Հայ-ադրբեջանական ռազմական բախում Ներքին Հանդում (2024)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ադրբեջանական ռազմական բախում Ներքին Հանդում
Հայ-ադրբեջանական հակամարտություն
Թվական 2024 թվականի փետրվարի 13
Վայր Ներքին Հանդ, Սյունիքի մարզ, Հայաստան
Արդյունք
Հակառակորդներ
Հայաստանի զինված ուժերի զինանշան Հայաստանի Հանրապետության զինված ուժեր
Երկրապահ կամավորականների միություն
Ադրբեջանի զինված ուժերի զինանշան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինանշան Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն[1]
Հրամանատարներ
Հայաստան Նիկոլ Փաշինյան
(ՀՀ վարչապետ)
Հայաստան Սուրեն Պապիկյան
(ՀՀ ՊՆ նախարար)
Հայաստան Էդվարդ Ասրյան
(ՀՀ ԶՈՒ ԳՇՊ)
Ադրբեջան Իլհամ Ալիև
(ԱՀ նախագահ)
Ադրբեջան Զաքիր Հասանով
(ԱՀ ՊՆ նախարար)
Ադրբեջան Քարիմ Վալիև
(ԱՀ ԶՈՒ ԳՇՊ)
Ռազմական կորուստներ
1 վիրավոր[1] 4 զոհ և 1 վիրավոր[2][3]

Հայ-ադրբեջանական ռազմական բախում Ներքին Հանդում, Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողություն Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի սահմանամերձ մարտական դիրքերում, որը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 13-ին[1]։ Ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[4][5][6], ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր[2][3]։ Ժամը 09:30-ի դրությամբ՝ հայկական դիրքերի ուղղությամբ կատարված ադրբեջանական զինված ուժերի կրակը դադարում է[7]։

Նախատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

44-օրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

     Տարածքներ, որոնք պատերազմի ժամանակ գրավվել են Ադրբեջանի կողմից։      Տարածքներ, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո վերադարձվել են Ադրբեջանին։      Արցախի մնացած տարածքները, որտեղ տեղակայված էր ռուսական խաղաղապահ անձնակազմը։      Բերձորի միջանցքը և Դադիվանքը, որտեղ տեղակայված էր ռուսական խաղաղապահ անձնակազմը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը (Մատաղիսի գրավում) հյուսիս-արևելքում, իսկ հարավում գրեթե հասնել Հայաստանի Սյունիքի մարզին, որի պատճառով հայկական կողմն ունեցավ հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։

Հայտարարության կնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց հայտարարության ստորագրման մասին։ Այդ հայտարարությամբ հայկական զինված ուժերը դուրս բերվեցին Արցախի Հանրապետության իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից[8]։ Հայտարարությունից դուրս հանձնվեցին նաև Հադրութի շրջանի, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի՝ Սյունիքի մարզին հարակից տարածքները, որոնք չէին գրավվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Հայտարարության հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հայտարարության հետևանքով Ադրբեջանին հանձնվեց Արցախի մոտ 75%-ը, ուստի հայ-ադրբեջանական սահմանը ավելի երկարեց, որի հետևանքով վտանգվեց Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մազերը։ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ներթափանցում են Հայաստանի հարավ արևելյան հատվածից, խորանում մոտ 3,5 կմ և օկուպացնում Սյունիքի մարզում գտնվող Սև լիճը և հարակից տարածքը՝ կարևորագույն բարձրունքներով։ Տեղում բանակցություններ են փորձում վարել տեղաբնիկները, զինված ուժերի ներկայացուցիչները, իսկ քիչ հետո արդեն ռուս խաղաղապահ զորքերի հրմանատար Ռուստամ Մուրադովը, սակայն բանակցությունները եղել են ապարդյուն։ Մայիսի 13-ին, ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատում են նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում և առաջանում մոտ 2 կմ[9]։Կութ, Վերին Շորժա բնակավայրերի հատվածում պետական սահմանն անարգել անցել ու առաջ են եկել։ Կութի մոտ 2 կմ խորացել են։ Մոտեցել են գյուղի հովվին, հրահանգել՝ անասուններին հավաքի ու հեռանա տարածքից[10]։

Մայիսի 20-ին ադրբեջանական զինուժը առաջանում է նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևում է բնակիչների մի մասի, այդ թվում երեխաների տարհանումը[11]։

Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի հատվածում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակահերթ են սկսում հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվում է պայմանագրային զինծառայող, ևս մի քանի զինծառայող վիրավորվում է[12]։

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի տարածքում ադրբեջանցիները գերեվարում են հայկական զինված ուժերի 6 զինծառայողի[13]։

2021 թվականի օգոստոսի 13-ին՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդեցին սահմանային հրետանային ռմբակոծությունների մասին։ Հայաստանի ՊՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի հատվածում կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, միաժամանակ Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել Քարվաճառի ու Գադաբայի շրջանների ուղղությամբ[14]։

2021 թվականի օգոստոսի 16-ին՝ ևս երկու հայ զինվոր սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Վահան Թաթոսյանը զոհվում է դիպուկահարի կրակոցից ժամը 09:50-ին, Երասխում, իսկ Արման Հակոբյանը՝ Գեղարքունիքում ժամը 18:10-ին[15][16]։

2021 թվականի օգոստոսի 17-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ևս մեկ զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կողմից իրականացված գնդակոծության արդյունքում[17]։

2021 թվականի օգոստոսի 27-ին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Կութ գյուղը։ Արման Թաթոյանը հաղորդում է, որ «տարեցներն ու երեխաները կրակոցների ժամանակ գտնվել են բակում։ Այդ ժամանակ տանը նույնպես երեխաներ կային։ Օգոստոսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում՝ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացում Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով խաղաղ բնակչությանը»[18][19]։

Սյունիքի մարզում գտնվող Մեծ Իշխանասար լեռն ու հարակից տարածքները, որտեղ տեղի են ունեցել նոյեմբերի 16-ի բախումները։

2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախորդ օրը ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք և հաստատվել արևելյան տեղամասերից մեկում։ Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարության՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի հետևանքով Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքեր հայտնվել են շրջափակման մեջ։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել Հայաստանի տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նույնպես դուրս են բերվել այդ մարտական դիրքերից[20]։

Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սյունիքում (նոյեմբեր 16, 2021)[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 6 զոհված, 12 գերևարված և բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, մի քանի մարտական դիրքերի կորուստ, իսկ ադրբեջանական կողմից զոհվել է 7 զինծառայող[21][22][23][24][25]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սոթքում (մայիս, 2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը դիմելով ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[26]։ Հայկական կողմն ունենում է 2 զոհ և 9 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը՝ 1 զոհ և 1 վիրավոր։

Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (օգոստոս, 2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են իբր թե Հայաստանի զինված ուժերը Զանգելանի շրջանի (օկուպացված՝ Կովսական համայնք) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը[1][6]։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ վիրավոր ունեն[1][6]։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնում է, որ հետաքննվում է հայ-ադրբեջանական շփման գծի Կապան-Կովսական հատվածում նույն օրը հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը[1][6]։

Փետրվարի 13-ին Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Ադրբեջանի պետական սահմանաապահ ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողությունը[6]։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը նշում է, որ «Հատուցում» գործողության արդյունքում Ներքին Հանդի բնակավայրի մոտ գտնվող հայկական մարտական դիրքը, «որտեղից երեկ կրակ էր բացվել ադրբեջանցի զինվորի վրա, ամբողջությամբ ոչնչացվել է»[6]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ[4]։ Մեկ այլ հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ[5]։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում, ըստ որի փետրվարի 12-ին` ժամը 20։ 50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որը սակայն հերքվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից[27]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը դադարել է[6][7]։ Ավելի ուշ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր[2]։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության և այդ պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում[2]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Հայաստան
    • ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն - «Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել։ Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել։ Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»[1]։
    • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան․ «Ադրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք։ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել։ Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու»[28]։
    • ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան.
      • «Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։ Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»[29]։
      • «Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր նրանք իրականացրել են «Հատուցում» գործողությունը՝ հարձակվելով Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված սահմանապահ դիրքի վրա, ինչի հետևանքով երկու հայ զինվոր զոհվել է, և կան վիրավորներ։ Նախ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից եղել է գնդակոծություն, իբր, վիրավոր կա, ապա հայկական կողմը հայտարարում է, որ իրենք կհետաքննեն միջադեպը, իսկ ադրբեջանական կողմը հարձակվում է, սպանում և խեղում մարդկանց՝ չսպասելով որևէ հետաքննության՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք պատրաստ են հարձակվել և պարզապես պատճառ են փնտրում։ Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից և նախ տարածում է անվերահսկելի, միակողմանի, կեղծ լուրեր, թե իբր հայկական կողմում կրակոցներ են եղել, իսկ հետո արդեն պատրաստի գործողություն են կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ սպանելով ու խեղաթյուրելով նոր կյանքեր։ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների այս շղթան պետք է դադարեցվի։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող նողկալի, սադրիչ գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը ավելի քան 215 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից, ինչը ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»[30]։
    • «Թաթոյան հիմնադրամ»-ի տնօրեն Արման Թաթոյան․ «Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։ Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։ Առավել ևս այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է։ Ադրբեջանական այս սանձարձակ պահվածքը նաև այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը, հանուն քաղաքական շահերի, ամեն կերպ արդարացնում էր (դա շարունակում նաև հիմա) ադրբեջանական հանցանքները, ներխուժումները, հայտարարում, թե ադրբեջանական զինված ծառայողները ներկա են իրենց տարածքներում։ Ադրբեջանական իշխանությունն էլ օգտվում էր այս իրենց նվեր մատուցած հնարավորությունից, ամրապնդում իրենց դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը։ Կից հրապարակում եմ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում մեր բազմաթիվ փաստահավաք աշխատանքների արդյունքների մի մասը»[31]։
    • Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյան․ «Այսօր առավոտյան Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, կան նաև վիրավորներ, թշնամու կորուստներն առայժմ անհայտ են. Կրակը թշնամու կողմից վարվել է այն դիրքերից, որոնք այն գրավել էր բուն Հայաստանի տարածքում 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում, մինչ այդ էլ անարգել առաջ էր եկել 2020 թ․ դեկտեմբերին, երբ առանց կռվի հայկական զորքերին նահանջի հրաման է տրվել։ Ընդ որում, թշնամին մեծամտաբար սա անվանել է «Հատուցման գործողություն», իրեն իրավունք վերապահելով անարգել սպանդի ենթարկելու հայ զինծառայողներին, այն պայմաններում, երբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ իր փոքրոգի հաղորդագրության մեջ հայտարարել էր, որ հետաքննություն կանցկացնի և կպատժի այն զինծառայողին, որը կրակը բացել թշնամու ուղղությամբ, փոխանակ մտածելու, թե ինչպես կանխել թշնամու հնարավոր գործողությունները։ Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել։ Այդ ընթացքում հանձնվել և հայափաթվել է Արցախը, թշնամին գրավել է Հայաստանի արևելյան սահմանի գերիշխող բազմաթիվ բարձունքները, ակնհայտորեն նոր հարձակում է պատրաստում Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ այս կեղծ «խաղաղասերների» կույտը, երկիրը պաշտպանության պատրաստելու փոխարեն, շարունակում են իրենց անհեթեթ գործողություններով ջլատել հասարակությունը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը՝ ամբողջը սեփական իշխանությունը մեկ օր ավել երկարաձգելու և նրա «բարիքներից» օգտվելու համար։ Ցավակցում եմ այսօր զոհված հայրենիքի պաշտպանների ընտանիքներին և հարազատներին, միևնույն ժամանակ հույս հայտնում, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը կօգնի վերջին տատանվողներին իրատեսական գնահատել իրավիճակը, մերժել այս վարչախմբի կողմից մեր վզին փաթաթված պարտվողական օրակարգը, և միավորել երկրի պաշտպանության հրամայականի շուրջը»[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «ՊՆ ՌՈ-ն հետաքննում է Ադրբեջանի հայտարարությունը․ հրամանը խախտելու մեղավորները կենթարկվեն պատասխանատվության». news.am. 2024 թ․ փետրվարի 12. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր». hetq.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  3. 3,0 3,1 «Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  4. 4,0 4,1 «Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում, կան վիրավորներ. ՀՀ ՊՆ». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  5. 5,0 5,1 «Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է․ ՊՆ». azatutyun.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  7. 7,0 7,1 «Ներքին Հանդի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է. ՀՀ ՊՆ». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը». primeminister.am. 2020 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ. Գեղարքունիքի մարզպետ». civilnet.am. 2021 թ․ մայիսի 14. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  10. ««Ադրբեջանցիները մոտեցել են մեր գյուղի հովվին ու հրահանգել հեռանա տարածքից». Կութի բնակիչ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  11. «Ադրբեջանցի մոտ 30 զինվորներ երեկ հատել են սահմանը և ներխուժել Սյունիքի Տեղ համայնքի Խոզնավար գյուղի տարածք». azatutyun.am. 2021 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  12. Atoyan, Edita. «Կրակոցներ են հնչել նաև Սյունիքում. Վիրավորներ կան. Hraparak.am». irakanum.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  13. «Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՊՆ». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  14. «Armenia claims shelling in direction of Gegarkunik». kavkaz-uzel.eu. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Armenian serviceman killed by Azerbaijani sniper fire». en.armradio.am. 2021 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  16. «Armenian soldier killed in fresh Azerbaijani provocation». en.armradio.am. 2021 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  17. Узел, Кавказский. «Armenian soldier wounded in a shootout at border with Azerbaijan». Caucasian Knot. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  18. «Azerbaijani Troops Fire on Civilians in Gegharkunik's Kut Village». Hetq.am (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «Shelling from Azerbaijan damaged wall of one of residential buildings in Kut village». news.am (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  20. «Նոյեմբերի 14-ին ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ ԱԽ». CIVILNET. 2021 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. «Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում» հոդված razm.info կայքում, (արխիվացված 06․12․2021թ․):
  22. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հայտարարությունը 2021 թվականի նոյեմբերի 16-ի բախումների կապակցությամբ, (արխիվացված 04․12․2021թ․
  23. «Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ» հոդված razm.info կայքում, (արխիվացված 06․12․2021թ․):
  24. Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություն /16․11․2021թ․/, (արխիվացված 16․12․2021թ․
  25. «Four Armenian soldiers confirmed wounded in fresh Azerbaijani attack – Defense Ministry». Panorama. 2021 թ․ նոյեմբերի 16.
  26. «Դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու ամոթալի փորձերը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  27. «Հայկական կողմը հյուսիսարեւելյան հատվածում կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Ադրբեջանը ստում է». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  28. «Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք hшրված հասցնելն է․ Տիգրան Աբրահամյան». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  29. «Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ. Էդմոն Մարուքյան». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  30. «Ադրբեջանի հանցավոր գործողությունների շղթան պետք է դադարեցվի. Մարուքյանի կոչը՝ միջազգային հանրությանը». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  31. «Հայ զինծառայողները խոցվել են այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են. Արման Թաթոյան». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  32. «Արդեն 3 տարուց ավել է, վարչախումբը փորձում է համոզել, որ նահանջելով և զիջելով, կարելի է խաղաղության հասնել. Չալաբյան». news.am. 2024 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.