Jump to content

Արաբական արշավանքները Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Արաբական արշավանքները Հայաստան, 7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան[1]։

Արշավանքները տեղի էին ունեցել Արաբական խալիֆայության ստեղծման դարաշրջանում։ Արաբական թերակղզում դարեր շարունակ օազիսից օազիս թափառող ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և ստեղծում ժամանակի ամենահզոր պետությունը։ Այն մեծ ազդեցություն է թողնում համաշխարհային պատմության ու մշակույթի վրա։

Արաբական արշավանքներից խուսափելու նպատակով ժամանակի հայկական վերնախավը պայմանագիր է կնքում խալիֆայության հետ, որով Հայաստանը ընդունում է նրա գերիշխանությունը, իսկ խալիֆայությունը պարտավորվում է հարգել նրա ինքնիշխանությունը։ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը (Դերբենդ) միավորվեցին վարչատարածքային մեկ միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ[2]։

Խալիֆայության ստեղծումն ու պայքարն արաբական արշավանքների դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամի ընդունում և տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի սկզբին մինչ այդ տերությունների ուշադրությունը չգրավող ու մեկուսացված կյանքով ապրող Արաբական թերակղզու բնակչության կյանքում տեղի ունեցան դարակազմիկ իրադարձություններ։ Արաբները ապրում էին առանձին ցեղերով կամ ցեղախմբերով։ Խիստ տարածված էին ցեղական բարբառները։ Գերիշխող կրոնը հեթանոսությունն էր, կային նաև քրիստոնեական ու հուդայական համայնքեր։ 7-րդ դարի սկզբին թերակղզու վաճառաշահ քաղաքներից մեկի՝ Մեքքայի ալ-Կուրեյշ ցեղի ներկայացուցիչ արաբ վաճառական Մուհամմադը հիմնում է նոր միաստվածային կրոն՝ իսլամ (արաբ․՝ الإسلام‎‎՝ հնազանդություն), և հորջորջվում որպես ալ-ռասուլ (արաբ․՝ رسول‎‎, մարգարե)։ Նոր կրոնը հնազանդություն էր քարոզում պետության ղեկավարի՝ խալիֆի նկատմամբ։ Միաժամանակ բոլոր մուսուլմաններին պարտադրվում էր «սրբազան պատերազմ» մղել «անհավատների», այսինքն՝ ոչ մուսուլմանների, առաջին հերթին՝ հեթանոսների դեմ։

Արաբական ցեղերը շուտով միավորվում են մեկ պետության կազմում։ Այն օտար աղբյուրներն անվանում են խալիֆայություն, քանի որ նրա ղեկավարը խալիֆն էր (արաբ․՝ خليف‎‎՝ փոխարինող)։ Տերության ինքնանվանումը ալ-Դաուլա ալ-Արաբիյյա էր (արաբ․՝ الدولة العربية‎‎՝ արաբական պետություն)։ Այդ ժամանակ երկարատև պատերազմներից թուլացել էին Մերձավոր Արևելքի երկու հզոր պետությունները՝ Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը։ Հպատակ ժողովուրդները պատրաստ չէին լուրջ դիմադրություն ցույց տալ նոր թշնամուն։ 636 թվականին Պաղեստինում՝ Յարմուքի ճակատամարտում արաբները հաղթում են բյուզանդացիներին, իսկ 638 թվականին գրավում Երուսաղեմը։ Դրան հաջորդում է Սիրիայի, Եգիպտոսի ու Հյուսիսային Աֆրիկայի գրավումը։ Այդ ընթացքում նվաճվում է Սասանյան Պարսկաստանը։ 642 թվականի Նեհավենդի ճակատամարտից հետո արաբները գրավում են նաև Միջին Ասիան, Ինդոս գետի հովիտը։ Այդպես ստեղծվում է մինչ այդ գոյություն ունեցած պետություններից ամենամեծը՝ Արաբական խալիֆայությունը։

Առաջին արշավանքը Հայաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

640 թվականին արաբական զորքերը Իյադ իբն Ղանմի գլխավորությամբ հարձակվեցին Հայաստանի վրա։ Առանց դիմադրության ընկան Ամիդն ու Նփրկերտը։ Իյադին ենթարկվեցին Աղձնիքը, Կորճայք նահանգի Կորդուք, Տմորիք և Վասպուրականի Անձևացիք գավառները, վերջինիս իշխանը հնազանդություն հայտնեց Իյադին, որը վերահաստատեց նրա իշխանությունը։ Իյադի հիշյալ հաջողությունների ժամանակ բյուզանդացիները մի վերջին փորձ կատարեցին Վերին Միջագետքը ետ գրավելու համար, սակայն անհաջողության մատնվեցին։

