Խաղաղարարները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղարարները
The Peacemakers
տեսակգեղանկար
նկարիչՋորջ Հիլի
տարի1868
բարձրություն119,7 ± 0,1 սանտիմետր
լայնություն159,1 ± 0,1 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էOval Office Private Dining Room?
հավաքածուՍպիտակ տուն և Օվալաձև աշխատասենյակ
հիմնական թեմամարդկանց խումբ
կայք
Ծանոթագրություններ
 The Peacemakers Վիքիպահեստում

«Խաղաղարարները» (անգլ.՝ The Peacemakers), ամերիկացի նկարիչ Ջորջ Հիլիի նկարը` ստեղծված 1868 թվականին։

Նկարում պատկերված է մի դրվագ միության գլխավոր հրամանատարության ժողովից, որը տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմի վերջին օրերին՝ 1865 թվականի մարտի 27-ին և 28-ին Սիթի-Փոինթ քաղաքի մոտ՝ Ջեյմս գետի վրա՝ «Գետի թագուհի» (անգլ.՝ River Queen) շոգենավում։ Գեներալ Ուիլյամ Շերմանը, գեներալ-լեյտենանտ Ուլիսես Ս. Գրանթը, նախագահ Աբրահամ Լինքոլնը և փոխծովակալ Դևիդ Պորտերը հավաքվել էին շոգենավի նավախցիկում՝ քննարկելու համար գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի և ամբողջ Համադաշնության ապագա կապիտուլյացիայի հարցը։ Գրանթն ու Պորտերը հայացքները դարձրել են Լինքոլնից ու լսում են Շերմանի խոսքերը Լիի մասին։ Նախագահի հետևում՝ նավախցի պատուհանից երևում է ծիածանը՝ որպես գալիք խաղաղության նախանշան։

Հիլին «Խաղաղարարները» կտավը նկարել է 1868 թվականին՝ ըստ Շերմանի հիշողությունների, ինչպես նաև Ռոբերտ Թոդ Լինքոլնի՝ նախագահի որդու առաջարկությամբ։ Այն կատարվել է մի քանի տարբերակով։ Առաջինը պահվում էր Չիկագոյի ջենտլմենական ակումբներից մեկում, սակայն նրա հետ այրվել է 1871 թվականի մեծ հրդեհի ժամանակ։ Մի քանի տասնամյակ նկարը համարվել է կորած, մինչև որ 1922 թվականին Չիկագոյում գտնվել է երկրորդ տարբերակը, որը հետո գնել է ԱՄՆ կառավարությունը։ 1947 թվականից նկարը գտնվել է Սպիտակ տան հավաքածուում՝ Վաշինգտոնում, իսկ ներկայումս այն կախված է Օվալաձև աշխատասենյակի անձնական ճաշասենյակում։ Հայտնի են նաև հեղինակային մի քանի կրկնօրինակների գտնվելու վայրերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գետի թագուհի» շոգենավը

Ջորջիայի երթից հետո գեներալ Ուիլյամ Շերմանն իր բանակով թեքվել է դեպի Կարոլինա և 1865 թվականի մարտի 19-ին գրավել Գոլդսբորոն (Հյուսիսային Կարոլինա)։ Այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Ուլիսես Ս. Գրանթի զորքն արդեն 9 ամիս պաշարման մեջ էր պահում Պիտերսբերգը՝ դեպի Ռիչմոնդ ճանապարհի վերջին արգելքը։ Ռիչմոնդում իր ուժերն էր հավաքել գեներալ Ռոբերտ Էդվարդ Լին։ Վերջապես քաղաքացիական պատերազմի ավարտը հնարավոր է դարձել։ Մարտի 20-ին Գրանթը ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնին հրավիրել է Սիթի-Փոինթի իր շտաբ-բնակարանը. «Չե՞ք կարող մեկ կամ երկու օրով այցելել Սիթի-Փոինթ։ Ես շատ կցանկանայի Ձեզ հետ հանդիպել, և ես կարծում եմ, որ հանգիստը Ձեզ օգուտ կբերի»[1][2][3]։ Լինքոլնն անմիջապես ընդունել է առաջարկը, որպեսզի միաժամանակ հանգստանա և անձամբ ծանոթանա մարտական գործողությունների ընթացքին՝ իմանալով, որ Շերմանը հենց նոր էր ավարտել իր արշավը դեպի ծով[1][2][3]։ Մարտի 24-ին Լինքոլն իր կնոջ՝ Մերի Թոդի ու փոքր որդու՝ Թեդ Լինքոլնի հետ հասել է Սիթի-Փոինթ՝ «Գետի թագուհի» շոգենավ, որը խարիսխ էր գցել Ջեյմս գետում[1][2][3]։ Շերմանը, ըստ իր հուշերի, այդ ժամանակ, այն է՝ մարտի 27-ի երեկոյան, նույնպես այցելել էր Գրանթին. «Այն բանից հետո, երբ ես նրա հետ մնացի մեկ ժամ կամ դրան մոտ, [Գրանթը] նկատեց, որ նախագահը մոտ է [գտնվում է Գետի թագուհու մեջ]... և նա առաջարկեց մեզ զանգահարել ու հանդիպել նրա հետ»[4]։ Քանի որ փոխծովակալ Դևիդ Պորտերը՝ Ջեյմսի բանակի հրամանատարը, նույնպես գտնվում էր Սիթի-Փոինթում, նա մնացածներին միացել է մարտի 27-ին, իսկ հետո և մարտի 28-ին նրանք հավաքվել են շոգենավում[1][3]։

Լինքոլնը Հիլիի վրձնով, 1860 թվական

Առաջին հանդիպումը, ըստ Շերմանի, թողել է «լավ, երկար, ակտիվ զրույցի» տպավորություն[1]։ Հետագայում նա իր հուշերում անդրադարձել է Լինքոլնի տղայական ցանկությանը՝ լսելու «մեր երթի» մանրամասները[2]։ Շերմանը, ըստ իր հուշերի, մնացել է «ավելին քան խոցված նրա բարի բնավորությունից, նրա խորը կարեկցանքից դեպի ամբողջ ժողովրդի տառապանքը՝ ծագած պատերազմի և Հարավում թշնամու բանակի երթի արդյունքում», ինչպես նաև նրա անկեղծ ցանկությունից «արագ վերջացնել պատերազմը, առանց արյունահեղության կամ ավերումների, և երկու կողմերի բոլոր զինվորներին վերադարձնել իրենց տները»[5]։ Գեներալը նշել է, որ դա արտահայտվել է Լինքոլնի դեռ երկրորդ երդմնակալության ուղերձում, որտեղ նա ներկայացել է «բոլորի նկատմամբ գթասրտությամբ և ոչ մեկի նկատմամբ չարությամբ», որպես նախագահ, օժտված «բացարձակ հավատով կռվում բանակի խիզախության, քաջության և միասնության մեջ»[6]։ Հիշելով շոգենավի խորհրդակցության մթնոլորտը՝ Շերմանը գրել է, որ «երբ նա [Լինքոլնը] հանգստանում էր կամ ուշադրությամբ լսում, նրա ոտքերն ու ձեռքերը կարծես կախված էին գրեթե անկյանք, իսկ նրա դեմքը հյուծված էր ու հոգնատանջ, բայց հենց որ նա սկսում էր խոսել, նա դեմքը պայծառանում էր, նրա բարձրահասակ ֆիգուրան կարծես բացվում էր, և նա ներկայանում էր որպես լավ հումորի և ընկերականության զգացմունքի իսկական մարմնացում։ Վերջին խոսքերը, որ ես հիշում եմ, կայանում էր նրանում, որ նա իրեն ավելի լավ կզգա, երբ ես վերադառնամ Գոլդսբորո։ Մենք բաժանվեցինք Գետի թագուհին կամրջակի վրա մարտի 28-ի կեսօրին մոտ, և ես նրան այլևս չտեսա։ Բոլոր այն մարդկանց, որոնց ես երբևէ հանդիպել եմ, նա, կարծես, բարության հետ զուգորդված մեծագույն վեհության տեր էր, քան մեկ ուրիշը»[7]։

Երկրորդ հանդիպման ժամանակ նրանց զրույցը, չնայած և տարբեր թեմաների վրա տարածվելուն, կենտրոնացել է խաղաղության հասնելու վրա։ Հանդիպումների մասին գրավոր հուշեր թողել են միայն Շերմանն ու Պորտերը, ինչն էլ նկատի ունենալով՝ որոշ պատմաբաններ ենթադրել են, որ նրանք չափազանցրել են Լինքոլնի խաղաղության ձգտումը, ըստ Պորտերի արտահայտությունների՝ «գրեթե բոլոր պայմաններով», որպեսզի արդարացնի հետագայում գեներալ Ջոզեֆ Ջոնսթոնի հանձնման հակադրողական և լիբերալ պայմանները[1]։ Այսպես, Պորտերն ավելի ուշ գրել է[8].

Ես երբեք չեմ մոռանա այն հանդիպումը, որին մասնակցել եմ Գետի թագուհու նավակողի վրա։ Այնտեղ ընդունված որոշումներից էր կախված՝ խաղաղություն կլինի, թե կշարունակվի պատերազմը նրան ուղեկցող սարսափներով։ Այդ հանդիպումը արտացոլվել է պր. Հիլիի գեղեցիկ նկարում, նկարիչ, որը որպես պատմական նկարի սյուժե ընտրել է հենց այն զրույցը, որից իսկապես կախված էր՝ կշարունակվի արդյոք պատերազմը ևս մեկ տարի։ Մի անզգույշ քայլը կարող էր այն երկարձգել անորոշ ժամանակով։

Լինքոլնի վեհանձն մտադրությունները կարելի է տեսնել դրանից երեք շաբաթ առաջ ձևակերպած խոսքերում, որ ասել էր երկրորդ երդմնակալության ելույթի ժամանակ. «Չզգալով ոչ մեկի նկատմամբ չարություն, գթասրտություն բոլորի նկատմամբ»։ Պատերազմն ավարտվելուց և «Խաղաղարարները» կտավը նկարելուց մեկ շաբաթ անց տեղի ունեցած հանդիպումից հետո՝ ապրիլի 2-ի գիշերը, Պիտերբերգը երկար պաշարումից հետո ընկել է։ Հաջորդ օրը Գրանթն ու Լինքոլնը մտել են քաղաք՝ չնայած դիպուկահարների հնարավոր ներկայության մասին նախազգուշացումներին։ Սիթի-Փոինթում Միության շտաբը վերադառնալիս Լինքոլնը Պորտերին ասել է. «Փառք Աստծո, ես ապրեցի մինչև այս։ Ինձ թվում է, թե այս 4 տարիների ընթացքում ես սարսափելի երազ եմ տեսել, և հիմա մղձավանջն անցել է։ Ես ուզում եմ տեսնել Ռիչմոնդը»։ Նրանք միասին լողացել են հոսանքին հակառակ Համադաշնության անպաշտպան մայրաքաղաքում, որտեղ Լինքոլնը ապրիլի 4-ին՝ իր սպանությունից առնվազն 2 շաբաթ առաջ, շրջում էր փողոցներով՝ լցված ազատված սևամորթ ամերիկացիների բազմությամբ[1][3]։ Նա Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) է վերադարձել ապրիլի 9-ին՝ նույն օրը, երբ Լին Համադաշնության անունից անձնատուր է եղել Ապոմատոկսի դատարանի շենքում[3]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերմանը Հիլիի վրձնով, 1866 թվական

Այդ ժամանակ Հիլին լավ հայտնի էր իր դիմանկարներով և պատմական թեմաներով նկարներով[2]։ Մի քանի անգամ նկարելու համար նրա մոտ կեցվածք էր ընդունել նաև Լինքոլնը[9], իսկ նախագահի մեծ դիմանկարը Հիլին սկսել էր 1864 թվականին[10]։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո մի քանի տարի նա փայփայում էր այն միտքը, որ ստեղծի «իսկական պատմական կտավ»՝ որպես հաշտության խորհրդանիշ[11]։ Քանի որ Հիլին ներկա չէր հանդիպմանը, նա ապավինել է գեներալ Շերմանի օգնությանն ու հիշողություններին[12]՝ նրան դարձնելով կտավի կենտրոնական դեմքը և այդպիսով ներողություն խնդրելով Լինքոլնի խորհրդակցության վերաբերյալ համառ հարցուփորձի համար[11]։

Նկարի ստեղծման միակ վկայությունը բերված է Շերմանի՝ 1872 թվականի նոյեմբերի 28-ի նամակում, որը հասցեագրված է Այզեկ Առնոլդին։ Շերմանը հիշել է, որ երբ հանդիպել է Հիլիին, նրան պատմել է այն իրադարձությունների մասին, որոնց ականատեսն է եղել։ Հիլին այդ ժամանակ «թեմա էր փնտրում պատմական նկարի համար» և, ի լրումն, իր տրամադրության տակ ուներ Լինքոլնի դիմանկարը, որը նկարել էր դրանից 5 կամ 6 տարի առաջ[13]։ Լինքոլնի փոխարեն կեցվածք էր ընդունել Չիկագոյի փաստաբան Լեոնարդ Սվիթը, որն ուներ նման ֆիգուրա։ Օգտագործվել են նաև Մեթյու Բրեդիի լուսանկարները, Լինքոլնի որդի Ռոբերտ Թոդիի ցուցումները և հիշատակված դիմանկարը[14][15][16][17][18][19]։ Շերմանը, գեներալ Գրանթը և ծովակալ Պորտերն անմիջապես կեցվածք են ընդունել նկարչի մոտ, և Շերմանը համարել է, որ այդ 4 կերպարները «բոլորից լավագույնն են»[13][9]։ Շերմանը նաև պնդել է, որ նկարը պատկանել է Էզրա Բատլեր Մակկագին։ Ավելի ուշ, գտնվելով Հռոմում, Հիլին արել է հեղինակային 10 կրկնօրինակներ՝ փոքրացնելով չափսերը, որոնցից մեկը պատկանել է Շերմանին։ Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ մարդկանց տեղերի, շոգենավի կահավորանքի ու չափերի մասին տեղեկություններ և այլ մանրամասներ նկարչին հաղորդել է ծովակալ Պորտերը։ Հիլին իր կողմից ավելացրել է ծիածան, որը պետք է որ խորհրդանշեր գալիք խաղաղությունը։ Շերմանը չգիտեր, թե ծովակալը հատկապես ինչ մանրամասներ է հաղորդել. «Այս նկարում ես, կարծես թե, խոսում եմ, երբ բոլորն ուշադիր լսում են։ Հիլին այդ համակցումը կայացրել է ծովակալ Պորտերի նամակից թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց ես մտածում եմ, որ նա այդ միտքը վերցրել է նրանից, որ, ինչպես հաղորդել եմ նրան, խոսք է գնացել այն մասին, որ «եթե Լին մնա Ռիչմոնդում, մինչև ես չստանամ Բերկսվիլլը, ապա նա կհայտնվի մեր ձեռքերում»՝ վարքը հարմարեցնելով խոսքին։ Այնքան էլ կարևոր չէ այն, թե Հիլին ինչ էր նկատի ունեցել իր պատմական խմբով, բայց մենք ստույգ կերպով նստել էինք նշանակալից չափով ճիշտ այնպես, ինչպես ներկայացված է, կարևոր խոսակցություն էինք վարում 1865 թվականի մարտի 28-ի վաղ առավոտյան, և մենք բաժանվեցինք, որպեսզի այլևս նորից չհանդիպենք»[13]։ Հսկայական նկարը, որի չափերն են 4,5×5 ֆուտ, նկարիչն ավարտել է 1868 թվականին Հռոմում[11][20]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

