Լատվիայի աշխարհագրություն
Լատվիայի աշխարհագրություն | |
---|---|
Մայրցամաք | Ռիգա |
տարածաշրջան | Եվրոպա |
Տարածք | |
• Ընդհանուր | 64589 կմ² |
• ցամաք | 3,6%% |
• ջուր | 96,4%% |
Ափային հատված | 498 կմ |
Բարձրագույն կետ | Գայզինկալնս 311,6 մ |
Ցածրագույն կետ | Բալթիկ ծով 0 մ |
Ամենաերկար գետ | Դաուգավա 357 կմ |
Ամենամեծ լիճ | Լուբանս 25 կմ² |
Կլիմա | ծովայինից ցամաքային |
Բնական պաշարներ | տորֆ, կրաքար, դոլոմիտ, նավթ, գիպս, քվարց, երկաթի հանքաքար |
Լատվիան գտնվում է Մերձբալթիկայում, Արևելաեվրոպական հարթավայրում։ Ափերը ողողվում են Բալթիկ ծովի ջրերով, ունի ընդհանուր 64589 կմ² մակերես։
Սահմաններ և ափագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանի ընդհանուր երկարությունը 1382 կմ է։ Լատվիան հյուսիսում սահմանակից է Էստոնիային (343 կմ), հարավում` Լիտվային (576 կմ), արևելքում` Ռուսաստանին (292 կմ) և հարավ արևելքում`Բելառուսիային (171 կմ)։
Լատվիայի արևմտյան ափերը ողողված են Բալթիկ ծովի ջրերով, որի հետ ափագիծը ձգվում է 498 կմ։ Երկրի հյուսիսային մասում Կուրլյանդի թերակղզին է, որը վերջանում է Կոլկա (Դոմեսնես) հրվանդանով։ Սա և Էստոնիային պատկանող Արևմտաէստոնական կղզեխումբը (Մունզունդյան կղզեխումբ) ծովից անջատում են Ռիգայի ծոցը։ Տարածքային ջրերից 12 ծովային մղոն պատկանում է Լատվիային, ինչպես նաև մայրցամաքային շելֆի մինչև 200 մ խորություն ունեցող մասը[1]։
Երկրաբանություն և օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի տարածքն ընկած է Արևելաեվրոպական պլատֆորմի հյուսիս-արևմտյան մասում։ Բյուրեղային հիմքն ընկած է 300-400 մ խորությունից (երկրի հյուսիս-արևելքում) մինչև ավելի քան 2000 մ խորությունը (հարավ-արևմուտքում)։ Այն բաղկացած է գրանիտից, գնեյսից, ամֆիբոլիտից, անորտոզիտից և բյուրեղային թերթաքարից, որը ձևավորվել է արխեյան (ազոյան), ներքին և միջին պրոտերոզոյան դարաշրջաններում (1,2-2,4 միլիարդ տարի առաջ)։ Նստվածքային ապարները, որոնց հզորությունը հասնում է 2000-2200 մետրի, հիմնականում ներկայացված են կարբոնատային և բնածին նստվածքներով[2]։
Լատվիայի տարածքում կան տորֆի, կրաքարի և դոլոմիտի հանքատեղեր։ Ափերի մոտ հազվադեպ սաթ է հանդիպում[1]։ Բյուրեղային հիմքի 700 մ խորության վրա (Լիմբաժի շրջան) գտնվել է երկաթի հանքաքար։ 1965 թվականին հայտնաբերվեց Կուլդիկի նավթի հանքատեղը։ Լատվիայի տարածքում կան նաև գիպսի, քվարցային և ապակե ավազների, տարբեր կավերի և ավազամանրախճային գոյացությունների հաքավայրեր։ Վերջիններս օգտագործվում են որպես շինանյութ։ Կան նաև հանքային աղբյուրներ, որոնց վրա կառուցված են Կեմերի և Բալդոնե քաղաքները[2]։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի տարածքի մեծ մասը, Արևելաեվրոպական հարթավայրի, ծովի մակարդակից 100-200 մ բարձրությամբ, մորենյին թեթև բլուրային հարթավայրերն են զբաղեցնում[3]։ Ոչ մեծ բարձունքները կրում են հին սառցապատման հետքերը։ Դրանցից են մորենային բլուրները, լճային գոգահովիտները (գոգափոս) և մեծ գլաքարերը։ Բալթիկ ծովի ափամերձ գոտով ձգվում է 2-3 կմ լայնությամբ ցածրավայրը։ Այն որոշ հատվածներում հասնում է 50 կմ լայնության։ Երկրի արյմտյան մասում է գտնվում Կուրզեմյան բարձունքը (մինչև 184 մ), որը Վենտա գետով բաժանվում է Արևմտա-Կուրզեմյան և Արևելա-Կուրզեմյան բարձունքների։
