Զարգացած միջնադարի հայկական մշակույթ
Հայկական մշակույթ |
---|
![]() |
Զարգացած միջնադարի հայկական մշակույթ, հայ ժողովրդի պատմության միջնադարյան փուլում ձևավորված մշակույթ։ Զարգացած միջնադարում, երբ Հայաստանում վերականգնվել էր անկախ պետականությունը և երկիրն ինքնիշխան էր, Հայկական լեռնաշխարհի և Կիլիկիայի տարածքում զգալի է եղել ժամանակի Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների՝ քրիստոնեադավան Բյուզանդական կայսրության, իսլամադավան Արաբական խալիֆայության, ինչպես նաև այլ երկրների ազդեցությունը։ Անկախության դարաշրջանը նպաստել է ոչ միայն տնտեսության հզորացմանը, այլև մշակույթի բարգավաճմանը[1][2]։ Ժամանակագրական առումով հաջորդել է վաղ միջնադարին, երբ Հայաստանում հաստատվել են ավատատիրական կարգեր ու ընդունվել է քրիստոնեություն, և նախորդել է ուշ միջնադարին, երբ Հայկական լեռնաշխարհը բաժանված է եղել թյուրքալեզու ցեղերի կողմից ղեկավարվող երկու ռազմատենչ տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև[3]։
Զարգացած միջնադարում՝ 9-14-րդ դարերում, հայ ժողովուրդը շարունակում էր ապրել պատմական հայրենիքում, և դարաշրջան էր մուտք գործել որպես ինքնակառավարվող ավատատիրական միավոր՝ Արմինիա կուսակալություն, որտեղ բավական մեծ ազդեցություն ունեին հայկական եկեղեցին և հայ իշխանները։ Հայերի ինքնուրույնությունը հասավ ավելի բարձր մակարդակի, երբ հայ հոգևորականության ու ազնվականության գլխավորությամբ 8-րդ դարում կազմակերպված ընդվզումների և 9-րդ դարի հակաարաբական ապստամբության արդյունքում վերականգնվեց հայոց պետականությունը։ 11-րդ դարում թեև թագավորությունն անկում է ապրել, սակայն տեղական փոքր իշխանություններն ու թագավորությունները (Վասպուրական, Տայք, Սյունիք, Վանանդ, Լոռի, Տարոն, Արցախ, Գարդման-Փառիսոս և այլն), ինչպես նաև մայր հայրենիքում և Կիլիկիայում ստեղծված նոր իշխանապետությունները շարունակել են մշակութային զարթոնքը[4]։ Կիլիկիայի հայոց թագավորության հիմնադրմամբ բացվում է խաչակիրների և եվրոպացի առևտրականների հետ շփման նոր էջ։ Պատմական հայրենիքում մշտական պատերազմների ու պետականության անկման վերջին շրջանում՝ 14-րդ դարում, աստիճանաբար առաջացել են Եվրոպայի և Ասիայի հայկական գաղթավայրերը, կամ ստվարացել են հները՝ շարունակելով հայկական մշակույթի տարածումը հայ ժողովրդի բնօրրանից դուրս[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ միջնադարում ունենալով պետականություն և նախորդիվ զարգացած փորձ կրթության և գիտության ոլորտում՝ մշակույթի բարգավաճման համար հայ ժողովուրդն սկսել է կրթության նոր փուլ[1]։
Եթե նախկինում դպրոցները գործում էին վանքերին կից և ունեին հիմնականում տարրական ուղղվածություն՝ սովորեցնում էին տառաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երգեցողություն, ապա զարգացած միջնադարում ստեղծվում է կրթության նոր համալիր։ Տարրական և բարձր տիպի դպրոցներից զատ՝ ստեղծվում են վարդապետարաններ և համալսարաններ, որոնք նախատեսված էին ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր դասի ներկայացուցիչների համար։ Դրանցից զատ բացվում էին նաև գրչության կենտրոններ, որոնք գործում էին հիմնականում վանական համալիրներին կից։ Նոր մակարդակի էր հասել կրթությունը մայրաքաղաք Անիում և խոշոր քաղաքներ Կարսում, Կարինում, Վանում և այլուր։ Աչքի էր ընկնում Անիի վարդապետարանը, որտեղ գործունեությունն էին ծավալում Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և Հովհաննես Իմաստասերը։ Արքունի տիրույթներից դուրս կարևոր կենտրոններ էին Հաղպատի դպրոցն և Սանահինի համալսարանը համանուն՝ Հաղպատի ու Սանահինի վանական համալիրներում (Տաշիր-Ձորագետ), Նարեկավանքի դպրոցն ու Աղթամարի գրչության կենտրոնը Գրիգոր Նարեկացու հիմնադրած Նարեկավանքում և Գագիկ Արծրունու կառուցած սուրբ Խաչ կաթողիկիոսանիստ եկեղեցում (Վասպուրական), Սյունյաց վարդապետարանը, ավելի ուշ նաև՝ Գլաձորի ու Տաթևի համալսարանները[5][6] ս[7] (Սյունիք), Սսի համալսարանը (Կիլիկիա) և այլն[1]։
