Jump to content

Տիեզերական սարքավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիեզերական սարքից)

Տիեզերական թռչող ապարատ (ՏԹԱ), դեպի տիեզերք կամ տիեզերքում թռիչք կատարելու համար նախատեսված ապարատ․ կրող հրթիռներ (տիեզերական հրթիռներ), Երկրի և այլ երկնային մարմինների արհեստական արբանյակներ։ Տիեզերական թռչող ապարատ անվանումն ընդհանուր է, ընդգրկում է այդպիսի ապարատների տարբեր տեսակներ, այդ թվում նաև շարժման ոչ ռեակտիվ սկզբունքով աշխատող ապարատներ։ Կրող հրթիռները (տիեզերական հրթիռներ) տիեզերական թռչող ապարատ անհրաժեշտ արագության հասցնելու (տիեզերական թռիչքի իրականացման համար) միջոցներ են։

Տիեզերական թռչող ապարատները կարելի է բաժանել 2 հիմնական խմբերի,

  • աշխարհի շուրջերկրյա ուղեծրային տիեզերական թռչող ապարատներ, որոնք շարժվում են երկրակենտրոն ուղեծրերով՝ դուրս չգալով Երկրի ազդեցության ոլորտի սահմաններից (Երկրի արհեստական արբանյակներ՝ ԵԱԱ),
  • բնական միջմոլորակային տիեզերական թռչող ապարատներ, որոնք թռիչքի ժամանակ դուրս են գալիս Երկրի ազդեցության ոլորտի սահմաններից և մտնում Արեգակի, մոլորակների կամ դրանց բնական արբանյակների ազդեցության սահմանները։ Տարբերում են ավտոմատ (ավտոմատ ԵԱԱ, Լուսնի արհեստական արբանյակներ, Մարսի արհեստական արբանյակներ, Արեգակի արհեստական արբանյակներ, ավտոմատ միջմոլորակային կայաններ) և օդաչուավոր (տիեզերանավ-արբանյակներ, բնակելի ուղեծրակայաններ, միջմոլորակային տիեզերանավեր) տիեզերական թռչող ապարատներ։

Տիեզերական թռչող ապարատի թռիչքը բաժանվում է հետևյալ փուլերի,

  • ուղեծիր դուրս բերելու (տիեզերական թռչող ապարատին տվյալ ուղղությամբ հաղորդվում է անհրաժեշտ տիեզերական արագություն),
  • ուղեծրային (տիեզերական թռչող ապարատ շարժվում է իներցիայով, երկնային մեխանիկայի օրենքներով), վայրէջքի։

Մի շարք դեպքերում տիեզերական թռչող ապարատ հանդերձվում է հրթիռային շարժիչներով, որոնք հնարավորություն են տալիս ուղեծրային տեղամասում փոխել (ճշգրտել) շարժման հետագիծը կամ վայրէջքի ժամանակ արգելակել տիեզերական թռչող ապարատ։ Տիեզերական տարածությունում թռիչքներ կատարելու միակ մատչելի միջոցը հրթիռն է։

Տիեզերագնացության մեջ կիրառվող հիմնական հրթիռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերագնացության մեջ կիրառվող հիմնական հրթիռները (կրող հրթիռներ) ունեն 2-4 աստիճան։ Այդպիսի հրթիռների կոնստրուկտիվ սխեմաները միանգամայն բազմազան են, դրանց տարբերիչ առանձնահատկությունն է կոնստրուկցիայի համեմատաբար փոքր զանգվածը։ Այդպիսի կոնստրուկցիայի (բարձր կոշտությամբ և ամրությամբ) ստեղծումը բարդ տեխնիկական խնդիր է։

Հրթիռն աշխատում է ստատիկ և դինամիկ բեռնվածքների խիստ լարված ռեժիմներում, ուստի անհրաժեշտ է նյութերի ամրության առավելագույն օգտագործում, առանձին հանգույցների կոնստրուկտիվ կատարելություն։ Թռիչքը կառավարելու, աստիճաններն անջատելու, վառելիքի բաքերը մակափչելու, շարժիչներին վառելիքի մատակարարումը կարգավորելու համար հրթիռի սարքավորման մեջ մտնում են մի շարք համակարգեր և ագրեգատներ։ Տիեզերական հրթիռների շարժիչային տեղակայանքները, որպես կանոն, բաղկացած են մի քանի շարժիչներից, որոնց աշխատանքը սինխրոնացվում է։ Հրթիռի թռիչքը տրված հետագծով, հրթիռի կայունացումը զանգվածների կենտրոնի նկատմամբ, շարժիչների կառավարումը (քարշի կարգավորում, միացում, անջատում), աստիճանների բաժանման համար հրամանների հաղորդումն ապահովում է կառավարման համակարգը։ Այն սարքերի և ագրեգատների (գիրոսկոպիկ, էլեկտրոնային, էլեկտրամեխանիկական ևն) բարդ համալիր է և մի շարք դեպքերում ընդգրկում է էլեկտրոնային հաշվողական մեքենա։

