Jump to content

Անգեղակոթի ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անգեղակոթ (այլ կիրառումներ)
Անգեղակոթի ժողովը

Անգեղակոթի ժողով, հայ մելիքների գաղտնի հավաք Սյունիքի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին։ Դրա մասին վկայող փաստաթուղթը իշխան Իսրայել Օրու 1699 թվականի ապրիլի 29-ի զեկուցագիրն է Պֆալցի (Գերմանիա) կայսերընտիր իշխան Հովհանն Վիլհելմին։

Հայաստանը ազատագրելու նպատակով 1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում։ Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ որոշվում է պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ մեծ տերություններից օգնություն խնդրելու։ Պատվիրակության կազմում մեկնած Իսրայել Օրին 1679 թվականի դեկտեմբերին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից գնում է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, 1690-ականներին՝ Դյուսելդորֆ։ Այնտեղ նա ստանում է ռազմական կրթություն և սպայական կոչում։

Գերմանիայում կայսերընտիր Հովհան Վիլհելմ իշխանի հետ Իսրայել Օրին քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Իշխանն առաջարկում է Օրուն քսանամյա ընդմիջումից հետո գնալ Հայաստան և ծանոթանալ իրավիճակին։ Հովհան Վիլհելմը միաժամանակ թղթեր է հղում Արևելյան Վրաստանի (Քարթլիի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին։

1699 թվականի գարնանը Իսրայել Օրին Թուրքիայի վրայով մեկնում է Հայաստան։ Ճանապարհին լինում է Կոստանդնուպոլսում, տեսակցում հայոց պատրիարքի հետ և վերջինիս օգնությամբ բարեհաջող հասնում Կարին, իսկ այնտեղից էլ` Էջմիածին։

Օրին շատ էր կտրվել հայկական իրականությունից ու անտեղյակ էր Հայաստանում և Անդրկովկասում տեղի ունեցած իրադարձություններից։ Դրա վառ ապացույցն այն էր, որ նրա ցուցումներով Հովհան Վիլհելմի գրած նամակների բոլոր հասցեատերերն արդեն չկային։ Իսրայել Օրին կարծում էր, որ Էջմիածնի հոգևորականությունը և կաթողիկոսը նեցուկ կլինեն իր գործունեությանը, սակայն նրա հույսերը չարդարացան։ Էջմիածնի հոգևորականությունը և Նահապետ կաթողիկոսը անբարյացակամ գտնվեցին Օրու նկատմամբ։

Նա ստիպված է լինում անմիջապես հեռանալ Էջմիածնից. մեկնում է ծննդավայր` Սիսիանի շրջան, լինում եղբոր տանը, տեսնում քրոջն ու եղբայրներին` ներկայանալով որպես օտարերկրացի ճանապարհորդ` պարսիկների հետապնդումներից զգուշանալու համար։

Անգեղակոթում տեսակցում է Մելիք-Սաֆրազի հետ, որին գիտեր մանկությունից, պատմում Հովհան Վիլհելմի հետ ունեցած իր զրույցների մասին` ոգևորելով նրան, որպեսզի ձեռնամուխ լինի Հայաստանի ազատագրության գործին։ Նրանք որոշում են Սյունիքի մելիքներին հրավիրել Անգեղակոթ և քննել Հովհան Վիլհելմի նամակները։

1699 թվականի ապրիլին Անգեղակոթում հրավիրվում է Սյունիքի մելիքների ժողով, որի ընթացքում Իսրայել Օրին մելիքներին ծանոթացնում է Հովհան Վիլհելմի նամակներին, նրանց հայտնում, որ Վիլհելմը համաձայնվել է օգնել հայերին` ազատագրելու Արևելյան Հայաստանը պարսկական լծից և ստանձնելու հայկական թագավորության գահը այն պայմանով, որ հայերի կողմից Հովհան Վիլհելմին և եվրոպական մյուս իշխանավորներին գրավոր դիմումներ արվեն[1]։