119,7 × 159,1 սմ չափսերով նկարը յուղաներկով պատկերված է կտավի վրա[21]։ Կտավը շրջանակված է զարդարուն ոսկեզօծ շրջանակով[22]։

Ժակ Ռեյչի աշխատանքերի կերպարների գծագրական ձևավորումը
Չիկագոյի պատմական թանգարանի պատճենը

Սիթի-Փոինթ քաղաքի մոտ խարիսխ գցած «Գետի թագուհին» շոգենավի նավախցում ձախից աջ նստած է 4 մարդ՝ գեներալ Ուիլյամ Շերմանը, գեներալ-լեյտենանտ Ուլիսես Ս. Գրանթը, նախագահ Աբրահամ Լինքոլնը և փոխծովակալ Դևիդ Պորտերը։ Նրանք հավաքվել էին Միության բարձրագույն հրամանատարության ռազմավարական խորհրդակցության և քննարկում էին Պիտերսբերգի (Վիրջինիա նահանգ) անկումից առնվազն մեկ շաբաթ առաջ խաղաղության հասնելու հարցը[1][11][21]։ «Խաղաղարարները» անվանումն այս հանդիսավոր նկարի նշանակության միակ բանալին է, որ Ամերիկայի պատմության շրջադարձային պահի, քաղաքացիական պատերազմի ավարտի նախերգանքն է[1]։ Միևնույն ժամանակ, Շերմանը, Գրանթը, Պորտերը և Լինքոլնն առավել հայտնի էին ոչ թե խաղաղություն հաստատելու վաստակով, այլև իրենց ռազմական հակասական նվաճումներով[11]։ Լինքոլնի հետ կամ համաձայնությամբ նրա զորավարներն ավերիչ կոտորածների, արշավանքների, պատերազմների ժամանակ զոհաբերել էին հազարավոր զինվորների, և միևնույն ժամանակ նրանք բոլորը համարվում են խաղաղարարներ, որովհետև հասել են խաղաղության միայն այն բանից հետո, երբ անցել են պատերազմի միջով[23]։ Վավերագրական տեսանկյունից ճշմարտանման այդ կտավի՝ խավարով պատված կերպարներն սպասում են հանգուցալուծմանը՝ Կոնֆեդերացիայի կապիտուլյացիային Ապոմատոկսում[1]։ Խորհրդակցության մասնակիցները կարծես թե առանձնացված են միմյանցից, կերպարների այդ մեկուսացվածությունն ամրապնդվում է նրանց միջև եղած շոգենավի պատուհաններով ու պատի տախտակադրվագներով[24]։ Լինքոլնը պատկերված է այնպես, ինչպիսին եղել է իր սպանությունից 17 օր առաջ, ինչի հետ կապված էլ կտավը համարվում է նախագահի՝ կենդանության օրոք արված վերջին նկարը[2]։ Խորհրդակցության մասնակիցների գլուխները ուղղաձիգ դիրքով են, բացառությամբ Լինքոլնինը. նա տարբերվում է իր քարացած կեցվածքով ու դեմքի խոհուն արտահայտությամբ[24]։ Հագած լինելով իր սովորական սև կոստյումը՝ նախագահն աթոռին նստած է առաջ թեքված ու ծնոտը ձեռքին հենած[22]։ Լինքոլնի կեցվածքը կարծես իր մասին ասված խոսքերի համեստության ցուցադրումն է. «Ես չեմ պնդում, որ վերահսկել եմ իրադարձությունները, բայց ամենայն պարզությամբ խոստովանում եմ, որ իրադարձությունները վերահսկել են ինձ», նրանում կարող ենք տեսնել նախագահի կողմից իր քաղաքականության ձևավորումը՝ հիմնվելով իրական դեպքերի վրա՝ հասնելու միայն մեկ նպատակի՝ փրկել հանրապետությունը, ինչի համար Լինքոլնը զանց չի առնում ամենահամարձակ միջոցները[25][26][22]։ Գրանթն ու Պորտերը նայում են Լինքոլնին, որն ուշադիր լսում է Շերմանին[27]։ Նա պատկերված է ճիշտ այն պահին, երբ խոսում է Լիի և Ռիչմոնդի մասին[28]։ Հենց Լինքոլնի հետևում շոգենավի պատուհաններից մեկով ամպրոպաբեր երկնքում երևում է փայլուն ծիածանը՝ գուշակելով գալիք խաղաղությունը[29][24][30]։

Ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբրահամ Լինքոլն», Հիլի
Լինքոլնի ապոթեոզը

Կտավը թերահավատորեն է ընդունվել հասարակության կողմից, իսկ նրանով պատրաստված գունավիմանկարները չեն վաճառվել, քանի որ այդ ընթացքում կային երկնքում Լինքոլնի համբարձման ավելի ֆանտաստիկ նկարներ[11]։ Այնուամենայնիվ «Խաղաղարարները» կարելի է համարել ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի վերաբերյալ ամենահայտնի նկարներից մեկը[31]։ Լինքոլնի՝ այս նկարում ունեցած կեցվածքն ավելի ուշ՝ 1869 թվականին, Հիլին կրկնել է նախագահի դիմանկարում, բայց արդեն պատկերել է մենակ, բավական զննող դիրքով, առանց Միության բարձրագույն հրամանատարական անդամների[32][33]։ Միևնույն ժամանակ Հիլին տվյալ դիմանկարն սկսել էր դեռ 1864 թվականին՝ «Խաղաղարարները» ստեղծելուց առաջ[32][33]։ Հասկանալով իր աշխատանքի ամբողջ հզորությունը՝ նա արել է նկարի 3 պատճեն[10], դիմանկարներից մեկը ներկայումս գտնվում է Սպիտակ տան Գլխավոր ճաշասենյակում[32]։ Նախագահի որդին՝ Ռոբերտ Թոդ Լինքոլնը, շատ տարիներ անց իր ընկերոջը գրած նամակում մանրամասն ներկայացրել է 2 դիմանկարների պատմությունը՝ նշելով, որ «ես երբեք չեմ տեսել իմ հոր դիմանկարը, որը կարելի լիներ նմանեցնել նրան»[12]։

«Խաղաղարարները» կտավի հեղինակային կրկնօրինակներից մեկն ստեղծվել է Չիկագոյի էսկվայր Է. Բ. Մաքքեգի պատվերով[29]։ Չիկագոն այդ ժամանակ հայտնի էր այդպիսի երիտասարդ քաղաքի համար արվեստի շատ հարուստ հավաքածուներով, որոնք գրեթե բոլորը զոհ են դարձել 1871 թվականի մեծ հրդեհին, ոչնչացել է նաև Մաքքեգի պատկերասրահը[34]։ Ընդմիշտ կորել են Հիլիի բազմաթիվ աշխատանքներ, որոնք պահվում էին Չիկագոյում[35]։ «Խաղաղարարները» նկարը կախված էր այրվող պատկերասրահում, քանի որ չափազանց մեծ էր Մաքքեգի սեփական տան համար, բայց նա կարողացել է փրկել կտավը՝ կտրելով այն ենթաշրջանակից և փակ վիճակով ուղարկելով ապահով տեղ՝ Սենթ Լուիս[20][36]։ Հրդեհից հետո նկարը վերադարձվել է Մաքքեգին և նույնիսկ առկա է եղել համաշխարհային շրջագայությունից հետո Չիկագոյում գեներալ Գրանթի հանդիպման ժամանակ[36]։ Շուտով Մաքքեգը նկարը կախել է Կալումետ ակումբի պատից[29]։ Այդ էլիտար ակումբը բացվել էր 1878 թվականին Միչիգան պողոտայի (Չիկագո) և 18-րդ փողոցի խաչմերուկի շենքում, իսկ 1882 թվականին բացվել էր մեկ այլ տնում, որ Burnham and Root ընկերությունը կառուցել էր Միչիգան պողոտայի ու 20-րդ փողոցի անկյունում։ Այնտեղ պահվում էին հին Չիկագոյի բազմաթիվ մասունքներ ու հայտնի կտավներ, այդ թվում Գիլբերտ Ստյուարտի նկարները[37]։ Հիլին Չիկագոյում ապրել է ավելի քան 10 տարի՝ այդ ընթացքում դառնալով Չիկագոյի արվեստի ինստիտուտի հիմնադիրներից մեկը[38]։ Իր կյանքի վերջում նա Նյուբերրի գրադարանին է նվիրել իր 40-ից ավելի նկարները, այդ թվում Գրանթի, Պորտերի և Լինքոլնի դիմանկարները, որոնք նկարել էր «Խաղաղարարները» կտավի վրա աշխատելիս[20]։ Վերապրելով 1871 թվականի հրդեհը՝ 22 տարի անց՝ 1893 թվականի հունվարին, նույն տեղում՝ Կալումետ ակումբում, այրվել է «Խաղաղարարները» նկարը[20][36]։ Ինչպես վկայում են հրշեջները, հազիվ հասցրել են դուրս գալ այրվող շենքից և նախքան փրկարարական աշխատանքները Հիլիի՝ կրակի գիրկն ընկած կտավը ոլորվել է ու ընկել հատակին, իսկ պատին մնացել է միայն ոսկեզօծ շրջանակը։ Ժամանակին հասած օգնական ուժերը կարող էին միայն պատուհանից նայել, թե ինչպես է կրակն անցնում սենյակից սենյակ և արագ տարածվում շնորհիվ այնպիսի գերազանց վառելիքի, ինչպիսին է նկարների յուղաներկը[39]։

