Jump to content

Բազալտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազալտ

Բազալտ (լատին․՝ basaltes` փորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը։ Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա  խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Հայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների  երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն։ Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ։ Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար։ Երևանի և հանրապետության մյուս  քաղաքների  շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով։ Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազալտ բառը ծագել է եթովպերեն «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»։

Բազալտի հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազալտն ունի հետևյալ հատկությունները՝

  • ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
  • ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
  • բարձր քիմիական կայունություն,
  • գրեթե զրոյական ջրի կլանում,
  • ցրտի նկատմամբ կայունություն,
  • էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
  • բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։

Բազալտների խմբի ապարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբին են պատկանում բազալտները, մելանոբազալտները, անդեզիտաբազալտները, անդեզիտները,դացիտները,անդեզիտադացիտները և այլն,որոնք առաջացել են հրաբխային  ժայթքումների ժամանակ երկրի մակերևույթ արտավիժված լավայի հոսանքներից։

Սրանք կարծր ապարներ են հիմնականում մանրաբյուրեղ կազմությամբ, մոխրագույն, կապտամոխրագույն, մուգ մոխրագույն և այլ երանգներով։

Հայաստանում բազալտի խմբի ապարներն ունեն չափազանց լայն տարածում։ Ամենից հայտնի հանքավայրերն են Փարաքարի, Նորքի, Արզնու, Անիի, Ազատանի, Կառնուտի, Շաքիի, Սիսիանի և այլն։

Բազալտի խմբի ապարները սովորաբար բնութագրվում են մեծ խտությամբ և ամրությամբ, մաշակայունությամբ և սառնակայունությամբ, թթվակայունությամբ  և այլ հատկանիշներով:Այս ապարները Հայաստանում կիրառվում են  շինարարության համար հնագույն ժամանակներից ի վեր։ Հայերի նախնիները՝ ուրարտացիք ամրոցների հիմքերը և պատվանդանները կառուցել են բազալտի խոշոր ժայռաբեկորներից (Արինբերդ, մ.թ.ա. 8 դար և այլն)։

Սկսած մ.թ. 1 դարից բազալտի խմբի ապարները  կիրառություն են գտել կառուցվածքների երեսպատվածքում։ Սրանց հետազննությունը ցույց է տվել, որ բազալտները և անդեզիտաբազալտները ամենաերկարակյաց շինաքարերից են։

Ժամանակակից շինարարության մեջ  բազալտի խմբի ապարները գործադրվում են շենքերի հիմքերն ու ցոկոլները, հենապատերը, կամուրջների հաստարաններն ու կամուրջները շարելու և  մոնումենտալ կառուցվածքները երեսպատելու համար, որպես եզրաքար և մայթասալ, բարձրորակ խիճ՝ ճանապարհային և բետոնային աշխատանքների համար։ Նրանցից պատրաստվում են թթվակայուն շինվածքներ և քարալյուր  քիմիական արդյունաբերության համար։

Բազալտի խմբի ապարների ծակոտկեն տեսակներն օգտագործվում են նաև որպես որմնաքար,խոշորածակոտկենները՝ որպես  հատուկ շինվածքներ արդյունաբերության մեջ։ Հալած բազալտները  բարձրորակ նյութ են թթվակայուն, մաշակայուն շինվածքների արտադրության համար։

Բազալտը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում տարածված են բազալտի մի շարք տարատեսակներ։

Դրանցից են ՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 207