Jump to content

Մոնսերատ թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնսերատ թանգարան
Տեսակպատկերասրահ և թանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՄոնիստրոլ դե Մոնսեռատ[1]
Մասն էՄոնսերրատի աբբայություն
Հասցե08199 Montserrat, Barcelona
Հիմնադրվել էապրիլի 27, 1911
Մակերես8000 քառակուսի մետր
ՏնօրենJosep de Calassanç Laplana i Puy?
Կայքcornhub.website
Քարտեզ
Քարտեզ

Մոնսերատ թանգարան (իսպ.՝ Museo de Montserrat, կատ.՝ Museu de Montserrat), թանգարան Բարսելոնայում։ Ցուցանմուշները, որոնք 1996 թվականից հավաքված են մեկ ընդհանուր հավաքածուում, ցուցադրվում են հատուկ դրա համար առանձնացված շինությունում։ Ցուցանմուշների մեծ մասը փոխանցվել է մասնավոր հավաքածուներից և հավաքվել եկեղեցու հոգևորականների ջանքերով։

Նմուշները հավաքագրելու ավանդույթը սահմանել է աբբա Բոնավենտուրա Ուբակը, ով Մերձավոր Արևելք կատարած իր ուղևորությունից բերել էր հնագիտական, ազգագրական և կենդանաբանական գտածոներ։

Ներկայումս թանգարանը պահում ու ցուցադրում է ավելի քան 1.300 նմուշ, որոնք ներկայացնում են եկեղեցու հազարամյա պատմությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հնագիտական նմուշներ, Մարիամ Աստվածածնի սրբապատկերներ, ոսկերչական իրեր, քանդակներ ու նկարներ, ուղղափառ հավատի սրբապատկերների հազվագյուտ հավաքածու[2]։ Մշտապես բաց են երկու ցուցահանդեսներ, որոնց նմուշները փոխվում են ամեն հինգ ամիսը մեկ[3]։

Շինություն և տեղակայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի շենքի հատակագիծ

Թանգարանը գտնվում է Մոնսերատ աբբայության տարածքում` ոչ մեծ մի շինության ապակյա ճակատամասի հետևում[4][5]։ Շենքը գտնվում է ուխտագնացների համար նախատեսված Սիսներոս աբբայության և Սուրբ Մարիամի հրապարակի միջև։

Շինությունը կառուցվել է 1930 թվականին ճարտարապետ Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկի (1867—1956) նախագծով։ Նախնական ծրագրի համաձայն` այն պետք է ռեստորան լիներ։

Առաջին բանը, որ նկատում է այցելուն, ոչ մեծ սրահն է` խանութով և տոմսարկղով։ Թանգարանի վերևի հարկը հենված է մետաղյա պարաբոլանման կամարների վրա, որոնք հենված են ժայռին և ճակատամասին` համահարթեցնելով թեք հրապարակները։ Շինության ձևերի թեթևությունը ստացվում է վերին և ներքին հարկերի ինքնատիպ հարաբերությամբ[6]։

Լայն սանդուղքը տանում է ներքև։ Ներքևի հարկը վերին հարկին ամրանում է մետաղյա կամարնեորով, ինչի շնորհիվ միջանցքներն ու սրահները ազատ են մնում ճարտարապետական խոչընդոտներից։ Թանգարանի ստորգետնյա շինությունները, որոնք ստեղծվել են 1929-1933 թվականների ճարտարապետական ու քաղաքաշինական բարեփոխումների շրջանակներում, զբաղեցնում են եկեղեցական երեք հրապարակների տարածքը։ Զանգակատան հիմքի նկուղային հարկը ևս վերափոխվել է և ներկայացվել որպես ցուցասրահ[7]։

Թանգարանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ցուցասրահ

1811 թվականին Նապոլեոնի զորքերն ավերել ու այրել են եկեղեցին։ Մոնսերատը կորցրել է իր ժառանգության մեծ մասը, սակայն արդեն 1844 թվականին այն վերականգնվել է` փորձելով ձևավորել արժեքավոր հավաքածուներ։ Այն ամենը, ինչ ունի թանգարանն այսօր, հավաքվել է նոր ձեռքբերումների ու մասնավոր նվիրատվությունների շնորհիվ[8]։

