Մոլորակների շքերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերկուրիի և Վեներայի միացումը

Մոլորակների շքերթ, աստղագիտական ​​երևույթ, երբ Արեգակնային համակարգի մի շարք մոլորակներ գտնվում են արևի մի կողմում՝ փոքր սեկտորում: Ընդ որում՝ Երկնոլորտում նրանք քիչ թե շատ մոտ են միմյանց:

Էկլիպտիկ երկայնությամբ երկնային մարմինների առավելագույն մոտեցումը կոչվում է միացում: Եթե ​​միևնույն ժամանակ նրանք բավականաչափ մոտ են նաև էկլիպտիկ լայնության մեջ, ապա այդ դեպքում հնարավոր է ավելի հեռու երկնային մարմնի ծածկումն ավելի մոտ մարմնով, մոլորակի անցումն Արևի սկավառակի վրայով (ներքին մոլորակի և Արևի միացման դեպքում) կամ Արևի խավարում (նրա և Լուսնի միացման դեպքում):

Չորս մոլորակ և Լուսինը 2011 թվականի մայիսի 1-ի լուսաբացից առաջ (Պարանալ աստղադիտարան)

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակների շքերթ 2002 թվականի հունիսին (տեսքը հյուսիսային կիսագնդի միջին լայնություններից) (55 հ. լ.)
Մոլորակների շքերթ 2009 թվականի հոկտեմբերին (տեսքը միջին լայնություններից) (55 հ. լ.)
  • Փոքր շքերթը աստղագիտական ​​երևույթ է, որի ընթացքում չորս մոլորակներ հայտնվում են Արեգակի մի կողմում՝ փոքր սեկտորում:
  • Մեծ շքերթը աստղագիտական ​​երևույթ է, որի ընթացքում վեց մոլորակները հայտնվում են Արեգակի մի կողմում` փոքր սեկտորում:
  • Ամբողջական (լրիվ) շքերթն աստղագիտական ​​երևույթ է, որի ընթացքում բոլոր մոլորակները գտնվում են Արեգակի մի կողմում՝ փոքր սեկտորում[1]:
Լուսնի կողքին Յուպիտերի (աջ) և Վեներայի (ձախ) միացումը

Առանձնանում են նաև Արեգակնային համակարգի մոլորակների «տեսանելի» և «անտեսանելի» շքերթներ։ Մոլորակների տեսանելի շքերթ կոչվում է մոլորակների այն փոխդասավորությունը, երբ Արեգակնային համակարգի հինգ պայծառ մոլորակները (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն) երկնակամարում իրենց շարժման ընթացքում մոտենում են միմյանց և միաժամանակ տեսանելի դառնում երկնքի փոքր սեկտորում (10-40 աստիճան):

Որպեսզի բոլոր հինգ պայծառ մոլորակները միաժամանակ տեսանելի լինեն, պետք է այնպայման Մարսը, Յուպիտերը և Սատուրնը ունենան մոտավորապես նույն երկայնություն և տեսանելի լինեն ներքին մոլորակների մոտ, իսկ Մերկուրին և Վեներան գտնվեն Արեգակից արևելյան էլոնգացիայի մեջ գարնանը, և արևմտյան էլոնգացիայի մեջ աշնանը (Երկրի հյուսիսային կիսագնդի և միջին լայնությունների համար): Նման էլոնգացիաների մեջ է, որ Մերկուրին կարող է տեսանելի լինել բավականին երկար ժամանակ: Վեներան տեսանելիության պակաս խիստ պայմաններ ունի, քանի որ դրա առավելագույն էլոնգացիան 48 աստիճան է (Մերկուրիի դեպքում՝ 28 աստիճան):

