Jump to content

Բունկերներ Ալբանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բունկերներ Ալբանիայում
Նկարագրություն
Տեսակgroup of structures or buildings?
Երկիր Ալբանիա
Կառուցված1967–1986
Շինանյութբետոն
Օգտագործվան մեջ1967–1991
 Bunkers in Albania Վիքիպահեստում

Բունկերներ Ալբանիայում (ալբ․՝ bunkerët), հարյուր հազարավոր բետոնե ռազմական բունկերներ, որոնք հանդիպում են Ալբանիայում ամենուր. յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա հանդիպում են միջին հաշվով 5,7 բունկեր (14,7-ը մեկ քառակուսի մղոնի վրա)։ Բունկերներն Ալբանիայում կառուցվել են 1960-ականներից մինչև 1980-ական թվականներին, հոջայիզմի տարիներին՝ առաջնորդ Էնվեր Հոջայի գլխավորությամբ, երբ ռեժիմն ամրակառուցապատել է Ալբանիան՝ կառուցելով ավելի քան 750,000 բունկեր[1][2][3]։

Հոջայի «բունկերացման» (բունկերիզացման) ծրագիրը հանգեցրել է այն ժամանակվա Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության բոլոր անկյուններում բունկերների կառուցմանը, սկսած լեռնանցքներից մինչև քաղաքի փողոցներ։ Հոջայի ղեկավարած տարիներին դրանք երբեք չեն օգտագործվել ըստ կառուցման նպատակի։ Դրանց կառուցման ծախսերի արդյունքում մսխվում էին Ալբանիայի ռեսուրսները՝ շեղելով նրանց երկրի բնակարանային անբավարարության և վատ ճանապարհների խնդիրները լուծելուց։

Բունկերները լքվել են 1992 թվականին կոմունիստական կառավարության լուծարումից հետո։ Մի քանիսն օգտագործվել են 1997 թվականի Ալբանիայի ապստամբության և 1999 թվականի Կոսովոյի պատերազմի ժամանակ։ Շատերն այժմ լքված են, թեև որոշները կրկին օգտագործվում են, բայց տարբեր նպատակներով, ներառյալ՝ որպես բնակելի կացարաններ, սրճարաններ, պահեստներ և կենդանիների կամ անօթևանների ապաստարաններ[4]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչև իր մահը՝ 1985 թվականի ապրիլին, Էնվեր Հոջան վարում էր քաղաքականություն, որը հիմնված էր կոշտ ստալինիզմի, ինչպես նաև մաոիզմի փորձի վրա։ Նա Խորհրդային Միության հետ կապերը խզեց այն բանից հետո, երբ Նիկիտա Խրուշչովը սկսեց իր բարեփոխիչ ձնհալը, 1968 թվականին Ալբանիան դուրս բերեց Վարշավայի պայմանագրից՝ ի նշան բողոքի Վարշավայի պայմանագրի Չեխոսլովակիա ներխուժման, իսկ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի 1972 թվականին Չինաստան կատարած այցից հետո Չինաստանի հետ նույնպես խզեց հարաբերությունները[5]։

Նրա կառավարությունը թշնամաբար էր տրամադրված նաև երկրի անմիջական հարևանների նկատմամբ։ Ալբանիան չդադարեցրեց իր պատերազմական վիճակը Հունաստանի հետ, որը գալիս էր Երկրորդ համաշխարհային պատերազմից, մինչև 1987 թվականը` Հոջայի մահից երկու տարի անց, հարավային Ալբանիայում Հունաստանի տարածքային հավակնությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի կարգավիճակի պատճառով[6]։

Հոջան կատաղի թշնամաբար էր տրամադրված Հարավսլավիայում Յոսիպ Բրոզ Տիտոյի կառավարության նկատմամբ՝ մեղադրելով Տիտոյի կառավարությանը, քանի որ համարում էր, որ այն պահպանում է «հակամարքսիստական և շովինիստական վերաբերմունք մեր կուսակցության, մեր պետության և մեր ժողովրդի նկատմամբ»։ Նա պնդում էր, որ Տիտոն մտադիր էր տիրել Ալբանիան և այն դարձնել Հարավսլավիայի յոթերորդ հանրապետություն, և քննադատում էր Հարավսլավիայի կառավարության վերաբերմունքը Կոսովոյում էթնիկ ալբանացիների նկատմամբ՝ պնդելով, որ «հարավսլավական առաջնորդներն այնտեղ բնաջնջման քաղաքականություն են վարում»[7]։