1911 թվականին բացվել է Աստվածաշնչի թանգարանը, որ ներառում է հնագիտական, ազգագրական, կենդանաբանական ու բուսաբանական հավաքածուներ, որոնք հավաքել էր կատալոնացի հոգևորական Բոնավենտուրա Ուբակ ի Մեդիրը (կատ.՝ Bonaventura Ubach i Medir) (1879—1960)) Բաղդադում, Երուսաղեմում, Բեյրութում[9]։ Նա հավաքել է նաև առարկաներ, որոնք առնչվում են աստվածաշնչյան աշխարհի կենդանաբանությանն ու բուսաբանությանը, ազգագրությանը։

1927 թվականին Աստվածաշնչի թանգարանն ընդարձակվել է, և Պաղեստինի, Միջագետքի և Եգիպտոսի թեմատիկ երեք մեծ սրահները զբաղեցրել են ավելի քան 2.000 մ² տարածք։

Թանգարանի ցուցասրահ

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1936-1939) և դրան հաջորդած ժամանակաշրջանում, երբ գեներալ Ֆրանկոն աբբայությանը նյութական արժեքների հանձնման պահանջ է ներկայացրել, թանգարանը ստիպված փակվել է։ Կավե անոթների ու գլանաձև կնիքների հավաքածուի զգալի մասը փոխանցվել է Լուվրին պահպանության ու հետազոտության նպատակով։ Ցուցանմուշները փարիզյան թանգարանում մնացել են մինչև 1947 թվականը, երբ վերադարձվել են Մոնսերատին[10]։

1960-ական թվականների սկզբներին Մոնսերատ աբբայության դրվածքը փոխվել է. որոշվել է ընդհանուր ցուցադրության ներկայացնել ոչ միայն աստվածաշնչյան հավաքածուն, այլև վանքին պատկանող քանդակներն ու նկարները։ Այս նմուշների ցուցադրության համար անհրաժեշտ էր ձևավորել նոր, ավելի մեծ սրահներ։

1962 թվականին նախկին Աստվածաշնչի թանգարանն ու հնագիտական բաժնի նմուշները միավորվել են այլ հավաքածուներին և տեղափոխվել նոր շինություն, որն էլ դարձել է Մոնսերատի ներկայիս թանգարանը։

2005 թվականին՝ Աստվածաշնչի թանգարանի հանդիսավոր բացումից գրեթե հարյուր տարի հետո, կայացել է Մոնսերատ թանգարանի վերածնունդը նոր սրահում։

Հնագիտական հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անոթներ

Նյութերը, որոնք ցուցադրված են թանգարանի հնագիտական հատվածում, մեծ մասամբ ստացվել են Աստվածաշնչի հին թանգարանի կողմից[11][12]։ 20-րդ դարի վերջին հավաքածում ընդարձակվել է` շնորհիվ ճարտարապետ Խավիեր Բուսկետսի (իսպ.՝ Xavier Busquets) (1990)) և Մադրիդի խնայողական ֆոնդի (2003)։ Հավաքածուն ներառում է ցուցնմուշներ Միջագետքից, Եգիպտոսից, Կիպրոսից, Իտալիայից և հելլենական աշխարհից, Հռոմեական կայսրության ուշ շրջանից և քրիստոնեական մշակույթից։

Միջագետքի մշակույթին են վերաբերում շումերական, աքքադական, խեթական լեզուներով սեպագիր աղյուսակները (3000-2000 մ. թ. ա.), ինչպես նաև փորագություններով գլանաձև կնիքները, որոնցով հաստատել են այս կամ այն փաստաթղթի վավերությունը[13]։ Ցուցադրված են շումերական, բեբելոնյան, ասորական, նորբաբելոնյան կնիքներ` ամուր, կիսաթանկարժեք քարերից (3400-600 մ. թ. ա)։ Լայնորեն ներկայացված են չափի կշռման սարքեր, որոնց ձևը խոսում է պատրաստման ժամանակի մասին. տանձաձև տեսքը համապատասխանում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակին, փյունիկի տեսքով սարքը թվագրվում է մ. թ. ա. 3000-2600 թվականներին, իսկ բադի տեսքով սարքը` մ. թ. ա. 2600 թվականին։ Թանգարանում նեկայացված կուդուրան, որ պատկանել է քասիթների դինաստիային, որոնք բաբելոնյան հողերը նվաճել են մոտ մ. թ. ա. 1500 թվականին, նշանավորել է հողատարածքների սահմանները։ Նրա դիմային հատվածում երկու տաճարների, չորքոտանի կենդանու, տարբեր համաստեղությունների նշանների ռելիեֆային պատկերներ են, իսկ դարձերեսին` եկեղեցի, որի վերևում ծառ ու արև են, իսկ ներքևում` մակագրության մնացորդներ։ Այլ ցուցանմուշների շարքում երևում են ասորա-բաբելոնական աստվածությունների քանդակներ։

