Ուշ միջնադարի հայկական մշակույթ
Հայկական մշակույթ |
---|
Հայկական մշակույթը 10-18-րդ դարերում զարգացել է, կապված արաբական տիրակալության անկման և հայկական թագավորության վերականգման հետ։
Կրթական և մշակութային կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ միջնադարում Հայաստանում և հայկական գաղթավայրերում մշակութային կյանքն ակտիվացել է։ Ստեղծվել են բազմաթիվ մշակութային կենտրոններ։ 17-րդ դարի սկզբին Մովսես Մոկացու գլխավորությամբ Սյունյաց մեծ կամ Հարանց անապատում տեղի է ունեցել կրթական գործի կազմակերպում։ 1615 թվականին Մովսես Տաթևացին գնացել է այստեղ և ստեղծել է ուսումնական կենտրոն։
Պողոս Մոկացու աջակցությամբ դպրոցներ են կառուցվել Աստապատում, Շոռոթում, Ագուլիսում, ինչպես նաև Հովհաննավանքում։
17-րդ դարի 30-ական թվականներին հիմնվել է Նոր Ջուղայի դպրոցը, որի ուսուցիչը Կոստանդ Ջուղայեցին էր։ 1717 թվականին Վենետիկի մոտ՝ Սուրբ Ղազար կղզում, Մխիթար Սեբաստացին հիմնել է Մխիթարյան միաբանությունը[1], որի առաջին ուսուցիչը եզել է հենց ինքը։ Մխիթարյանները մեծ դեր են կատարել հայագիտության զարգացման բնագավառում[2]։
Ականավոր մարդկանց աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության տարբեր բնագավառում մեծ դեր են ունեցել բազմաթիվ գիտնական-մտածողներ, որոնցից էին Գրիգոր Ականացին, Վանական վարպետը, Ստեփանոս Օրբելյանը, Թովմա Արծրունին, Ստեփանոս Տարոնցը։ Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմություն Աղվանից» և Ստեփանոս Շահումյանի «Ընտիր պատմություն Դավիթ Բեկին» աշխատությունները մեծ դեր են ունեցել պատմագրության մեջ։
Բժշկության ասպարեզում աչքի է ընկել Մխիթար Հերացին իր «Ջերմանց մխիթարություն» աշխատությունով, բժիշկ-գիտնական Ամիրդովլաթ Ամասիացին՝ իր «Թվաբանություն» դասագրքով, Սահակ Պրոնյանը՝ իր «Երկրաչափություն»-ով։
Հայտնի էր նաև Ավետիք Բաղդասարյանի «Տեֆտեր գիրք» աշխատությունը, որտեղ ամփոփված էին գիտության բազմաթիվ ճյուղերին վերաբերվող նյութեր։
Գրական երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]15-18-րդ դարերին բնորոշ էին «Տաղարան» կոչվող ժողովածուները, որոնք ընդունվում էին որպես երգարան և ընթերցարան։ Մեծ զարգացում են ունեցել նաև աշուղական երգերը։ Մկրտիչ Նաղաշի երգերը լայն տարածում էին գտել և դրանց ազդեցությամբ նոր երկեր հյուսվել։ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարերի սկզբի ամենաականավոր բանաստեղծը, երգիչն ու երաժիշտը, ինչպես նաև նկարիչը Նաղաշ Հովնաթանն էր։ Իսկ մեծ գրող-բանաստեղծ Պաղտասար Դպիրը հայտնի էր իր տաղարաններով։ Նրա գործը շարունակել է իր աշակերտ Պետրոս Ղափանցին։
18-րդ դարի վերջի երգի ու բանաստեղծության թագն ու պարծանքը Սայաթ-Նովան էր։ Նա ստեղծագործել և երգել է հայերեն,վրացերեն,ադրբեջաներեն ու պարսկերեն։
Արվեստի ճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ զարգացում է ապրել նաև գորգագործություն։ Հայկական գորգերն արտահանվել են շատ երկրներ և մեծ հռչակ ունեցել, հատկապես հայկական «վիշապագորգերը»։ Հայ գաղթավայրերում նույնպես մեծ զարգացում է ունեցել արվեստը։ Օրինակ, Լվովում մեծ հռչակ ուներ հայ դիմանկարիչ Բոգուշների ընտանիքը, Նոր Ջուղայում՝ նկարիչ Հովհաննես Մրքուղը,Մինասը և ուրիշներ։ Երաժշտությունը նույնպես իր ուրույն տեղն ուներ։ Մեծ տարածում ունեին գուսանական երգերը։ Կրոնական ծեսերը և ժողովրդական տոններն անցկացվել էին երգեցողությամբ։
Տպագրական գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրությունը մեծ դեր է ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում[3]։ 1512 թվականին Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով տպագրվել են հայերեն առաջին գրքերը՝ «Ուրբաթագիրք», «Տաղավար», «Պարզատումարը», «Տաղարան», «Աղթարք», «Պադարագ տետր»[4]։ Իսկ 1565 թվականին Աբգար դպիր Թոխատեցին Վենետիկում տպագրել է տոմարացույցը, իսկ հաջորդ տարում՝ Սաղմոսարանը։ 1616 թվականին Հովհաննես Քարմատանեցին Լվովում ստեղծել է տպարան, որտեղ տպագրվել են հայատառ ղփչաղերեն գրքեր[5]։ 1638 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով Նոր Ջուղայում ստեղծվել է տպարան, որտեղ տպագրել են հայերեն գրքեր։ Մաթեդոս Ծարեցու տպարանը հիմնվել է Ամստերդամում, որից հետո այն տեղափոխվել է Լիվոռնո և Մարսել։ Հայ տպագրության նշանավոր կենտրոն է դառել Կ.Պոլիսը։ Արդեն 18-րդ դարում Կ.Պոլսում և Զմյուռնիայում գործել են շուրջ երկու տասնյակ հայկական տպարաններ։ 1772 թվականի Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիրյաններն ստեղծել են հայկական տպարան, որտեղ լույս է տեսել հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը»։ Որոշ ժամանակ անց տպարանը տեղափոխվել է Կալկաթա։ 1796 թվականին Պետերբուրգում Գրիգոր Խալդարյանցը հիմնել է տպարան, որտեղ տպագրել են «Տետրակ այբբենարան» և ուրիշ գրքեր։ Նրա մահվանից հետո տպարանը տեղափոխվել է Նոր Նախիջևան, որից հետո՝ Աստրախան։ Սկսած 1512 թվականից մինչև 18-րդ դարի վերջը լույս է տեսել շուրջ 1000 անուն մեսրոպատառ գիրք։ Բոլոր պահպանված հայ հոգևոր և նյութական մշակույթի կոթողները կարևոր ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի մեջ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Ուրբաթագիրք» (Հակոբ Մեղապարտ, Վենետիկ, 1512 թվական)
-
Ազդարար ամսագրի շապիկ
-
Վիշապագորգ, XVIII դար, Գալուստ Գյուլբենկյանի թանգարան (Լիսսաբոն)
-
Կեչառիսի վանքային համալիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մխիթարյան Միաբանություն». YouTube.
- ↑ Աղայան, Ծատուր (1989). ժողովրդի պատմության նկարրազարդ ակնարկներ. Երևան: Երևան Հայաստան. էջեր 64–78.
- ↑ «Հայկական հին տպագրությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Հայերեն առաջին տպագիր գրքերի մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Հայ գիտնականների պրպտումները բացահայտում են ղփչաղերենի պատմության անհայտ շերտերը».