Ջիմի Ջամփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմի Ջամփ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1976(1976-03-14) (48 տարեկան)
ԾննդավայրՍաբադել, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունանշարժ գույքի գործակալ
 Jimmy Jump Վիքիպահեստում

Ջիմի Ջամփ (անգլ.՝ Jimmy Jump՝ «Թռչկոտ Ջիմի», իրական անունը՝ Ժաումե Մարկետ ի Կոտ, կատ.՝ Jaume Marquet i Cot, մարտի 14, 1976(1976-03-14), Սաբադել, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), ամենահայտնի սպորտային խուլիգաններից կամ «սթրայքերներից» մեկը[1][2][3]։ Ծնվել և ապրում է իսպանական Կատալոնիայում։ Աշխատում է որպես անշարժ գույքի գործակալ, իսկ որոշ տվյալներով էլ՝ ճարտարապետ։

Բնորոշիչ գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմիի պարտադիր ատրիբուտներից է կատալոնական կարմիր բարձր գլխարկը (բարետինա)։ Հաճախ նրա ձեռքին լինում է Կատալոնիայի դրոշը։

Ջիմի Ջամփի գործողությունները, ինչպես սթրայքերների մեծամասնության, մշտապես անվնաս են և ուղղված չեն սպորտային իրադարձության տապալմանը։ Նրա գործողությունների նպատակն է հայտնվել և որքան հնարավոր է շատ մնալ սպորտային, հասարակական և մշակութային միջոցառումների հեռարձակման կադրում՝ այդպես ուրախացնելով հանրությանն ու մեծացնելով իր հեղինակությունը։

«Ես ծնվել եմ, որ հայտնի լինեմ։ Իմ նպատակն է ուրախացնել հանդիսատեսին և ցանկացած խաղ վերածել շոուի, որի գլխավոր դերում, բնականաբար, ես կլինեմ»,- իր նպատակների մասին ասում է հենց Ջիմի Ջամփը։

Առաջին անգամ Մարկետն անօրինական գործողություն կատարել է 18 տարեկանում, երբ առանց տոմսի մտել էր Լուվր։ Ֆուտբոլի դաշտում նրա առաջին հայտնվելը տեղի է ունեցել 2003 թվականին՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի լեգենդար պաշտպան Աբելարդո Ֆեռնանդեսի հրաժեշտի խաղի ժամանակ։ Իր առաջնամուտից հետո Ժաումեն սկսել է հանդես գալ Ջիմի Ջամփ մականունով։

Նա արդեն իսկ ավելի քան 100 անգամ հայտնվել է ֆուտբոլային և մշակութային այլ իրադարձությունների կենտրոնում։ Եղել են դեպքեր, երբ նա հայտնվել է նաև իսպանական կենտրոնական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում։

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հուլիսի 4-ին Ֆուտբոլի Եվրոպայի 2004 թվականի առաջնության ժամանակ, երբ եզրափակչում հանդիպում էին Հունաստանն ու Պորտուգալիան, Մարկետը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի դրոշը նետել է Պորտուգալիայի ավագ Լուիշ Ֆիգուի վրա, որը 2000 թվականին թողել էր թիմը՝ միանալով նրա դարավոր ախոյանին՝ Ռեալ Մադրիդին[4]։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2005-2006 խաղաշրջանի կիսաեզրափակչում, երբ հանդիպում էին «Վիլյառեալ»-ը և «Արսենալ»-ը, նա վազել է դեպի խոտածածկ՝ երկրորդ խաղակեսի մեկնարկից անմիջապես առաջ։ Նա խաղադաշտում «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Թիերի Անրիի ուղղությամբ նետել է «Բարսելոնա»-ի մարզաշապիկը, որի վրա գրված է եղել «Անրի» անունը և «14» թիվը։ 2007 թվականի հունիսի 25-ին Թիերի Անրին պայմանագիր կնքեց «Բարսելոնա»-ի հետ։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2006-2007 խաղաշրջանի եզրափակչում, որն ընթանում էր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում և կայանում «Միլան»-ի և «Լիվերպուլ»-ի միջև, Ջիմի Ջամփը հունական դրոշով վազել է խաղադաշտ, սակայն այս կադրը չի հայտնվել հեռուստախցիկների կադրում։ Նույն տարվա օգոստոսին, «Բավարիա»-ի դարպասին խփած գոլից հետո, Մարկետը գլխարկ է դրել Լիոնել Մեսսիի գլխին (լուսանկարը տեղեկաքարտում)։