Ալբանիան որոշակի կապեր պահպանում էր արտաքին աշխարհի հետ՝ առևտուր անելով չեզոք երկրների հետ, ինչպիսիք են Ավստրիան և Շվեդիան, իսկ հտո կապեր հաստատեց Ադրիատիկ ծովով իր նախկին զավթիչ Իտալիայի հետ։ Այնուամենայնիվ, ներքին վերահսկողության մի փոքր թուլացումը Հոջան սահմանափակեց 1973 թվականին ռեպրեսիաների և զտումների նոր ալիքով, որն ուղղված էր անհատների, երիտասարդների և զինվորականների դեմ, քանի որ մտավախություն ուներ, որ նրանք կարող էին սպառնալ երկրում իր ունեցած վերահսկողությանը։

1976 թվականին ընդունվեց նոր սահմանադրություն, որը մեծացրեց Լեյբորիստական կուսակցության վերահսկողությունը երկրում, սահմանափակեց մասնավոր սեփականությունը և արգելեց օտարերկրյա վարկերը[8]։ Երկիրը ընկղմվեց տասնամյա մեկուսացման և տնտեսական լճացման մեջ՝ գործնականում կտրված լինելով արտաքին աշխարհից[9]։

Ռազմական դոկտրին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բունկեր գերեզմանատանը

Սկսած 1967 թվականից և շարունակվելով մինչև 1986 թվականը, Ալբանիայի կառավարությունն իրականացրել է «բունկերիզացման» քաղաքականություն, որի արդյունքում կառուցվել են հարյուր հազարավոր բունկերներ ամբողջ երկրում[9]։ Դրանք կառուցվել են ամեն հնարավոր վայրում՝ սկսած «լողափերից և սարերից, խաղողի այգիներում և արոտավայրերում, գյուղերում և քաղաքներում, նույնիսկ Ալբանիայի լավագույն հյուրանոցի խնամված սիզամարգերում»[10]։ Հոջան ենթադրում էր, որ Ալբանիան պատերազմում է երկու ճակատով Հարավսլավիայի, ՆԱՏՕ-ի կամ Վարշավայի պայմանագրի կողմից կազմակերպված հարձակման դեմ, որը ներառում է մինչև տասնմեկ թշնամու օդադեսանտային դիվիզիաների միաժամանակյա ներխուժում։

Եթե մենք թեկուզ մի պահ թուլացնեինք մեր զգոնությունը կամ թեթևացնեինք մեր պայքարը մեր թշնամիների դեմ, նրանք անմիջապես կհարվածեին այն օձի պես, որը կծում և ներարկում է իր թույնը, նախքան կհասցնես նկատել[11]։

Ալբանիայի ռազմական դոկտրինան հիմնված էր «ժողովրդական պատերազմի» հայեցակարգի վրա՝ հիմնվելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ալբանական դիմադրության փորձի վրա, որը ղեկավարել էր Հոջան[12]։ Պարտիզանների հաղթանակը լայնածավալ առասպելականացվել էր Հոջայի ռեժիմի կողմից, որն օգտագործում էր իր պատերազմական հաջողությունները` իր իշխանությունը օրինականացնելու նպատակով։ Ալբանիայի ժողովրդական բանակը հիմնված էր պարտիզանական մոդելի վրա և կառուցված էր հետևակային ստորաբաժանումների շուրջ. կանոնավոր ուժերի 75 տոկոսը և պահեստազորի 97 տոկոսը ներգրավված էին հետևակում[13]։

Պարտիզանական ռազմավարությունը լեռնային պարտիզանական պատերազմն է, որի ժամանակ մարդիկ ապաստան են գտնում լեռներում և արշավում դեպի ավելի քիչ պաշտպանվող ցածրադիր վայրերի վրա։ Իսկ Հոջան նպատակ ուներ պաշտպանել Ալբանիայի ազգային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն «ամեն գնով»[14], ինչը պահանջում էր պաշտպանել նաև ցածրադիր վայրերը։ Հետևաբար, բունկերները նախատեսված էին ամբողջ երկրում պաշտպանական դիրքեր ստեղծելու համար։ Ավելի փոքրերը դասավորված էին շարքերով, որոնք գտնվում էին հրամանատարական մեծ բունկերի տեսադաշտում, որը մշտապես համալրված էր անձնակազմով։ Մեծ բունկերների հրամանատարները ռադիոկապով շփվում էին իրենց վերադասի հետ, իսկ փոքր բունկերների անձնակազմի հետ՝ վիզուալ ազդանշանների միջոցով, որոնք հնարավոր էր տեսնել բունկերներիի վրա արված ճեղքերից[15]։

Ռեժիմը նաև ինտենսիվորեն ձգտում էր ռազմականացնել խաղաղ բնակչությանը։ Մոտ երեք միլիոն բնակչությունից 800 հազար մարդ ինչ-որ կերպ ծառայել է պաշտպանությանը` սկսած կանոնավոր զինված ուժերից և պահեստազորից մինչև քաղաքացիական պաշտպանություն և ուսանողական զինված երիտասարդական ստորաբաժանումներ։ Կառավարությունը, շատ դեպքերում, պետական ձեռնարկատերերին և հանրային ծառայություններին նույնպես տրվել է պաշտպանության դերեր, ինչը նշանակում է, որ գրեթե ողջ բնակչությունն այս կամ այն կերպ ներգրավվել է պետական պաշտպանության պլանավորման շրջանակի մեջ[16]։

Բունկեր Շկոդեր քաղաքի փողոցներից մեկում
Ենթադրվում էր, որ փողոցի բնակիչները կպահպանեն այն

Երեք տարեկանից ալբանացիներին սովորեցնում էին, որ նրանք պետք է «զգոն լինեն թշնամու համար ներսում և դրսում», իսկ քարոզչական կարգախոսները մշտապես շեշտում էին զգոնության անհրաժեշտությունը[17]։ Քաղաքացիներին 12 տարեկանից սովորեցնում էին տեղավորվել մոտակա բունկերում՝ զավթիչներին ետ մղելու համար[10]։ Տեղական կուսակցական բջիջները կազմակերպում էին, որ ընտանիքներն իրենց տեղանքի բունկերները մաքրեն և պահպանեն[11]։ Նաև քաղաքացիական պաշտպանության զորավարժություններ էին անցկացվում ամսական առնվազն երկու անգամ՝ մինչև երեք օր տևողությամբ, որոնց ընթացքում երկու սեռի զինվորական տարիքի քաղաքացիներին էլ տրվում էին հրացաններ (բայց ոչ` զինամթերք)[18]։

«Էնվերի պիոներներ» կոչվող հոջաիստական երիտասարդական շարժման անդամները վարժեցվում էին պաշտպանվելու օդադեսանտային ներխուժումից՝ ծառերի գագաթներին սրածայր ցցեր ֆիքսելով, որ իջնող օտարերկրյա պարաշյուտիստները ցցերով խոցվեին[19]։ Չնայած բնակչության ռազմականացմանը, Ալբանիայի պաշտպանական համակարգը մեծապես անարդյունավետ էր և քիչ էր հաշվի առած երկրի իրական պաշտպանական կարիքները. ուսուցումը նվազագույն էր, վառելիքն ու զինամթերքը՝ սակավ, համազգեստն ու տեխնիկան՝ անորակ, զենքերը հնացած էին, իսկ զինվորականները չունեին համապատասխան հրամանատարության և հսկողության համակարգ[12]։

Բունկերի տեսակները Ալբանիայում
«Qender Zjarri» կամ QZ կրակակետ
իրար հետ կապված բունկերների «եռյակ շարք» Հիմարայի ափին
(Հարավային Ալբանիա)
Մեծ «Pike Zjarri» կրակակետ
բունկեր Ալբանիա-Հյուսիսային Մակեդոնիա սահմանին|align=center|title=Բունկերի տեսակները Ալբանիայում

Բունկերները կառուցվել են բետոնից, պողպատից և երկաթից և դրանց չափսերը տատանվում են մեկ կամ երկու անձի համար նախատեսված հրազենքի բացվածքներով բունկերներից[10] մինչև խոշոր ստորգետնյա միջուկային ռումբերի ապաստարաններ, որոնք նախատեսված էին կուսակցության ղեկավարության և հրամանատարության համար[20]։ Բունկերի ամենատարածված տեսակը գետնի մեջ խրված փոքրիկ բետոնե գմբեթն է, որի շրջանաձև հատակը ձգվում է դեպի ներքև, բավական մեծ է, որպեսզի մեկ կամ երկու հոգի կարողանան ներսում կանգնել։ Հայտնի են որպես Qender Zjarri («կրակային դիրք») կամ QZ բունկերներ, դրանք պատրաստվել և տեղափոխվել են իրենց տեղակայման դիրքեր, որտեղ էլ վերջնական հավաքվել են։ Դրանք բաղկացած են երեք հիմնական տարրերից՝ 3 մ (9,8 ֆուտ) տրամագծով կիսագնդաձև բետոնե գմբեթ՝ կրակելու ճեղքով, գմբեթի հենարան գլանի խոռոչով և գլանից ավելի մեծ` 60 սմ (24 դյույմ) շառավղով արտաքին պատով։ Գլանի և արտաքին պատի միջև եղած բացակը լցված է հողով[21]։

Ափի երկայնքով տարբեր վայրերում մեծ թվով QZ բունկերներ են կառուցվել երեքական խմբերով, որոնք միմյանց հետ կապվել են հավաքովի բետոնե թունելով։ Ուրիշ վայրերում բունկերները կառուցվել են խմբերով` երկրի ռազմավարական կետերի շուրջ կամ գծերով՝ տարածքի տարբեր հատվածներում[22]։ Հատկապես խիստ պաշտպանված էր Տիրանան՝ հազարավոր բունկերներով, որոնք հիսուն համակենտրոն շրջաններով շրջապատում էին քաղաքը[23]։