Թեոդորոս Ռշտունին լսելով արաբների ներխուժման մասին շտապել էր փակել Ձորապահակի լեռնանցքը, սակայն արաբների ներխուժումը շատ արագ էր ընթանում և անսպասելի։ Իյադը Ձորապահակից անցավ հյուսիս և ներխուժեց Տարոն, որտեղ նրան համառ դիմադրություն ցույց տվեց Տիրան Մամիկոնյանը 8000-անոց զորքով, սակայն արաբները ունենալով թվային գերակշռություն պարտության մատնեցին նրան։

Երեք հայ իշխաններ պաշտպանում էին մայրաքաղաք Դվինը, սակայն արաբները պարտության մատնեցին և գրավեցին Դվինը։ Թեոդորոս Ռշտունին արաբական զորամասին դիմադրություն ցույց տվեց Կոգովիտ գավառում և պարտություն կրեց։

Երկրում զգացվում էր ուժեղ իշխանություն ստեղծելու անհրաժեշտությունը այդ նպատակով նորընտիր կաթողիկոս Ներսես Գ Տայեցին հայ նախարարների անունից դիմեց Կոստանդ կայսերը՝ խնդրելով, որ Թեոդորոս Ռշտունին պաշտոնապես ճանաչվի Հայոց իշխան։ Կայսրը կատարեց հայոց կաթողիկոսի խնդրանքը։ Հայաստան ուղարկվեց նաև հունական զորք։

642-643 թվականներին արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան։ Երկրում գտնվող բյուզանդական զորքերը խուսափեցին մարտի մեջ մտնելուց և բնակչությանը թողեցին բախտի քմահաճույքին։ Արաբները ասպատակեցին հայկական մի շարք գավառներ։ Նրանց դեմ կռվեցին միայն Թեոդորոս Ռշտունու ջոկատները։ Բյուզանդական զորավարը համարձակվեց ճակատամարտ տալ արաբներին միայն այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին վերադառնալ Ատրապատական։ Չնայած իրենց փոքրաթիվ լինելուն, արաբաները կարողացան հաղթանակ տանել ու անարգել հեռանալ Հայաստանից։

Բյուզանդական զորավարն իր պարտութան մեղքը բարդում է հայոց զորավարի վրա և զրպարտությամբ ձերբակալել տալիս Թեոդորոս Ռշտունուն։ Միայն տարիներ անց սպարապետն ազատ է արձակվում և բյուզանդական կայսեր կողմից նշանակվում որպես Հայաստանի կառավարիչ։ Թուլացած Բյուզանդիան շուտով ստիպված դուրս է բերում իրեն հպատակ զինված ուժերը Հայաստանից։ 650 թվականին, երբ արաբները երրորդ անգամ արշավեցին դեպի Հայաստան, Թեոդորոս Ռշտունուն հաջողվեց հաղթանակ տանել նրանց նկատմամբ, սակայն վերջնականապես ջախջախել արաբական զինուժին նրան չհաջողվեց ու վերջինս որոշում կայացրեց նրանց դեմ կռվելու փոխարեն, փորձել գտնել ընդհանուր շահեր և կնքել խաղաղության համաձայնագիր։

Հայ-արաբական պայմանագրի կնքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

652 թվականին Թեոդորոս Ռշտունին մեծամեծ ընծաներով մեկնում է Դամասկոս և համաձայնության գալիս Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ։ Նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ընդունում է Խալիֆայության գերիշխանությունը։ Արաբները պարտավորվում էին պաշտպանել հայերին օտարների հարձակումներից։ Հայաստանը երեք տարով ազատվում է հարկեր վճարելուց, իսկ հետագայում վճարելու էր այնքան, որքան կցանկանար։ Հայաստանին իրավունք էր տրվում պահել 15 հազարանոց այրուձի որի ծախսերը հոգալու էին արաբները։ Փոխարենը հայոց հեծելազորը պետք է մասնակցեր արաբների մղած կռիվներին։ Հայաստանում արաբ պաշտոնյաներ և արաբական զորակայաններ չէին լինելու։ Արաբներն օգնելու էին հայերին, եթե նրանց վրա հարձակվեին բյուզանդացիները։

Արդյունքում, ձևականորեն ճանաչելով Արաբական Խալիֆայության գերիշխանությունը, Հայաստանը փաստորեն պահպանում էր իր ինքնուրույնությունը։

Արաբական տիրապետության հաստատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի վերջում Արաբական Խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով Բյուզանդական կայսրության նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆի եղբայր Մուհամեդի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամեդը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական Խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր II, 1979:
  • Ղևոնդ պատմիչ, Պատմութիւն, Երևան, 1982։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արաբական արշավանքները Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Ժամկոչյան Հ. Գ., Հայոց պատմություն