Վիլսոնի իրավարար վճիռ
Վիլսոնի իրավարար վճիռ, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը 1920 թվականի ապրիլի 26-ի Սան Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի (compromis) և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ [1]:
Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է՝
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920 թ[2]։ |
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers)՝ բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով՝
- ստանձնել Հայաստանի մանդատը,
- իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը[3]։
Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920 թվականի ապրիլի 27-ի պաշտոնագրով[4]։ Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրի, անունից հղվեց ԱՄՆ նախագահին։ ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆեսոր Վեստերմանի գլխավորությամբ), մանրազնին ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը[2]։
Ըստ Սան-Ռեմոյի հայցադիմումի, իսկ հետո նաև ըստ Սևրի հայցադիմումի (որը ներառվել էր Սևրի դաշնագրի մեջ 89-90 հոդվածների տեսքով), այն ստորագրող երկրները համաձայնում էին Միացյալ Նահանգների նախագահի հայեցողությանը որպես իրավարար (արբիտր) թողնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագծի որոշումը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգների (վիլայեթներ) տարածքում, ինչպես նաև Հայաստանին դեպի Սև ծով ելք տրամադրելը։ Իրավարար (արբիտր) նախագահ Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի 22-ին ներկայացնում է իր որոշումը, համաձայն որի հայ-թուրքական սահմանը սկսվում էր Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճից հարավ-արևմուտք և Բիթլիս և Մուշ քաղաքներից հարավ-արևմուտք (սահմանագծից դուրս էր մնում Վանի նահանգի մոտ կեսը և գրեթե ամբողջությամբ Սղերդի գավաոը)։ Այնուհետև սահմանը ձգվում էր դեպի հյուսիս, անցնում Երզնկայից ոչ հեռու, որոշվում ըստ բնական աշխարհագրական պատնեշի և ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանին դեպի Սև ծով հարմար ելք ապահովելու համար սահմանն անցնում էր Դերսիմից հյուսիս։ Համաձայն Վիլսոնի իրավարար վճռի, Հայաստանին էր տրվում ընդհանուր առմամբ 103.599 կմ² տարածք։
Վիլսոնի իրավարար վճիռն առ այսօր չի իրագործվել, քանի որ քեմալական Թուրքիան, հենվելով Խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցության վրա և օգտվելով արևմտյան տերությունների թողտվությունից, համառ պայքար սկսեց ծավալել՝ խախտելով Մուդրոսի զինադադարը (1919, հոկտեմբերի 30) և ոտնահարելով Սևրի պայմանագիրը։ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, որը ոչ մի օգնություն չէր ստանում դաշնակից երկրներից, պարտություն կրեց, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին հանձնեց իշխանությունը բոլշևիկներին, իսկ արդեն ՀՀ օրինական իշխանություն չհանդիսացող կառավարության որոշ անդամներ հարկադրված ստորագրեցին 1920 թվականի դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով փրկեցին իրենց կյանքը և, իբր, հրաժարվեցին Սևրի հաշտության պայմանագրից։ Թուրքիայի անունից Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքեցին դեռևս Թուրքիայի օրինական իշխանությունը չներկայացնող անձինք։ Այսպիսով, ըստ միջազգային իրավունքի, Ալեքսանդրապոլի պայմանագիրն ի սկզբանե անօրինական էր և անվավեր։
Իրավարար վճռի ներկա կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար[5]։ Այն չի ունենում ժամանակային սահմանափակում[6], և դրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից։ Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի միջազգայնագրի /կոնվենցիայի/ (1907) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում[7]։ Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ[8]։ Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա։ Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը (հայցադիմումը, compromis) ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրների կողմից, ուստի Վիլսոնի իրավարար վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա, Հերցեգովինա, Մակեդոնիա և Մոնտենեգրո։ Այն պարտադիր է նաև իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը[9] և իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար[10]։
Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի (ա) և (բ) ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա։
Իրավարար վճռի շահառուն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011թ․ինքնահռչակ Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Արամ Մկրտչյանի և Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Բագրատունու նախաձեռնությամբ և մասնակցությանբ կառավարության անդամ Վ․Մեսրոպյանի(ԱՄՆ), ԱՄՆ ում ԱԺ խոսնակ Ա․Բարսեղյանի,Աժ պատգամավոր Հ․ Փարազյանի(ԱՄՆ) միջոցով աշխատանքներ տարվեցին, որպեսզի ԱՄՆ պատկան մարմինները Վ․Վիլսոնի Իրավարար վճռի հաստատագրված և համարակալված կրկնօրինակը փոխանցեն Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությանը։ 2016թ․ նոյեմբերին 7-ին կոնգրեսական Ադամ Շիֆը Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությանը փոխանցեց Վ․Վիլսոնի Իրավարար Վճռի 59-րդ հաստատագրված և համարակալված կրնօրինակը։ Կրկնօրինակը գտնվում է վտարանդի կառավարության ՆԳ նախարար Վ․ Մեսրոպյանի մոտ (ԱՄՆ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայերեն ամբողջական անվանումը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920 թ.։ Անգլերեն բնօրինակ անվանումը՝ "Decision of the President of the United States of America respecting the Frontier between Turkey and Armenia, Access for Armenia to the Sea, and the Demilitarization of Turkish Territory adjacent to the Armenian Frontier", 22 November 1920
- ↑ 2,0 2,1 Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25):341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)
- ↑ The Treaties of Peace, 1919-1923, vol. I. NY, 1924, p. xxxii
- ↑ Papers Relating to Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 780.
- ↑ A Dictionary of Arbitration and its Terms (ed. Seide K.). NY, 1970. p. 32.
- ↑ Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 98.
- ↑ Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 98
- ↑ A Dictionary of Arbitration and its Terms. Ibid, p. 27.
- ↑ Wright Q. The Control of American Foreign Relations. NY, 1922, p. 38
- ↑ Collier J. The Settlement of Disputes in International Law. Oxford, 1999, p. 265.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson. Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia. Washington, November 22nd, 1920. Prepared with introduction and indices by Ara Papian, Asoghik, Yerevan, 2011.
- Документы внешней политики СССР, т. 14, М., 1957-60
- Papers Relating to the Foreign Relations of the Untied Stales (The Department of State). 1920, v. 3, W., 1936
- Documents on British Foreign Policy. 1919-1939, First Series, v. 1-19, L, 1947-74
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Dictionary of Arbitration and its Terms (ed. Seide K.). NY, 1970. p. 32. (անգլ.)
- Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 98. (անգլ.)
- Sorensen M. Manual of Public International Law. New York, 1968, p. 693-4. (անգլ.)
- Wright Q. The Control of American Foreign Relations. NY, 1922, p. 38. (անգլ.)
- Collier J. The Settlement of Disputes in International Law. Oxford, 1999, p. 265. (անգլ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25)։ 341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |