Jump to content

Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի անկախության հռչակագիր
Հայաստանի դրոշ
Հայաստանի զինանշան
Հայաստանի օրհներգ

1918 թվականի գարնան վերջին առաջացած ազգ-տարածքային վեճերի, քաղաքական իրարամերժ կողմնորոշումների, միջկուսակցական հակամարտությունների պատճառով Հարավային Կովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունը հայտնվել էր քաղաքական խոր ճգնաժամում։ Չկար միասնություն պատերազմի և խաղաղության հարցում, հայերը, մասամբ նաև վրացիները, փորձում էին կասեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը, իսկ ադրբեջանցիները հրաժարվում էին կռվել Թուրքիայի դեմ։

1918 թվականի մայիսի 26-ի կեսօրին գումարված Անդրկովկասի սեյմի վերջին նիստը որոշել է կազմալուծել Անդրկովկասի դաշնությունը և վայր է դրել լիազորությունները։ Նույն օրը ժամը 5-ին Վրաց ազգային խորհուրդը, Նոյ ժորդանիայի նախագահությամբ, Վրաստանը հռչակել է անկախ պետություն։ Մայիսի 27-ին մուսուլմանների ազգային խորհուրդը հայտարարել է «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» անկախության մասին, որը հենց այդ ժամանակ թուրքերն առաջին անգամ անվանել են «Ադրբեջան»։

Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Արամյանցի տանը, բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ) վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։ Միաժամանակ որոշվել է Բաթումի բանակցություններում ընդունել թուրքերի վերջնագիրը և «հանուն անկախ Հայաստանի» հաշտություն կնքել։

Թիֆլիս

Նորակազմ պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան մեկնել է Բաթում, որովհետև մայիսի 29-ին լրանում էր վերջնագրի եռօրյա ժամկետը։ 1918 թվականի մայիսի 31-ին մամուլում հրապարակվել է Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը, որտեղ ասվում էր. «...Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։

Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների՝ քաղաքական և վարչական ղեկավարելու համար»։ 1918 թվականի մայիսի 30-ին Բաթումում սկսված հայ-թուրքական անջատ բանակցություններն ընթացել են հայերի համար խիստ անբարենպաստ պայմաններում։ Հունիսի 4-ին ստորագրվել է հաշտության պայմանագիր. Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում ավարտվել է թուրք-հայկական պատերազմը։ Ի դեպ՝ Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան, որը հասել էր մինչև Ղարաքիլիսա, հայերի՝ որպես լավ կռվողների վերաբերյալ ասել է. «...Նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։

Առաջին աշխարհամարտ

Բաթումի պայմանագրով՝ Թուրքիային են անցել Կարսը, Կաղզվանը, Արդահանը, Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության շենքը Երևանում, Ախալքալաքը, Սուրմալուն, Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլ քաղաքը և Ալեքսանդրապոլի ու էջմիածնի գավառների 3/4-ը, Երևանի գավառի կեսը և Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-ը։

Կարս

Հայաստանին մնացել էր ընդամենը 12 հազար կմ² տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆի պատկերավոր արտահայտությամբ՝ «թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու համար տեղ չտվեցին»։

Պայմանագիրը նվաստացուցիչ էր հայ ժողովրդի ու նրա նորաստեղծ պետականության համար։ Մյուս կողմից՝ դա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայաստանի անկախությունը։ Հայաստանը դարձել է անկախ (ինքնիշխան) պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերականգնվել է 543 տարի առաջ կորցված հայոց անկախ պետականությունը։ Այդուհանդերձ, Բաթումի պայմանագիրը միանշանակ չեն ընդունել հայ գործիչներն ու հասարակական-քաղաքական ուժերը։ Այն իր ուժը պահպանել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թվականին նոյեմբերին։ Առաջնահերթ խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Մինչ ՀԱհ-ն ու կառավարությունը (ոչ լիակազմ) Թիֆլիսից կժամանեին (1918 թվականի) հուլիսի 19 մայրաքաղաք Երևանի, տեղում Արամ Մանուկյանի ջանքերով ստեղծվել էր գործադիր մարմին, որը կոչվել է ժամանակավոր վարչություն կամ վարիչների մարմին։ Արամ Մանուկյանը վարել է Երևանի նահանգային վարչության նախագահի և զինվորական գործերի վարիչի պաշտոնը։ 1918 թվականի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ (վարչապետ), Արամ Մանուկյան (Ներքին Գործերի նախարար), Ալեքսանդր Խատիսյան (Արտաքին Գործերի նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար), Գրիգոր Տեր-Պետրոսյան (արդարադատության նախարար)։