QZ բունկերը նախագծել է ռազմական ինժեներ Յոսիֆ Զագալին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է պարտիզանների հետ, իսկ պատերազմից հետո վերապատրաստվել Խորհրդային Միությունում[24]։ Նա նկատել էր, որ գմբեթաձև ամրությունները գործնականում անթափանց են հրետանային կրակի և ռումբերի համար, որոնք պարզապես ռիկոշետով հետ էին թռչում գմբեթին դիպչելիս[10]։ Նա օգտագործեց իր գիտելիքները՝ հետագայում ամենուր տարածված գմբեթաձև բունկերների նախագծման համար։ Հոջան ի սկզբանե հիացած էր դիզայնով և կառուցվեցին Զագալիի հազարավոր բունկերներ[10]։

Ինքը՝ Զագալին, ստացել է գնդապետի կոչում և դարձել Ալբանիայի պաշտպանության նախարարության գլխավոր ինժեներ։ Այնուամենայնիվ, Հոջայի պարանոյան հանգեցրել է նրան, որ 1974 թվականին Զագալին հեռացվել է և ութ տարի ազատազրկվել «դիվերսիայի» կեղծ մեղադրանքներով՝ որպես «օտարերկրյա գործակալ»։ Նրա կինը խելագարվեց, նրա ընտանիքը խուսափում էր հանդիպել ընկերներին և ծանոթներին, իսկ դուստրը մահացավ կրծքի քաղցկեղից։ Զագալին ավելի ուշ ասել է, որ դա «ցավալի և ողբերգական ճակատագիր էր ոչ միայն իմ և իմ ընտանիքի, այլ Ալբանիայում հազար-հազարավոր նման ընտանիքների համար, ովքեր ապրել են Էնվեր Հոջայի բռնապետան տարիներին»[24]։ Նրա փորձառությունները հետագայում օգտագործվել են որպես «Գնդապետ Բունկեր» ֆիլմի հիմք, որը նկարահանել է ալբանացի ռեժիսոր Քույտիմ Չաշկուն[11]։

Հրամանատարության և կառավարման բունկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամանատարության և կառավարման բունկերները, որոնք հայտնի են որպես Pike Zjarri («կրակման կետ») կամ PZ բունկերներ, նույնպես պատրաստվել և հավաքվել են տեղում։ Դրանք QZ բունկերներից շատ ավելի մեծ և ծանր են, 8 մետր տրամագծով (26 ֆտ)։ Դրանք պատրաստվել են մի շարք բետոնե շերտերից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է ութ կամ ինը տոննա, որոնք միասին բետոնացվել են տեղում՝ իրար միացած գմբեթ ստեղծելու համար։ Ամբողջը հավաքված վիճակում կշռում են 350-400 տոննա[25]։

Խոշոր բունկերներ և թունելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել են նաև ռազմավարական նպատակներով ավելի մեծ` երրորդ կատեգորիայի «հատուկ կառույցներ»[26]։ Ամենամեծը բունկերային համալիրներն էին, որոնք թունելներով սարերի մեջ էին։ Մայրաքաղաք Տիրանայի մոտ գտնվող Լինցում կառուցվել են մոտ 2 կիլոմետր (1,2 մղոն) երկարությամբ թունելների ցանց` ներքին գործերի նախարարության և Սիգուրիմիի (գաղտնի ոստիկանություն) անդամներին միջուկային հարձակումից պաշտպանելու համար[20]։ Ուրիշ վայրերում հազարավոր կիլոմետրանոց թունելներ են կառուցվել՝ քաղաքական, ռազմական և արդյունաբերական օբյեկտների համար։ Համարվում է, որ Ալբանիան դարձել է աշխարհի ամենա շատ թունելներով երկիրը Հյուսիսային Կորեայից հետո[24]։ Թունելները կառուցվել են մեծ գաղտնիության պայմաններում։ Ինժեներական թիմերին թույլ չի տրվել շինարարության ավարտին հասնել. նրանց ամեն ամիս տեղափոխում էին մի տեղամասից մյուսը[20]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բունկերների շարան Վերմոշի դաշտում (Շկոդերի գավառ)