Հայաստանում զարգանում էին նաև բնական գիտությունները` թվաբանությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը, բժշկագիտությունը: Բժշկության ասպարեզում առավել հայտնի էր Մխիթար Հերացին, իմաստասիրության մեջ՝ Հովհաննես սարկավագը, աննախադեպ էր հայ իրավագիտության զարգացումը․ 12-րդ դարի սկզբին կենցաղային հարցեր կարգավորող կանոնագիրք գրեց Դավիթ Գանձակեցին: 12-րդ դարի վերջին Մխիթար Գոշը գրեց «Գիրք դատաստանի» նշանավորաշխատությունը, որը երկար ժամանակօգտագործվել է որպես օրենսգիրք և դեռևս միջնադարում թարգմանվել է տարբեր լեզուներով: 13-րդ դարում Սմբատ Գունդստաբլի գրած Դատաստանագիրքը հարմարեցված էր Կիլիկյան Հայաստանի պայմաններին[4]:
Լեզու և գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայոց լեզվի և գրականության մեջ ևս սկսում է նոր փուլ[3]։ Ոսկեդարից հետո սկիզբ առած գրաբարը, գործածվելով գերազանցապես եկեղեցու կողմից, հարստանում է և լայն հասարակության համար դառնում անընդունելի։ Հայոց լեզվի պատմության մեջ սկսում է միջին հայերենի կազմավորումը, որի գործընթացը զուգադիպում է արաբական տիրապետության վերացմանը, հայ պետականության վերականգնմանը և հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացմանը։ Գրաբարը, սակայն, ամբողջությամբ դուրս չի մղվում․ միջին հայերեն կիրառությունները ավելի չէին, քան գրաբարինը։
Գրչության դպրոցներից հայտնի էին Արծկեն, Գոշավանքը, Խառաբաստավանքը, Խորանաշատը, Մալաթիան, Հավուց Թառը, Լիմը, հռչակ էին ձեռք բերել Անիի, Գլաձորի, Վասպուրականի, Տաթևի մանրանկարչության դպրոցները[1][3]։ Պատմական Հայաստանից դուրս կարևոր էին Կիլիկիայի Դրազարկը, Դպրեվանքը, Սկևռան, Ղրիմի սուրբ Խաչը, Թբիլիսիի սուրբ Գևորգը և այլն։
Գրիչներին շեղում էր առկա արտասանությունը։ Միջին հայերենի առաջին օրինակը, ըստ Աճառյանի, Վահրամ սպարապետի որդի Գրիգորի դեղագրի՝ Բուսայիդի ձեռագիրն է՝ գրված 1037 թվականին, որտեղ գրաբարից այլ տարբերություններից բացի նաև առաջին անգամ կիրառվում է ֆ տառը։ Ներսես Շնորհալին իր առակներն ու հանելուկները գրում էր ժողովրդական՝ միջին հայերենով, իսկ Ընդհանրականը ու Յիսուս Որդին՝ գրաբարով։ Նորույթ էր նաև բարբառների առաջացումը, որոնցից հիմնականը Կիլիկյան բարբառն էր[8]։
Գրականության մեջ շարունակում է գործածական լինել պատմական արձակը՝ պատմագրությունը։ Նրա ականավոր ներկայացուցիչներն էին Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերցին, Ստեփանոս Օրբելյանը, Ասողիկ Տարոնեցին, Արիստակես Լաստիվերցին, Սմբատ Գունդստաբլը, Վարդան Արևելցին և ուրիշներ։ Չափածո գրականության ականավոր ներկայացուցիչներ էին Գրիգոր Նարեկացին, Վարդան Անեցին, Վարդան Հայկազունը, Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, Գրիրգոր Տղան, Գրիգոր Մարաշեցին և ուրիշներ[3]։ Հայ հեղինակների ստեղծագործությունների մի մասը պահպանվում է Երևանի մատենադարանում։ Առավել հայտնի է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը, նորույթ էր «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը, որը հայ ժողովրդական բանահյուսության գլուխգործոցն է[9][10]։ Որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանում զարգանում է առակագրությունը, որի ներկայացուցիչներն էին Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին[4]:
Ճարտարապետություն և կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ ճարտարապետությունը և կերպարվեստը նույնպես մեծ վերելք ապրեցin: Առաջ եկան վանական համալիրները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին եկեղեցիներ, մատուռներ և օժանդակ շենքեր: Թեև կառուցվել են բազմաթիվ կամուրջներ, քարավանատներ, ամրոցներ, բերդեր, սակայն եկեղեցաշինությունը առանձնացել է ճարտարապետական գլուխգործոցների շրջանում[11]։ Դարաշրջանի հայ ճարտարապետության գերազանց դրսևորումն էր մայրաքաղաք Անին, որի Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպները և աշխարհիկ շինությունները եղել են ժամանակի քաղաքակրթական ամենաբարձր մակարդակի վրա: Եկեղեցիներն ու մատուռներն այնքան շատ էին, որ մայրաքաղաքը միջնադարում անվանում էին «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Այս շրջանում է ձևավորվել Անիի ճարտարպետական հայտնի դպրոցը, որի վառ ներկայացուցիչն էր Տրդատ ճարտարապետը[4]։ Ոճը լայնորեն տարածվել է ողջ քրիստոնեական աշխարհում: Անիի Մայր տաճարը կառուցվել է 989-1001 թվականներին՝ Բագրատունիների բարգավաճման շրջանում: Այս դարաշրջանում են կառուցվել Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր հայտնի վանական համալիրները՝ Այրիվանքը, Հաղպատը և Սանահինը, Նորավանքն ու Տաթևը, Դադիվանքն ու Գանձասարը[3]։
