Ռեյնհարդ գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դատապարտված հրեա ընտանիքները պատրաստվում են Հոլոքոստի գնացքով մեկնել Տրեբլինկա Սեդլցեի գետտոյի լիկվիդացումից հետո, Ռեյնհարդ գործողություն, 1942[1]

Ռեյնհարդ կամ Ռեյնհարդտ գործողություն (գերմ.՝ Aktion/Einsatz Reinhard/Reinhardt[2]), Երրորդ ռայխի պետական ծրագրի կոդավորված անվանումը, որի նպատակն էր հրեաների ու գնչուների համակարգված ոչնչացումը գեներալ-նահանգապետության տարածքում։ «Ռեյնհարդ գործողության» շրջանակներում 1942 թվականի հուլիսից մինչև 1943 թվականի հոկտեմբեր երեք մահվան ճամբարներում (Բելժեց, Սոբիբոր և Տրեբլինկա) սպանվել են ավելի քան երկու միլիոն հրեաներ և շուրջ 50 000 գնչուներ գեներալ-նահանգապետության հինգ շրջաններից (Վարշավա, Լյուբլին, Ռադոմ, Կրակով և Գալիցիա

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր չէ ստույգ որոշել, թե երբ է տրվել Եվրոպայի հրեաների ոնչացման հրամանը, քանի որ դրա մասին ոչ մի գրավոր հիշատակում չկա։ Չկա նաև ապացույց, որ այդպիսի հրաման տրվել է Հիտլերի կողմից գրավոր կերպով։ «Եվրոպական հրեաների աղետը» աշխատության հեղինակների՝ հրեաների զանգվածային ոչնչացման որոշում կայացնելուն նացիստները հանգել են Լեհաստանի գրավումից հետո, որի հրեա բնակչության թվաքանակը գերազանցում էր երեք միլիոնը։ Արտագաղթի գաղափարից հրաժարվել սկսել են արդեն 1940 թվականի աշնան սկզբին[3]։ Պրոֆեսոր Պետեր Լոնգերիխը ենթադրում է, որ չնայած 1941 թվականին կատարված զանգվածային գնդակահարությունների՝ գլխաքանակային ոչնչացմանն անցնելն սկսվել է միայն 1942 թվականի գարնան վերջին[4]։

Այնզատցխմբերն ու ոստիկակնական գումարտակները սկսել են ոչնչացնել 17-45 տարեկան հրեա տղամարդկանց Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակումից անմիջապես հետո։ 1941 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շարժական պատժիչ զորամասերն սկսել են զանգվածային ոչնչացման ենթարկել նաև կանանց ու երեխաներին։

Հրեաների ոչնչացման կազմակերպչական խնդիրների լուծման համար Ռեյնհարդ Հեյդրիխը 1942 թվականի հունվարի 20-ին հրավիրել է Վենզեի կոնֆերանսը, որին մասնակցել են «հրեական հարցի վերջնական լուծմանը» մասնակցող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանս Ֆրանկի տեղակալ Յոզեֆ Բյուլերն իր ելույթում հայտարարել է, թե լավ կիներ սկսել այդ հարցի լուծումը գեներալ-նահանգապետությունում, քանի որ բացակայում են տրանսպորտի ու այդ գործողության իրականացման հետ կապված խնդիրները։ Հրեաները գեներալ-նահանգապետության տարածքից պետք է հեռացվեին որքան հնարավոր է արագ, քանի որ հենց այդտեղ է «հրեան՝ որպես վարակի կրող», ներկայացնում հատուկ վտանգ։ Դրանից բացի այդ տարածքում ապրող երկուսուկես միլիոն հրեաների մեծ մասն անաշխատունակ էր։

Կոնֆերանսի արդյունքը եղել է միակ կարծիքը, որ հրեաները պետք է տեղափոխվեն Եվրոպայի արևելք և ոչնչացվեն։