Բունկերացման ծրագիրը հսկայական ծախս էր Ալբանիայի թույլ տնտեսության համար։ Միայն հավաքովի բունկերների կառուցումը կազմել է ամբողջ արտադրանքի գումարի միայն մոտ երկու տոկոսը[11], բայց երեք անգամ ավելի շատ բետոն օգտագործելու արդյունքում, ընդհանուր առմամբ, բունկերներն արժեցել են երկու անգամ ավելի թանկ, քան Ֆրանսիայի Մաժինոյի գիծը[27]։ Ծրագիրը ռեսուրսներ էր վերցնում երկրի զարգացման այլ ձևերից, ինչպիսիք են ճանապարհները և բնակելի շենքերը։ Միջին հաշվով, նրանցից յուրաքանչյուրը երկու սենյականոց բնակարանին համարժեք էր, և դրանց կառուցման համար օգտագործվող ռեսուրսները կարող էին հեշտությամբ լուծել Ալբանիայում բնակարանների խիստ պակասը[28]։ Ըստ Ջոսիֆ Զագալիի, քսան փոքր բունկերների կառուցումն արժեցել է այնքան, որքան մեկ կիլոմետր ճանապարհ կառուցելը։ Դա նաև մարդկային ռեսուրսների վատնում էր. տարեկան 70–100 մարդ էր մահանում բունկերների կառուցման ժամանակ[24]։ Բացի այդ, բունկերները գրավել և խոչընդոտել են վարելահողերի զգալի տարածք[28]։

Բունկերների գիծ Դհերմիում, Հիմարա համայնքում (Վլյորայի գավառ)

Երկրի բունկերիզացումն ունեցել է հետևանքներ, որոնք դուրս էին լանդշաֆտի վրա դրանց ամենուր առկա ֆիզիկական ազդեցությունից։ Կուսակցության կողմից բունկերը ներկայացվում էին` որպես Ալբանիայի օտար ուժերին ենթարկվելը կանխելու, և՛ խորհրդանիշ, և՛ գործնական միջոց, սակայն ոմանք դրանք համարել են որպես Հոջայի մեկուսացման քաղաքականության կոնկրետ արտահայտություն, որպես արտաքին աշխարհը հեռու պահելու միջոց։ Որոշ ալբանացիներ դրանք տեսնում էին որպես ահաբեկման և վերահսկողության ռեպրեսիվ խորհրդանիշ։

Ալբանացի գրող Իսմայիլ Կադարեն իր 1996 թվականի «Բուրգը» այլախոհական վեպում[29] օգտագործել է բունկերները՝ խորհրդանշելու Հոջայի ռեժիմի դաժանությունն ու վերահսկողությունը, մինչդեռ ալբանացի ռեժիսոր Քույտիմ Չաշկուն բունկերը բնութագրել է որպես «տոտալիտարիզմի խորհրդանիշ»՝ ելնելով ռեժիմի մարմնավորած «մեկուսացման հոգեբանությունից»[11]։ Բունկերացման ծրագիրը «լայնածավալ շինարարության մոդելի» ձև էր, որն «ունի կարգապահական ներուժ՝ որպես բնակչությանը տվյալ կանոնակարգին ծանոթացնելու միջոց»[11]։

Հոջայի «ժողովրդական պատերազմի» ռազմավարությունը հակասություն է առաջացրել նաև ալբանական բանակի հետ։ Բունկերները քիչ ռազմական արժեք են ներկայացրել՝ համեմատած պայմանականորեն հագեցած և կազմակերպված պրոֆեսիոնալ բանակի հետ։ Ինչպես նշել է մեկնաբաններից մեկը. «Որքա՞ն ժամանակ կարող է դիմանալ մարդն առանձին վերցրած բունկերում։ Ինչպե՞ս եք լրացնելու յուրաքանչյուր առանձին բունկերի պաշարները։ Ինչպե՞ս են նրանք կապվելու միմյանց հետ»[30]։ Ալբանիայի պաշտպանության նախարար և Ալբանիայի Քաղբյուրոյի անդամ գեներալ Բեքիր Բալլուկուն 1974 թվականի ելույթում հրապարակայնորեն քննադատել է բունկերացման համակարգը և վիճարկել Հոջայի այն տեսակետը, որ Ալբանիայի համար հավասարապես վտանգավոր են Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը[31]։ Նա պնդել է, որ Ալբանիան կարիք ունի ժամանակակից, լավ սարքավորված պրոֆեսիոնալ բանակի, այլ ոչ թե վատ պատրաստված և հագեցած քաղաքացիական միլիցիայի։ Հոջան պատասխանել է Բալակուին ձերբակալելով` մեղադրելով նրան չինացիների գործակալ լինելու և ռազմական հեղաշրջում իրականացնելու համար աշխատելու մեջ։ «Դավաճան Բալակու» կոչված գեներալը և նրա համախոհները դատապարտվել են և պատժվել «պրոլետարիատի դիկտատուրայի օրենքներով», այսինքն՝ մահապատժի են ենթարկվել[31]։