25-ամյա կնոջ մումիա

Եգիպտական հավաքածուն ներկայացված է 300 նմուշով, որոնք ներկայացնում են հին աշխարհի առօրյա կյանքի ամենատարբեր ոլորտները[14]։ Ներկայացված են կյանքը, սովորույթները, մշակույթը և փարավոնների շրջանի հավատալիքները։ Ամենահին ցուցանմուշը մ. թ. ա. 22-րդ դարի սարկոֆագն է։ Նրա փեղկին պատկերված են հանգուցյալի դիմանկարը` մեծ կեղծամով և ծիսական մորուքով, մորթե վզպատ` բազեի գլխով։ Պատկերված են նաև երկնքի աստվածը, փարավոնների հովանավոր Գորը` արևի սկավառակով և չորս որդիներով, երկնքի աստված Նուտը` բացած թևերով, Անուբիս աստվածությունը, մահիճը` Իսիդա և Նեֆտիդա աստվածուհիներով, թևավոր արև, աղոթքի հիերոգլիֆային մակագրություն։ Ծիսական անոթները պարունակում են մահացածի ներքին օրգաններ։

Դիմակով մումիան և 25-ամյա կնոջ սարկոֆագը թվագրվում են ավելի ուշ շրջանին (մ. թ. ա. 664-343):

Աստվածաշնչյան հավաքածուի հատված

Հունական ու լատինական մշակույթը ներկայացված է քառապատկեր ամֆորաներով (մ. թ. ա. 520), երկու ձի լծած անվասայլով և դիոնիսյան սատիրական տեսարանով, կորինթոսյան փոքր-ինչ կլորավուն անոթներով` արիբալներով (մ. թ. ա. 600)` նկարազարդված կենդանիներով[15]։ Էտրուսկյան կավե անոթները ներկայացված են գավաթներով, գինու կարասներով (մ. թ. ա. 600), մարդկային գլխի կերպարանքով անոթներով (մ. թ. ա. 400), որոնք գծագրում են Հերակլեսի դիմագծերը։

Պաղեստինի սուրբ հողը ներկայացված է հավաքածուով, որն արտացոլում է ոչ միայն գերիշխող մշակույթները, որոնց խաչմերուկում է այն եղել` Միջագետքի և Եգիպտոսի, այլև սեփական առանձնահատկությունները[16]։ Թանգարանում պահվում են հանայան քաղաքակրթության կավե անոթների հատվածներ։

Միջին բրոնզեդարի (մ. թ. ա. 2000-1600) կավե անոթները վերաբերում են աստվածաշնչյան նախնիների շրջանին, իսկ ուշ բրոնզեդարի (մ. թ. ա. 1600-1200) կավե անոթները վերաբերում են Եգիպտոսի` Քանանի նկատմամբ գերիշխանության շրջանին և այդ տարածքը իսրայելցիներով բնակեցնելուն` Հիսուս Նավինի գլխավորությամբ (մ. թ. ա. 1230-1220):

Կավե անոթներ

Հռոմեական շրջանից թանգարանում պահվում են իլիկանման անոթներ (մ. թ. ա. 40), երկու թաղար և Հիսուսի ժամանակաշրջանի շիշ, Հռոդոսի գինու կնիքով մի քանի բեկորներ, Լեգիոնի (Ֆրետենզիա) նեղուցի պահպանման կնիք։