Հիմլերի առաջադրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնրիխ Հիմլերը գործողության կատարումը հանձնարարել էլ Լյուբլինի շրջանի ոստիկանության և ՍՍ ղեկավար Օդիլո Գլոբոչնիկին, որն այդ պաշտոնում նշանակվել էր 1939 թվականին։ Նրա մեջ Հիմլերը տեսնում էր այն մարդուն, ով «ինչպես ուրիշ ոչ մեկն ստեղծված է Արևելքի գաղութացման համար», ինչպես նա գրել է 1943 թվականի օգոստոսի 4-ին գրված նամակում, երբ խոսքը վերաբերում էր Գլոբոչնիկի պաշտոնը թողնելուն։ 1941 թվականի հուլիսի 21-ին Հիմլերը Լյուբլինի շրջանում Գլոբոչնիկի ողջ արածն ու պլանավորածը կոչել է Հենրիխի ծրագիր։ Այդ առումով «Հենրիխի ծրագրի» մաս է կազմել նաև «Ռեյնհարդ գործողության» իրականացումը։

Գործողության անվանման հետ կապ ունեն երկու անուններ․

  1. Ռայխի ֆինանսների նախարարության պետական քարտուղար Ֆրից Ռեյնհարդտ,
  2. Ռեյնհարդ Հեյդրիխ, Կայսերական անվտանգության գլխավոր վարչության պետ, որ սպանվել է 1942 թվականի հունիսին Պրահայում կատարված մահափորձի արդյունքում։

Կարելի է միայն անուղղակիորեն որոշել, թե երբ է Օդիլո Գլոբոչնիկը՝ «Ռեյնհարդ գործողության» ղեկավարը, ՍՍ ռայխսֆյուրերից ստացել հրեաների ոչնչացման հրամանը։ Ադոլֆ Այքմանը Երուսաղեմում անցկացված դատավարության ընթացքում ասել է, որ Խորհրդային Միության վրա հարձակումից երկու կամ երեք ամիս անց Հեյդրիխն իրեն հայտնել է, որ ֆյուրերը հրաման է տվել ոչնչացնել հրեաներին։ Այքմանն ասել է, թե Հեյդրիխն իրեն հրամայել է․

«Գնացեք Գլոբոչնիկի մոտ։ Ռայխսֆյուրերը արդեն նրան տվել է համապատասխան հանձնարարություններ։ Նայեք, թե ինչ առաջընթաց է նա կատարել իր նախագծով»[5]։

Լյուբլինում Այքմանը եղել է ճամբարներից մեկում, որտեղ Քրիստիան Վիրտը նրան բացատրել է հրեաների ոչնչացման համար նախատեսված գազի խցիկների կառուցվածքը։ Վիրտը եղել է Բելժեց համակենտրոնացման ճամբարի առաջին պարետը, իսկ հետագայում՝ «Ռեյնհարդ գործողության» բոլոր ճամբարների տեսուչ։ Դրանից առաջ նա մասնակցել է էֆտանազիայի ծրագրին (T4 գործողություն)։ Այդպիսով՝ հրեաների ոչնչացման պլանների մասին Գլոբոչնիկին տեղեկացրել են դեռ 1941 թվականի ամռանը։

Գրականության մեջ որպես Գլոբոչնիկին հրամանի տրման ամսաթիվ հաճախ հիշատակվում է 1941 թվականի հուլիսը։ Վերջին ուսումնասիրությունների համար հիմք է հանդիսանում այն, որ 1941 թվականի աշնանը Հիմլերը հրաման է տվել ոչնչացնել գեներալ-նահանգապետության բոլոր հրեաներին, որոնց հնարավոր չէ օգտագործել հարկադիր աշխատանքներում[6]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնհարդ գործողությունն» իր ղեկավար Օդիլո Գլոբոչնիկի մտահղացմամբ ունեցել է չորս փուլ․

  • վտարում,
  • աշխատուժի գնահատում,
  • ունեցվածքի գնահատում,
  • թաքցված արժեքների ու անշարժ գույքի բռնագրավում։

Անցկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք հավելյալ մահվան ճամբարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնհարդ գործողության» շրջանակներում հրեաների ոչնչացումը կատարվել է երեք ճամբարներում։ Բելժեց (սկսել է աշխատել 1942 թվականի մարտին), Սոբիբոր (1942 թվականի մայիսից) համակենտրոնացման ճամբարները գտնվել են Լյուբլինի շրջանում, Տրեբլինկան (1942 թվականի հուլիսից)՝ Վարշավայի շրջանում։ Ճամբարները տեղակայված են եղել մեկուսացված տարածքներում, սակայն երկաթգծի մոտ։ Չափերով նրանք եղել են ոչ մեծ, 300-400 մետր լայնությամբ, 400-500 մետր երկարությամբ։