Վերոնշյալից երևում է, որ մոլորակների շքերթը կարելի է դիտարկել կա՛մ երեկոյան, կա՛մ առավոտյան: Չորս մոլորակների մասնակցությամբ մոլորակների մինի շքերթն ավելի հաճախ է տեղի ունենում, իսկ երեք մլորակների մասնակցությամբ մոլորակների մինի շքերթները կարող են դիտվել ամեն տարի (կամ նույնիսկ տարեկան երկու անգամ), սակայն դրանց տեսանելիության պայմանները նույնը չեն Երկրի տարբեր լայնությունների համար: Այսպես, օրինակ, չորս պայծառ մոլորակների շքերթ (Սատուրնը չի մասնակցել շքերթին) տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, երբ Վեներան, Մերկուրին, Մարսն ու Յուպիտերը եղել են 10 աստիճանից ցածր հատվածում, որը հնարավոր է եղել տեսնել նախալուսաբացային մթնշաղում՝ արևածագից կես ժամ առաջ[2]: Հինգ պայծառ մոլորակի մասնակցությամբ մոլորակների տեսանելի շքերթները տեղի են ունենում ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 18-20 տարին մեկ անգամ, և 38 աստիճանի սահմաններում 5 մոլորակների հաջորդ շքերթը տեղի կունենա 2022 թվականի մարտին: Արդեն 2022 թվականի հունիսին տեղի կունենա Մերկուրիի, Վեներայի, Մարսի, Յուպիտերի, Սատուրնի շքերթը արդեն 115 աստիճանի սեկտորում․ այս համադրությունը տեղի է ունենում ավելի հազվադեպ, քան 5 մոլորակների շքերթը:

Մոլորակների շքերթ կոչվում է նաև Արեգակնային համակարգի մոլորակների այն փոխդասավորությունը, երբ մոլորակները, ներառյալ անզեն աչքով անտեսանելիները, «դասավորվու են» Արեգակի մի կողմում՝ փոքր սեկտորում: Այս փոխդասավորության մեջ Մերկուրին և Վեներան կարող են անտեսանելի լինել Երկրից, քանի որ դրանք գտնվում են Արևի հետ ստորին միացման մեջ, բայց փոխարենը արտաքին մոլորակները տեսանելի են գրեթե նույն ուղղությամբ: Նախորդ նման շքերթը տեղի է ունեցել 1982 թվականի մարտի 10-ին, իսկ հաջորդը տեղի կունենա 2169 թվականին[3]: 1970-ականների վերջին տեղի ունեցած այս երևույթի օգտագործումն է, որը հնարավորություն է տվել պարզեցնել արտաքին մոլորակ-գազային հսկաների և նրանց արբանյակների, Արեգակնային համակարգի սահմանների, ինչպես նաև միջաստղային տարածության ուսումնասիրությունը՝ «Վոյաջեր» հետազոտական ​​ծրագրի շրջանակներում տիեզերանավեր գործարկելու միջոցով (որի մեկնարկը հաջողությամբ իրականացվել է 1977 թվականին): Շնորհիվ այն հանգամանքի, որ բոլոր հսկա մոլորակները տեղակայված էին Արեգակնային համակարգի համեմատաբար նեղ սեկտորում՝ տիեզերանավի ուղու երկայնքով ցանկալի փոխդասավորությամբ և ուղղությամբ, հնարավոր է եղել օգտագործել գրավիտացիոն մանևրներ՝ արտաքին բոլոր մոլորակների շուրջը թռչելու համար: Դա հնարավորություն է տվել էապես կրճատել ուսումնասիրման օբյեկտներին հասնելու հեռավորությունը և թռիքչի ժամանակը, ինչպես նաև նվազեցնել այդ առաքելությունն ավարտելու համար անհրաժեշտ վառելիքի սպառումը: Հետևաբար թռիչքի ուղին հաշվարկվել է այս հնարավորության հիման վրա, չնայած պաշտոնապես Ուրանի և Նեպտունի ուսումնասիրությունն ի սկզբանե ընդգրկված չէր հետազոտական ​​առաքելության ծրագրի մեջ (այդ մոլորակներին ստուգապես հասնելու համար կպահանջեր ավելի թանկ սարքավորումների կառուցում, որոնք պետք է ունենային հուսալիության ավելի բարձր բնութագրեր): Այնուամենայնիվ, հետազոտական ​​առաքելության հիմնական առաջադրանքները կատարելուց հետո հնարավոր է եղել շարունակել թռիչքը դեպի Ուրան և Նեպտուն մոլորակներ՝ գրավիտացիոն մանևրների հաջող օգտագործման շնորհիվ, ինչը հնարավորություն է տվել ձեռք բերել անհրաժեշտ արագացման իմպուլս՝ այդ մոլորակները թռչելու համար՝ առանց տիեզերանավի վառելիքի սպառման այդ ուղին հաղթահարելու համար: Այն բանից հետո, երբ «Վոյաջեր-1»-ը հաջողությամբ ավարտել է Սատուրնի և դրա արբանյակ Տիտանի հետազոտական ​​ծրագիրը, վերջնական որոշում է կայացվել՝ «Վոյաջեր-2» տիեզերանավն ուղարկել Ուրան և Նեպտուն: Դա անելու համար անհրաժեշտ է եղել փոքր-ինչ փոխել նրա հետագիծը` հրաժարվելով Սատուրն մոլորակի Տիտան արբանյակի մոտով անցնելուց: Այնուամենայնիվ, այս որոշումը հնարավորություն է տվել դիտարկել ավելի հեռու, քան ի սկզբանե նախատեսվում էր այս հետազոտական ​​առաքելության շրջանակներում․ առաջին անգամ հնարավոր է եղել տեսնել և ուսումնասիրել մոլորակների շատ հեռավոր տարածություններ՝ սառցե գազային հսկաներն ու նրանց արբանյակները Արեգակնային համակարգի ծայրամասերի սահմանային գծում:

Օրացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականի մարտի 10-ին տեղի է ունեցել մոլորակների հազվագյուտ շքերթ. բոլոր ինը մոլորակները (Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն և Պլուտոն, որն այդ ժամանակ համարվում էր մոլորակ), դասավորվել են Արեգակի մի կողմում` 95 աստիճանի անկյունով սեկտորում[3] (այսինքն՝ մոլորակների հելիոկենտրոն էկլիպտիկ երկայնության առավելագույն տարբերությունը 95 աստիճան էր): 1974 թվականին ԱՄՆ-ում հրատարակված «Յուպիտերի էֆեկտ» գրքում, որը դարձել էր բեսթսելլեր, նշվել է, որ 1982 թվականի մոլորակների շքերթը հանգեցնելու է հզոր երկրաշարժի, որը կկործանի Լոս Անջելեսը, սակայն 1982 թվականին սեյսմականության բարձրացում տեղի չի ունեցել[4]:
  • 2002 թվականին (ապրիլի վերջին և մայիսի սկզբին) չորս մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Մարսն ու Սատուրնը, հանդիպել են Ցուլ համաստեղությունում, իսկ հինգերորդը՝ Յուպիտերը, եղել է հարևան Երկվորյակներ համաստեղության[5]:
  • 2011 թվականի մայիսին Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Ուրանը գտնվել են Խոյ համաստեղությունում: Դրանք հնարավոր է եղել տեսնել արևածագից առաջ:
  • 2169 թվականի փետրվարի 8-ին տեղի կունենա մոլորակների ամբողջական շքերթ:
  • 2387 թվականի հուլիսի 5-ին տեղի կունենա մոլորակների ամբողջական շքերթ:

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «2012» ֆիլմում մոլորակների շքերթը բացասական ազդեցություն է թողնում Արեգակի վրա, ինչը հանգեցնում է սարսափելի աղետների Երկիր մոլորակի վրա:
  • «Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը» ֆիլմի սյուժեում կարևոր նշանակություն ունի մոլորակների շքերթը:
  • Դիսնեյի «Հերկուլես» անիմացիոն ֆիլմում մոլորակների շքերթը Հադեսին թույլ է տալիս ազատել տիտաններին:
  • «X-Files» սերիալի երրորդ եթերաշրջանի «Մոլորակների շքերթը» (կամ «Սիզիգիա») 13-րդ դրվագում կան երկու աղջիկ, որոնք ծնվել են այն օրը, երբ մոլորակները դասավորվել են այնպես, որ տիեզերական ուժերի ամբողջ էներգիան ուղղվել է այդ ընկերուհիներին, և նրանց մեջ է մտել դև:
  • «Մոլորակների շքերթ» ֆիլմում Երկրից մոլորակների շքերթը դիտելը դառնում է հերոսների հոգևոր կատարսիսի պահ:
  • «H2O։ Պարզապես ավելացրու ջուր» սերիալի երկրորդ եթերաշրջանի 26-րդ դրվագում տեղի է ունենում մոլորակների շքերթ, որը կոչվում է 50-ամյա լիալուսին: Երբ լիալուսինը գտնվի հենց Մակկո կղզում տեղակայված հրաբխի խառնարանի վերևում, աղջիկներին լուսնից տրված ուժերը հետ կվերցվեն ընդմիշտ, եթե նրանք այդ լիալուսնի ժամանակ գտնվեն լուսնային ավազանում, որը գտնվում է Մակկո կղզու խառնարանի ներքևում:
  • «Սև փոս» ֆիլմում, որում նկարահանվել է Վին Դիզելը, մոլորակների շքերթը հանգեցրել է արևի խավարման և գետնի տակ գտնվող լույսից էակների առաջացման:
  • «Կախարդական սեր» (Un Amour De Sorciere) ֆիլմում մոլորակների շքերթը կրիտիկական պահ է, որից առաջ երեխան պետք է մկրտվի, հակառակ դեպքում նա ընդմիշտ կընկնի չար կախարդի իշխանության տակ։
  • «Նինձյա կրիաներ» անիմացիոն ֆիլմում (2007) մոլորակների շքերթը ծառայում է որպես պորտալ։
  • «Մումիա։ Եգիպտոսի արքայազնը» ֆիլմում մոլորակների շքերթը մումային օգնում է հարություն առնել։
  • «Transformers: Prime» (2011) մուլտիպլիկացիոն սերիալում մոլորակների շքերթն արթնացնում է հսկա Յունիկրոն տրանսֆորմերին, որն անհիշելի ժամանակներից գտնվում է Երկրի խորքում՝ հանդիսանալով դրա միջուկը. նրա արթնացումը բերում է մի շարք աղետներ և սպառնում է ոչնչացնել Երկիրը:
  • «Կամելոտի ասպետը» ֆիլմում մոլորակների շքերթը գլխավոր հերոսուհուն տեղափոխում է միջնադար:
  • «Կորրայի լեգենդը» անիմացիոն սերիալի 2-րդ եթերաշրջանում տեղի է ունենում Ներդաշնակ միացում, որին նպաստում է մոլորակների շքերթը:
  • «Պողպատե ալքիմիկոս» մանգայում և երկրորդ անիմեում Հայրը մոլորակների շքերթը և ճշմարտության դարպասները բացած ալքիմիկոսներին օգտագործում է աստծուն կուլ տալու համար:
  • «Լեռնականը։ Աղբյուր» ֆիլմում մոլորակների շքերթը բացում է Աղբյուրի ճանապարհը, որը փնտրում են գլխավոր հերոսները:

Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի մարտի 10-ին տեղի ունեցած մլորակների եզակի շքերթին նվիրվել են փոստային նամականիշների մի շարք թողարկումներ։ 1981 թվականին Ռումինիան թողարկել է փոստային նամականիշների շարք՝ նվիրված մոլորակների շքերթին (Mi #3795-3800), յուրաքանչյուր նամականիշի կա ռումիներեն «1982 ALINIERIA PLANETELOR» մակագրությունը («Մոլորակների շքերթ 1982») և Արեգակնային համակարգի մոլորակների նկարը: 1982 թվականին մոլորակների այդ շքերթին նվիրված փոստային նամականիշ է թողարկել նաև ՉԺՀ-ն՝ Արեգակի և Արեգակնային համակարգի ինը մոլորակների պատկերով՝ (Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն և Պլուտոն), ինչպես նաև մոլորակների շքերթի ամսաթվի նշմամբ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Планеты при полном параде»։ Коммерсантъ։ 2017-10-03։ Վերցված է 2019-01-08 
  2. Dr. Tony Phillips (2011-05-09)։ «Better Than Coffee: Planets Align in the Morning Sky»։ NASA Science News։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-18-ին։ Վերցված է 2015-03-18 
  3. 3,0 3,1 Валерий Купецкий։ «Парад планет — из сборника «В Арктику мы еще вернемся»»։ Полярная Почта։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-17-ին։ Վերցված է 2015-03-17 
  4. Гир Дж., Шах Х. Зыбкая твердь: Что такое землетрясение и как к нему подготовиться = Terra Non Firma. Understanding and Preparing for Earthquakes / Пер. с англ. д-ра физ.-мат. наук Н. В. Шебалина. — М.: Мир, 1988. — С. 125. — 63 000 экз.
  5. «Relax, it's only April. The five brightest planets are converging in the western sky for an eye-popping show in May 2002»։ NASA Science News։ 2002-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-18-ին։ Վերցված է 2015-03-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]