Հրեական պաշտամունքային առարկաները ներկայացնում են կրոնական տարբեր սովորույթներ` յոթամոմեր, որոնք վառվել են Խանուկի տոնի ժամանակ, մենորներ` ոչ մեծ արկղեր, որոնք պահում են Շեմը, մագաղաթյա գրություն, որը հաստատում է Աստծու եզակիությունը, նրա նկատմամբ սերն ու հավատարմությունը պատվիրաններին[17]։ Հրեաները այդ արկղիկներն ամրացնում էին տան դռների շրջանակին` մտնելիս և դուրս գալիս միշտ հպվելով դրանց։ Պահպանվել են նաև տֆիլիններ` ծիսական հանդերձի տարրեր, որոնք պատրաստվում էին կատվազգի կենդանիների կաշվից, Թորայի հատվածներով մագաղաթ։

Իր աշխարհագրական դիրքի և հանքային աղբյուրների առկայության շնորհիվ` Կիպրոս կղզին դարձել է Միջերկրական ծովի տարբեր մշակույթների խաչմերուկ։ Կիպրոսի կավե անոթները լայն ճանաչում են ունեցել բրոնզեդարի շրջանում (մ. թ. ա. 2500-1500): Հնագիտական ու գեղարվեստական տեսանկյունից այն մեծ արժեք ունի ոչ միայն որպես զարդարանք, այլև թվագրման բավական ճշգրիտ շրջանը որոշելու գործոն։

Հին աշխարհի հնագիտական նյութերը տեղավորված են կատալոնական սալիկներով երեսպատված տարածքներում, որը ճարտարապետական առումով խիստ տարբերվում է թանգարանի մնացած հատվածից։ Ընդհանուր մթնոլորտը հիշեցնում է Եգիպտոսի ու Մերձավոր Արևելքի անապատների ավազը։ Տարբեր մշակույթները հեշտ է գտնել իրենց ժամանակագրական դասավորության շնորհիվ[18]։

Սուրբ Մարիամի սրբապատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Nigra Sum» հավաքածուն նվիրված է սուրբ Մարիամ Մոնսերատցու սրբապատկերներին և ներառում է նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են ամեն դարաշրջանի գեղարվեստական արժանիքներն ու բազմազանությունը[19]։

Թանգարանում ներկայացված են երկու լուսանկարներ, որոնք մենսատանային բազիլիկի աբսիդում տեղադրված սուրբ կույսի` 12-րդ դարի քանդակը ներկայացնում են դիմային ու կողմնային տեսքով։ Քանդակը պատրաստված է բարդուց, ունի 95 սմ բարձրություն։ Աստվածամայրը պատկերված է աթոռին նստած` գրկին նորածին։ Աջ ձեռքում ունի գունդ, որ խորհրդանշում է երկրագունդը։ Մանուկ Հիսուսը դիմագծերով ու հասուն մարդու կեցվածքով բարձրացրել է աջ ձեռքը` ի նշան օրհնության, իսկ ձախ ձեռքում ունի կաղին, որ խորհրդանում է բեղմնավորություն, վերածնունդ ու անմահություն։ Մարիամի ու մանկան գլխներին թագեր են դրված, հագուստը ոսկեգույն է։ Դեմքն ու ձեռքերը մուգ են, գրեթե սև, ինչից էլ առաջացել է քանդակի անվանումը։ Ի սկզբանե քանդակը եղել է բաց գույնի, իսկ սև գույնն առաջացել է հետագայում ներկերի ու հարյուրամյակների ընթացքում սրբապատկերի տակ վառվող մոմերի քիմիական ռեակցիայի արդյունքում[20]։

Գոթական ու ուշգոթական սրբապատկերագրությունը ներկայացված են Աստվածամոր պատկերով լուսանկարներով։ Միջնադարյան նկարիչներն այնքան էլ չեն մտահոգվել սուրբ Մարիամի բնօրինակ կերպարի արտացոլմամբ` նրան պատկերելով որպես արքայադուստր։ Բազմաթիվ նկարների հետին պլանում կարելի է տեսնել լեռնային բնապատկեր, որն առանձնանում է օձապտույտ ճանապարհով, որի վրա կան Աստվածամոր տանջանքներն ու ուրախությունները հիշեցնող խաչեր[21]։