Ճամբարները թողել են ժամանակավոր կառույցների տպավորություն։ Դրանցից յուրաքանչյուրը սկզբում ունեցել է երեքական գազի խցիկ։ Ոչնչացումը կատարվել է շմոլ գազի միջոցով։ Այդ գազն ընտրվել է այն պատճառով, որ էֆտանազիայի ծրագրի ժամանակ անձնակազմն արդեն սովորել էր սպանել դրա օգնությամբ։ Գազն արտադրվել է դիզելային շարժիչներով։ Ճամբարների գազի խցիկները ժամանակի ընթացքում սկսել են չբավականացնել դրված նպատակների իրականացմանը, այդ պատճառով էլ շուտով դրանք սկսել են մեծացնել։

Ամեն ճամբարում աշխատել է 20-30 գերմանացի։ Որպես պահակ աշխատել են 100-120 այսպես կոչված «տրավնիկներ»։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-նահանգապետության երկու միլիոն հրեաների ոչնչացման համար նացիստներից պահանջվել է զարմանալիորեն քիչ անձնակազմ։ Այն կազմված է եղել «Ռեյնհարդտի գործադիր շտաբից», որ գտնվում էր Լյուբլինում և ղեկավարվում ՍՍ շտուրմբաննֆյուրեր Գերման Հյոֆլեի կողմից, և գերմանացի 92 «փորձագետներ» «էֆտանազիայի» ծրագրից։ Նրանցից առավել հայտնի են Քրիստիան Վիրտը, Ֆրանց Շտանգլը, Իրմֆրիդ Էբերլը, Ֆրանց Ռեյխլեյտները, Գոտլիբ Հերինգը և Կուրտ Հուբերտ Ֆրանցը։ Քիչ չէին Ավստրիայի բնակիչները։ Դրանից բացի եղել են շուրջ հազար կամավորներ ուկրաինացիներից ու լիտվացիներից, այսպես կոչված տրավնիկներտ։ Տրավնիկիում է գտնվել ուսուցողական ճամբարը։ Գործողությանը մասնակցել են նաև վերմախտի ու ՍՍ զինվորականները, ոստիկանները, երկաթուղագծի աշխատակիցները և վարչությունների ծառայողները, որ համագործակցել են արտաքսման հարցում։

Ճամբարների գերմանացի աշխատակիցների թիվը կազմել է 92 մարդ (նորագույն ուսումնասիրությունների համաձայն՝ շուրջ հարյուր), որոնք «Ռեյնհարդ գործողության» իրականացման ընթացքում ենթարկվում էին ֆյուրերի գրասենյակին։ Այդ բոլոր մարդիկ եղել են «T4 գործողության» մասնակիցներ։ «T4 գործողության» հետ «Ռեյնհարդի գործողության» սերտ կապը չի սահմանափակվել միայն անձնակազմով․ ճամբարների շինարարությանը նույնպես մասնակցել են մասնագետներ «T4 գործողությունից»։ Ճամբարները հաճախ ստուգվել են «T4 գործողության» առաջատար մասնագետների կողմից։ Ճամբարների ծառայողները տարբեր դիմումներ են ուղղել T4 գործողության ղեկավարությանը, որ գտնվում էր Բեռլինում։ Ամեն շաբաթ T4-ի ցրիչը Բեռլինից Վիրտի անունով բերում էր գումար ու ճամբարների փոստը։ Դրանից բացի T4-ն ուղարկում էր նաև լրացուցիչ պարենավորում և մթերաբաժին (օրինակ՝ մեծ քանակությամբ ալկոհոլ)։

Անձնակազմը ենթարկվել է Բեռլինին, օպերատիվ կերպով՝ Գլոբոչնիկին։ Նրանք համարվել են ՍՍ անդամներ և ունեցել են ՍՍ կոչումներ։ Աշխատանքի անցնելիս նրանք Գերման Հյոֆլեի բյուրոյում ստորագրել են փաստաթուղթ չբարձրաձայնելու մասին։ Նրանք պետք է լռեին նաև «Ռեյնհարդի գործողությունից» հեռանալուց հետո, նրանց չէր թույլատրվում լուսանկարել ճամբարներում և թույլ տալ իրենց կաշառել։

Ստացված վկայությունները փաստում են, որ այդ պարտականություններն ընդունվել են ոչ այնքան լուրջ։ Բացատրագրում նշված չէ ոչ մի պատժամիջոց, որին ենթակա էին այդ կանոնները խախտողները։

Գործողությանը մասնակցելը եղել է կամավոր։ Սոբիբորի ու Տրեբլինկայի պարետ Ֆրանց Շտանգլը պատմել է, որ իրեն թույլ են տվել որոշել, թե ուզում է արդյոք մեկնել Լյուբլինի մոտ։ Ըստ իր խոսքերի՝ քանի որ ինքը չի իմացել, թե ինչ է սպասվում իրեն այնտեղ, ինքը համաձայնել է։

Ճամբարների ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնհարդ գործողության» մահվան ճամբարներ Պարեկ Սկիզբ Ավարտ
Բելժեց Քրիստիան Վիրտ դեկտեմբեր, 1941 թվական 31 հուլիսի, 1942 թվական
Գոտլիբ Հերինգ 1 օգոստոսի, 1942 թվական դեկտեմբեր, 1942 թվական
Սոբիբոր Ռիխարդ Տոմալա մարտ, 1942 ապրիլ, 1942
Ֆրանց Շտանգլ մայիս, 1942 սեպտեմբեր, 1942
Ֆրանց Ռեյխլեյտներ սեպտեմբեր, 1942 հոկտեմբեր, 1943
Տրեբլինկա Ռիխարդ Տոմալա մայիս, 1942 հունիս, 1942
Իրմֆրիդ Էբերլ հուլիս, 1942 սեպտեմբեր, 1942
Ֆրանց Շտանգլ սեպտեմբեր, 1942 օգոստոս, 1943
Կուրտ Հուբերտ Ֆրանց օգոստոս, 1943 նոյեմբեր, 1943

Զանգվածային սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաների արտաքսման կազմակերպման համար Գլոբոչնիկն ստեղծել է սեփական շտաբ Գերման Հյոֆլեի ղեկավարությամբ։ Շտաբը Լյուբլինի շրջանի ծառայությունների աշխատակիցներին արտաքսման սկսումից առաջ հայտնել է, որ անհրաժեշտ է կայարաններում հրեաներին բաժանել աշխատունակների ու անաշխատունակների։ Բոլոր անաշխատունակներն ուղարկվել են Բելժեց, որն օրական կարող էր ընդունել 4-5 տրանսպորտ՝ յուրաքանչյուրում հազարական հրեա։

1942 թվականի մարտի 17-ին սկսվել է հրեաների տեղափոխումը Բելժեց մահվան ճամբար։ Այդ փաստի մասին իմացել են ոչ միայն գործողությանը մասնակցող անձինք։ Յոզեֆ Գեբելսը 1942 թվականի մարտի 27-ին իր օրագրում գրել է․

«Հիմա գեներալ-նահանգապետությունից, սկսած Լյուբլինից, հրեաներին ուղարկում են Արևելք։ Ընդ որում գործադրվում են բավական բարբարոսական ու նկարագրման ոչ ենթակա մեթոդներ և հրեաներից քիչ բան է մնում։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նրանց 60 %-ը պետք է լիկվիդացվեն, իսկ միևնույն ժամանակ միայն 40 %-ը կարող է օգտագործվել աշխատանքներում։ Վիեննայի նախկին գաուլյայտերը (Գլոբոչնիկ), որ անցկացնում է այդ ակցիան, դա անում է բավական զգուշորեն և այնպիսի մեթոդներով, որոնք այնքան էլ աչքի չեն ընկնում։ Ֆյուրերի կանխագուշակությունը, որով նա նրանց առաջնորդել է համաշխարհային պատերազմի, սկսում է իրականանալ ամենասարսափելի ձևով»[7]։

Սակայն «Ռեյնհարդ գործողության» ընթացքում կենդանի չէր մնում հրեաների 40 %-ը։ Նրանցից շատ քչերը՝ երիտասարդներն ու ամենաուժեղները կամ ՍՍ կազմավորումներին անհրաժեշտ մասնագիտություններին տիրապետող անձինք էին որոշ ժամանակ կենդանի թողնվում որպես «աշխատող հրեաներ»։ Վերջիններս, որ ամեն ճամբարում կազմում էին մինչև հազար մարդ, հավաքում, տեսակավորում ու փաթեթավորում էին սպանվածների հագուսն ու արժեքավոր ունեցվածքը, մաքրում էին գազի խցիկները և թաղում դիակները, նախքան իրենք էլ կսպանվեին։

Շուտով ի հայտ են եկել դժվարություններ։ Ճամբարների ծավալները թույլ չեն տվել ավելացնել տեղափոխվող հրեաների թիվը, իսկ վերմախտը պահանջել է երկաթգծերի ողջ շարժական կազմը իր պահանջների համար։ 1942 թվականի մայիսին Վիրտը և մյուս գերմանացիները հեռացել են Բերժեցից՝ այդ մասին չտեղեկացնելով իրենց ենթականերին։ Մայիսի սկզբին Լյուբլին է ժամանել Վիկտոր Բրակը Հիտլերի գրասենյակից։ Նա խորհրդակցություն է անցկացրել Գլոբոչնիկի հետ հրեաների ոչնչացման հետագա ընթացքի մասին։ Բրակը բացատրել է, որ «էֆտանազիան» ավարտվել է ու «T4 գործողության» մասնակիցները կգան Լյուբլին։ Այդ հանդիպման մասին Բրակը զեկուցել է Հիմլերին 1942 թվականի հունիսի 23-ին գրած իր նամակում․

«Արդեն վաղուց ես իմ մարդկանց մի մասին փոխանցել եմ բրիգադֆյուրեր Գլոբոչնիկի տնօրինության տակ ռայխսլյայտեր Բոուլերի հանձնարարությամբ նրա հատուկ առաջադրանքի կատարման համար։ Այդ առիթով բրիգադֆյուրեր Գլոբոչնիկը հայտնել է իր նկատառումը՝ ողջ հրեական գործողությունն անցկացնել այնքան արագ, որքան հնարավոր է, որպեսզի մի գեղեցիկ օր ամեն ինչ կանգ չառնի, եթե որոշ դժվարություններ մեզ ստիպեն դադարեցնել այդ ակցիան»[8]։

Պայանջվել են հավելյայ մարդիկ, որովհետև մայիսին իր աշխատանքն է սկսել Սոբիբորը, իսկ հուլիսին՝ Տրեբլինկան։ Տրանսպորտի խնդիրը նույնպես լուծվել է։ RFSS կադրերի բաժնից Կարլ Վոլֆը ծանուցում է ստացել պետական քարտուղար Ալբերտ Գանցենմյուլլերից, որ պատասխանատու էր Ռայխի երկաթգծերի համար․ նա հայտնել է, որ 1942 թվականի հուլիսի 22-ից ամեն օր Վարշավայից Տրեբլինկա կժամանի գնացք մոտավորապես 5000 հրեաներով, դրանից բացի՝ շաբաթը երկու անգամ գնացքը 5000 հրեա կտանի Պշեմիսլից Բլեժեց։ Այդպիսով՝ գործողությունը կարող էր իրականացվել շտապ կարգով։

Շտապողականությունը պայմանավորված էր Հիմլերի՝ 1942 թվականի հուլիսի 19-ին տրված հրամանով, որով հանձնարարվում էր գեներալ-նահանգապետության ողջ հրեա բնակչության «վերաբնակեցումը» (սպանությունների կոդավորված անվանում) ավարտել մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ օրվանից հետո գեներալ-նահանգապետության տարածքում չպետք է մնար ոչ մի հրեա։

Այդ շտապողականության համար առավել ուրախ էր Գլոբոչնիկը։ Նա Հիմլերին շնորհակալություն է հայտնել նրա տեսչական այցի ու այն ողջ աշխատանքի համար, որ ստացել է ինքը։ Ականատես Կուրտ Գերշտեյնի խոսքերով՝ Գլոբոչնիկը 1942 թվականի օգոստոսի 17-ին հպարտությամբ ցույց է տվել նրան մահվան ճամբարները։ Հյուրին նա բացատրել է մահվան ճամբարների աշխատանքի եղանակն ու նշել «առավելագույն ձեռքբերումները»․ Բելժեց՝ 15 000 մարդ մեկ օրում, Սոբիբոր՝ 20 000, Տրեբլինկա՝ 25 000։ Իր այցելությունից հետո Գերշտեյնը փորձել է հասարակության սեփականությունը դարձնել տեղեկությունները մահվան ճամբարների մասին, սակայն դա նրան հաջողվել է մասամբ։

