Դաուգավպիլսի գետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դաուգավպիլսի գետտո  (15 հուլիսի, 1941 թվական – 26 հոկտեմբերի, 1942 թվական), հրեական գետտո, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Լատվիայի տարածքի օկուպացիայի ընթացքում իրականացված հրեաների հալածանքների ու ոչնչացման ժամանակ Դաուգավպիլս քաղաքի ու շրջակա բնակավայրերի հրեաների բռնի վերաբնակեցման վայր։ Գետտոյի ավելի քան 15 հազար կալանավորներից մինչև պատերազմի ավարտը կենդանի է մնացել շուրջ 100 մարդ, իսկ մյուսներն սպանվել են նացիստների ու նրանց դաշնակիցների կողմից։

Օկուպացիա և գետտոյի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1935 թվականի մարդահամարի տվյալների՝ Դաուգավպիլսում ապրել է 11 106 հրեա, որոնք կազմել են քաղաքի ընդհանուր բնակչության շուրջ մեկ քառորդը։ Նրանցից ոման արտագաղթել են նախքան պատերազմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքում ապրել է 13 000 հրեա[1]։ Լատվիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1941 թվականի հունիսի 14-ին, 209 հրեաներ աքսորվել են Սիբիր խորհրդային իշխանությունների կողմից[2]։

Գերմանական զորքերը գրավել են Դաուգավպիլսը 1941 թվականի հունիսի 26-ին ուժեղ ռմբակոծումից հետո։ Հրեաների մեծ մասը մնացել են քաղաքում և չեն տարհանվել, քանի որ շատերը կարծել են, թե գերմանացիները հանդուրժող կլինեն տեղի բնակչության նկատմամբ, ինչպես եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Իսկ նրանք, ովքեր ցանկացել են հեռանալ, չեն հասցրել Կարմիր բանակի շտապ նահանջելու պատճառով[2]; Տարհանվել հասցրել է շուրջ 2000 հրեա։ Ըստ Վ. Ցուկինովի վկայության՝ գերմանացիների Դաուգավպիլսում հրեաների առաջին խմբին գնդակահարել են արդեն հունիսի 26-ին զբոսայգում[3]։

Հունիսի 29-ին սկսվել են հրեաների նկատմամբ ծաղրանքներն ու նրանց զանգվածային սպանությունները[4]։ Նացիստները հրեաներին մեղադրել են քաղաքում հրդեհումներ կատարելու[5] և գերմանական ներխուժման նախօրեին խորհրդային չեկիստների հետ միասին լատիշներին սպանելու մեջ[4][6]։ Օկուպացիայի սկզբից մինչև հուլիսի 13-ը Էրիխ Էրլինգերի գլխավորությամբ А այնզատցխմբի 1b զոնդերկոմանդի կողմից քաղաքում սպանվել է 1150 հրեա[7]։

Հուլիսի 13-ին «Դաուգավպիլսի քաղաքային թերթի» առաջին համարում տպագրվել է պարետի հրամանը, որով հրեաներին պարտադրվել է իրենց հագուստի վրա առջևից և հետևից (տղամարդկանց դեպքում՝ նաև ձախ ծնկի վրա) կարել դեղին աստղեր[8]։ Հուլիսի 15-ին այրվել է Մեծ սինագոգն ու մի շարք աղոթատներ[9]։ Նույն օրը հրապարակվել է որոշում՝ ստեղծելու հրեական գետտոյի Դաուգավպիլսի բերդի կամրջային ամրաշինությունում՝ Դվինայի ձախ ափին[10]։

Կյանքը գետտոյում և կալանավորների ոչնչացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուդավպիլսում ֆաշիզմի զոհերին նվիրված հուշարձանի քանդակը, որը ներկայում փոխարինվել է կոթողով

Մինչ հուլիսի 26-ը բոլոր հրեաները տեղավորվել են գետտոյում։ Այնտեղ են տեղափոխվել նաև օկուպացիայի առաջին շաբաթների ընթացքում իրականացված զանգվածային ոչնչացումներից հետո մոտակա բնակավայրերում կենդանի մնացած հրեաներին Կրասլավայից, Ռեզեկնեից, Իլուկստեից, Լուձայից և այլն։ Գետտոյում գտնվել է ընդհանուր առմամբ 15-20 հազար մարդ[9][11]։

Գետտոյում եղել է սարսափելի նեղվածք, շատերը տեղավորվել են ուղղակի բաց երկնքի տակ։ Կանայք ու տղամարդիկ տեղավորվել են առանձին, մինչև 14 տարեկան երեխաները գտնվել են իրենց մայրերի հետ։ Բաղնիք չի եղել, տղամարդկանց թույլատրվել է լողանալ գետում ժամը 7-8-ը և ժամը 14-15-ը, իսկ կանանց՝ ժամը 8-9-ը և ժամը 15-16-ը։ Տեղծվել է բուժկետ, որբ մնացած մեծ թվով երեխաների համար ստեղծվել մանկատուն։ Ծննդաբերել գետտոյում արգելված է եղել։ Գետտոյի պարետ է դարձել լատվիական բանակի նախկին սպա Վոլդեմար Զաուբեն, ստեղծվել է յուդենրատ Մովշա Մովշենզոնի գլխավորությամբ (նրա հայրը 1918 թվականի գերմանական օկուպացիայի ժամանակ եղել է քաղաքի գլխավորը)[12]) և հրեական ոստիկանություն[13]։ 1941 թվականի հոկտեմբերին յուդենրատը անհաջող փորձ է ձեռնարկել կազմակերպելու դպրոց[14]։

Հուլիսի 29-ին գերմանացիները հրամայել են նախապատրատել ծերերի ցուցակ՝ իբր թե նրանց «հատուկ ճամբար» տեղափոխելու համար։ Ցուցակում ընդգրկված բոլոր մարդիկ տարվել են Դաուգավպիլսից 8 կմ հեռավորության վրա գտնվող Մեժցիեմս (Պոգուլյանսկի) անտառ և գնդակահարվել[15][16]։ Օգոստոսի 2-ին, 6-ին և 17-ին անցկացվել են ոչնչացման նոր գործողություններ, որոնց ընթացքում սպանվել է շուրջ 4000 մարդ[17]։ Հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 22-ը գետտոյում զանգվածային գնդակահարություններ են անցկացրել 3 այնզատցկոմանդն օբերշտուրմֆյուրեր Յոախիմ Համանի (գերմ.՝ Joachim Hamann) գլխավորությամբ և տեղացի ոստիկանները Ռոբերտս Բլուզմանիսի (լատիշ․՝ Roberts Blūzmanis) ղեկավարությամբ։ Նրանց կողմից Դաուգավպիլսում սպանվել է 9012 մարդ[18]։ 1941 թվականի հոկտեմբերին գետտոյում եղել է ավելի քան 2000 կալանավոր[14]։

Նոյեմբերի 7-9-ն անցկացվել է ոչնչացման խոշոր ակցիա, որից առաջ արհեստանոցներում աշխատող մասնագետներին տրվել էին հատուկ վկայականներ։ Այդպիսի վկայական չունեցող բոլոր կալանավորները երեք օրվա ընթացքում սպանվել են Մեժցիեմսում. ընդհանուր առմամբ ոչնչացվել է 1134 մարդ[1][14]։ Գնդակահարությունները ղեկավարել է օբերշտուրմֆյուրեր Գյունտեր Տաբերտը (գերմ.՝ Günter Tabbert), իսկ սպանություններին մասնակցել է Ռիգայից եկած «Արայսի խումբը»[19]։ Դեկտեմբերի 5-ին անցկացված մարդահամարի ընթացքում հաշվվել է 962 կալանավոր[19][20]։

Սպանություններն ուղեկցվել են հրեական ունեցվածքի կողոպուտով։ 1942 թվականի հունվարին գերմանացիները Բեռլին են ուղարկել Դաուգավպիլսի հրեաներից բռնագրավված իրերը, այդ թվում նաև ավելի քան 60 կգ ոսկի տարբեր ձևով, 155 կգ ամուսնական ոսկե մատանիներ, 65 ոսկե ականջօղեր և այլն[1]։

1941/1942 ձմռանը կենդանի մնացած կալանավորները տառապել են սովից, ուժեղ ցրտից ու որովայնային տիֆի համաճարակից[19]։ 1941 թվականի դեկտեմբերի 5-ին գետտոյում եղել է 962 հրեա՝ 537 կին, 425 տղամարդ, այդ թվում՝ 212 երեխա[21]։

Ոչնչացման ևս մեկ գործողություն անցկացվել է 1942 թվականի մայիսի 1-ին։ «Մեծ գետտոն» լիկվիդացվել է։ Շուրջ 500 մարդ սպանվել է էսէսականների ու Այրասի խմբի կողմից։ 487 աշխատունակ կալանավորներ անցել են զորանոցային դրության քաղաքում և Դաուգավպիլսի գետտոյում[22]։

1942 թվականի հոկտեմբերի 26-ին կենդանի մնացած 350 կալանավորները տեղափոխվել են Կայզերվալդ համակենտրոնացման ճամբար, և Դաուգավպիլսի գետտոն լիկվիդացվել է[20]։ Մի շարք կալանավորներ ուղարկվել են համակենտրոնացման ճամբար Էստոնիայի Կոհտլա-Յեռվե շրջանում։ 1944 թվականի աշնանը կենդանի մնացածները ծովով տեղափոխվել են Դանցիգ և ուղարկվել մահվան ճամբարներ[23]։

Գետտոյի բոլոր կալանավորներից մինչև պատերազմի ավարտը կենդանի է մնացել շուրջ 100 մարդ, որոնք պատերազմից հետո հարցաքննվել են խորհրդային անվտանգության մարմինների կողմից՝ կասկածվելով որպես կոլաբորացիոնիստներ[24]։ Անդրիևս Էզերգայլիսը կարծում է, որ օկուպացիայի սկզբում Լատգալիայում ապրած 28 հազար հրեաներից սպանվել է ընդհանուր առմամբ 20 հազար մարդ, այդ թվում՝ 13 հազարը Դաուգավպիլսում, 7 հազարը՝ այլ բնակավայրերում[25]։ Աղբյուրների մեծ մասում նշվում է, որ Դաուգավպիլսում զոհվել է ավելի քան 15 հազար հրեա[26]։

Ռազմական հանցագործների դատավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիխ Էրլինգերը ձերբակալվել է 1958 թվականի դեկտեմբերին։ 1961 թվականի դեկտեմբերի 20-ին նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն 1965 թվականին ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով։ Դատաքննությունը վերջնականապես դադարեցվել է 1969 թվականին մեղադրյալի անգործունակության պատճառով։

Դորտմունդում մի քանի տարի շարունակվել է նախկին ՍՍ օբերշտուրմֆյուրեր Գյունտեր Տաբերտի գործի քննությունը։ Հետաքննության ընթացքում հավաքվել են նր ամեղավորության բազմաթիվ վավերագրական ապացույցներ։ Սակայն գործի հարուցման օրվանից սկսած Տաբերտը գտնվել է ազատության մեջ, քանի որ վճարել էր գումար՝ որպես գրավ։ 1969 թվականին սկսվել է դատական գործընթացը, որը ձգվել է մի քանի ամիս։ Դատարանում ցուցմունք է տվել 99 վկա։ Վկաների ցուցմունքների ստույգությունը լիովին հաստատվել են փաստաթղթերով, և դատախազն ստիպված է եղել պաշտպանել Տաբերտի դեմ ներկայացված մեղադրանքը։ Սակայն դատարանն արդարացրել է նացիստական հանցագործին՝ նրան ճանաչելով անմասնակից Դաուգավպիլսում կատարված հանցագործություններին։ Փաստարկելով արդարացումը՝ դատարանի նախագահ Մյուլլերը նշել է, որ Տաբերտի դեմ ուղղված մեղադրանքը հիմնվել է վկաների անճշմարտանման ցուցմունքները, ինչպես նաև այն, որ այդ վկայություններում հայտնաբերվել են անճշտություններ ու հակասություններ։

Հրեաների փրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուգավպիլսում կենդանի մնացած հրեաների մի մասը փրկվել է տեղացիների՝ լատվիացիների, լեհերի, ռուսների, տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների օգնության շնորհիվ[27], որոնք վտանգել են իրենց կյանքը հանուն իրենց հարևանների։ Իոսիֆ Ռիչկոն նկարագրել է փրկության այդպիսի տասնյակ դեպքեր[28]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի հունիսի 27-ին Դաուգավպիլսում բացվել է զոհվածների հուշարձան, որը հետագայում ավերվել է, և նրանից մնացել է միայն պատվանդանը ռուսերեն և լատվիերեն գրություններով՝ «Հավեր հիշատակ ֆաշիզմի զոհերին։ 1941-1944 թթ»[29]։

Զանգվածային ոչնչացման վայրը գտնվել է քաղաքից ու մյուս բնակավայրերից բավական հեռու, այդ պատճառով էլ Դաուգավպիլսի հրեաների սպանության վայրը երկար ժամանակ մնացել է անհայտ։ Այն հայտնաբերվել է պատահաբար 1989 թվականի հունիսին։ 1989 թվականի հուլիսի 9-ին 1960 թվականին ստեղծված ֆաշիզմի զոհերի հուշարձանի տարածքում խորհրդանշական գերեզմաններից մեկում վերաթաղվել է սպանված հրեաների աճյունը[30]։ 1991 թվականի նոյեմբերի 10-ին գնդակահարությունների վայրում հանդիսավոր բացվել է Լատվիայի միակ հուշարձանը, որ նվիրված է հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի ու Դաուգավպիլսի գետտոյի հրեաների հիշատակին[31]։ Դրա վրա նշված է զոհվածների զգալիորեն չափազանցված թիվ՝ 30 հազար մարդ[29]։

Վերականգնված «Քադիշ» սինագոգի շենքում ստեղծվել է «Հրեաները Դաուգավպիլսում և Լատգալիայում» թանգարան[32][33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Даугавпилс՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. 2,0 2,1 Рочко, 2008, էջ 175
  3. Рочко, 2009, էջ 356-357
  4. 4,0 4,1 Рочко, 2008, էջ 176
  5. Einsatzgruppe A Situation Report («Ereignismeldung») No. 24, July 16, 1941. Ezergailis, 1996, p. 272-273
  6. Տեղի բանտում հունիսի 22-26-ը ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից իսկապես սպանվել են քաղաքի մի շարք բնակիչներ, որոնց թվում է եղել հայտնի ուսուցիչ և ռուսական համայնքի հասարակական գործիչ Մելետի Կալիստրատովը։
  7. Рочко, 2008, էջ 177
  8. Рочко, 2008, էջ 177—178
  9. 9,0 9,1 Бобе, 2006, էջ 254
  10. Рочко, 2008, էջ 178
  11. Рочко, 2008, էջ 180
  12. Šteimanis, 2005, էջ 88
  13. Рочко, 2008, էջ 178—179
  14. 14,0 14,1 14,2 Рочко, 2008, էջ 183
  15. Бобе, 2006, էջ 254—255
  16. Рочко, 2008, էջ 181
  17. Рочко, 2008, էջ 181—182
  18. Ezergailis, 1996, էջ 276-279
  19. 19,0 19,1 19,2 Рочко, 2008, էջ 184
  20. 20,0 20,1 Бобе, 2006, էջ 255
  21. Залман Якуб.։ «Холокост в Даугавпилсе»։ DELFI։ Վերցված է 2015-11-20 
  22. Рочко, 2008, էջ 184—185
  23. Рочко, 2008, էջ 185
  24. Рочко, 2008, էջ 185, 209
  25. Ezergailis, 1996, էջ 275
  26. Рочко, 2009, էջ 379
  27. Šteimanis, 2005, էջ 89
  28. Рочко, 2008, էջ 186—209
  29. 29,0 29,1 Рочко, 2009, էջ 380
  30. «Daugavpils pilsētas tūrisma attīstības koncepcija» (լատվիերեն)։ Daugavpils pilsētas dome։ 2012։ էջեր C. 68։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2012-7-21 
  31. Светлана Тумасянц. Память нужна живым // Лехаим : журнал. — 2004. — № 9 (149). Архивировано из первоисточника 28 Սեպտեմբերի 2012.
  32. «DAUGAVPILS»։ daugavpils.lv։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2012-7-17 
  33. «Музей «Евреи в Даугавпилсе и Латгалии»»։ Туристический информационный центр Даугавпилсского края։ Վերցված է 2015-11-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бобе М. Евреи в Латвии / М. Баркаган. — Рига: Шамир, 2006. — С. 254-255. — 438 с. — ISBN 9984-9835-3-6
  • Рочко И. Холокост в Латгалии: Даугавпилс // Баркаган М. Уничтожение евреев Латвии 1941-1945 : сборник. — Рига: Шамир, 2008. — С. 175-209. — ISBN 978-9984-9835-6-1.
  • Рочко И. Евреи в Латгалии: исторические очерки. — Даугавпилс: Музей "Евреи в Даугавпилсе и Латгалии", 2010. — ISBN 9789984491387
  • Рочко И. "Они были нашими соседями". Из истории Холокоста в Даугавпилсе // под ред. Г. Брановера и Р. Фербера Евреи в меняющемся мире : Сборник материалов 6-й Международной конференции. — Рига: Центр изучения иудаики Латвийского университета, 2009. — С. 351-383. — ISSN 1407-785X.
  • Ezergailis A. The Holocaust in Latvia, 1941-1944: the missing center. — Historical Institute of Latvia, 1996. — 465 p. — ISBN 9789984905433
  • Barkovska G., Šteimanis J. V nodaļa. Otrā pasaules kara gados // Daugavpils vēstures lappuses. — Latgales kultūras centra izdevniecība, 2005. — ISBN 9984290840
  • Sidney Iwens. How Dark the Heavens: 1400 Days in the Grip of Nazi Terror. — 2. — Shengold Publishers, 1990. — 291 p. — ISBN 9780884001478