Պրեիտի Զինտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրեիտի Զինտա
անգլ.՝ Preity Zinta և հինդի՝ प्रीति ज़िंटा
Preity L-F-W-2017.jpg
Ծնվել է հունվարի 31, 1975(1975-01-31)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Շիմլա, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
Կրոն հինդուիզմ
Մասնագիտություն կինոդերասանուհի, մոդել և սյունակագիր
Ամուսին Ջին Գուդինաֆ
Պարգևներ և
մրցանակներ
Filmfare Award for Best Actress
Կայք preityzinta.com
Preity Zinta Վիքիպահեստում

Պրեիտի Զինտա (հինդի` प्रीति ज़िंटा, ծնվ. 1975 թ. հունվարի 31, Շիմլա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ: Բոլիվուդի առաջատար դերասանուհիներից մեկն է, ով նկարահանվել է հինդի, տելուգու, փանջաբի և անգլերեն լեզուներով նկարահանված ֆիլմերում: Filmfare Awards-ի մրցանակակիր, պարգևատրվել է նաև Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակով և արժանացել կանադական ազգային «Ջինի» կինոմրցանակին։ Հիմնադրել է PZNZ Media պրոդյուսերական կենտրոնը և հանդիսանում է կրիկետի Kings XI Punjab թիմի սեփականատերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեիտի Զինտան ծնվել է Շիմլայում ` հնդկական բանակի սպայի ընտանիքում և ունի երկու եղբայր: Ավագ եղբայրը հետևելով հոր օրինակին, ծառայում է հնդկական բանակում, իսկ կրտսերը ապրում է Լոս-Անջելեսում: Երբ Պրեիտին 13 տարեկան էր, նրա հայրը զոհվել է ավտովթարից: Պրեիտին սովորել է Շիմլայում գտնվող Հիսուսի և Մարիամի վանական համալիրին կից գիշերօթիկ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է St. Bede's College-ը և գերազանց ավարտել անգլիական գրականության բաժինը, որից հետո լրացուցիչ ավարտել հոգեբան-կրիմինալիստի մասնագիտական կուրսերը:

1996 թվականին իր ընկերոջ տարեդարձի օրը պատահաբար հանդիպել է գովազդային հոլովակների ռեժիսորի, համաձայնվել է վերջինիս առաջարկին` նկարահանվել գովազդային հոլովակում։ 1997 թվականին ուղեկցելով ընկերոջը նկարահանման փորձերի, հանդիպել է ռեժիսոր Շեքհար Կապուրին, ով համոզել է նրան՝ նույնպես փորձել իր ուժերը կինոյում: Կինոդեբյուտը կայացել է 1998 թվականին, ռեժիսոր Մանի Ռատնամի «Սեր առաջին հայացքից» կինոնկարում, որի գլխավոր դերակատարները Շահրուխ Խանն ու Մանիշա Կոիրալան էին։ Նրա հաջորդ ֆիլմը «Բարի անուն» (1998 թ.) կինոնկարն էր։ Այս երկու ֆիլմերի համար Պրեիտի Զինտան արժանացավ Filmfare Award մրցանակի՝ կանացի լավագույն դեբյուտային դերերի համար։ Նույն թվականին նա նկարահանվել է տելուգու լեզվով «Փեսացուն Բոմբեյից», իսկ 1999 թվականին «Արքայազն №1» կինոնկարներում։ Նրա հաջորդ ֆիլմը «Կրիմինալ սիրավեպ» կինոնկարն էր՝ Ակշայ Կումարի հետ միասին։