Դեպի արևելք բլուրները փոխարինվուրմ են Միջին-Լատվիական ցածրավայրով, հետո նորից ռելիեֆը բարձրանում է, ձևավորելով Վիդզեմյան բարձունքը։ Այստեղ է գտնվում Լատվիայի ամենաբարձր կետը՝ Գայզինկալնս լեռը, որն ունի 311,6 մետր բարձրություն։ Հյուսիս-արևելքում տարածվում է Հյուսիս-Լատվիական ցածրավայրը (40-60 մ), որը հարավում փոխարինվում է Արևելա-Լատվիական ցածրավայրով։ Արևելա-Լատվիական ցածրավայրը, որի կենտրոնական մասը ճահճացած է (Լուբանսկի իջվածք), բաժանում է Վիդզեմյան և Լատգալյան բարձունքները։ Վերջինս ձևավորվել է Լիլայս Լիեպուկալնս (289,3 մ), Ձիերկալյու կալնս (286,3 м) և այլ բարձունքներով[2]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի կլիման անցումային բնույթ ունի՝ ծովայինից ցամաքայինի, որը մեղմանում է Բալթիկ ծովի մոտակայքում։ Գերակշռում են հարավարևմտյան քամիները, որոնք Ատլանտյան օվկիանոսի կողմից բերում են զգալի քանակությամբ տեղումներ՝ տարեկան 500-800 մմ։ Երկինքը հիմնականում ամպամած է, արևափայլի օրերի քանակը տարվա մեջ ընդամենը 30-40 օր է։ Ամենա արևոտ ու չորային ամիսը մայիսն է։
Ամառն այստեղ հիմնականում հով և անձրևոտ է։ Տարվա ընթացքում 0 °C-ից բարձր ջերմաստիճաններ գրանցվում են 125-155 օր։ Հուլիսի միջին ամսական ջերմաստիճանը 15-17 °C է։ Երբեմն անոմալիա է լինում և հասնում է ջերմաստիճանը 32 °C (1990-ականներ կեսեր)։ Ձմեռը ձգվում է դեկտեմբերի կեսերից մինչև մարտի կեսեր։ Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է −3-ից −7 °C, հազվադեպ մինչև −40 °C[4][5]։
Ջրային ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի գնահատմամբ Լատվիան ունի 49,9 կմ³ վերկանգնվող ջրային ռեսուրսներ, որոնցից տարվա ընթացքում օգտագործվում է 0,25 կմ³-ը (55%-ը կոմունալ, 33%-ը արդյունաբերություն և 12%-ը գյուղատնտեսական կարիքներ)[1]։
Լատվիայի տարածքով հոսում են ավելի քան 700 մեծ և փոքր գետեր, որոնք պատկանում են Բալթիկ ծովի ավազանին։ Ամենախոշոր գետը Դաուգավան է, որը Լատվիայի տարածքով ձգվում է 357 կմ, իսկ ընդհանուր ունի 1020 կմ երկարություն։ Խոշոր գետերից են նաև Գաույան, Լիելուպեն և Վենտան[3]։ Գարնանը շատ են վարարումները, ջրի մակարդակի բարձրացումները, որոնց պատճառները ձյան հալոցքն ու անձրևներն են։ Երկրի արևմտյան մասում սառույցի շերտը պահպանվում է 2-2,5 ամիս, իսկ արևելյան մասում՝ 3-3,5 ամիս։ Հիդրոէներգետիկ հնարավորություններն (Սովետական մեծ հանրագիտարանում գնահատվում է 3,9 մլրդ կՎտ⋅ժ) օգտագործելու նպատակով կառուցվել են մի քանի ջրամբարներ։ Սրանիցից են Պլյավինի և Կեգումի հիդրոէլեկտրակայանները[2]։
Լիտվիայում կա ավելի քան 3 հազար լիճ, որոնց 1 հեկտարից ավելի մեծ մակերես ունեն։ Սրանք զբաղեցնում են երկրի ընդհանուր տարածքի 1,5 %-ը և օգտագործվում են ձկնաբուծության նպատակով։ Կան նաև բազմաթիվ ճահիճներ, որոնք կազմում են ընդհանուր տարածքի 10 %-ը։ Ջրաճահճային տարածքների մեծ մասը գտնվում է երկրի արևելյան մասում՝ Լատգալիայում (լատիշ․՝ Latgale), որը զբաղեցնում է երկրի տարածքի մոտավորապես ¼ մասը։ Առավել խոշոր լճերն են Լուբանսը, Ռազնան, Բուրտնիեկսը, Ուսմասը և Լիեպալասը։ Սրանցից ամենամեծը Լուբանսն է[6]։ Երկրի ամենախորը լիճը Դրեյցն է (66,2 մ)[2][5]։
Հողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի հողերը հիմնականում (52%) պոդզոլային են (առավելապես ճիմա-պոդզոլային)։ Երկրի կենտրոնական մասում՝ Զեմգալեում (լատիշ․՝ Zemgale) կան արգավանդ ճիմա-կրաքարային հողեր (4%)։ Գյուղատնտեսության համար պիտանի հողերը ընդհատվում են ճահճացած տարածքներով՝ ողողվող 2%, ճահճային հողեր 23% և տորֆաճահիճներ 19%[2]։
Ընդհանուր առմամբ մշակվում է 19 հազար կմ² տարածք, ընդորում գյուղատնտեսական հողերի 70%-ը գերխոնավ են[3]։ Դրա համար այստեղ ոչ թե ոռոգման աշխատանքներ են տարվում այլ հողերի մելիորացիայի։ 2003 թվականին գյուղատնտեսական ցամաքեցվող (չորացվող) հողերի բաժինը կազմել է 85%[1]։ Ինտենսիվորեն մշակվող բլրոտ տեղամասերը կանգնում են հողի էրոզիայի խնդրի առաջ[7]։
Կենդանական և բուսական աշխարհ, բնապահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 40%-ը։ Դրանց ամենամեծ զանգվածը գտնվում է Կուրլանդի թերակղզու հյուսիսային մասում և երկրի հյուսիսի արևելյան հատվածում։ Ափամերձ գոտում գերակշռում են (բոլոր անտառների տարածքի 67%-ը) փշատերև անտառները (սոսի, եղևնի), մյուս շրջաններում (անտառների 33%-ը)՝ լայնատերև (կեչի, կաղամախի, սև և սպիտակ լաստենի)։ Գետահովիտներում և բլուրներին հանդիպում են մագագետիններ (երկրի տարածքի 7,5%-ը), որոնց մեծ մասը անջրդի են։ Ճահիճները զբաղեցնում են տարածքի 4,8%-ը։ Խիստ ճահճային են Լուբանաս լճի և Այվիեկստե գետի ներքին հոսանքի շրջանները[2]։
Լատվիայում ապրում են սկյուռներ, աղվեսներ, նապաստակներ (գորշ և սպիտակ), լուսաններ, գորշուկներ, կզաքիսներ և ջրարջանման շներ։ Երբեմն հանդիպում են նաև սպիտակ կզաքիս և աքիս։ Բնապահպանական միջոցառումների շնորհիվ ավելացել են եղջերուի և որմզդեղնի գլխաքանակները, ինչպես նաև ադապտացվել (կլիմայավարժեցվնել) են վարազներ և կուղբեր։ Թռչուններից հանդիպում են սոխակ, պիրոլ, սև կեռնեխ, փայտփորիկ, բու, կաքավ, ամուրիկ, երաշտահավ, լոր, արտույտ, արագիլ և տառեղ[7]։ Ձկան արդյունաբերական տեսակներն են՝ տառեխուկը, կիլկան, սաղմոնը, ծածանաձուկը, օձաձուկը և այլն։ Գետաբերաններում և Ռիգայի ծոցում ապրում են նաև քարադիացներ[2]։
Լատվիայում կան ազգային պարկեր (Գաույա, Սլիտերեի, Ռազնաս), 5 արգելոցներ (Գրինի, Մորիցսալա և այլն), որսարգելավայրեր և ավելի քան 90 պարկեր, որոնց թվում են Դաուգավաս պարկը, ինչպես նաև Կազդանի և Սկրիվերի պարկերը[2][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Latvia Արխիվացված 2011-08-16 Wayback Machine — CIA — The World Factbook
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Латвийская Советская Социалистическая Республика // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 3,0 3,1 3,2 «Поиск». www.krugosvet.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: Text "Энциклопедия Кругосвет" ignored (օգնություն) - ↑ «Latvia». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
{{cite web}}
: Text "History - Geography" ignored (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 Латвия // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
- ↑ «Центральное статистическое управление Латвии. Внутренние воды Латвии» (PDF). www.csb.gov.lv. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.(լատիշերեն)
- ↑ 7,0 7,1 Latvia — Encyclopædia Britannica