Ժողովի որոշումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայել Օրի

Անգեղակոթի ժողովին մասնակցել են Սյունիքի 11 իշխան-մելիքները։ Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու, շարժումը կազմակերպելու, ժողովրդին զինելու և օտար նվաճողների դեմ պայքարելու համար նրան նախապատրաստելու գործի հետ հապված հարցերը[2]։

Ընդունվել է Իսրայել Օրու առաջարկած ծրագիրը՝ ըստ որի կազմակերպվելու է գաղտնի զորք, որը պետք է անցներ Ռուսաստանով, հանդիպեր հայ-վրացական միացյալ բանակին, սկզբում ազատագրեր Արևելյան Հայաստանը, ապա անցներ Արևմտյան Հայաստան, իսկ թագավոր պետք է դառնար Հովհան Վիլհելմը։

Ժողովի մասնակիցների ստորագրությամբ դիմումներ են հղվել Հռոմի պապին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Տոսկանայի դքսին, Հովհան Վիլհելմին։ Վերջինիս ուղղված դիմումում շնորհակալություն է հատնվել կուրֆյուրստին, նրան ճանաչել են որպես հայոց թագավոր և խնդրել արագացնել իր զորքերի ուղարկումը Հայաստան։ Հռոմի պապին հասցեագրված դիմումում մելիքները խնդրել են պապին, որ նա հորդորի եվրոպական իշխանություններին մուսուլմանների գերիշխանությունից հայերին ազատագրելու գործում։ Դրա դիմաց նրանք հանձն են առել ազատագրվելուց հետո միանալ կաթոլիկական եկեղեցուն։ Այդ դիմումի մեջ առաջին անգամ խոսվել է Էջմիածնի ժողովի մասին։

Մեր ներկայացուցիչ Մինաս վարդապետին Իսրայել Օրու հետ ձեզ մոտ ենք ուղարկում, որոնք լիովին տեղյակ են մեր վիճակին։ Նրանց հետ ընդունած ձեր բոլոր որոշումները մեզ համար ընդունելի են... Եվ թող զորություն լինի ձեզ, որ հաղթենք մեր թշնամիներին, ինչպես հաղթեցինք շատերին, որպեսզի մեզ համար լույս ծագի ձեր տերությունից։ Կխնդրենք և կաղաչենք, որ աստծո ողորմությամբ ազատագրեք մեր խեղճ ազգին, որը ենթակա է տարբեր պատահարների... Խնդրում ենք ձեր բարի կամքով ընդառաջեք մեզ և լինեք պարծանք մեր ազգի համար, քանի որ որևէ տեղից ոչ մի հույս չու­նենք... Մեր որոշումն է, որ մեր իշխաններով ու պարոններով հնազանդվենք ձեր մեծ թագավորությանը:
- Հայ մելիքների ուղերձը Պետրոս I-ին

Բացի վերոնշյալ դիմումներից` Անգեղակոթի ժողովը մի լիազորագիր և մելիքների կողմից ստորագրված, բայց չգրված թղթեր է տվել Իսրայել Օրուն` նրան լիազորելով դրանց վրա իրենց անունից դիմումներ գրել ում որ հարկ լինի։ Օրուն տրված լիազորագրում պատմվել է նրա տոհմի և ազնվականական ծագման մասին` նրան համարելով սերված Պռոշյան իշխանական տոհմից։ Ըստ դրա` նրան լիազորվել է հայերի անունից բանակցություններ վարել եվրոպական պետությունների հետ։

Կողմնորոշում Ռուսաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգեղակոթի ժողովից հետո իշխան Իսրայել Օրին վարդապետ Մինաս Տիգրանյանի հետ, որին ժողովն առանձնացրել էր որպես Օրու օգնականի և քարտուղարի, 1699 թվականին դիվանագիտական առաքելությամբ ուղևորվել է Եվրոպա` Դյուսելդորֆ։ Սակայն դիվանագիտական առաքելությունը ոչ մի արդյունքի չի հասել։ Արդյունքում Հայաստանի ազատագրության ծրագրերի իրականացումը կապվել է Ռուսաստանից ստացվելիք օգնության հետ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1975, էջ 663-664
  2. Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1975, էջ 664
  3. Ա. Հովհաննիսյան «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», Երևան 1959

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1975։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 379