Տրումենի մամուլի քարտուղար Չարլզ Ռոսը Օվալաձև աշխատասենյակում ներկայացնում է «Խաղաղարարները», թվականի փետրվարի 12

Տասնամյակներ շարունակ «Խաղաղարարները նկարը համարվել է անհետ կորած, սակայն 1922 թվականին գտնվել է նկարի կրկնօրինակը, որն ավելի քան 50 տարի պահվում էր մի ընտանիքի պահեստում։ Այն հետագայում ձեռք է բերել Չիկագոյի պատմական թանգարանը[2][20]։ 1947 թվականին նկարը գնել է ԱՄՆ կառավարությունը[1]։ Փետրվարի 12-ին Սպիտակ տունը հայտարարել է «Խաղաղարարները» կտավի ձեռքբերման համար նախագահ Հարրի Տրումենի սանկցիայի մասին[12]։ Արդյունքում այն ուղարկվել է Սպիտակ տան վերևի հարկի անձնական սենյակներից մեկը[11]։ Նախագահ Ջոն Քենեդիի օրոք «Խաղաղարարները» կախված էր Բանակցային սենյակի «բանակցային սեղանի» վերևում, որի վրա 1963 թվականին ստորագրվել է միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիրը[40][41]։ Այնտեղ այն մնացել է նախագահներ Ռիչարդ Նիքսոնի, Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշ ավագի, Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշ կրտսերի օրոք[42]։ Նախագահ Բարաք Օբամայի ժամանակ «Խաղաղարարները» տեղափոխել են Օվալաձև աշխատասենյակի Անձնական ճաշասենյակ, որտեղ էլ գտնվում է ներկայումս Դոնալդ Թրամփի օրոք[43][44]։ Սակայն 2009 թվականին «Խաղաղարարները» մի քանի անգամ անհետացել է սենյակից։ Այսպես, Օբամայի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի զրույցի ժամանակ նրա փոխարեն կախված էր Ալվան Ֆիշերի վրձնին պատկանող «Հնդկացի էքսկուրսավարները» հովվերգական բնանկարը, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ նկարը նորից իր տեղում էր[45][46][47]։

Կրկնօրինակներից մեկը 1919 թվականին Ֆրենկ Գ. Հոյնեն նվիրել է Չիկագոյի պատմական թանգարանին, որտեղ էլ այժմ պահվում է[27]։ Մեկ այլ կրկնօրինակը պահվում է Պենտագոնում. կախված է «Տանկ» (անգլ.՝ «The Tank») կոչվող սենյակում, որտեղ անցկացվում են Շտաբի պետերի միացյալ կոմիտեի խորհրդակցությունները[48]։

«Խաղաղարարները» նկարը բանակցային սենյակում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի օրոք, 1962 թվական ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Օվալաձև աշխատասենյակի Անձնական ճաշասենյակում, 2010 թվական Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «Տանկ» սենյակում, Պենտագոն, 2010 թվական

Արտացոլումը մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գուցե մենք ոչ մի տեղից ավելին չիմանանք Լինքոլնի մասին, քան նկարից, որի մասին անցած ամիս ես խոսել եմ Մալթայի ափին՝ Գորբաչովի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ։ Այն, որ նկարվել է Ջորջ Հիլիի կողմից, կախված է իմ գրասենյակի պատին՝ աստիճաններից վերև։ Այնտեղ դուք տեսնում եք մարդու տառապանքն ու մեծությունը, կարծես թե գիշերը ծնկի է իջնում Աստծո օգնության համար աղոթքով։ Նկարում պատկերված է նրա հանդիպումը երկու գեներալների և ծովակալի հետ պատերազմի ավարտին, որտեղ եղբայրը դուրս էր եկել եղբոր դեմ։ Իսկ դրսում այդ պահին մոլեգնում էր ճակատամարտը։ Եվ հեռվում մենք տեսնում ենք ծիածանը՝ հույսի խորհրդանիշը, փոթորիկի միջով անցնելը։ Նկարի անվանումն է Խաղաղարարները։ Ինձ համար այն անփոփոխ հավաստիացումն է այն բանի, որ խաղաղության գործը հաղթանակ է տանում, և որ մենք կունենանք այն ապագան, որի համար Լինքոլնը տվել է իր կյանքը, ապագա՝ բռնությունից ու վախից զերծ։»։

1995 թվականին նախագահ Բիլ Քլինթոնը Ջորջ Բուշ ավագի հետ Արևելյան սենյակում հանրությանն է ներկայացրել վերջինիս դիմանկարը, որը պատկանում էր Հերբերտ Աբրամսի վրձնին[50][51]։ Նա Բուշին պատկերել էր Իրաք-քուվեյթյան պատերազմի ժամանակ՝ իր աշխատասենյակում կանգնած և աջ ձեռքի արմունկով հենված գլոբուսին, իսկ հետին պլանում «Խաղաղարարները» նկարն էր՝ որպես նրա նախագահության արտաքին քաղաքականության ձեռքբերումների խորհրդանիշ (Սադդամ Հուսեյնի պարտությունն ու ԽՍՀՄ փլուզումը)[52][53][54]։ Աբրամսն ավելի ուշ հիշել է, որ «երբ նրա [Բուշի] մոտ աստիճաններով վերև էին բարձրանում հյուրերը, նա սիրում էր մարդկանց ցույց տալ այն [նկարը] և հատկապես ծիածանը, որ երևում էր նավի պատուհանից և խորհրդանշում էր խաղաղությունը». «ես միանգամից որոշեցի ստեղծել այն ընդգծող կոմպոզիցիա»[11]։ Պարսից ծոցում տեղի ունեցող պատերազմի ժամանակ Բուշը բազմիցս դիմել է նման խաղաղ հռետորաբանությամբ՝ իրեն համեմատելով Լինքոլնի հետ[55]։ Բուշն այդ գաղափարն անվանել է «հիանալի», սակայն արդյունքում նրա կերպարն ամբողջությամբ փակել է Լինքոլնին, որպեսզի, ըստ Աբրամսի, չշեղի դիտողի ուշադրությունը[11]։ Բուշը «Խաղաղարարները» որակել է որպես «փառավոր նկար»[30]՝ նշելով, որ «այն կածված էր Սպիտակ տան գրասենյակում՝ երկրորդ հարկի իմ աշխատասենյակում։ Նրանում պատկերված են Լինքոլնն իր հրամանատարների հետ և հետևի պլանում հույսի ծիածանը՝ ցույց տալով նահանգների միջև պատերազմների, քաղաքացիական պատերազմների ավարտը», և «ինձ մեծ ուժ է տվել խորհրդածությունների ժամանակ, որ հայեցողական նախագահի օրոք Միացյալ Նահանգներն ապրել են զարհուրելի, սարսափելի փորձություններ, և հանկարծ վերջապես հայտնվել է ծիածանային հույսը։ Ահա թե ինչ է այն նշանակում ինձ համար»[56]։ Ըստ Լորա Բուշի՝ Ջորջ Բուշ կրտսերի կնոջ հիշողությունների՝ նա իր նախագահության օրոք իր հոր նման սիրել է Բանակցային սենյակում, որտեղ, նայելով «Խաղաղարարներին», զգում էր հարմարավետության հատուկ մթնոլորտ և մասնակցություն պատմական իրադարձություններին[57]։ Հատկանշական է, որ 2009 թվականին նկարը ցուցադրվել է «Հայրեր և որդիներ։ Երկու ընտանիք, երկու նախագահ» (անգլ.՝ Fathers and Sons: Two Families, Four Presidents) էքսպոզիցիայում, որ նվիրված էր Բուշ ու Ադամս ընտանիքներին և անցկացվել է Ջորջ Բուշի գրադարանում՝ Ստեյշեն քոլեջում (Տեխաս նահանգ)[56]։