Տիեզերական հրթիռները ժամանակակից գիտության և տեխնիկայի խոշորագույն նվաճումներից են, հրթիռատիեզերական համալիրների ստեղծումը պահանջում է գիտության և տեխնիկայի բազմաթիվ ճյուղերի (մետալուրգիա, քիմիա, ռադիոէլեկտրոնիկա, հաշվողական տեխնիկա և այլն) զարգացման բարձր մակարդակ։ Տիեզերական թռչող ապարատների մեծամասնության տարբերիչ առանձնահատկությունը տիեզերական տարածության պայմաններում երկարատև ինքնուրույն գործելու կարողությունն է։ Տիեզերական թռչող ապարատներում տեղակայված են ջերմային ռեժիմի կարգավորման, ապարատների էներգասնուցման, թռիչքի ժամանակ շարժման կառավարման, Երկրի հետ ռադիոկապի համակարգեր։ Անձնակազմով տիեզերական թռչող ապարատների հերմետիկ խցիկում մարդու կյանքի և աշխատանքի համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ։ Բազմաթիվ տիեզերական թռչող ապարատներ ունեն տարածության մեջ կողմնորոշվող համակարգեր։ Բոլոր օդաչուավոր և ավտոմատ տիեզերական թռչող ապարատների մեծամասնությունը հանդերձված են շարժման կառավարման համակարգով և հրթիռային շարժիչներով։ Առանձնահատուկ խնդիր է տիեզերական թռչող ապարատում պահանջվող ջերմաստիճանի պահպանումը։ Տիեզերական թռչող ապարատի էներգասնուցումն իրականացվում է տարբեր ձևով․ արևային արեգակնային ճառագայթման (արևային մարտկոցների օգնությամբ ճառագայթման էներգիան փոխակերպվում է էլեկտրաէներգիայի, առավել լայնորեն կիրառվում է ժամանակակից տիեզերական թռչող ապարատներում՝ ապահովելով ապարատների աշխատանքի երկարատևությունը մինչև մի քանի տարի), բնականի միավոր զանգվածին բաժին ընկնող մեծ էներգիայով հոսանքի նոր աղբյուրների տեղակայում, գ. ռեակտորներով և իզոտոպային գեներատորներով միջուկային էներգետիկ տեղակայանքների կիրառում։

Ավտոմատ և օդաչուավոր տիեզերական թռչող ապարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատ և օդաչուավոր տիեզերական թռչող ապարատների թռիչքն անհնար է առանց Երկրի հետ ռադիոկապի, հեռուստաչափական և հեռուստատեսային ինֆորմացիա Երկիր հաղորդելու, ռադիոհրամաններ ընդունելու, տիեզերական թռչող ապարատի շարժման հետագիծը չափելու, ինչպես նաև առանց տիեզերագնացների հետ հեռախոսային և հեռագրային կապի։ Այդ ֆունկցիաներն իրականացնում են տիեզերական թռչող ապարատում տեղակայված ռադիոհամակարգերը և երկրային հրամանաչափիչ կետերը։ Տիեզերական թռիչքների բարդ պրոբլեմներից է Երկրի մակերևույթի և երկնային այլ մարմինների վրա տիեզերական թռչող ապարատի իջեցումը՝ վայրէջքը, երբ տիեզերական թռչող ապարատի տիեզերական արագությունը պետք է հասցվի մինչև զրո։ Հնարավոր է տիեզերական թռչող ապարատի արգելակման 2 եղանակ, արգելակող հրթիռային ուժի կիրառում (տիեզերական թռչող ապարատ կամ նրա մի մասը՝ իջեցվող ապարատը, հանդերձվում է արգելակող հրթիռային շարժիչային տեղակայանքով և վառելիքի մեծ պաշարով, այս եղանակը կիրառվում է մթնոլորտ չունեցող երկնային մարմինների վրա վայրէջք կատարելու համար), աերոդինամիկ ուժի օգնությամբ (կիրառվում է Երկրի վրա վայրէջք կատարելու համար)։ Տիեզերական թռչող ապարատի կոնստրուկցիան աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով, որոնք կապված են տիեզերական տարածության յուրահատուկ գործոնների (խոր վակուում, երկնային մասնիկների ինտենսիվ ճառագայթում, անկշռություն) հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 708

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիեզերական սարքավորում» հոդվածին։