Բազմաթիվ այլ ռազմական գործիչներ, ինչպիսին է բունկերի դիզայներ Յոսիֆ Զագալին, նույնպես 1974 թվականի զտման զոհ են դարձել[24]։ Երկու տարի անց Հոջան բացարձակ վերահսկողություն է ստացել զինվորականների նկատմամբ` Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության նոր Սահմանադրության ընդունմամբ, որով նա նշանակվել է Ալբանիայի ժողովրդական բանակի գլխավոր հրամանատար և Պաշտպանության խորհրդի նախագահ[32]։

Կիրառություն Հոջայից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիր Տիրանայի սահմանային անցակետում՝ ոչ հեռու Բլոկուի նախկին շրջանից։ Ձախից աջ` բունկեր, Սպաչ բանտի (ալբ․՝ Burgu i Spaçit) սյուներ և հատված Բեռլինի պատից

Բունկերացման ծրագիրը դադարեցվել է 1985 թվականին Հոջայի մահից անմիջապես հետո՝ Ալբանիայի քաղաքներն ու գյուղերը թողնելով հսկայական քանակությամբ պաշտպանական բունկերներով պատված[10]։ Բունկերները ներկայումս նույնպես կարելի է հանդիպել ալբանական լանդշաֆտում։

BBC-ի թղթակիցը նկարագրել է 1998 թվականին, թե ինչպես են նրանք ամենուր տարածված Տիրանայի և քաղաքի օդանավակայանի միջև ընկած ճանապարհին, «ամեն սարալանջից ներքև, բուսնում էր յուրաքանչյուր ափին»[27]։ Բունկերների ամրությունը դժվարացրել է դրանց ապամոնտաժումը։ Որոշները հեռացվել են, մասնավորապես քաղաքներում, բայց գյուղերում բունկերների մեծ մասը շարունակում է մնալ, պարզապես լքված։ Որոշ որոշումներով դրանք հարմարեցվել են որպես կենդանիների կացարան կամ պահեստ. մյուսները մնացել են լքված՝ դրանք հեռացնելու ծախսատարության պատճառով[33]։

Դեմոնտաժված բունկեր Վալբոնում (Կուկասի գավառ) 2009 թվականին

Հոջայի ռեժիմի ծայրահեղ գաղտնիությունը ենթադրում էր, որ հետկոմունիստական Ալբանիայի կառավարությունները տեղեկություններ չեն ունեցել այն մասին, թե ինչպես են օգտագործվել բունկերները կամ նույնիսկ քանիսն են կառուցվել։ 2004 թվականին ալբանացի պաշտոնյաները հայտնաբերել են Տիրանայից ընդամենը 40 կմ (25 մղոն) հեռավորության վրա չպաշտպանված բունկերներում հայտնաբերած 16 տոննա մանանեխի գազի և այլ քիմիական զենքի մոռացված պաշարների մասին։ Միացյալ Նահանգների կառավարությունը Ալբանիային տվել է 20 միլիոն դոլար՝ զենքը ոչնչացնելու համար[34]։ Այլ վայրերում լքված բունկերները դարձել են մահացու վտանգ։ Միայն 2008 թվականը առնվազն հինգ հանգստացողներ խեղդվել են, երբ բռնվել են ջրային հործանուտների մեջ, որոնց առաջացման պատճառը եղել են ծովի հատակն իջած բունկերները։ Ալբանական բանակը ափի երկայնքով բունկերների հեռացման ծրագրեր է իրականացրել՝ դրանք գետնից դուրս բերելով Տիպ 59 մոդիֆիկացված տանկերով[35][36]։

Թեև Հոջայի կառավարման ժամանակ բունկերները երբեք չեն օգտագործվել իրական հակամարտությունների ժամանակ, ոմանք կիրառություն են գտել 1990-ականներին բռնկված հակամարտություններում։ 1997 թվականի ալբանական ապստամբության ժամանակ հարավային Ալբանիայի Սարանդե քաղաքի բնակիչները դիրքեր են գրավել քաղաքի շրջակայքում գտնվող բունկերում՝ կառավարական զորքերի և ապստամբների միջև կռիվների ժամանակ[37]։ 1999 թվականի Կոսովոյի պատերազմի բռնկումից հետո Ալբանիայի սահմանամերձ գյուղերը բազմիցս հրետակոծվել են սերբական հրետանային մարտկոցների կողմից, որոնք տեղակայված են Կոսովոյի հարևանությամբ, նաև տեղի բնակիչներն օգտագործել են բունկերները՝ գնդակոծությունից պատսպարվելու համար[38]։

Pike Zjarri բունկերը օգտագործվում է որպես տուն, 1994 թվականի նկար

Կոսովոյից եկած ալբանացի փախստականները բունկերներն օգտագործել են որպես ժամանակավոր կացարաններ, մինչև օգնության գործակալությունները կարողանել են նրանց տեղափոխել վրանային ճամբարներ, մինչդեռ Ալբանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերը տեղափոխել են տասնյակ բունկերներ՝ ամրացնելով իրենց բազան Կուկասում[30]։ Կոսովոյի ազատագրական բանակը դրանք օգտագործել է նաև որպես պաշտպանական դիրքեր Կոսովոյի պատերազմի ժամանակ[39], թեև դա զերծ չէր ռիսկերից. առնվազն մեկ անգամ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից սխալմամբ ռմբակոծվել են Ալբանիայի և Կոսովոյի սահմանի երկայնքով գտնվող բունկերները[40]։

1992 թվականին կոմունիզմի անկումից հետո բնակարանների խիստ պակասից ստիպված որոշ ալբանացիների տներ են հիմնել լքված բունկերներում[41], չնայած հոսող ջրի և սանիտարական պայմանների բացակայությունից կարելի էր ենթադրել, որ բնակեցված բունկերների շրջակայքը շուտով աղտոտված և անառողջ էր դառնալու։ Մի քանի բունկերներ ավելի կրեատիվ օգտագործում են գտել։ Դուրես ափամերձ քաղաքում մեկ առափնյա բունկերը վերածվել է Bunkeri ռեստորանի[33], իսկ մեկ այլ բունկեր Գիրոկաստրայում՝ սրճարանի[41]։

Տարբեր առաջարկներ են եղել, թե ինչ անել դրանց հետ. օգտագործել որպես պիցցայի վառարաններ, արևային տաքացուցիչներ, մեղվափեթակներ, սնկային ֆերմաներ, կինոթատրոնների նախագծման սենյակներ, ծովափնյա տնակներ, ծաղկի մշակման տնկարաններ, երիտասարդական հանրակացարաններ և կրպակներ[42]։

Ալբանական հուշանվերներ

2014 թվականի նոյեմբերին բացվել է Հոջայի համար Տիրանայի մոտ կառուցված «հինգ աստղանի» միջուկային ապաստարանը` որպես զբոսաշրջային վայր և արվեստի ցուցահանդես։ Մեծ բունկերը պարունակում է թանգարան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և հոջայիստական շրջանի ցուցանմուշներով[43]։