2009 թվականին ԱՄՆ փոստային ծառայությունն Աբրահամ Լինքոլնի (1809-1865) 200-ամյակի առթիվ «Խաղաղարարները» վերարտադրանկարներով տպագրել է փոստային 4 նամականիշ՝ յուրաքանչյուրը 42 ցենտ անվանական արժեքով[58]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Treasures of the White House: The Peacemakers». Историческая ассоциация Белого дома. Վերցված է 19 июля 2017-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Eighteen Days Before Lincoln Died // The Mentor. — Springfield, Ohio : The Crowell Publishing Company, Февраль 1922. — № 228. — С. 46. — 48 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Jesse Greenspan (26 марта 2015). «Lincoln, Grant and Sherman Huddle Up, 150 Years Ago». History Channel. Վերցված է 21 июля 2017-ին.
  4. Sherman, 1876, էջ 324
  5. Sherman, 1876, էջ 327
  6. Sherman, 1876, էջ 327—328
  7. Sherman, 1876, էջ 328
  8. Porter, 1885, էջ 316
  9. 9,0 9,1 «The Peacemakers». Историческая ассоциация Белого дома. Վերցված է 20 июля 2017-ին.
  10. 10,0 10,1 «Abraham Lincoln». Историческая ассоциация Белого дома. Վերցված է 20 июля 2017-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Harold Holzer. The Return Of The Peacemakers // American Heritage. — February—March 1996. — Вып. 47, № 1.
  12. 12,0 12,1 12,2 «The President's News Conference». Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре. 13 февраля 1947. Վերցված է 19 июля 2017-ին.
  13. 13,0 13,1 13,2 Arnold, 1885, էջ 423
  14. The Century, 1909, էջ 959
  15. Wilson, 1935, էջ 299
  16. Barber, 2006, էջ 135
  17. Hannavy, 2008, էջ 1044
  18. Emerson, 2012, էջ 279
  19. Eckley, 2012, էջ 106
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Phoebe Metz (7 июля 2016). «Pieces of "The Peacemakers"». Библиотека Ньюберри. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 19 июля 2017-ին.
  21. 21,0 21,1 «The Peacemakers, 1868». Artsy. Վերցված է 19 июля 2017-ին.
  22. 22,0 22,1 22,2 Holzer, 2011, էջ 1
  23. Holzer, 2011, էջ 2
  24. 24,0 24,1 24,2 «The Peacemakers by George Peter Alexander Healy». Историческая ассоциация Белого дома. Վերցված է 19 июля 2017-ին.
  25. «Letter Abraham Lincoln to Albert G. Hodges». Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре. 4 апреля 1864. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 21 июля 2017-ին.
  26. «President Lincoln's Kentucky Letter». The New York Times. 29 апреля 1864. Վերցված է 21 июля 2017-ին.
  27. 27,0 27,1 «The Peacemakers». Terra Foundation for American Art. Վերցված է 20 июля 2017-ին.
  28. Wilson, Fiske, 1888, էջ 505
  29. 29,0 29,1 29,2 Arnold, 1885, էջ 419
  30. 30,0 30,1 Hugh Sidey (10 марта 2003). «'He had no respect for our military then'». CNN. Վերցված է 19 июля 2017-ին.
  31. Jeremy Ohmes. «Life During Wartime». Школа Чикагского института искусств. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 21 июля 2017-ին.
  32. 32,0 32,1 32,2 «Treasures of the White House: Abraham Lincoln». Историческая ассоциация Белого дома. Վերցված է 19 июля 2017-ին.
  33. 33,0 33,1 Evan Phifer (19 июля 2017). «Lincoln in the State Dining Room». Историческая ассоциация Белого дома. Վերցված է 19 июля 2017-ին.
  34. Colbert, 1872, էջ 345
  35. Cecilia Peterson (30 октября 2013). «George Peter Alexander Healy (1813–1894), Cosmopolitan Artist». Смитсоновский институт. Վերցված է 19 июля 2017-ին.
  36. 36,0 36,1 36,2 Valuables Cannot be Replaced // The Chicago Tribune. — 19 января 1893. — Вып. LII, № 19. — С. 6. — 16 с.
  37. Tyre, 2008, էջ 78
  38. «George Peter Alexander Healy». Смитсоновский институт. Վերցված է 19 июля 2017-ին.
  39. Calumet in Ashes. Beautiful Club-House Totally Destroyed by Fire // The Chicago Tribune. — 18 января 1893. — Вып. LII, № 18. — С. 1. — 12 с.
  40. «The Second Floor». Историческая ассоциация Белого дома. Վերցված է 19 июля 2017-ին.
  41. «Treaty Room». White House Museum. Վերցված է 19 июля 2017-ին.
  42. Laura Rozen (14 ноября 2009). «Obama-Netanyahu Kaffeeklatsch». Politico. Վերցված է 21 июля 2017-ին.
  43. Doris Kearns Goodwin (Ноябрь 2016). «Barack Obama and Doris Kearns Goodwin: The Ultimate Exit Interview». Vanity Fair. Վերցված է 20 июля 2017-ին.
  44. Steve Kroft (15 января 2017). «60 Minutes Presents: Barack Obama: Eight Years in the White House». CBS News. Վերցված է 20 июля 2017-ին.
  45. Laura Rozen (15 ноября 2009). «In W.H., are pictures telling a story?». Politico. Վերցված է 19 июля 2017-ին.
  46. Rachel Maddow (16 ноября 2009). «The Rachel Maddow Show». MSNBC. Վերցված է 20 июля 2017-ին.
  47. «The President's Other Dining Room». White House Museum. Վերցված է 20 июля 2017-ին.
  48. Jim Garamone (18 марта 2015). «Joint Staff Director Describes Military Advice Process». Министерство обороны США. Վերցված է 20 июля 2017-ին.
  49. «Remarks Introducing the Presidential Lecture Series». Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре. 7 января 1990. Վերցված է 20 июля 2017-ին.
  50. «Remarks at the Unveiling Ceremony for the Official Portraits of President George Bush and Barbara Bush». Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре. 17 июля 1995. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 20 июля 2017-ին.
  51. «Bush Portraits Unveiled at White House». The New York Times. 17 июля 1995. Վերցված է 20 июля 2017-ին.
  52. Dennis McLellan (31 августа 2003). «Herbert Abrams, 82; Did Portraits of Dignitaries, Two Presidents». Los Angeles Times. Վերցված է 20 июля 2017-ին.
  53. «Herbert E. Abrams, Portrait Painter, 82, Dies». The New York Times. 1 сентября 2003. Վերցված է 20 июля 2017-ին.
  54. David A. Graham (2 марта 2015). «In a Bill Clinton Portrait, the Devil's in a Blue Dress». The Atlantic. Վերցված է 20 июля 2017-ին.
  55. McEvoy-Levy, 2001, էջ 58
  56. 56,0 56,1 «Art News: Bush and Adams: Fathers & Sons; Impressionism to Surrealism; Soprano Eileen Farrell». Voice of America. 27 октября 2009. Վերցված է 19 июля 2017-ին.
  57. Bush, 2010, էջ 176
  58. «Lincoln's Life Chronicled on Stamps. Set of four stamps commemorate 200th Birthday». Почтовая служба США. 9 февраля 2009. Վերցված է 19 июля 2017-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]