֆիլմը, որտեղ նկարահանվել են Շահրուխ Խանը, Պրեիտի Զինտան և Ռանի Մուքհերջին։ Ֆիլմը դարձավ հիթ։ Յաշ Չոպրայի վերջին ֆիլմը՝ «Քանի դեռ ողջ եմ» (2012 թ.), թողարկվել է ռեժիսորի մահից հետո։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին՝ 37 տարեկանում Յաշ Չոպրան ամուսնացել է արտակադրային երգչուհի Պամելա Սինգհի հետ, ում հետ ծանոթացել էր իր զարմիկի՝ ռեժիսոր Ռավի Չոպրայի հարսանիքի ժամանակ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու որդի՝ ռեժիսոր Ադիտյա Չոպրան և դերասան Ուդայ Չոպրան։

Յաշ Չոպրան մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 21-ին՝ մլակային տենդից։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1959 Ծաղիկը փոշու մեջ Dhool Ka Phool
1961 Ճակատագրի որդին Dharmputra
1965 Փորձություն ժամանակի միջոցով Waqt
1969 Պատահականություն Ittefaq
1969 Ընկերության փորձություն Aadmi Aur Insaan
1973 Քարը սրտին Daag: A Poem of Love
1973 Կրքերի բոցի մեջ Joshila
1975 Պատ Deewaar
1976 Սերը կյանք է Kabhie Kabhie
1978 Շիվա աստծո եռաժանին Trishul
1979 Սև քարը Kaala Patthar
1981 Սիրային կապ Silsila
1984 Ջահ Mashaal
1985 Անդունդ Faasle
1988 Ճանապարհ դեպի հաղթանակ Vijay
1989 Չանդնի Chandni
1991 Սիրո ակնթարթ Lamhe
1992 Չգրված օրենք Parampara
1993 Կյանք` վախի ներքո Darr
1997 Խելագար սիրտը Dil To Pagal Hai
2004 Վիրն ու Զառան Veer-Zaara
2012 Քանի դեռ ողջ եմ Jab Tak Hai Jaan

Պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1973 Քարը սրտին Daag: A Poem of Love
1976 Սերը կյանք է Kabhie Kabhie
1977 Անցյալի ստվերում Doosara Aadmi
1979 Նուրի Noorie
1979 Սև քարը Kaala Patthar
1981 Սիրային կապ Silsila
1981 Ընկերության և սիրո միջև Nakhuda
1982 Ինչպես փրկել սերը Sawaal
1984 Ջահ Mashaal
1985 Անդունդ Faasle
1988 Ճանապարհ դեպի հաղթանակ Vijay
1989 Չանդնի Chandni
1991 Սիրո ակնթարթ Lamhe
1993 Կյանք` վախի ներքո Darr
1994 Սիրո հետ կատակ չեն անում Yeh Dillagi
1995 Չառևանգված հարսնացուն Dilwale Dulhania Le Jayenge
1997 Խելագար սիրտը Dil To Pagal Hai
2000 Սիրահարները Mohabbatein
2002 Իմ սիրելիի հարսանիքը Mere Yaar Ki Shaadi Hai
2002 Ինձ հետ ընկերություն կանե ՞ս Mujhse Dosti Karoge!
2004 Դու և ես Hum Tum
2004 Բայքերները Dhoom
2004 Վիրն ու Զառան Veer-Zaara
2005 Բանտին և Բաբլին Bunty Aur Babli
2005 Սալամ Նամաստե Salaam Namaste
2005 Նիլ և Նիկի Neal 'N' Nikki
2006 Կույր սեր Fanaa
2006 Քաբուլյան ճեպընթաց Kabul Express
2006 Բայքերներ 2. Իսկական զգացմունքներ Dhoom:2
2007 Սեր նվիրած հանդիպում Jhoom Barabar Jhoom
2007 Առաջ, Հնդկաստան Chak De! India
2008 Զգուշացեք, գեղեցկուհիներ Bachna Ae Haseeno
2008 Ռոմեոն` ճամփեզրից Roadside Romeo
2008 Այս զույգին ստեղծել է Աստված Rab Ne Bana Di Jodi
2010 Սերն անհնար է Pyaar Impossible!
2010 Հարվածիր ու թռիր Lafangey Parindey
2010 Հարսանյաց հանդես Band Baaja Baaraat
2011 Իմ եղբոր հարսնացուն Mere Brother Ki Dulhan
2011 Լեդին ընդդեմ Ռիկի Բահլի Ladies vs. Ricky Bahl

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #124021840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաշ Չոպրա» հոդվածին։