Ալբանիայի բունկերները դարձել են ազգային խորհրդանիշ. Բունկերների տեսքով գրչամաններն ու մոխրամանները դարձել են երկրի ամենահայտնի տուրիստական հուշանվերներից մեկը[33]։ Մի շարք բունկերի տեսքով հուշանվերների վրա գնորդներին ուղղված ուղերձ է լինում. «Ողջույն բունկերների երկրից։ Ենթադրում ենք, որ չիք կարող գնել մեծ բունկեր»[44]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Obscura, Atlas (2013 թ․ սեպտեմբերի 27). «Albania's 750,000 Concrete Cold War Bunkers». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «Bunkers of Albania». Atlas Obscura (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Galjaard, David (2012). Concresco. Slavenka Drakulić, Jaap Scholten. [Netherlands?]. ISBN 978-94-6190-781-3. OCLC 841773976.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Wheeler, Tony (2007). Tony Wheeler's Bad Lands. Lonely Planet. էջեր 48–49. ISBN 978-1-74179-186-0.
  5. Coppa, Frank J. (2006). Encyclopedia of Modern Dictators: from Napoleon to the Present. Peter Lang. էջեր 118–119. ISBN 978-0-8204-5010-0.
  6. Konidaris, Gerasimos (2005). «Examining policy responses to immigration in the light of interstate relations and foreign policy objectives». In King, Russell; Mai, Nicola; Schwandner-Sievers, Stephanie (eds.). The New Albanian Migration. Sussex Academic Press. էջ 69. ISBN 978-1-903900-78-9.
  7. Pearson, Owen (2007). Albania as Dictatorship and Democracy: From Isolation to the Kosovo War, 1946–1998. I.B.Tauris. էջ 632. ISBN 978-1-84511-105-2.
  8. Crampton, R. J. (1997). Eastern Europe in the Twentieth Century and After. Routledge – Taylor & Francis Group. էջեր 356–357. ISBN 0-415-16423-0.
  9. 9,0 9,1 Galaty, Michael L.; Stocker, Sharon R.; Watkinson, Charles (2009). «The Snake That Bites: The Albanian Experience of Collective Trauma as Reflected in an Evolving Landscape». In Brown Golden, Kristen; Bergo, Bettina (eds.). The Trauma Controversy: Philosophical and Interdisciplinary Dialogues. SUNY Press. էջ 176. ISBN 978-1-4384-2819-2.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Vrazo, Fawn (1999 թ․ ապրիլի 19). «Cold-war Bunkers At The Ready In Albania: Half A Million Dot The Land. Once Laughable, They Now Are Eyed As Potential Havens». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 The Trauma Controversy, էջ 177
  12. 12,0 12,1 Vickers, Miranda; Pettifer, James (1997). Albania: From Anarchy to a Balkan Identity. C. Hurst & Co. Publishers. էջ 210. ISBN 978-1-85065-290-8.
  13. Albania: From Anarchy to a Balkan Identity, էջ 211
  14. Turku, Helga (2009). Isolationist States in an Interdependent World. Ashgate Publishing Ltd. էջ 108. ISBN 978-0-7546-7932-5.
  15. Gloyer, Gillian (2008). Albania. Bradt. էջ 142. ISBN 978-1-84162-246-0.
  16. Vankovska, Biljana; Wiberg, Håkan (2003). Between past and future: civil-military relations in the post-communist Balkans. I.B.Tauris. ISBN 978-1-86064-624-9.
  17. Portway, Christopher (1986 թ․ ապրիլի 12). «Nervous waves from iron fists». The Times.
  18. «Albania looks beyond Hoxha». The Times. 1984 թ․ հոկտեմբերի 4.
  19. Albania: From Anarchy to a Balkan Identity, էջ 213
  20. 20,0 20,1 20,2 «Albanian quandary: How to use old regime's mountain hideouts». AFP. 2010 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  21. Stefa, Elian; Mydyti, Gyler (2009). «Concrete Mushrooms: Bunkers in Albania» (PDF). Politecnico di Milano. էջ 74. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  22. Concrete Mushrooms: Bunkers in Albania, p. 67
  23. Hutchings, Robert L. (1997). American Diplomacy and the End of the Cold War. Woodrow Wilson Center Press. էջ 261. ISBN 978-0-8018-5621-1.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 «Josif Zegali, projektant albanskih bunker». Naša borba (սերբերեն). Belgrade. 1998 թ․ հունվարի 4. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  25. Concrete Mushrooms: Bunkers in Albania, p. 75
  26. Gallanti, Fabrizio; Zunino, Maria Giulia (2010 թ․ մայիսի 11). «Concrete Mushrooms». Abitare. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  27. 27,0 27,1 Howden, Daniel (2002 թ․ հուլիսի 5). «Albania's relics of paranoid past». BBC News. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  28. 28,0 28,1 Biberaj, Elez (1998). Albania in Transition: The Rocky Road to Democracy. Westview Press. էջ 74. ISBN 978-0-8133-3502-5.
  29. The Pyramid Արխիվացված 2014-02-21 Wayback Machine 04/01/1996
  30. 30,0 30,1 Myre, Greg (1999 թ․ մայիսի 20). «Refugees Using Albania's Bunkers». Associated Press.
  31. 31,0 31,1 Albania as Dictatorship and Democracy, p. 632
  32. Albania as Dictatorship and Democracy, p. 633
  33. 33,0 33,1 33,2 The Trauma Controversy, էջ 179
  34. Warrick, Joby (2005 թ․ հունվարի 11). «Disposing of Albania's Chemical Cache – Forgotten Arms Had Little or No Security, Raising Fear About Similar Stockpiles Elsewhere». The Wall Street Journal Europe.
  35. Mema, Briseida (2009 թ․ հուլիսի 22). «Albanian tanks rid beaches of 'nightmare' Cold War bunkers». Spacewar.com. Agence France Presse. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  36. «Nice beach, shame about the bunkers». dailytelegraph.com.au. The Daily Telegraph. 2009 թ․ հուլիսի 23. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.
  37. «Albanian Government Bombs Town as Strife Is Rife». The Washington Post. 1997 թ․ մարտի 6.
  38. Holmes, Charles W. (1999 թ․ մայիսի 19). «Conflict in the Balkans: Serb troops harassing Albanian villages». The Atlanta Journal.
  39. Walker, Tom (1999 թ․ մայիսի 25). «KLA takes cover in Cold War bunkers». The Times.
  40. Gray, Denis D. (1999 թ․ մայիսի 31). «Fighting spills into Albania, villagers, refugees flee». Associated Press.
  41. 41,0 41,1 Semini, Llazar (1993 թ․ դեկտեմբերի 27). «Anti-imperialist bunkers are a boon to Albania's homeless». Reuters.
  42. Neuffer, Elizabeth (1994 թ․ նոյեմբերի 14). «1,001 uses for Albania's many bunkers». The Boston Globe.
  43. «Albania opens huge Cold War bunker». BBC. 2015 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  44. Shenon, Philip (1996 թ․ ապրիլի 13). «Dictator Liked Bunkers. My, They Mushroomed!». The New York Times.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բունկերներ Ալբանիայում» հոդվածին։