Վերածննդի դարաշրջանի նկարիչները Մոնսերատի սուրբ Մարիամին պատկերել են ավելի ճիշտ հետևելով մենաստանային բազիլիկի նրա կերպարին։ Բարոկկոյի դարաշրջանում Մոնսերատի սրբի պատկերման գեղարվեստական կոնցեպցիան առավել որոշակի է դառնում. նա հանդես է գալիս թագուհու ու հովանավորի դերում։ Աստվածամորը պատկերում են լեռան ստորոտին կամ գահին նստած։ Մոնսերատի լեռնային բնապատկերը ազդեցիկ տեսք է ստանում։ Աստվածամորը պատկերում են լայն, ազատ հագուստով, իսկ գլուխը զարդարում թագով։ Ձեռքին նա ունի հիրիկ և գունդ։ Հիրիկը խորհրդանշում է սերը, մաքրությունն ու անաղարտությունը, իսկ գունդը` կատարելությունը։ Բարոկկոյի շրջանի Աստվածամոր դեմքը մուգ է։ 19-րդ դարի կեսին Աստվածամորը սկսում են պատկերել զանգաձև խիստ հանդերձանքով։ Աստվածամոր այսպիսի հագուստը կարելի է տեսնել հին սրբապատկերներում։ Հենց այսպիսի զգեստով է պատկերված Մոնսերատ բազիլիկ եկեղեցու քանդակը, իսկ 1981 թվականին Հռոմի պապը Սև Տիրամորը հռչակել է Կատալոնիայի հովանավոր։ Միաժամանակ ավելացել է նոր դետալ` հովանավորի գայիսոնը։ Շուտով առաջացել ու տարածում է գտել սրբապատկերների մի ամբողջ շարք, որտեղ Աստվածամայրը պատկերված է այն նույն հագուստով, ինչ եկեղեցու փայտե քանդակին։ Սակայն սուրբ Մարիամ Մոնսերատցու հագուստը չի շրջանցել ռեալիստական որոշակի միտումների ազդեցությունը։ 1920 թվականին Աստվածամոր լուսանկարն արվել է առանց հագուստի ծալքերի[22]։

Ներկայացված ցուցանմուշների մեջ, որոնք ներկայացնում են Աստվածամորը և Մոնսերատ լեռը, առանձնանում են 1994 թվականին Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիայի նվիրած գունագեղ պատկերները. 17-րդ դարի հեղինակի անունը չի պահպանվել։ Գեղանկարն արված է 1572 թվականին Հռոմում նշանավոր քարտեզագիր և հրատարակիչ Անտոնիո Լաֆրերիի (Antonio Lafreri, 1512—1577) տպագրված փորագրությունների հիման վրա։ Կոմպոզիցիաներն ազատված են օբյեկտիվ ընկալումից և տեսողական ձևով ներկայացնում են Մոնսերատի աշխարհագրական ու հոգևոր պատմությունը, կույս Մարիամի կերպարի ըմբռնումը, նրա նվիրումը եկեղեցուն։ Նկարները ներկայացնում են նաև ուխտավորներին, անապատականներին, որոնք հաստատվել են բնորոշ գագաթներով լեռան լանջերին։ Անապատական ճգնավոր Ֆրիա Լարիի (անգլ.՝ Friar Garí) մասին լեգենդը, որով նրա սրբապատկերը հայտնի է դարձել, գրված է կտավի դաշտերում[23]։

Ոսկերչական արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիսական պարագաներ
Ոսկերչական հավաքածու

Ոսկերչական արվեստը ներկայացված է 15-20-րդ դարերի ծիսական պարագաների հավաքածուով` սկիհներ, գանձանակներ, խաչեր, սկահակներ և այլն։ Դրանք ցույց են տալիս տեխնիկայի և գեղարվեստական ոճերի էվոլյուցիան։

