Խելմնո
Տեսակ | մահվան ճամբարներ և Համակենտրոնացման ճամբար |
---|---|
Երկիր | ![]() |
Վայր | Խելմնո, General Government, Նացիստական Գերմանիա |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Խելմնո (գերմ.՝ Kulmhof, Քուլմհոֆ, 1941-1945 թվականներ), առաջին մահվան ճամբարը, որը նախատեսված էր հրեաներին և գնչուներին զանգվածաբար ոչնչացնելու նպատակով: Այս ճամբարը Նացիստական Գերմանիայի կողմից կառուցվել է բռնազավթված Լեհաստանի տարածքում՝ Դոմբե քաղաքի մոտակայքում՝ Վարտելանդ ռեյխսգաուում, Լոձ քաղաքից 70 կմ հյուսիս-արևելք: Քուլմհոֆը դարձավ առաջին տեղը «Օստ» պլանի տարածքից դուրս, որտեղից սկսվեց իրագործվել հրեաների զանգվածային ոչնչացումը:
Ճամբարը կազմված էր երկու հատվածներից, որոնք միմյանցից հեռու էին չորս կիլոմետրով: Ճամբարը պաշտոնապես անվանում էին «զոնդերկոմանդո Քուլմհոֆ»[1], որը ղեկավարում էր հաուպշտուրմֆյուրեր Լանգեն, իսկ 1942 թվականից հաուպշտուրմֆյուրեր Բոտմանը: Նրանք գտնվում էին Կայսերական անվտանգության գլխավոր վարչության ենթակայության ներքո, որը Բեռլինում էր: «Զոնդերկոմանդոյին» օգնելու նպատակով այստեղ ուղարկվեցին ոստիկանության 20 ծառայակիցներ և 120 ոստիկանական պահակախմբի ներկայացուցիչներ:
Խելմնոյում զանգվածային սպանությունները սկսվեցին 1941 թվականի դեկտեմբերի 7-ից: Չնայած գաղտնիությանը, այս մահվան ճամբարից կատարվեցին մի շարք փախուստներ, որոնց պատճառով Հակահիտլերյան կոալիցիայի երկրներն իմացան ճամբարի գոյության մասին. մասնավորապես 1942 թվականի փետրվարի սկզբին: Խելմնոյում կոտորված մարդկանց ընդհանուր թվաքանակը կազմել է ավելի քան 320.000 մարդ[2], որոնցից 98 %-ը կազմում էին էթնիկ հրեաները իսկ մնացածը հիմնականում գնչուներ էին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ժուխովյան անտառում Լեհաստանի կառավարությունը Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան տեղադրեց:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուլմհոֆի առաջին զոհերը դարձան հարակից շրջանների հրեաները: Այդ շրջաններն էին՝ Կոլո, Դոմբե, Սոմպոլնո, Կլոդավա, Բաբյակ, Դեմբի Շլյախեցկե, Կովալե Պանսկե, Իզբիցա Կույավսկա, Նովինի Բրդովսկե, Գրոձեց: 1942 թվականի հունվարի կեսերից այստեղ սկսեցին կոտորել նաև Լոձի հրեաներին: Հունվարի 16-ից 21-ը Խելմնոյում ոչնչացվեցին 10 003 հրեաներ, փետրվարի 22-ից ապրիլի 2-ը՝ 34 073, սեպտեմբերի 5-ից 12-ը՝ 15 859 հրեաներ[3]: Այդ թվաքանակների կազմի մեջ էին նաև հրեաներ Գերմանիայից, Ավստրիայից, Չեխոսլովակիայից, Լյուքսեմբուրգից, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Լոձի գետտո: Քուլմհոֆում սպանվեցին գրեթե հինգ հազար գնչուներ, որոնք պահվում էին Լոձի գետտոյի հատուկ թաղամասում: Մինչև 1943 թվականի մարտը Խելմնոյում սպանվեցին ևս տասնհինգ հազար հրեաներ Լոձի գետտոյից, որոնք պահվում էին Վարտլանդի շրջանի աշխատանքային ճամբարներում: Բացի հրեաներից և գնչուներից, այս մահվան ճամբարում սպանվել են նաև մի քանի հարյուր լեհեր, որոնք մեղադրվում էին Խորհրդային իշխանություններին հարելու մեջ: Ճամբարում կոտորվել են նաև 88 չեխ երեխաներ Լիդիցե բնակավայրից:
Զոհերի մեծամասնությանն այստեղ են տեղափոխել ապրանքատար վագոններով դեպի Պովերչե կայարան, որտեղից բեռնատարներով տեղափոխվել են Խելմնո մահվան ճամբար: Մարդկանց բերում էին ճամբարի դիմաց և հայտարարում, որ բերվել են աշխատանքային ճամբար և պետք է սկզբից անցնեն այսպես կոչված «սանիտարական մշակում», իսկ հետո հագուստները վերցվում էին իբր թե «վարակազերծման»: Դրանից հետո անձանց կիսում էին 50 կամ 70 հոգանոց խմբերի և տեղափոխում մահվան ճամբարի առաջին հարկ, որտեղ նրանց ստիպում էին հանվել: Հաջորդիվ կալանավորներին ուղղորդում էին թունել, որտեղ ցուցանակներ էին փակցված, որոնք դեպի «լոգասենյակի» ճանապարհն էին նշում: Թունելի վերջում կանգնած էր փակ բեռնատար՝ թափքի բաց դռնով[4]: Սա հատուկ հարմարեցված երեք բեռնատարներից մեկն էր, որը կոչվում էր գազվագեն ու իրենից ներկայացնում էր խեղդամահ անող մեքենա. սրանք Ռենո մակնիշի մեքենաներ էին: Բեռնատարը ուղևորվում էր «անտառային ճամբար»: Ճանապարհի ընթացքում ուղևորները խեղդամահ էին լինում և միանգամից անտառում կամ թաղում էին, կամ էլ այրում: Նոր ճամբար բերվածներին գազվագենի աղմուկը բացատրում էին իբրև գործարանային տուրբինների աղմուկ: Բուն խեղդամահ անող մեքենաները քողարկված էին որպես կահույք տեղափոխեղ բեռնատարներ[4]:
Անտառում հուղարկավորումներով և դիակիզումներով զբաղվում էին 30-ից 40 գերեզմանափորներ, որոնք ընտրվել էին ճամբար տեղափոխած հրեաներից: Նրանց պահում էին խիստ հսկողության տակ՝ հատուկ պահակներով: Չնայած խիստ ռեժիմին, մի քանի անգամ փախուստի փորձեր կատարվեցին այստեղից. սակայն միայն երկու հոգու հաջողվեց փախչել՝ Միխեիլ Պոդխլեբնիկ և Յակով Գրոյանովսկի: Վերջինս (այս անունն ըստ էության մտացածին է) փախչել է 1942 թվականի հունվարի կեսերին և հասել է մինչև Վարշավայի գետտո, որտեղ հրեական «Օնեգ շաբբատ» ընդհատակին հաղորդել է Խելմնոյի սպանդի մասին: Այս տեղեկությունը տրամադրվեց Կրայովի բանակին, որը արագորեն տեղեկությունները հասցրեց Լեհաստանի տարագրված կառավարությանը:
1943 թվականի մարտին նացիստական ղեկավարները որոշեցին վերացնել Խելմնո համակենտրոնացման ճամբարը: Խելմնո դղյակն ու երկու դիակիզարանները ավերվեցին, իսկ ճամբարի անձնակազմը տեղափոխվեց Հարավսլավիա և մտավ «Էուգեն արքայազն» դիվիզիայի կազմ, որը մարտնչում էր հարավսլավական պարտիզանական ջոկատների դեմ: Հրեաների ոչնչացման աշխատանքները վերսկսվեցին 1944 թվականի ապրիլին, երբ որոշվեց վերացնել նաև Լոձի գետտոն: Բոտմանն ու «Քուլմհոֆի զոնդերկոմանդոյի» անդամներին ու Բոտմանին հրամայվեց վերադառնալ Խելմնո: Այստեղ կառուցվեցին երկու բարաքներ 20×10 մետր չափերով, որտեղ կրկին հին մեթոդով պիտի մարդկանց ոչնչացնեին. վերականգնվեցին նաև դիակիզարանները: 1944 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը սպանվեցին 7176 հրեաներ Լոձի գետտոյից: Սական 1944 թվականի հուլիսի կեսերին նացիստները Լոձի հրեաներին արդեն ոչ թե Խելմնո տեղափոխեցին, այլ Օսվենցիմ, որտեղ գազային խցիկների հզորությունը տասնյակ անգամ բարձր էր:
1944 թվականի սեպտեմբերի սկզբին «Քուլմհոֆի զոնդերկոմանդոյի» անդամները վերադարձան Խելմնո, որտեղ սկսեցին զբաղվել սպանվածների դիակիների այրելով: Այս աշխատանքի համար 50 հրեա կալանավորներ նշանակվեցին: 1945 թվականի հունվարին, երբ Կարմիր բանակի զինվորները եկան Խելմնո, նացիստները որոշեցին գնդակահարել այդ հրեաներին, սակայն ակտիվ դիմադրության արժանացան և երեք հոգի կարողացավ փախուստի դիմել:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ USHMM (մայիսի 11, 2012)։ «Chelmno» (permission granted to be reused, in whole or in part, on Wikipedia; OTRS ticket no. 2007071910012533 confirmed)։ Holocaust Encyclopedia։ United States Holocaust Memorial Museum, Washington, DC։ Վերցված է մայիսի 12, 2013։ «Text from USHMM has been released under the GFDL. The website can offer no guarantee that the information is correct in each circumstance.»
- ↑ JTA (հունվարի 22, 1963)։ «Jewish Survivors of Chelmno Camp Testify at Trial of Guards»։ JTA Archive։ Jewish Telegraphic Agency։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-20-ին։ Վերցված է 2013-05-17
- ↑ JVL (2013)։ «Chelmno (Kulmhof)»։ The Forgotten Camps։ Jewish Virtual Library.org։ Վերցված է 2013-05-10
- ↑ 4,0 4,1 Хелмно՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Holocaust Encyclopedia։ «Chełmno» (permission granted to be reused, in whole or in part, on Wikipedia; OTRS ticket no. 2007071910012533 confirmed)։ United States Holocaust Memorial Museum։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 5, 2007-ին։ Վերցված է հուլիսի 26, 2007։ «Text from USHMM has been released under the GFDL. The website can offer no guarantee that the information is correct in each circumstance.»
- Alan Heath, The death camp at Chełmno nad Nerem (video essays)
- Montague Patrick (2012)։ Chelmno and the Holocaust: A History of Hitler's First Death Camp։ London: I.B.Tauris։ ISBN 978-0-807-83527-2
- Yad Vashem, Resources about Chełmno, http://www1.yadvashem.org/yv/en/holocaust/resource_center/item.asp?GATE=Z&list_type=3-0&TYPE_ID=5&TOTAL=&pn=1&title=Chelmno
- Briar Rose, Jane Yolen's interweaving of the fairy tale of Sleeping Beauty with a young girl's grandmother's memories of Chelmno
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Konin Regional Museum: Chelmno
- Gedenkstätte Kulmhof / Chelmno – Aufnahmen vom April 2011 Archived 2017-03-05 at the Wayback Machine.
- deathcamps: Gaswagen
- deathcamps: Chelmno
- Gedenkstätte in Google Maps/Earth
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Vernichtungslager Kulmhof կատեգորիայում։ |