Հովհաննես Քաջազնունի
Արամ Մանուկյան
Հավհաննես Հախվերդյան

Բացի վերջին երկուսից՝ մյուսները դաշնակցականներ էին։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվել է նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ (ՀԽ), որի կազմում 18 պատգամավոր ներկայացրել է դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։ Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ՀԽ-ն գումարել է առաջին նիստը և ընտրել նախագահ Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ, ՀՅԴ) և փոխնախագահներ (Գրիգոր Տեր-Խաչատրյան, Հայ ժողովրդական կուսակցական, Գավիթ Զուբյան, սոցիալիստ-հեղափոխական կուսակցական]։ Գործունեությունը կազմակերպելու համար Հայ Խորհուրդն կազմել է 14 հանձնաժողով։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ կազմվել է կոալիցիոն (միջկուսումնական) կառավարություն՝ բաղկացած 4 դաշնակցական, 4 հայ ժողովրդական և 1 անկուսակցական նախարարներից։ 1919 թվականի մարտի 31֊իև ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը (շուրջ 70 %)։ Նորընտիր խորհրդարանի 80 պատգամավորից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919 թվականի օգոստոսի 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, ընտրվել է նաև 12 հանձնաժողով։ Կազմվել է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը ղեկավարել է մինչև 1920 թվականի մայիսի 5-ը։ Նույն օրը կազմվել է նոր կառավարություն՝ ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամներից՝ Համազասպ Օհանջանյանի ևախագահությամբ։ Բյուրո-կառավարությունը գործել է մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-ը։ Հաջորդ օրը կազմվել է հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ժամանակավորապես (որոշ փոփոխություներով ու լրացումներով) ղեկավարվել է հիմնականում Ռուսական կայսրության «Հավաք օրինաց»-ով։ Հետագայում երկիրը կառավարվել է խորհըրդարանի ընդունած որոշումներով և օրենքներով։

Հայաստանի դատական իշխանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ 1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։ 1919 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է պետական լեզվի մասին օրենքը։ Հայերենը ճանաչվել է որպես պետական լեզու։ Հայաստանի խորհրդարանի ընդունած կարևոր ակտերից էր անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, «Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հայտարարությունը, որով կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը, և Հայաստանը հռչակվում էր միասնական պետություն։ Այս որոշումը վտանգավոր համարելով՝ հայ ժողովրդական կուսակցության 4 նախարար դուրս է եկել կառավարության կազմից։ Խորհրդարանը 1920 թվականին ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դարձել են նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ։ 1919 թվականի հունվարի 17-ին ընդունվել է օրենք տոների մասին։

Հայաստանի պետական տոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանվել են հետևյալ ազգային և պետական տոները՝ Նոր տարի, Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Մեռելոց, Տյառնընդառաջ, Վարդանանց ու Բարեկենդանի շաբաթ, Լուսավորչի մուտն ի Վիրապ, Ջատկի երկուշաբաթի և երեքշաբթի, Համբարձման ու Թարգմանչաց։

Հայաստանի վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի ամռանն ստեղծվել են գավառային և քաղաքային ինքնավարություններ (զեմստվոներ)։ Կառավարության կողմից վերահսկվող տարածքը բաժանվել է 13 գավառի։ 1920 թվականի ամռանը Հայաստանի տարածքը բաժանվել է 4 նահանգի՝

  • Արարատյան
  • Շիրակի
  • Վանանդի
  • Սյունիքի

որոնք էլ իրենց հերթին բաժանվել են գավառների։

Հայաստանի զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մովսես Սիլիկյան
Թովմաս Նազարբեկյան

Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է 1918 թվականի սեպտեմբերին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919 թվականի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։ 1919 թվականին հայկական բանակը վերակառուց վել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։

Հուլիսին Հայաստանի զինված ուժերը բաղկացած էին 2-ական գունդ ունեցող 3 հետևակային բրիգադներից, դեռևս ձևավորվող 2 հեծյալ գնդերից, տեղական նշանակության և առանձին զորամասերից, հրետանային մարտկոցներից և 1 զրահագնացքից։ Զորքի քանակը հասնում էր 18 հազարի։ Հայկական բանակում ծառայել են ավելի քան 400 այլազգի սպաներ (հիմնականում՝ ռուսախոս)։ Կարսում ստեղծվել է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվել են Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը։ 1920 թվականի սեպտեմբերին Սևանա լճում ջրարկվել է «Աշոտ Երկաթ» ռազմանավը։ 1919 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920 թվականի հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։