Ստամբուլյան կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստամբուլի կոնվենցիա
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա

Ստորագրած և վավերացրած երկրները նշված են կանաչով, միայն ստորագրած երկրները՝ դեղինով, չստորագրածները՝ կարմիրով, նախկինում ստորագրած ու վավերացրածները՝ մանուշակագույնով։
Ստորագրվել է
— վայր
Մայիսի 11, 2011 թ.
Ստամբուլ, Թուրքիա
Ուժի մեջ է մտել Օգոստոսի 1, 2014 թ.
Ստորագրել են 46
Վավերացրել են 34
Ավանդապահ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Ստամբուլի կոնվենցիա, (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»), Եվրոպայի Խորհուրդի միջազգային համաձայնագիր, որի նպատակ է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը։ Ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում 2011 թվականի մայիսի 11-ին[1]։ 2019 թվականի մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի Խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը[1]։ 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց կոնվենցիան։ 2013-2019 թվականներին ևս 33 երկրներ պաշտոնապես ստորագրեցին այն։ Այդ երկրներն են Ալբանիան, Անդորրան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը[2], Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հյուսիսային Մակեդոնիան, Մալթան, Մոնակոն, Չեռնոգորիան, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան[1]։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ից[1]։

Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության։

2018 թվականի հուլիսի 27-ին Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այդ պայմանագիրը պաշտոնապես ճանաչել է որպես հակասահմանադրական[3]։

Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիան պարունակում է 81 հոդված, որոնք բաժանված են 12 գլուխներով։ Փաստաթղթի կառուցվածքը հիմնված է «չորս P-երի» վրա. Կանխարգելում (Prevention), պաշտպանություն (Protection) և զոհերի աջակցություն, հանցագործների հետապնդում (Prosecution) և ինտեգրված քաղաքականություն (Policies):

Կոնվենցիան նաև սահմանում է իր գործողության ոլորտում բռնության բոլոր ձևերի դրսևորման դեպքերի մասին համապատասխան ապախոշորացված վիճակագրական տվյալների կանոնավոր պարբերականությամբ հավաքագրման պարտավորություններ։ Կոնվենցիայի կողմերը նաև պարտավորվում են օժանդակել հետազոտությունների անցկացմանը՝ ուսումնասիրելու համար արմատական պատճառներն ու ազդեցությունները, դրսևորման դեպքերն ու դատապարտման ցուցանիշները, ինչպես նաև Կոնվենցիայի կիրարկման համար ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը (հոդված 11)։

Նախաբանում հիշատակվում են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, Եվրոպական սոցիալական խարտիան և Մարդու իրավունքների թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիա, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի և Միավորված ազգերի կազմակերպություն Մարդու իրավունքների միջազգային պայմանագրերը։ Հոդված 2-ում նշվում է, որ կոնվենցիայի կետերը պետք է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում։

Կոնվենցիայի հոդված 3-ը սահմանում է հիմնական հասկացությունները.

  • «Կանանց նկատմամբ բռնություն»-ը հասկացվում է որպես մարդու իրավունքների խախտում ու կանանց նկատմամբ խտրականության ձև և նշանակում է գենդերային հիմքով այն բոլոր բռնարարքները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական վնաս կամ տառապանք պատճառելուն, այդ թվում՝ այդպիսի բռնարարքների սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայական զրկումը՝ լինեն դրանք հանրային, թե անձնական կյանքի մակարդակով,
  • «Ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ.
  • «Գենդեր» նշանակում է հասարակության ներսում ձևավորված դերեր, վարքագիծ, գործունեություն և առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց և տղամարդկանց համար,
  • «Գենդերային բռնություն կանանց նկատմամբ» նշանակում է բռնություն, որը կնոջ նկատմամբ դրսևորվում է նրա կին լինելու պատճառով կամ որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն։

Ընդունում, ստորագրում և վավերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2011 թվականի ապրիլի 7-ին։ Ստորագրման համար բացվել է 2011 թվականի մայիսի 11-ին՝ Ստամբուլում Նախարարների խորհրդի 121-րդ նստաշրջանի ընթացքում։ Այն ուժի մեջ է մտել 10 վավերացումներից հետո, որոնցից ութը պետք է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների լինեին։ 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ կոնվենցիան ստորագրել էր 39 երկիր՝ Եվրոպայի խորհրդի անդամ նվազագույնը ութ երկրի (Ալբանիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իտալիա, Պորտուգալիա, Սերբիա և Թուրքիա) վավերացնումից հետո։ Նույն թվականին այն վավերացրել են Անդորրան, Դանիան, Ֆրանսիան, Մալթան, Մոնակոն, Իսպանիան և Շվեդիան։ 2015 թվականին այն վավերացրել են՝ Սլովենիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Նիդեռլանդները, 2016 թվականին՝ Սան Մարիոն, Բելիան և Ռումինիան, 2017 թվականին՝ Վրաստանը, Նորվեգիան, Գերմանիան, Էստոնիան, Կիպրոսը և Շվեցարիան, 2018 թվականին՝ Խորվաթիան, Մակեդոնիան, Իսլանդիա, Հունաստանը և Լյուքսեմբուրգը, 2019 թվականին՝ Իռլանդիան[2]։ 2017 թվականի հունիսի 13-ին Եվրահանձնակատար Վերա Յորովան Եվրոպական Միության անունից ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան[4]։