Հավաքածուն զարդարում են Աստվածամոր թագը, մանուկ Հիսուսի թագը, որոնք պատրաստել են բարսելոնացի ոսկերիչներ Ժուան Սույոլը (1920) և Ֆրանչեսկ Կաբոտը (1895)։ Դրանք ձեռք են բերվել նվիրատվությունների միջոցով` ի նշանավորումն Աստվածամոր թագադրման, երբ 1881 թվականին նա հռչակվել է Բարսելոնայի հովանավոր։ Պատմական տեսանկյունից առանձնահատուկ արժեք են ներկայացնում գոթական նկարազարդ գավաթը, գինու և ջրի սկահակները, որոնք 1621 թվականին Աստվածամորը նվիրաբերել է կայսր Ֆերդինանդ III-ը` ի նշանավորումն շվեդ արքա Գուստավի նկատմամբ տարած հաղթանակի։ Լեռնային բյուրեղից պատրաստված մասունքները, որոնք պատրաստվել են Վերածննդի շրջանում Միլանում, ներկայացնում են, ներկայացնում են դրոշմի խորհուրդը։ Այն թանգարանին է նվիրել հերցոգ Մանտու ի Մոնտֆերատը 1625 թվականին։ Երեք գանձանակներից մեկը գոթական ոճով է, ունի սնդուկի ձև և վերաբերում է 15-րդ դարին, երկրորդն ունի աշտարակի ձև և վերաբերում է իսպանական Վերածննդի շրջանին, իսկ երրորդը մոդեռն ոճով է, պատրաստել է Լյուիս Մասրիերը (1872-1958) 1903 թվականին։

Մնացած սկահակներն ու գավաթները ծանոթացնում են 20-րդ դարի կեսերի բարսելոնացի նկարիչ-դիզայներների գեղարվեստական ոճին[19]։

Հավաքածուի ցուցանմուշներ

XIII—XVIII դարերի գեղանկարչության հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել նշանավոր նկարներից առանձնանում են Մերիզի դա Կարավաջոյի (1571-1610) «Ապաշխարող սուրբ Հիերոնիմոսը» և Ջովանի Բատիստա Սպինելիի «Սուրբ Իրինան բժշկում է սուրբ Սեբաստիանին» նկարները։ Իտալական գեղանկարչությանն են ծանոթացնում Կորադո Ջակինտոյի (1703—1766) «Քրիստոսի խարազանումը», Ջովանի Բատիստա Տիեպոլոյի (1696—1770) «Ֆրանցիսկոս I-ի ծննդի փոխաբերությունը», Անդրեա Բակարոյի (1598—1670) «Հիսուսի աղոթքը Գեթսեմանի այգում», Անդրեա Սալերնոոյի (1480—1530) «Սուրբ Բերտարին աշակերտների հետ և աբբա Սկվարչալուպին» և այլ նկարներ։ Ինչպես գրադարանի հարցում, այստեղ էլ կարևոր դեր է ունեցել աբբա Մարսետը, որ այս նկարները ձեռք է բերել Հռոմում ու Նեապոլում 1911-1920 թվականներին։ Հավաքածուն լրացնում են իսպանական գեղանկարչության վարպետներ Պեդրո Բերուգետեի և Էլ Գրեկոյի գործերը[24]։

XIX և XX դարերի գեղանկարչության և քանդակագործության հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոակին Տորես Գարսիա, «Նյու Յորք»

Առավել լայնորեն է ներկայացված XIX և XX դարերի կատալոնյան գեղանկարչությունը։ Այն ներկայացնում է Մարիա Ֆորտունյի, Խոակին Վայրեդի, Ռամոն Կասասի, Սանտյագո Ռուզինյոլի, Խոակին Միրի, Իսիդրե Նոնելի, Էրմեն Անլգլադ Կամարասայի և այլ վարպետների գործերը։ Այս հավաքածուն լրացնում են Կատալոնիայի ժամանակակից արվեստը ներկայացնող այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են Դարիո դե Ռեգոյոսը, Խոակին Սորոլյան, Իգնասիո Զուլոագան։ Այս նկարների մեծ մասը թանգարանին նվիրաբերել է Խոսեպ Սալա Արդիզը 1982 թվականին[25]։ 1990 թվականին ճարտարապետ Կսավիե Բուսկետսի նվիրաբերության շնորհիվ թանգարանը հարստացել է ֆրանսիական իմպրեսիոնիզմի այնպիսի մեծ վարպետների գործերով, ինչպիսիք են Կլոդ Մոնեն, Ալֆրեդ Սիսլեյը, Կամիլ Պիսսարոն, Էդգար Դեգան, Օգյուստ Ռենուարը։ Գեղանկարչական գործերը լրացվում են ավանգարդի արտ-շոուուվ, որտեղ առանձնանում են Սալվադոր Դալիի նեոկուբիզմը, Սերժ Պոլյակովի աբստակցիոնիզմը, Խոակին Տորես Գարսիայի, Ժորժ Ռուոյի և Ժան Մետցենժեի աշխատանքները, ինչպես նաև 70-ական թվականների կատալոնական արվեստը, որ նշանավորվում է Անտոնի Տապիեսի, Ռաֆոլս Կասամադայի և Ժուզեպ Մարիա Սուբիրաքսի գործերով։ Այս աշխատանքներից որոշ գործեր թանգարանին նվիրել են հենց հեղինակները։ 2010 թվականին իռլանդական ծագումով գեղանկարիչ Շոն Սկալին թանգարանին է նվիրաբերել իր «Օյսին լեռը» նկարը[26]։