Հայկական կերպարվեստի գլուխգործոց են այս դարաշրջանում ի հայտ եկած խաչքարերը, նոր փուլ մտած գորգագործությունը, քանդակագործությունը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը և այլն[4]: Վերջինս առանձնապես բուռն վերելք ապրեց Կիլիկիայում, որի ամենակարկառուն ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն էր, իսկ Հայաստանում քանդակագործության ամենահայտնի վարպետը՝ Մոմիկը[3]:
Երաժշտություն և թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ նյութական արվեստների զարգացումը ևս կապված էր մշակույթի հիմնարար ճյուղի՝ կրթության հետ։ Երաժշտության սկիզբը դրվում էր դեռ տարրական դպրոցներում՝ շարականների և տաղերի երգեցողությամբ։ Երաժշտական նոտագրության համակարգը կատարելագործվում է 11-րդ դարում՝ խազերի ի հայտ գալով։ Այն թույլ էր տալիս ավելի ճշգրիտ ֆիքսել մեղեդին։ Ստեղծվում են «Խազգիրք» ժողովածուները, որոնք հանդիսանում էին նաև յուրօրինակ ուսումնական ձեռնարկներ։ Հին հայկական երաժշտության զարգացման և այն հայտնի դարձնելու գործում մեծ դեր խաղաց Ներսես Շնորհալին, Հովհաննես Իմաստասերը, Հովհաննես Երզնկացին և ուրիշներ։ Մեծ արժեք են ներկայացնում Կիլիկիայի թագավորությունում ստեղծված պատմական երգերի բառերը (Հեթում Ա արքայի որդի Լևոնի գերեվարության մասին և այլն)։ 14-րդ դարից հասարակական տաղերը զգալիորեն դուրս են մղում շարականներին և այլ հոգևոր ստեղծագործություններին։ Միջնադարյան երգերի ժողովածուներից են Շարակնոցը, Գանձարանը, Մանրուսմունքը և Տաղարանը[12]։ Նախորդ դարում սկզբնավորված ողբի թեմայի հայտնի օրինակներից է «Ողբ Եդեսիո» աշխատությունը։
Թատրոնի զարգացումը մեծապես ակնում է ապրում՝ եկեղեցու կողմից դրա հալածման արդյունքում, քանի որ այն հաճախ դիտարկվում էր որպես հերետիկոսություն․ Հայաստանում աղանդավորականներից էին պավլիկյանները, թոնդրակյանները և ուրիշներ, որոնք, սակայն, թատրոնի հետ առնչություն չունեին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Վլադիմիր Բարխուդարյան Կրթությունը միջնադարյան Հայաստանում. X–XIV դարեր (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես : հանդես / Սարգիս Հարությունյան. — Երևան — № № 3. — Էջ 3-21. — ISSN 0135-0536.
- ↑ Ռաֆիկ Նահապետյան, Հայոց գյուղական մշակույթի հիմնական համալիրները, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն» — 294 էջ։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկազ Ժամկոչյան և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն» — 784 էջ։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմության ակնարկներ, Երևան, «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» — 412 էջ։
- ↑ «Սյունյաց «Տաթև» Համալսարան - 5 Սեպտեմբերի 2017 - Usum». usum.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Տաթևի փիլիսոփայական դպրոցը և Գրիգոր Տաթևացու աշխարհահայացքը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Հայ հետազոտողն ուսումնասիրում է Գլաձորի ծագման վարկածները». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Գյուլբուդաղյան, Սիրակ (1973). Հայերենի ուղղագրության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
- ↑ «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍՈՒՄ ՏՈՆՈՅԱՆ Ս.Հ.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «4:48 / 1:09:45Սասնա Ծռեր - Սասունցի Դավիթ (2010) Մուլտֆիլմ».
- ↑ Architecture, Arts of Armenia (c) Dr. Dickran Kouymjian, Armenian Studies Program, California State University, Fresno Արխիվացված Դեկտեմբեր 31, 2008 Wayback Machine
- ↑ Քեն Փերի «The Blackwell Companion to Eastern Christianity»