Հրեաների ոչնչացման «ռացիոնալացման» նպատակով 1942 թվականի օգոստոսին Քրիստիան Վիրտը նշանակվել է բոլոր երեք ճամբարների տեսուչ։ Գործնականում երեք ճամբարներ էլ պատրաստ էին օգտագործման 1942 թվականի ամռան վերջին։ Գազի խցիկների թիվն ավելացվել է, զանգվածային սպանությունների ժամանակ պարտականությունների բաժանումը՝ հստակեցված։ Ճամբարներն աշխատել են գրեթե առանց ընդհատումների ու բարձր արդյունավետությամբ։ Առավոտյան բերվել են կալանավորները, իսկ երեկոյան բոլոր մարմիններն արդեն եղել են դիակիզված, իսկ հագուստը՝ պահետավորված։ Դանդաղումների պատճառ կարող էր լինել միայն տրանսպորտի անբավարար լինելը։ Այսպես կոչված Հյոֆլեի հեռագրով 1942 թվականի վերջին հայտնել են 1 274 166 սպանված հրեաների մասին։

Գործողությանն էին վերաբերում նաև ներքին ու արտաքին քաղարկման տարբեր միջոցառումները․ դիակները նախ թաղվում էին հսկայական գերեզմաններում, ապա հանվել են ու դիակիզվել։

1943 թվականի ամռանը «Ռեյնհարդ գործողությունն» ավարտվել է։ Բելժեց ճամբարը կազմացրվել է, կենդանի մնացած հրեաներն ուղարկվել են այլ ճամբարներ։ Տրեբլինկայում ու Սոբիբորում տեղի են ունեցել կալանավորների ապստամբություններ, որոնց շնորհիվ ոմանք փրկվել են։ Բոլոր երեք ճամբարներից պատերազմի ավարտին կենդանի են մնացել 200-ից էլ քիչ կալանավորներ։ Մահվան ճամբարները հավասարեցվել են հողին, նրանց տարածքները կրկին կանաչապատվել են։ Լրացուցիչ քաղարկման համար նախկին մահվան ճամբարների տարաքծներում ստեղծվել են գյուղացիական տնտեսություններ։

Հաշվեկշիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնհարդ գործողությանն» է վերաբերում նաև «Բերքի տոն» գործողությունը։ Սակայն այն անցկացվել է ոչ «Ռեյնհարդ գործողության» նախկին անձնակազմի կողմից։ 1943 թվականի նոյեմբերի սկզբին Լյուբլինի շրջանում երեք օրվա ընթացքում գնդակահարվել են ճամբարներում կենդանի մնացած գրեթե բոլոր հրեաները։

Սպանված հրեաների թիվը կազմել է 1,7 միլիոնից ոչ պակաս։ 1945 թվականի մայիսին Օդիլո Գլոբոչնիկը իր նախկին ծանոթներից մեկին ասել է, թե երկու միլիոնի հարցը կարգավորվել է։

1943 թվականի նոյեմբերի 4-ին Գլոբոչնիկը Տրիեստից հայտնել է Հիմլերին, որ «Ռեյնհարդ գործողության» իրականացումը գեներալ-նահանգապետությունում ավարտվել է 1943 թվականի հոկտեմբերի 19-ին, և բոլոր ճամբարները լիկվիդացված են։ Հիմլերն իր պատասխանում շնորհակալություն է հայտնել Գլոբոչնիկին մեծ ու անկրկնելի ծառայության համար, որ նա ցույց է տվել գերմանական ողջ ժողովրդին գործողության անցկացման ընթացքում։

Գործնականում «Ռեյնհարդ գործողությունը» Երրորդ ռայխին բերել է մեծ հարստություն։ Արդեն 1942 թվականի ամռանը ստացվել էր շուրջ 50 միլիոն ռայխսմարկա արժեթղթերի, մետաղադրամների ու զարդերի ձևով, ինչպես նաև շուրջ հազար վագոն տեքստիլ, այդ թվում՝ 300 000 նոր կոստյումներ։ Գործողության արդյունքում ստացված մյուս արժեքների, օրինակ՝ անշարժ գույքի քանակն անհայտ է։