Մարկետը հայտնվել է նաև Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության կիսաեզրափակչում, որտեղ հանդիպում էին Գերմանիայի և Թուրքիայի ազգային հավաքականները։ Այս անգամ նրա ձեռքին Տիբեթի դրոշն էր, իսկ շապիկին գրված էր «Տիբեթը Չինաստան չէ»։

Ջիմի Ջամփը խաղադաշտ է վազել նաև Լա Լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ, երբ խաղադաշտում իրենց ուժերն էին չափում «Բարսելոնա»-ն և «Ռասինգ Սանտանդեր»-ը։

2010 թվականի հուլիսի 11-ին Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության մեկնարկից րոպեներ առաջ, երբ Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի խաղադաշտում հանդիպելու էին Իսպանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները, Մարկետը վազել էր խաղադաշտ և փորձել բարետինա դնել Ֆուտբոլի աշխարհի գավաթի վրա, մինչև նրան կբռնեին անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ։ Պատահարի համար նա տուգանվել էր 2000 հարավաֆրիկյան ռենդով[5]։

2010 թվականի սեպտեմբերի 11-ին Մարկետը, հունգարական դերբիի՝ «Ույպեշտ»-ի և «Ֆերենցվարոշի»-ի հանդիպման երկրորդ խաղակեսից առաջ վազել էր մրցադաշտ։ Նա պարզել էր կատալոնական դրոշը «Ընդմիշտ Կուբալա» գրվածքով՝ ի հիշատակ «Բարսելոնայի» և «Ֆերենցվարոշիի» նախկին ֆուտբոլիստ Լադիսլավ Կուբալայի։ Մինչև անվտանգության աշխատակիցները կբռնեին նրան, նա գնդակը նետել է դեպի «Ֆերենցվարոշիի» դարպասը[6]։ Անվտանգության աշխատակիցները նրան տարել էին ոստիկանություն, որտեղ, մինչ ազատ արձակումը, մնացել էր 4 ժամ։ Ջամփը տուգանվել էր նաև 350 եվրոյով։

2011 թվականի մայիսի 3-ին նա հայտնվել է «Կամպ Նոու» մարզադաշտում՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2011–2012 խաղաշրջանի կիսաեզրափակիչ պատասխան խաղի երկրորդ խաղակեսից առաջ, երբ խաղադաշտում հանդիպում էին «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»։

2011 թվականի մայիսի 28-ին էլ նա վազել է «Ուեմբլի» մարզադաշտի խաղադաշտ, որտեղ ընթանում էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի երկրորդ խաղակեսը՝ «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։

Տարբեր ժամանակներում նրա թիրախներն են եղել Ֆրանկ Ռայկարդը, Ֆլորենտինո Պերեսը, Իկեր Կասիլյասը, Էմիլիո Բուտրագենիոն, Յոհան Կրոյֆը, Կառլես Պույոլը, Բոբի Ռոբսոնը, Կրիշտիանու Ռոնալդուն և նույիսկ Լուիշ Ֆիգուի կինը։

Ֆորմուլա 1[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունիսի 9-ին, երբ Բարսելոնայում ընթանում էր Ֆորմուլա-1-ի հերթական փուլը, Ջիմի Ջամփը վազել է վազքուղի այն ժամանակ, երբ բոլիդների վարորդները տաքացման շրջան էին անում (պատրաստվում էին հիմնական մրցարշավին)։ Չնայած նա պնդում էր, որ ունի բազմաթիվ երկրպագուներ (ֆուտբոլային խաղերի ժամանակ իր անակնկալ հայտնվելու հետևանքով), Ջամփը քննադատության ենթարկվել վարորդների կյանքերը վտանգի տակ դնելու համար, չնայած մեքենաները այդ պահին շարժվում էին ցածր արագությամբ։

Թենիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության ժամանակ Ջիմի Ջամփը փորձել է իր ֆիրմային կարմիր գլխարկը հագցնել առաջնության չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին, սակայն բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից և ավելի ուշ դատապարտվել 12 ամիս ազատազրկման։

Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի ժամանակ Մարկետը ներխուժել է բեմ և փորձել միանալ պարողներին, երբ ելույթ էր ունենում Իսպանիայի ներկայացուցիչ Դանիել Դիխեսն իր «Algo pequeñito» երգով։ Նա կանգնել էր երգչի առաջ՝ բեմին մնալով ավելի քան 15 վայրկյան։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացնում են Telenor Arena-ից և տարել Սանդվիկայի ոստիկանության բաժին, որտեղ Ջամփը ձերբակալվել է և տուգանվել 15 000 նորվեգական կրոն։ Պատահարի պատճառով Եվրատեսիլ երգի մրցույթի այդ ժամանակվա գործադիր վերահսկիչ Սվանտե Ստոկսելիուսը Իսպանիայի ներկայացուցչին, վերջին ելույթից հետո, թույլատրել է ևս մեկ անգամ կատարել իր երգը[7][8][9][10][11]։

Գոյա մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 13-ին Գոյա 25-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Մարկետը, լավագույն դերասանի անվանակարգում Խավիեր Բարդեմի հաղթելուց առաջ, ներխուժել է բեմ։ Մինչ նրան հեռացնելը, Մարկետը միկրոֆոնով կարողացել է մի քանի բառ ասել և բարետինայով ծածկել մրցանակաբաշխության լավագույն դերասանի արձանիկը[12]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 14-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2010-11 մրցաշրջանի խմբային փուլի ընթացքում, երբ հանդիպում էին «Բարսելոնան» և «Պանաթինաիկոսը», Մարկետը հայտնվել է հունգարական TV2 հեռուստաընկերության եղանակի տեսության տաղավարում։ Նա վանկարկել է «Բարսելոնա՜, Բարսելոնա՜», իր գլխարկը դրել եղանակի տեսության հաղորդավարի գլխին և նորից ասել «Բարսա՜»։ Մարկետի վրա բարձրախոս է եղել, քանի որ մինչ այդ հյուրընկալվել էր թոք շոուի[13]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Ջամփի կուռքերից մեկը եղել է Դոն Կիխոտը՝ մարդ, որը բարի նպատակներ ուներ և դրան զուգահեռ զբաղվում էր բացարձակ անիմաստ գործերով, ինչպես, օրինակ, հողմաղացների դեմ պայքարն էր։ Բացի այդ, Ջամփի երազանքն է նվաճել Հոլիվուդն ու ստանալ Օսկար մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «СТРИКЕРЫ: КТО И ЗАЧЕМ ВЫБЕГАЕТ НА ПОЛЕ ПО ВРЕМЯ СПОРТИВНЫХ МАТЧЕЙ». furfur.me. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Допрыгался… Как Джимми Джамп стал банкротом». Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Джимми Джамп перестал выбегать на поле во время матчей из-за финансовых проблем». Чемпионат.ком. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  4. Glendenning, Barry (2004 թ․ հուլիսի 4). «Portugal 0 – 1 Greece». The Guardian. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  5. Telegraph staff and agencies (2010 թ․ հուլիսի 11). «World Cup final: Pitch invader 'Jimmy Jump' tries to grab trophy before kick off». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Jimmy Jump akciójától a szurkolók balhéjáig – fotók» (հունգարերեն). Nemzeti Sport Online. 2010 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «Kjent stuntmann stormet scenen under MGP-finalen». Dagbladet (նորվեգերեն). 2010 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  8. «Spania får fremføre på nytt» (նորվեգերեն). NRK. 2010 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  9. Minell, Sven; Gustafsson, Martin; Axelsson, Malin (2010 թ․ մայիսի 29). «Hoppar upp på scen – mitt i sändning». Aftonbladet (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  10. «Jimmy Jump salta al escenario durante la actuación de España en Eurovisión». La Voz de Galicia (իսպաներեն). 2010 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  11. «Spain invaded in Eurovision Song Contest as Germany's». The Daily Telegraph. Associated Press. 2010 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  12. Goya Awards 2011: Sinde Law Controversy, Jorge Drexler Sings, Jimmy Jump Crashes Party. Alt Film Guide. 2010 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. Jimmy Jump in TV" weather forecast. indavideó. 2010 թ․ սեպտեմբերի 15. Event occurs at 0:23. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Ջամփ» հոդվածին։