Հրեշտակներ և դևեր (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս գրքի հիման վրա նկարահանվել է Հրեշտակներ և դևեր (ֆիլմ).
Հրեշտակներ և դևեր
անգլ.՝ Angels & Demons
Գրքի հայերեն թարգմանության շապիկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրթրիլեր, գիտական ֆանտաստիկա, միստիկական գրականություն, սարսափ, քրեական և վեպ
Ձևվեպ
ՀեղինակԴեն Բրաուն
Երկիր Անգլիա և  ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանCERN և Վատիկան
ԿերպարներՌոբերտ Լենգդոն
ՀրատարակչությունPocket Books և Qanun?
Հրատարակվել է2000
ՇարքՌոբերտ Լենգդոն
ՆախորդԹվային ամրոց
ՀաջորդԴա Վինչիի ծածկագիրը և Խաբկանքի կետ

«Հրեշտակներ և դևեր» (անգլ.՝ Angels and Demons), ամերիկացի գրող Դեն Բրաունի վեպն է՝ գրված 2000 թվականին։ Գիրքը արկածային վեպ է՝ թրիլերի, ինտելեկտուալ դետեկտիվ պատմության տարրերով։ Դեպքերը հիմնականում տեղի են ունենում Հռոմում մեկ օրվա ընթացքում։ Գիրքը էկրանավորվել է 2009 թվականին Ռոն Հովարդի կողմից։

Հայերեն տպագրվել է 2023 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, անգլերենից թարգմանությունը՝ Արամ Արսենյանի[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը պարունակում է մի քանի ամբիգրամներ, որոնք ստեղծվել է իրական տպագրիչ Ջոն Լենգդոնը։ Բացի «Հրեշտակներ և Դևեր»-ի ու «Լուսավորյալներ»-ի ձևավորումներից՝ գրքի վերնագիրը ներկայացված է նաև որպես ամբիգրամ՝ գրքի կոշտ կազմի վրա և թղթե տարբերակների ներսի շապիկին։ Գիրքը պարունակում է նաև Երկիր, Օդ, Կրակ և Ջուր բառերի ամբիգրամները, որոնք գրքի հռչակի շնորհիվ հանրության ուշադրությանը հրավիրեցին ամբիգրամների արվեստի վրա։ Գրքում հիշատակված «լուսավորյալների ադամանդը» չորս տարրերի ամբիգրամ է, որոնք դասավորված են ադամանդի տեսքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի պապի մահից հետո տեղի են ունենում մի շարք առեղծվածային իրադարձություններ։ ՑԵՌՆ-ում մեծ հադրոնային բախիչի մեկնարկից հետո մահացել է Լեոնարդո Վետրան (գիտնականներից մեկը), և գողացվել է տարրայով անտիմատերիան։ Շվեյցարական գվարդիայի շտաբում տեսահսկիչ սարքավորումների վրա հայտնվում է խորհրդավոր օբեկտի պատկեր՝ հետհաշվարկի ժամանակաչափով։ Վատիկանի ժանդարմերիան դիմում է Ռոբերտ Լենգդոնի օգնությանը վերջին հանցագործությունները բացահայտելու նպատակով, իսկ Կաթոլիկ եկեղեցին դիմում է ՑԵՌՆ-ին, քանի որ պատկերի վրա երևում է վերջինիս լաբորատորիայի խարանը։

Լենգդոնը հասկանում է, որ իլյումինատների գաղտնի միաբանությունը կրկին գլուխ է բարձրացրել։ Նա կասկածում էր, որ հանցավոր համայնքի թիրախը պետք է որոնել Վատիկանում, գալիս է Հռոմ և համագործակցում է շվեյցարական գվարդիայի հետ, որի խնդիրն է ապահովել վեհափառ հայրապետի անվտանգությունը։ Վատիկանում ճանապարհորդության ժամանակ նրան ուղեկցում են ՑԵՌՆ-ի հանգուցյալ պրոֆեսորի որդեգիր դուստրը՝ Վիտտորիան։ Նա պետք է գտնի տարրայով անտիմատերիան, հակառակ դեպքում 24 ժամվա ընթացքում մարտկոցը կսպառվի, և տեղի կունենա անհավանական ուժի պայթյուն։ Պապական գահը վերջին պապի մահից հետո գտնվում էր Sede Vacante վիճակում, իսկ Սիքստինյան կապելլայում նսում է կոնկլավը, որը պետք է հայտարարի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդին։ Խնդիրը այն է, որ գահի չորս գլխավոր թեկնածուներին առևանգել են։

Լենգդոնը չէր էլ կասկածում, որ այդ ամենի ետևում կանգնած էին իլյումինատները։ Նա կարծում էր, որ տարրայի գողությունն ու կարդինալները գտնվում էին իլյումինատների գաղտնի թաքստոցում։ Հնում եղբայրության շարքերում հայտնվել ցանկացողները պետք է իլյումիատների կողմից Հռոմի չորս ծայրերում թողնված նշանների օգնությամբ գտնեին ճանապարհը դեպի թաքստոց։ Օգտվելով Գալիլեյի կողմից թողնված աշխատության միակ պահպանված օրինակից, որը գտնվում էր Վատիկանի արխիվներում, Լենգդոնին հաջողվում է քայլ առ քայլ հայտնաբերել փնտրվող եկեղեցիները։ Հանելուկը բացահայտվում է մեծագույն քանդակագործ Բերնինիի աշխատանքների միջոցով, ով ենթադրաբար նույնպես եղել է իլյումինատ։ Խաչի յուրաքանչյուր բարձունքին Լենգդոնը գտնում է առևանգված կարդինալներից մեկի անկենդան մարմինը, ում կրծքին խարանված էր չորս հիմնական տարրերից մեկի ամբիգրամը։

Ագոստինո Կիդջիի բրգաձև տապանաքարը Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցում՝ «լուսավորյալների ճանապարհի» սկզբնակետը։
Սանտի հանճարի սատանի աչքով հողային գերեզմանից,

Հռոմի խաչմերուկներով չուրս տարրեր կհոսեն արարիչ,

Լույսի արահետը փնտրողին կտանի սրբազան փորձության,

Հրեշտակները ճանապարհ կհուշեն զինվորին գիտության։

  • Կրիպտեում Ռաֆայել Սանտիի կողմից նախագծված և Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցում գտնվող և Բերնինի կողմից քանդակված Կիդջիի մատուռում նա հայտնաբերում է ողջ թաղված կարդինալ Էբներին (Ebner)՝ բերանը հող լցված, ում կրծքին դաջված էր «հող» ամբիգրաման։
  • Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց գտնվող հրապարակում (Սուրբ Պետրոսի հրապարակ) նա գտնում է տանջվող կարդինալ Լամասսեին (Lamasse), ում թոքերը ծակված էին։ Նրա կրծքին դաջված էր «օդ» ամբիգրաման։
  • Սանտա-Մարիա-դելլա-Վիտորիա եկեղեցում, որտեղ Լենգդոնը գտնում է երրորդ կարդինալ Գուիդերային (Guidera), ով կախված էր եկեղեցու հանդիպակաց պատերի մալուխներից, և վերջույթները ձգված էր այնպես, ասես կպովեին մարմից, իսկ ներքևում թեժ կրակ էր։ Նա ողջ-ողջ խորովվում էր։ Նրա կրծքին դաջված էր «կրակ» ամբիգրաման։ Փոխհրաձգության ժամանակ մահանում է Կոմանդանտե Օլիվետին (Վատիկանի ժանդարմերիայի հրամանատարը), Լենգդոնը կարողանում է փրկվել, իսկ Վիտտորիային առևանգում է մարդասպանը։
  • «Լուսավորյալների ճանապարհի» չորրորդ կետը Պիացցա Նավոնայում գտնվող Չորս գետերի շատրվանն էր, որտեղ մարդասպանը խեղդել էր կապկպված կարդինալ Բաջիային (Baggia), ու կրծքին դաջված էր «ջուր» ամբիգրաման։

Ի վերջո «լուսավորյալների ճանապարհը» Լենգդոնին հասցնում է իլյումինատների հավաքների ենթադրյալ վայրը՝ հին պապական Սուրբ Հրեշտակի ամրոց։ Նա բարձրանում է Լույսի տաճար և Վիտտորիայի հետ միասին հաշվեհարդար է տեսնում մարդասպանի նկատմամբ։ Օգտվելով «Անցումից» (Passetto)՝ նա Վիտտորիայի հետ սողոսկում է Վատիկանի առաքելական պալատ։ Հայտնի է դառնում, որ կամերլենգոն (քահանան, ով ղեկավարում էր Վատիկանը, երբ պապական Սուրբ Աթոռը թափուր էր)՝ Կառլո Վենտրեսկան, առանձնացել էր ՑԵՌՆ-ի տնօրեն Մաքսիմիլիան Քոլերի հետ առանձին զրույցի նպատակով։ Այս ամենը ավելի էր ամրապնդում այն համոզմունքը, որ իլյումինատական այս իրադարձության հիմքւմ հենց ինքը Քոլերն էր կանգնած։ Լսելով կամերլենգոյի ճիչը՝ կոտրում են վերջինիս սենյակի դռները, Քոլերը մահանում է փոխհրաձգության ժամանակ՝ հասցնելով մինչ մահը Լենգդոնին տալ տեսաժապավեն։

Մինչ անտիմատերիայի պայթյունը հաշված րոպեներ են մնացել։ Շվեցարական գվարդիան էվակուացնում էր կարդինալներին Վատիկանից։ Կամերլենգոն տաճարի ելքի մոտ տեսիլք է ունենում և նետվում է դեպի Սուրբ Պետրոսի տաճար, որտեղ ըստ իր տեսիլքի գտնվում էր անտիմատերիա։ Պայթունից հինգ րոպե առաջ գտնելով և վերցնելով անտիմատերիայով տարրան՝ կամերլենգոն և Լենգդոնը ցատկում են ուղղաթիռը և վեր բարձրանում։ Պայթյունը տեղի է ունենում հսկայական բարձրության վրա, որը վնաս չի հասցնում Հռոմի ժողովրդին։ Կամերլենգոյի օդապարիկը իջնում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին, որտեղ իրեն դիմավորում է երախտապարտ ժողովուրդը։ Կարդինալները էմոցիաների ազդեցությամբ պատրաստվում են կամերլենգոյին ընտրել նոր Պապ։

Մինչ այդ Թիբեր կղզում վայր է իջնում և հրաշքով փրկվում Լենգդոնը։ Ուշքի գալուց հետո նա դիտում է տեսաժապավենը և շտապում Վատիկան։ Նա հավաքում է կարդինալներին և ներկայացնում նրանց Քոլերի տեսաժապավենը, որից էլ պարզ է դառնում, թե իրականում ով է կանգնած այս բոլոր հանցագործությունների հետևում։ Վիտտորիայի հոր հետ հանդիպման ժամանակ նախկին Պապը համաձայնություն է տվել նրա գաղափարներին, քանի որ հենց գիտությունն է իրեն ժամանակին որդի պարգևել։ Այս խոսքերը կամերլենգոյին ստիպեցին մտածել, թե Պապը խախտել է կուսակրոնության ուխտը, և հենց այդ պատճառով էլ արժանի չէ ապրելու։ Նա էլ թունավորել Վեհափառ հայրապետին, կազմակերպել անտիմատերիայի առևանգումը, կարդինալների առևանգումը և սպանությունը և հետո նաև Հռոմի փրկությունը՝ իրեն քողարկելով իլյումինատների անվան տակ, ովքեր մի քանի հազարամյակ է ինչ այլևս գոյություն չունեն։

Գրքի վերջում պարզ է դառնում, որ Պապի երեխան ծնվել է «անմեղ» ճանապարհով՝ արտամարմնային բեղմնավորմամբ, և այդ երեխան հենց ինքը կամերլենգոն էր։ Մեծ զղջմամբ նա Սուրբ Պետրոսի հրապարակում ողջ ժողովրդի ներկայությամբ ինքնահրկիզվում է։ Նոր Պապ է նշանակվում կարդինալ Սավիո Մորտատին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբըրթ Լանգդըն` Հարվարդի համալսարանի սիմվոլոլոգիայի պրոֆեսոր և վեպի գլխավոր հերոս։ Նրան տեղափոխում են ՑԵՌՆ՝ օգնելու հետաքննել Լեոնարդո Վետրայի սպանությունը։ Նա նկարագրվում է Հարիս Թվիդ բաճկոնով, երկարօձիք սվիտերով և չինո տաբատով։ Նրա անունը հարգանքի տուրք է Ջոն Լենգդոնին։
  • Լեոնարդո Վետրա` ՄՀԵԽ-ում աշխատող գիտնական և քահանա։ Հականյութը հետազոտելիս սպանվում է։ Նա նաև Վիտորիայի ոչ կենսաբանական հայրն է։
  • Վիտորիա Վետրա` Վետրայի որդեգրած դուստրը։ Նա, ինչպես իր հայրը, աշխատում է ՄՀԵԽ-ում։ Նա խիստ բուսակեր է։ Նրա հետազոտությունները կենտրոնանում են կենսաբանության և ֆիզիկայի վրա։ Ընթերցողը վեպի սկզբում իմանում է, որ Վիտորիան աշխատել է իր հոր հետ հականյութի հետազոտման ընթացքում։
  • Կամերլանգո Կարլո Վենտրեսկա` Պապական պալատական կոնկլավի ժամանակ։ Նա սպանեց Պապին, որը հետագայում պարզվեց, որ եղել է իր կենսաբանական հայրը։ Մարդասպանի հետ գործելու նրա ծածկանունը «Յանուս» է, որը վերցված է հռոմեական սկզբի և վերջի երկդիմի աստծուց։
  • Կարդինալ Սավերիո Մորտատ` Կոնկլավի ամենաավագ կարդինալը և Կարդինալների քոլեջի ներկայիս դեկանը։ Նա եղել է հանգուցյալ պապի «Սատանայի փաստաբանը»։
  • Հրամանատար Էռնեստո Օլիվետտի՝ շվեյցարական գվարդիայի հրամանատար։ Նա ի սկզբանե թերահավատորեն էր վերաբերվում Լանգդընի և Վիտորիայի պնդումներին, մինչև չխոսեց մարդասպանի հետ։ Նա շվեյցարացի մյուս գվարդիականների հետ միասին հուսահատորեն փնտրում է Վատիկանում ինչ-որ տեղ թաքնված անհայտ կորած հականյութը։ Նրան սպանում է անհայտ մարդասպանը Սանտա Մարիա դելլա Վիտորիա եկեղեցում։
  • Կապիտան Էլիաս Ռոշեր` հրամանատար Օլիվետիից հետո երկրորդը։ Նրա հետ կապվում է Մաքսիմիլիան Քոլըրը՝ իրադարձությունների իրական պատճառի վերաբերյալ տեղեկության համար։ Նրան սպանում է լեյտենանտ Չարտրանը, որը կարծում էր, որ Ռոշերը լուսավորյալ է։
  • Հասասին՝ Յանուսի վարձած մարդասպանը՝ նրա ծրագրերը կատարելու համար։ Նա ծագումով Մերձավոր արևելքից է և վեպի ընթացքում ցուցադրում է կանանց հանդեպ իր սադիստական ցանկությունը։ Նա սպանում է Լեոնարդո Վետրային, պրեֆերիտիին և հրամանատար Օլիվետիին։ Նա մահանում է այն բանից հետո, երբ Լանգդընը նրան հրում է Սուրբ Հրեշտակի ամրոցի պատշգամբից։
  • Մաքսիմիլիան Քոլըր՝ ՄՀԵԽ-ի տնօրենն է։ Նրանից ՄՀԵԽ-ում վախենում են, չնայած անդամալույծ լինելուն։ Նրա անվասայլակը կազմված է էլեկտրոնային գործիքներից, ինչպիսիք են համակարգիչը, հեռախոսը, փեյջերը, տեսախցիկը և ատրճանակը։ Նա կապվում է Լանգդընի հետ՝ օգնելու նրան գտնել իր ընկերոջ՝ Լեոնարդո Վետրայի սպանողին։ Նա մեղադրում է եկեղեցուն իր հաշմանդամության համար, քանի որ իր խիստ կրոնական ծնողները մանկության տարիներին մերժում էին բժշկական օգնությունը և նրա գիտնական դառնալը ապստամբելու միջոց է։
  • Գյունթեր Գլիկ և Չինիտա Մաքրի` BBC-ի լրագրող և ֆոտոլրագրող։ Նրանց հետ է կապվում մարդասպանը Վատիկանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Գլիկը տխրահռչակ համբավ ունի որպես սենսացիոնալիստ և գաղտնի կողմնակցության տեսաբան-լրագրող։ Մինչդեռ Մաքրին փորձառու օպերատոր է և Գլիկի հակապատկերը։ Նրանք առաջին ձեռքից պատմում են վեպի իրադարձությունների մասին՝ կոնկլավի սկզբից մինչև Մորտատիի պապ ընտրվելը։
  • Լեյտենանտ Չարտրան` շվեյցարական գվարդիայի երիտասարդ անդամ։ Նա հրամանատար Օլիվետիի և կապիտան Ռոշերի հետ հուսահատորեն փնտրում է Վատիկանում ինչ-որ տեղ թաքնված հականյութը։ Նա կրակում և սպանում է կապիտան Ռոշերին այն բանից հետո, երբ սխալմամբ կարծում է, որ Ռոշերը լուսավորյալ է։ Վեպի ավարտին նա նոր պապի կողմից ուղարկվում է Լանգդընին անժամկետ փոխառությամբ տալու «Լուսավորյալների ադամանդը»։
  • Կարդինալ Էբներ` Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի չորս պրեֆերիտիներից մեկը։ Նրան սպանում են խեղդելով, կեղտի և հողի միջոցով, որը ստիպողաբար մտցնում են բերանի մեջ։
  • Կարդինալ Լամասե` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի չորս պրեֆերիտիներից մեկը։ Նրան սպանում են թոքերի ծակոցները, որոնցից նա արյունահոսում է մինչև մահ։
  • Կարդինալ Գվիդերա` չորս պրեֆերիտիներից մեկը Իսպանիայի Բարսելոնա քաղաքից։ Նրան ողջ-ողջ այրում են։
  • Կարդինալ Բաջիա` չորս պրեֆերիտիներից մեկը Իտալիայի Միլան քաղաքից։ Նոր Պապի պաշտոնում հաջողության հասնելու ընտրյալը։ Նրան խեղդում է մարդասպանը։

Փաստեր, հորինվածքներ և անճշտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

27 կիլոմետրանոց ստորգետնյա թունել ՑԵՌՆ-ում, որը նախատեսված է տեղավորել Մեծ հադրոնային բախիչի արագացուցիչը։

Ընթերցողների խնդրանքով ՑԵՌՆ-ի կայքում հրապարակվեց էջ, որը բացատրում էր, թե ինչու է ֆիզիկայի տեսանկյունից գրքում նկարագրված իրադարձությունը հորինվածք[2]։ Մասնավորապես նշվում է, որ անտիմատերիայից ստեղծված ռումբը անհնարին է, և որ անտիմատերիան այն կերպ չի պատրաստվում, ինչպես ներկայացված է գրքում. գոյություն ունեցող արագացուցիչներով ընդամենը մեկ գրամ անտիմատերիան ստեղծելու համար անհրաժեշտ են միլիարդ տարիներ։ Անտիմատերիայի օգտագործումը որպես էներգիայի աղբյուր բացարձակ անօգուտ է. ՑԵՌՆ-ում ստեղծված ամբողջ անտիմատերիայի ոչնչացումից առացաջած էներգիան կբավականացներ ամենասովորական շիկացման լամպի ընդամենը մի քանի րոպե աշխատելուն[3]։ ՑԵՌՆ-ի աշխատակից Ռոլֆ Լանդուան (ով որոշ չափով հանդիսանում էր գրքի հերոսներից Լեոնարդո Վետրայի նախատիպը) իտալական Newton ամսագրի համար հարցազրույցի ժամանակ ասել է, որ մեկ գրամ անտիմատերիա ստանալը կարժենար 1000 տրիլիոն դոլար, համեմատության համար՝ ԱՄՆ-ի տարեկան բյուջեն կհերիքեր միայմ մի քանի միկրոգրամ անտիմատերիա ստեղծելու համար[4]։

Գրքի առաջին հրատարակությունը պարունակում էր բազմաթիվ անճշտություններ Հռոմում գտնվող վայրերի, ինչպես նաև իտալերենի սխալ կիրառման հետ կապված։ Լեզվական որոշ խնդիրներ շտկվել են հաջորդ հրատարակություններում։

Բացի հստակ ներածությունից՝ գիրքը ներկայացված են տարբեր գեղարվեստական փորձագետներ, որոնք բացատրում են գիտության, տեխնիկայի և պատմության հարցեր, որոնցում քննադատները մատնանշել են անճշտություններ։ Դրա օրինակն է հականյութի վերաբերյալ քննարկումները, որտեղ ասվում է, որ հականյութը կարող է արտադրվել օգտակար և գործնական քանակությամբ և կլինի էներգիայի անսահման աղբյուր։ ՄՀԵԽ-ը «Հրեշտակներ և դևեր»-ի մասին ՀՏՀ բլոգ է հրապարակել իր կայքում՝ նշելով, որ հականյութը չի կարող օգտագործվել որպես էներգիայի աղբյուր, քանի որ դրա ստեղծումն ավելի շատ էներգիա է պահանջում, քան այն արտադրում է։

Angels & Demons Decoded (Հրեշտակները և Դևերը վերծանված են), ամերիկյան կաբելային հեռուստատեսային ցանցի «The History Channel»-ի վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի մայիսի 10-ին՝ վեպի կինոադապտացիայի թողարկումից անմիջապես առաջ։ Վավերագրական ֆիլմն ուսումնասիրում է վեպի պատմության տարբեր հիմքերը, ինչպես նաև դրա անճշտությունները։ ՄՀԵԽ-ի պաշտոնյան օրինակ մատնանշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում հաստատությունում արտադրվել է մոտավորապես 10 միլիարդերորդ գրամի հականյութ, որի պայթուցիկ ելքը համարժեք է ճայթրուկին, և այն չի կարող այնպիսի վտանգ ներկայացնել, ինչպիսին որ պատկերված է վեպում։

Ըստ The Boston Globe-ի թղթակից Բեն Զիմերի՝ «Սատանայի փաստաբանը», որը վեպում նշվում է, որ դերակատարում ունի պապի ընտրության հարցում, կապ չունի պապական կոնկլավի հետ և փոխարենը օգտագործվել է առաջարկվող փաստարկներ ներկայացնելու համար` դեմ անձի սրբադասմանը։ Զիմերը հավելում է, որ «Սատանայի փաստաբանը» վերացվել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից 1983 թվականին՝ վեպի տպագրությունից 17 տարի առաջ։

Շարունակություն և էկրանացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը 21-րդ դարի սկզբին մեծ ճանաչում չի ունեցել։ Միայն «Դա Վինչիի ծածկագիրը» վեպից հետո, որը դարձավ բեսթսելլեր, «Հրեշտակներ և դևեր»-ը ձեռք բերեց ճանաչում։ Ստեղծագործությունը ընդգրկվել է Publishers Weekly-ի կողմից հրապարակված 2004 թվականի բեսթսելլերների ցանկում։

2009 թվականի մայիսին էկրաններ բարձրացավ գրքի կինոադապտացիան՝ նկարահանված Ռոն Հովարդի կողմից։ Լենգդոնի դերը ֆիլմում մարմնավորել է Թոմ Հենքսը։ Ֆիլմի սյուժետային շրջադարձերը լիարժեք չեն համապատասխանում վեպին։ 2009 թվականի աշնանը Դեն Բրաունը հրապարակեց նոր ստեղծագործություն՝ «Կորուսյալ խորհրդանշան» վեպը՝ պրոֆեսոր Լենգդոնի արկածների շարունակությունը, որը պատմում էր մասոնների գաղտնի ընկերության մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հրեշտակներ և դևեր». zangak.am.
  2. «Spotlight: Angels and Demons» (անգլերեն). CERN — Вопросы и ответы. 2004-10. Արխիվացված է օրիգինալից (FAQ) 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Can antimatter be used as an energy source?» (անգլերեն). CERN. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  4. «Spotlight: Angels and Demons» (անգլերեն). CERN — Сотрудник ЦЕРНа Рольф Ландуа отвечает на вопросы итальянского журнала Newton. 2005-08. Արխիվացված է օրիգինալից (Interview) 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]