Բուլղարիան և կոնվենցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարին Բուլղարիայի նախարարների խորհուրդը Խորհրդարանին առաջարկել է վավերացնել կոնվենցիան։ Որոշումը դատապարտվել են կառավարության որոշ նախարարներ, խորհրդարանի անդամներ, մեդիա խմբեր և քաղաքացիական կազմակերպություններ, որոնք պնդում էին, որ կոնվենցիան ի վերջո կտանի երրորդ սեռի և նույնասեռ ամուսնությունների պաշտոնապես ճանաչմանը[5]։ Լայնածաված բողոքներից հետո Բորիսովի երրորդ կառավարությունը (Բուլղարիայի 93-րդ կառավարությունը) հետաձգել է վավերացումը և որոշումը թողել է Սահմանադրական դատարանին, որը պետք է որոշեր կոնվենցիայի օրինականությունը[6]։ Նախագահ Ռումեն Ռադևը, որը դեմ էր վավերացմանը, հետաձգման որոշումը կոչել է «առողջ բանականության հաղթանակ»՝ նշելով, որ կոնվենցիան բազմիմաստ է և որ ընտանեկան բռնության հարցը կարող է լուծվել միայն Բուլղարիայի համապատասխան օրենքներով և իրավապահ մարմինների կատարելագործմամբ[7]։

Վարչապետ Բոյկո Բորիսովը նշել է իր «Քաղաքացիներ Բոլգիայի եվրոպական զարգմացման համար» կուսակցության մեկուսացման մասին, որին նույնիսկ չի աջակցել կոալիցիոն գործընկեր, ծայրահեղ աջ «Միացյալ հայրենասներներ» դաշինքը։ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը խիստ դեմ է եղել կոնվենցիային[8]։ Ըստ սոցիալիստների «Բուլղարիայի տեսլական» ծրագրի՝ կոնվենցիան «նպատակ չունի պաշտպանել կանանց։ Կոնվենցիան դեմ է Եվրոպական քաղաքակրթության հիմնարար արժեքներին»[9]։ Բորիսովը զարմացել է, որ ընդդիմադիր «Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը» նույնպես դեմ է կոնվենցիային. ըստ նրա՝ սոցիալիստները պարզապես դեմ են Եվրոպական միությանը[10]։

2018 թվականի հուլիսի 27-ին Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել կոնվենցիայի վերաբերյալ, որտեղ նշվում է «ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ Եվրոպական խորհրդի կոնվենցիան չի համապատասխանում Բուլղարիայի Հանրապետության սահմանադրությանը»։ Որոշման մեջ Դատարանը կապ է գտնում ընտանեկան բռնության վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախորդ փաստաթղթրի և տրանսգենդերների իրավունքների տարածման միջև։ Ըստ սահմանադրական դատարանի՝ կոնվենցիան հնարավորություն է տալիս «գենդեր» եզրը երկակի մեկնաբանել. միաժամանակ և՛ որպես սոցիալական, և՛ որպես կենսաբանական կատեգորիա, որը հակասում է Բուլղարիայի սահմանադրությանը, որտեղ մարդիկ սահմանվում են որպես կենսաբանորեն տղամարդ կամ կին՝ հավասար քաղաքացիական իրավունքներով։ Հետևաբար՝ կոնվենցիան գենդերի որ կենսաբանական սահմանման տարածման համար իրավական հիմք է ստեղծում, ինչը համարվում է հակասահմանադրական[11]։

Հայաստանը և կոնվենցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում[12]։ 2019 թվականին կոնվենցիայի հաստատման շուրջ ծավալվող հանրային քննարկումների ընթացքում հնչել են ինչպես կողմ այնպես էլ դեմ կարծիքներ։ Մի շարք քաղաքական, պետական գործիչներ հայտարարել են, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը[13][14], ներդնում է «երրորդ սեռ» ունենալու գաղափարը[13]։ ՀՀ Արդարադատության նախարարությունը Կոնվենցիայի վերաբերյալ պարզաբանող հայտարարությունով հանդես եկավ[15]։

Վավերացման շուրջ քննարկումները հասարակության մեջ նույնպես արժանացան հակակրանքի, քանի որ ենթադրվում էր, թե Կոնվենցիան նպատակ ուներ օրինականացնել նույնասեռ ամուսնությունը և տարածել ԼԳԲՏ «քարոզչություն»։ Ըստ Human Rights Watch-ի, որոշ պաշտոնյաներ արդյունքում օգտագործեցին նվաստացնող ու ատելության խոսքեր ԼԳԲՏ անձանց դեմ[16]։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր 2020 թ. զեկույցում հորդորեց Հայաստանին անհապաղ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան՝ ընտանեկան բռնություն վերապրած կանանց, սակայն նաև տղամարդկանց[17], բարեկեցությունն արդյունավետորեն պաշտպանելու համար, որն այժմ հանդիսանում է ՀՀ օրենսդրության թերություն[16]։

Եվրոպական խորհրդի հայտարարությունը քննադատությունների վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերին Եվրոպայի խորհուրդը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշվում է․ «Չնայած հստակ նպատակներին, որոշ կրոնական և ծայրահեղ պահպանողական խմբեր Ստաբուլյան կոնվենցիայի մասին կեղծ տեղեկություններ են տարածում»։ Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան չի փորձում որոշակի կյանքի ձև պարտադրել կամ խառնվել անձնական կյանքի կառավարմանը, փոխարենը այն փորձում է կանխել կանանց նկատմամբ բռնությունները և ընտանեկան բռնությունը։ Ըստ հայտարարության՝ «կոնվենցիան հստակորեն կանանց և տղամարդկանց սեռական տարբերությունները վերացնելու մասին չէ։ Կոնվենցիայի ոչ մի մասից չի կարելի հետևել, որ կանայք և տղամարդիկ «նույնն են» կամ պետք է լինեն» և որ «կոնվենցիան չի փորձում կառավարել ընտանեկան կյանքը կամ կառուցվածքը, այն ոչ պարունակում «ընտանիքի» սահմանումը, ոչ էլ առաջ է քաշում ընտանեկան կառավարման որևէ տարբերակ»[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Full list: Chart of signatures and ratifications of Treaty 210». Council of Europe.
  2. 2,0 2,1 «Publication to the Government Gazette of the ratification, by Greece, of the CoE Convention on violence against women and domestic violence (Original: Δημοσίευση σε ΦΕΚ του Ν.4531/2018 για την κύρωση από την Ελλάδα της Σύμβασης του Σ.τ.Ε. περί έμφυλης και ενδοοικογενειακής βίας)». Isotita.gr. 2018 թ․ ապրիլի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  3. «Istanbul Convention ‘unconstitutional’ in Bulgaria».(անգլ.)
  4. «EU signs the Istanbul Convention». European Institute for Gender Equality. 2017 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Is the Istanbul Convention harmful for Bulgarian society?». Bulgarian National Radio. 2018 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  6. «Constitutional Court formulates legal case regarding Istanbul convention». OffNews. 2018 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Rumen Radev opposes the Istanbul convention». 2018 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  8. «Following BSP's action against Istanbul convention, PES will examine domestic violence in Bulgaria». Dnevnik. 2018 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  9. «BSP at the eurovote - "No" to Istanbul convention, migration pact and sanctions against Russia"». Kapital Daily. 2019 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  10. «GERB withdraws Istanbul convention, will not "take the negatives alone"». Dnevnik. 2018 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  11. «The complete decision of the Constitutional Court on the Istanbul convention». 24 Chasa. 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  12. «Կառավարության նիստի օրակարգ». E-gov.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  13. 13,0 13,1 «Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի» (արխիվացված
  14. «Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Գևորգ Դանիելյան» Արխիվացված 2019-07-07 Wayback Machine (արխիվացված
  15. «Ստամբուլյան կոնվենցիան ընտանիքի կոնցեպտ չի սահմանում. արդարադատության փոխնախարար». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  16. 16,0 16,1 Human Rights Watch (2020 թ․ դեկտեմբերի 18). Հայաստան: 2020թ. միջոցառումները.
  17. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ՝ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ԴՆԵԼՈՒ ՀԶՈՐ ԳՈՐԾԻՔ. Ստրասբուրգ: Եվրոպայի խորհուրդ. 2019. էջ 18.
  18. «Ending misconceptions about the Convention on Preventing and Combating Violence against Women and Domestic Violence» (Press release). Council of Europe. 2018 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]