Երկնոլորտ
Երկնոլորտ, կամայական շառավղով երևակայական օժանդակ ոլորտ, որի վրա պրոյեկտվում են երկնային լուսատուները։ Օգտագործվում է աստղաչափական խնդիրներ լուծելիս։
Երկնոլորտի մասին պատկերացումներն առաջացել են դեռևս հնում. հիմքում ընկած է գմբեթաձև երկնակամարի գոյության տեսողական պատկերացումը։ Այդ պատկերացումը կախված է այն բանի հետ, որ երկնային լուսատուների հսկայական հեռավորությունների պատճառով մարդու աչքն ի վիճակի չէ տարբերել այդ հեռավորությունները։ Երկրաչափական առնչությունների պարզեցման համար երկնոլորտի շառավիղը սովորաբար ընդունում է հավասար միավորի։ Կախված դիտարկվող խնդրի բնույթից՝ որպես երկնոլորտի կենտրոն ընտրում են Երկրի, Արեգակի, մոլորակների կենտրոնները կամ այն կետը, որտեղ գտնվում է դիտորդը։ Երկնոլորտի վրա լուսատուների փոխադարձ դիրքն ու տեսանելի շարժումներն ուսումնասիրելու համար ընտրում են որևէ կոորդինատների համակարգ։
Աշխարհագրական նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնոլորտը համապատասխանում է դիտորդի՝ Երկրի մակերևույթի φ լայնության վրա գտնվելուն։ Այս ոլորտի կենտրոնով անցնող ուղղագիծը երկնոլորտը հատում է Z և Z' կետերում, որոնք կոչվում են համապատասխանաբար՝ զենիթ (դիտորդի գլխավերևում) և նադիր։ Երկնոլորտի կենտրոնով անցնող և ուղղաձիգ ուղղությանն ուղղահայաց հարթությունը ոլորտը հատում է NESW մեծ շրջանագծով, որը կոչվում է մաթեմատիկական կամ իրական հորիզոն։ Մաթեմատիկական հորիզոնը երկնոլորտը բաժանում է տեսանելի և անտեսանելի կիսոլորտների. առաջինում գտնվում է զենիթը, երկրորդում՝ նադիրը։ Երկնոլորտի կենտրոնով անցնող և Երկրի պտտման առանցքին զուգահեռ ուղիղը կոչվում է երկրի առանցք, իսկ այդ ուղիղի և երկնոլորտի հատման կետերը՝ աշխարհի Հյուսիսային (P) և Հարավային (P') բևեռներ։
Աշխարհի առանցքին ուղղահայաց և երկնոլորտի կենտրոնով անցնող հարթությունը ոլորտը հատում է AWA'E մեծ շրջանագծով, որը կոչվում է երկնային հասարակած։ Երկնային հասարակածին զուգահեռ երկնոլորտի փոքր շրջանագծերը կոչվում են երկնային զուգահեռականներ։ Աշխարհի առանցքի և մաթեմատիկական հորիզոնի հարթության, ինչպես նաև ուղղագիծ ուղղության և երկնային հասարակածի հարթության միջև եղած անկյունները հավասար են դիտման վայրի φ աշխարհագրական լայնությանը։ Աշխարհի բևեռներով, զենիթով ու նադիրով անցնող՝ երկնոլորտի մեծ շրջանագիծը կոչվում է երկնային միջօրեական։ Երկնային միջօրեականի և մաթեմատիկական հորիզոնի հատման երկու կետերից մեկը կոչվում է հյուսիսի կետ (N), իսկ մյուսը՝ հարավի կետ (S)։ Այդ կետերը միացնող NS ուղիղը կոչվում է միջօրեի գիծ։ Մաթեմատիկական հորիզոնի և երկնային հասարակածի հատման երկու կետերից մեկը կոչվում է արևելքի կետ (E), իսկ մյուսը՝ արևմուտքի կետ (W)։
Երկնոլորտի մեծ շրջանագիծը, որով կատարվում է Արեգակի տեսանելի տարեկան շարժումը, կոչվում է խավարածիր։ Խավարածրի և երկնային հասարակածի հարթությունները կազմում են ε=23°27' անկյուն։ Խավարածիրը հասարակածը հատում է երկու կետում, որոնցից մեկը գարնանային, իսկ մյուսը աշնանային գիշերահավասարի կետն է։ Գիշերահավասարի կետարից 90°-ով թեքված կետերը կոչվում են ամառային և ձմեռային արևադարձի կետեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |