Հայաստանի սահմանադրական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Հայաստանի սահմանադրական պատմություն, Հայաստանի իրավական համակարգի հիմքը հանդիսացող հիմնական օրենքի պատմությունը, ներառյալ՝ Սահմանադրության ընդունումը, փոփոխությունները, լրամշակումները և սահմանադրական հանրաքվեները, ինչպես նաև հայ ազգային-ազատագրական պայքարի ընթացքում և նախորդիվ հղացած սահմանադրաիրավական մտքի գաղափարական հայեցակարգը։ Հայ իրավունքի պատմությունն ունի պատմական հնագույն ակունքներ, մինչդեռ այդ իրավունքների (ներառյալ՝ սովորութային իրավունք, դատական նախադեպեր) սահմանադրական ամրագրումը թվագրվում է ավելի ուշ շրջանի։ Պատճառն այն է, որ ուշ միջնադարում և նոր շրջանում հայկական ազգային պետականության բացակայությունը անհնարին է դարձնում սահմանադրական մշակույթի ներմուծումը։ Այնուամենայնիվ, նույնիսկ օտարների կողմից Հայաստանի բռնազավթման պայմաններում՝ 18-րդ դարում հայ սահմանադրական միտքը զարթոնք է ապրում։ Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է հայ ազգային շարժման Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների վրա, սակայն գործնականում երբեք չի կիրառվում։

Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ Սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվում են 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ, սակայն անկախության կարճ ժամանակահատվածը բավարար չի լինում արտաքին ճնշումների և ներքին անկայունության ծանրագույն իրավիճակում գտնվող Հայաստանի համար սեփական Սահմանադրություն մշակելու և ընդունելու համար։ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվում է 1922 թվականի փետրվարի 3-ին՝ ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների պատգամավորական խորհուրդների առաջին համագումարում։ Խորհրդային տիրապետության շուրջ 70-ամյա պատմության ընթացքում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վիճակվում է ունենալ երեք սահմանադրություն։

Հայաստանի անկախ հանրապետության առաջին Սահմանադրությունը ընդունվում է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի դեմոկրատական ուղով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դառնում է պետական տոն։ Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանում հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա[1]։ Հայաստանում սահմանադրական հանրաքվեներ տեղի են ունեցել 1995, 2003, 2005 և 2015 թվականներին։ Նախատեսվում էր անցկացնել նաև 2020 թվականի ապրիլի 5-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ Սահմանադրություն». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.