Ուղղափառ սրբապատկերների հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մեղմ լույս»
Եկեղեցական պարագաներ

2006 թվականին թանգրաանում բացվել է Արևելքի եկեղեցիների սրբապատկերագրության նոր ցուցադրությունը, որում ներկայացված է ուղղափառ եկեղեցին` բյուզանդական ու սլավոնական 160 սրբապատկերներով։ Ցուցահանդեսը անվանակոչվել է «Մեղմ լույս» (հունարեն՝ Phos Hilaron) ուղղափառ երգի անունով, որը շատ հայտնի է և միլիոնավոր մարդկանց կողմից երգվել է իրենց մայրենի լեզուներով։ Ցուցադրության անվանումն արտացոլում է նրա փիլիսոփայությունը, որտեղ սրբապատկերներից ճառագող ոսկեգույն լույսը որոշակի դեր է խաղում։ Կռած երկաթից և ոսկեզօծ բրոնզից լամպերը` մոդեռն ոճով, պատրաստվել են ճարտարապետ Էնրիկ Սանիեի կողմից 1904 թվականին։ Դրանք լուսավորում են Հիսուս Քրիստոսի ու Մարիամ Աստվածածնի դեմքերը, սրբերի խորհրդավորությունը և օրացուցային տոները։ Սրբապատկերների մեծ մասն առնչվում է XVIII և XIX դարերին։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ոչ թե ժամանակագրական կամ աշխարհագրական սկզբունքով, այլ թեմատիկ բնույթով։ Այս թեմատիկան բաժանված է երեք շրջանի, որոնցից առաջինը նվիրված է Պանտոկրատորին և ցուցադրում է Քրիստոսի` որպես երկնային արքայի մեծությունը։ Երկրորդը ծանոթացնում է բյուզանդական պատարագին, իսկ երրորդը` սրբերի պատկերագրությանը։

