Կապիտալիստական կուտակման ընդհանրական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կապիտալիստական կուտակման ընդհանրական օրենք, կապիտալիզմի տնտեսական օրենք, արտացոլում է կապիտալիստների հարստության աճի և աղքատացման ու շահագործման ուժեղացման փոխկապվածությունը։ Օրենքը բացահայտել և գիտականորեն հիմնավորել է Կառլ Մարքսը։ Կապիտալի կուտակումը կապիտալի և կապիտալիստական արտադրահարաբերությունների վերարտադրությունն է՝ անընդհատ աճող մասշտաբներով։ Կապիտալի կենտրոնացման հետևանքով անընդհատ աճում են անհատական կապիտալների չափերը, արտադրությունը համակենտրոնացվում է, արտադրամիջոցների, աշխատուժի և արտադրանքի մեծ մասը կենտրոնացվում է խոշոր ձեռնարկություններում։ Հավելադիր հավելյալ արժեք ստանալու ձգտումը և մրցակցությունը կապիտալիստներին ստիպում են անընդհատ կատարելագործել տեխնիկան, որի հետևանքով աճում է կապիտալի տեխնիկան, հետևաբար նաև օրգանական կազմը։ Այդ պատճառով փոփոխուն կապիտալն ավելի դանդաղ է ավելանում, քան հաստատունը, ուստի, կապիտալի ընդհանուր մասսայում իջնում է նրա տեսակարար կշիռը։ Դա աշխատուժի պահանջարկի բացարձակ ավելացման պայմաններում հանգեցնում է նրա հարաբերական կրճատմանը, բանվոր դասակարգի որոշակի մասը դառնում է գործազուրկ։ Տնտեսական ճգնաժամերի ընթացքում գործազրկությունը շեշտակի ավելանում է, վերելքի փուլում՝ իջնում։ Գործազրկությունը, իր հերթին, բանվոր դասակարգի դրության բացարձակ և հարաբերական վատթարացման միտումի դրսևորման կարևոր գործոնն է։ Որքան բարձր է կապիտալի շահագործման աստիճանը, այնքան ավելի մեծաթիվ բանվորներ են դուրս մղվում արտադրությունից։ Կապիտալի կուտակման աճին զուգընթաց արագանում է աշխատանքի հանրայնացման պրոցեսը, արտադրությունը ձեռք է բերում առավել հասարակական բնույթ, սակայն մնում է համեմատաբար փոքրախումբ կապիտալիստների մասնավոր սեփականությունը։ Այստեղից էլ՝ խորանում է կապիտալիզմի հիմնական տնտեսական հակասությունը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվում կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 263 CC-BY-SA-icon-80x15.png