1999 թվականին թողարկվեց «Թեթևամիտ աղջնակը» կինոնկարը, որը շոշափում էր Հնդկաստանում ապօրինի ծնված երեխաների թեման։ Ֆիլմը դարձավ հիթ և նա ներկայացվեց Filmfare Award մրցանակի։ India Today ամսագրի համաձայն, Պրեիտի Զինտան պատկանում է նոր սերնդի այն դերասանուհիների թվին, ովքեր չեն վախենում կոտրել հնդկական կինոյում ստեղծված հերոսուհիների կարծրատիպերը։ 2000 թվականին նա նկարահանվել է «Առաքելություն «Քաշմիր»» կինոնկարում ` Սանջայ Դատի և Հրիթիկ Ռոշանի հետ միասին: Ֆիլմի թեման ահաբեկչությունն ու հանցավորությունն է, իսկ Պրեիտին խաղում էր լրագրողուհու և գլխավոր հերոսի մանկության ընկերուհու դերը: Կինոնկարը հաջողված էր և գրավել էր շահութաբեր ֆիլմերի մեջ երրորդ տեղը: Քննադատների կողմից դրական գնահատական ստացավ նաև 2001 թվականին նկարահանված «Սիրող սրտեր» ֆիլմում նրա կերտած ժամանակակից հնդկուհու կերպարը։ Նրա խաղընկերը Աամիր Խանն էր։

2001 թվականին Պրեիտի Զինտան նկարահանվել է նաև «Ուրիշի երեխան» կինոնկարում, որտեղ նրա հերոսուհին մարմնավաճառուհի էր և համաձայնվել էր դառնալ սուրոգատ մայր։ Այդ դերին պատրաստվելու համար Պրեիտի Զինտան հաճախում էր գիշերային ակումբներ՝ Մումբայի կարմիր լապտերների թաղամասերում, սովորում տեղի բարքերը, շարժուձևն ու ժարգոնը։ Այդ դերը նրան բերեց Filmfare Award-ի մրցանակ՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։ 2002 թվականին նա կատարել է «Ինձ պետք է միայն սեր» ընտանեկան դրամայի գլխավոր դերը, որտեղ հանդես են եկել նաև Ռեքհան, Արջուն Ռամպալը և Մահիմա Չաուդհրին: Չնայած ֆիլմը հաջողություն չունեցավ, այնուամենայնիվ Պրեիտի Զինտայի խաղը գնահատվեց քննադատների կողմից։

Պրեիտի Զինտան նկարահանվել է նաև 2003 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերում ` «Հիշողություններից», «Դու մենակ չես» և «Կգա վաղը թե ոչ»: Անհաջողության մատնվեց «Հույս» (2003 թ.) կինոնկարը, չնայած, որ նրա խաղընկերներն էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Ամիթաբհ Բաչչանը և Անիլ Կապուրը: «Դու մենակ չես» ֆիլմում նրա խաղընկերներն էին Հրիթիկ Ռոշանը և Ռեքհան։ Նյու-Յորքում նկարահանաված «Կգա վաղը թե ոչ» կինոնկարում նկարահանվել էին Շահրուխ Խանը, Սաիֆ Ալի Խանը և Ջայա Բհադուրին: Այդ ֆիլմի համար Պրեիտի Զինտան արժանացավ Filmfare Award մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար։

2004 թվականին նա նկարահանվել է «Կյանքի նպատակը» կինոնկարում, որի հիմքում 1999 թվականի Կարգիլյան պատերազմի դեպքերն էին։ Նույն թվականին ռեժիսոր Յաշ Չոպրան նրան նկարահանեց «Վիրն ու Զառան» կինոնկարում, որն արժանացել է մի շարք մրցանակների։ Ֆիլմը Պրեիտի Զինտայի երրորդ լուրջ հաջողությունն էր, որին նա հասել էր երկու տարի անընդմեջ։

2005 թվականին Գովինդայի հետ նա նկարահանվել է «Մենք կսիրենք» կատակերգությունում: Ֆիլմը մատնվեց անհաջողության։ Նույն թվականին Սաիֆ Ալի Խանի հետ նա նկարահանվել է «Սալամ Նամաստե» կինոնկարում, որը ամբողջովին նկարահանվել էր Ավստրալիայում: 2006 թվականին Պրեիտի Զինտան նկարահանվել է Կարան Ջոհարի «Երբեք մի ասա` «Մնաս բարով»» կինոնկարում, որտեղ հանդես էին եկել Շահրուխ Խանը, Ռանի Մուքհերջին, Աբհիշեկ Բաչչանը, Ամիթաբհ Բաչչանը և Կիրոն Կհերը: Ֆիլմի շահույթը կազմել է մեկ միլիարդ ռուփի։ Այնուհետև նա նկարահանվել է «Իմ սիրելին» (2006 թ.) ֆիլմում ` Սալման Խանի և Ակշայ Կումարի հետ միասին:

Պրեիտի Զինտայի ֆիլմերից արժե հիշատակել նաև «Վերջին Լիրը» («Սնափառության զոհը» 2007 թ.), «Հերոսները» (2008 թ.) և կանադական արտադրության «Երկինքներ երկրի վրա» (2008 թ.) կինոնկարները։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեիտի Զինտային վերագրում են սիրավեպեր բոլիվուդյան մոդել Մարկ Ռոբինսոնի և գործարար Նես Վադիայի հետ։ 2016 թվականի մարտի 1-ին Պրեիտի Զինտան ամուսնացել է լոսանջելեսցի ֆինանսական խորհրդատու Ջին Գուդենաֆի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1998 Սեր` առաջին հայացքից Dil Se Պրիտի Նաիր
1998 Բարի անուն Soldier Պրիտի Սինգհ
1998 Փեսացուն Բոմբեյից Premante Idera Շայլաջա, Շայլու
1999 Արքայազն № 1 Raja Kumarudu Ռանի
1999 Կրիմինալ սիրավեպ Sangharsh սպա Ռիտա Օբերոյ
1999 Հմայված եմ քեզնով Dillagi Ռանի
2000 Թեթևամիտ աղջնակը Kya Kehna Պրիյա Բաքսի
2000 Յուրաքանչյուր սիրող սիրտ Har Dil Jo Pyar Karega Ջահնվի
2000 Առաքելություն` «Քաշմիր» Mission Kashmir Սուֆիյա Փարվեզ
2001 Անզուսպը Farz Կաջալ Սինգհ
2001 Ուրիշի երեխան Chori Chori Chupke Chupke Մադհուբալա
2001 Սիրող սրտեր Dil Chahta Hai Շալինի
2001 Ճակատագրի շրջապտույտները Yeh Raaste Hain Pyaar Ke Շակշի
2002 Ինձ պետք է միայն սեր Dil Hai Tumhaara Շալու
2003 Հիշողություններից The Hero: Love Story of a Spy Ռեշմա, Ռուկսար
2003 Հույս Armaan Սոնիա Կապուր
2003 Դու մենակ չես Koi... Mil Gaya Նիշա
2003 Կգա վաղը թե ոչ Kal Ho Naa Ho Նեյնա Քեթրին Կապուր
2004 Կյանքի նպատակը Lakshya Ռոմիլա Դատա
2004 Սիրտը, որը չէր դադարում զարկել Dil Ne Jise Apna Kaha դոկ. Պարինիտա
2004 Վիրն ու Զառան Veer-Zaara Զառա Հայաթ Խան
2005 Մենք կսիրենք Khullam Khulla Pyaar Karen Պրիտի Դամանի
2005 Սալամ Նամաստե Salaam Namaste Ամբար Մալհոտրա
2006 Երբեք մի ասա` «Մնաս բարով» Kabhi Alvida Naa Kehna Ռիյա Սարան
2006 Իմ սիրելին Jaan-E-Mann: Let's Fall in Love Պիյա Գոյալ
2007 Սեր նվիրած հանդիպում Jhoom Barabar Jhoom Ալվիրա Խան
2007 Վերջին Լիրը (Սնափառության զոհը) The Last Lear Շաբնամ
2008 Երկինքներ երկրի վրա Heaven on Earth Չանդ Կաուր Դհիլոն
2008 Հերոսները Heroes Կուլջիտ Կաուր
2009 Միսթր և միսիս Կհաննա Main Aurr Mrs Khanna Հասինա Ջագմագիա
2013 Սերը Փարիզում Ishkq in Paris Իշք Մարիա Էլիզա
2014 Երջանիկ ավարտ Happy Ending Դիվյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]