Հավաքածուն մասնավոր է, պատկանում է գործարար հավաքորդ Խուան Խոսե Բրուգերին։ Այն ժամանակավոր հանձնված է թանգարանին և պարբերաբար թարմացվում է[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Directorio de Museos y Colecciones de España
  2. Официальный сайт аббатства Монтсеррат: http://www.montserratvisita.com/de/culture/museum-von-montserrat
  3. Официальный сайт аббатства Монтсеррат: http://www.abadiamontserrat.net/(S(dkjtij3s1g2bav5lntggds04))/Cultura/Angles/Default.aspx?newsid=1 Արխիվացված 2018-09-19 Wayback Machine
  4. Montserrat Meaning in the Cambridge English Dictionary
  5. Montserrat | Define Montserrat at Dictionary.com
  6. Стивен Серра и Перес. Монтсеррат. Libro de VV.AA. Comercial Escudo de Oro, S.A. С 84 (96). ISBN 8494377655 ISBN 9788494377655
  7. MOLAS I RIFA, JORDI. Montserrat. Guia Oficial (RUS). PUBLICACIONS DE L’ABADIA. C 7 (96). ISBN 978-84-9883-724-7 EAN: 9788498837247
  8. Официальный сайт аббатства Монтсеррат: http://www.museudemontserrat.com/ca/el-museu/historiadelmdm/1
  9. MOLAS I RIFA, JORDI. Montserrat. Guia Oficial (RUS). PUBLICACIONS DE L’ABADIA. C 9 (96). ISBN 978-84-9883-724-7 EAN: 9788498837247
  10. Официальный сайт абатства Монтсеррат: http://cdli.ucla.edu/collections/montserrat/montserrat_intro_en.html
  11. MOLAS I RIFA, JORDI. Montserrat. Guia Oficial (RUS). PUBLICACIONS DE L’ABADIA. C 85 (96). ISBN 978-84-9883-724-7 EAN: 9788498837247
  12. Официальный сайт музея Монтсеррат: http://visitmuseum.gencat.cat/en/museu-de-montserrat/space/arqueologia-del-mon-antic/ Արխիվացված 2016-12-20 Wayback Machine
  13. Josep de C. Laplana. Teresa Macia. Museu de Montserrat: Visitor’s Guide. — L’Abadia de Montserrat, 1998. — C. 10-11 (79). — ISBN 8478269827, 9788478269822
  14. Josep de C. Laplana. Teresa Macia. Museu de Montserrat: Visitor’s Guide. — L’Abadia de Montserrat, 1998. — C. 12-15 (79). — ISBN 8478269827, 9788478269822
  15. Josep de C. Laplana. Teresa Macia. Museu de Montserrat: Visitor’s Guide. — L’Abadia de Montserrat, 1998. — C. 16 (79). — ISBN 8478269827, 9788478269822
  16. Там же. — C. 17-18 (79).
  17. Там же. — C. 18-19 (79).
  18. Стивен Серра и Перес. Монтсеррат. Libro de VV.AA. Comercial Escudo de Oro, S.A. С 8 (96). ISBN 8494377655 ISBN 9788494377655
  19. 19,0 19,1 Стивен Серра и Перес. Монтсеррат. Libro de VV.AA. Comercial Escudo de Oro, S.A. С 93 (96). ISBN 8494377655 ISBN 9788494377655
  20. Josep de C. Laplana. Teresa Macia. Museu de Montserrat: Visitor’s Guide. — L’Abadia de Montserrat, 1998. — C. 23-24 (79). — ISBN 8478269827, 9788478269822
  21. Josep de C. Laplana. Teresa Macia. Museu de Montserrat: Visitor’s Guide. — L’Abadia de Montserrat, 1998. — C. 24 (79). — ISBN 8478269827, 9788478269822
  22. Josep de C. Laplana. Teresa Macia. Museu de Montserrat: Visitor’s Guide. — L’Abadia de Montserrat, 1998. — C. 25-27 (79). — ISBN 8478269827, 9788478269822
  23. Стивен Серра и Перес. Монтсеррат. Libro de VV.AA. Comercial Escudo de Oro, S.A. С 91-93 (96). ISBN 8494377655 ISBN 9788494377655
  24. MOLAS I RIFA, JORDI. Montserrat. Guia Oficial (RUS). PUBLICACIONS DE L’ABADIA. C 86 (96). ISBN 978-84-9883-724-7 EAN: 9788498837247
  25. MOLAS I RIFA, JORDI. Montserrat. Guia Oficial (RUS). PUBLICACIONS DE L’ABADIA. C 87-90 (96). ISBN 978-84-9883-724-7 EAN: 9788498837247
  26. Стивен Серра и Перес. Монтсеррат. Libro de VV.AA. Comercial Escudo de Oro, S.A. С 89-90 (96). ISBN 8494377655 ISBN 9788494377655
  27. Сайт «europa press», статья "El museo de Montserrat (Barcelona) ": http://www.europapress.es/cultura/noticia-museo-montserrat-barcelona-acoge-muestra-arte-oriental-bizantino-eslavo-20060214194010.html

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Стивен Серра и Перес. Монтсеррат. Издательство GEOCOLOR, Барселона, 2016. — С 96. — ISBN 978-84-943776-5-5.
  • Caixa de Terrassa. Музей Монтсеррат. Guia de visita (rus). Издательство L’Abadia de Montserrat, 1998. — С. 79. ISBN 8478269835, 9788478269839.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնսերատ թանգարան» հոդվածին։