Գլոբոչնիկին հրամայվել էր ստեղծել հրեաներից ստացված արժեքների քարտադարան։ Սակայն վերակացուները իրենց են վերցրել այն ամենը, ինչ հնարավոր էր։ Այդպես են վարվել նաև պահակներն ու պահապանները սպանվածների իրերի հետ։

1944 թվականի հունվարի 5-ին կատարված վերջնական հաշվառման արդյունքում ներկայացվել են հետևյալ թվերը՝

Ստացված գումար 73.852.080,74 RM
Թանկարժեք մետաղներ 8.973.651,60 RM
Չեկեր 4.521.224,13 RM
Ոսկե մետաղադրամներ 1.736.554,12 RM
Ոսկերչական իրեր ու այլ արժեքներ 43.662.450,-- RM
Տեքստիլ 46.000.000,-- RM
Ընդհանուր 178.745.960,59 RM

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IPN (1942)։ «From archives of the Jewish deportations to extermination camps» (PDF)։ Karty (Institute of National Remembrance, Warsaw): 32։ Document size 4.7 MB։ Վերցված է 26 January 2015 
  2. 4 անվանում
  3. Михман Д. Решение о массовом и систематическом истреблении евреев // Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 3. — С. 61-63. — ISBN 965-06-0233-X
  4. Peter Longerich, Politik der Vernichtung: Eine Gesamtdarstellung der nationalsozialistische Judenverfolgung (München: Piper, 1998)
  5. Jochen von Lang: Das Eichmann-Protokoll. Tonbandaufzeichnungen der israelischen Verhöre. Berlin 1982, ISBN 3-88680-036-9, S. 69
  6. Barbara Schwindt: Das Konzentrations- und Vernichtungslager Majdanek. Würzburg 2005, ISBN 3-8260-3123-7, S. 72
  7. Ralf Georg Reuth (Hrsg.): Joseph Goebbels Tagebücher. 3. Aufl. München 2003, Bd. 4, S. 1776, ISBN 3-492-21414-2
  8. Eugen Kogon et al. (Hrsg.): Nationalsozialistische Massentötungen durch Giftgas. FiTb, Frankfurt/M 1986, ISBN 3-596-24353-X, S. 149f

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yitzhak Arad: Belzec, Sobibor, Treblinka: The Operation Reinhard Death Camps. Indiana University Press, Bloomington (Ind.) 1987, ISBN 0-253-34293-7 (engl.)
  • Christopher Browning: Ganz normale Männer: Das Reserve-Polizeibataillon 101 und die «Endlösung» in Polen. Rowohlt, Reinbek bei Hamburg 1993, ISBN 3-499-19968-8
  • Raul Hilberg: Die Vernichtung der europäischen Juden. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt a.M. 1990, ISBN 3-596-24417-X
  • Ernst Klee, Willi Dreßen, Volker Rieß (Hrsg.): «Schöne Zeiten»: Judenmord aus der Sicht der Täter und Gaffer. S. Fischer, Frankfurt a.M. 1988, ISBN 3-10-039304-X
  • Ernst Klee: Was sie taten — Was sie wurden. Frankfurt am Main 1986, ISBN 3-596-24364-5
  • Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich: Wer war was vor und nach 1945. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2005, ISBN 3-596-16048-0
  • Eugen Kogon, Hermann Langbein, Adalbert Rückerl (Hrsg.): Nationalsozialistische Massentötungen durch Giftgas. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt a.M. 1986, ISBN 3-596-24353-X.
  • Gitta Sereny: Am Abgrund. Gespräche mit dem Henker. Franz Stangl und die Morde von Treblinka. Piper, München 1995, ISBN 3-492-11867-4
  • Peter Witte, Stephen Tyas: A New Document on the Deportation and Murder of Jews during «Einsatz Reinhardt» 1942. In: Holocaust Genocide Studies 15 (2001), S. 468—486.
  • Informationsmaterial des Bildungswerks Stanislaw Hantz e.V.: Belzec, Reader — basiert auf einem bisher unveröffentlichten Manuskript des Historikers und Leiters der Gedenkstätte Belzec Robert Kuwalek

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]