Իպրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իպրիտ
Sulfur mustard.svg
Քիմիական բանաձև C₄H₈Cl₂S
Մոլային զանգված 157,972 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան 14,5 °C °C
Եռման ջերմաստիճան 217 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 505-60-2
PubChem 10461
SMILES C(CCl)SCCCl
RTECS WQ0900000
ChEBI 21106142
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Իպրիտ, մանանեխի գազ․ ß․ ß՛- դիքլորդիէթիլսուլֆիդ, ալիֆատիկ շարքի թիոեթեր, S(CH2CH2Cl)2։ Մաշկապալարային թունավոր նյութ է: Առաջին անգամ օգտագործել են 1917 թ. հուլիսի 12-ին անգլոֆրանսիական զորքի դեմ Բելգիայի Իպր քաղաքի մոտ (այստեղից էլ անվանումը)։ Անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 14,5 °C, եռմանը՝ 217 °C, խտությունը՝ 1280 կգ/մ³ (15 °C-ում), լուծելիությունը ջրում՝ 0,05%։ Հեշտությամբ լուծվում է օրգանական լուծիչներում։ Տեխնիկական իպրիտն անդուր հոտով, մուգ դարչնագույն կամ սև հեղուկ է։ Շատ դանդաղ հիդրոլիզվում է ջրով։ Հիդրոլիզի արագությունը կտրուկ մեծանում է ալկալիների ներկայությամբ, ինչպես նաև տաքացնելիս և խառնելիս։ Եռանդուն փոխազդում է քլորացնող և օքսիդացնող նյութերի հետ՝ առաջացնելով ոչ թունավոր նյութեր։ Այս փոխազդեցությունները կիրառվում են իպրիտն ապագազացնելու համար։ Ծանր մետաղների, աղերի հետ առաջացնում է գունավոր կոմպլեքս միացություններ, որոնց վրա հիմնված է իպրիտի հայտնաբերումը (ինդիկացումը)։ Իպրիտը ստացվում է երկու եղանակով` էթիլենից ու ծծմբի քլորիդներից և թիոդիգլիկոլից՝ S(CH2 CH2 OH)2, ու աղաթթվից։ Իպրիտը պրոտոպլազմային թույն է. վնասում է մաշկը և աչքերը։ Գոլորշիները շնչելիս առաջանում են վերին շնչառական ուղիների և թոքերի ծանր վնասվածքներ։ Իպրիտին բնորոշ է ազդեցության «թաքնված շրջանը» (մինչև 12 ժամ և ավելի)։ Իպրիտի ազդեցությունից շնչառական օրգանները և մաշկը պաշտպանելու համար օգտագործում են հակագազ և հատուկ պաշտպանական հագուստ։ Համանման ֆիզիոլոգիական հատկություններով օժտված են RN(CH2CH2Cl)2 ընդհանուր բանաձևով նյութերը (որտեղ R=CH3, C2H5, CH2CH2Cl), որոնք պայմանականորեն կոչվում են ազոտային իպրիտներ՝ անգույն, բարձրաեռ հեղուկներ։ Շատ դանդաղ հիդրոլիզվում են ջրով․ հիմքերի ներկայությամբ հիդրոլիզն արագանում է։ Քլորացնող կամ օքսիդացնող նյութերի փոխագդեցությունից առաջանում են ոչ թունավոր նյութեր։ Այս փոխազդեցությունները կիրառում են ազոտային իպրիտներն ապագազացնելու համար։ Ստացվում են երրորդային ß-օքսիէթիլամինների՝ RN(CH2CH2OH)2 (որտեղ R=CH3, C2H5, CH2CH2OH) հիդրօքսիլ-խմբերը քլորով փոխարինելով։ Ազոտային իպրիտները ճնշող ազդեցություն ունեն բջիջների բաժանման վրա, որի շնորհիվ մի քանիսը, ինչպես նաև դրանց ածանցյալները (էմբիխին, էնդօքսան են), կիրառվում են չարորակ ուռուցքների դեմ պայքարելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mustard gas
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 381 CC-BY-SA-icon-80x15.png